ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«ՊՐՈ»-ՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՏԱՍևԵՌՈՒՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ, ՈՒ ՄԵՆՔ ՎՐԻՊԵՑԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՏԵՂԻ-ԴԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ»

«ՊՐՈ»-ՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՏԱՍևԵՌՈՒՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ, ՈՒ ՄԵՆՔ ՎՐԻՊԵՑԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՏԵՂԻ-ԴԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ»
22.06.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀԱԿ-ի ներկայացուցիչ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի այսօրվա իրավիճակը:
-Հայաստանն այսօր կանգնած է փոփոխությունների նախաշեմին, բոլոր բնագավառներում մեծ տեղաշարժի կարիք կա: Ժողովուրդն սպասողական վիճակում է, չի վստահում իշխանությանը, և այդ փոփոխությունները երկրի ապագայի նկատմամբ նրա հոռետեսությունը կփոխարինեն հնարավոր լավատեսությամբ:
-Ինչպիսի՞ն կլինեն այդ փոփոխությունները` հեղափոխական-թավշյա՞, հերթական-արտահերթ:
-Ո՛չ հեղափոխական, ո՛չ թավշյա, ո՛չ հերթական, ո՛չ արտահերթ, այլ այսօր և հիմա: Եվ դա ոչ թե, որպես ընդդիմադիր, իմ ցանկությունն է, այլ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ օրակարգ է:
-Իսկ ինչպե՞ս ենք համադրելու իրականություն-ցանկություն կոնֆիգուրացիան: Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետև ՀԱԿ-ը, ունենալով լուրջ ժողովրդական ռեսուրս, անընդհատ ասում է` «հիմա-հիմա», իսկ «հիման» ոչ մի կերպ չի առարկայանում:
-Չէի ցանկանա տպավորություն ստեղծել, թե մեր բոլոր հաշվարկներն իդեալական են ու անսխալական: Այնուհանդերձ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած, հատկապես, արտաքին մարտահրավերները, կարելի է արձանագրել, որ «հիման» սարերի հետևում չէ: Եթե մանավանդ դրան գումարենք հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական խիստ անմխիթար իրավիճակը: Եվ այնուհանդերձ, ելնելով նույն` արտաքին քաղաքական մարտահրավերներից, հասկանալի պատճառներով, մենք «այս պահին և հիմա» ակտիվ քայլեր չենք ձեռնարկում, ու թե դուք փորձեք հարցնել` այդ «հիման», ի վերջո, ե՞րբ է լինելու, ես կդժվարանամ պատասխանել` ելնելով վերն ասվածից:
-Պարոն Խաչատրյան, ՀԱԿ-ը, որպես ժողովրդական ռեսուրս կրող ուժ, քաղաքական ո՞ր վեկտորի կողմնակիցն է. նկատի ունեմ արևմտյան և հյուսիսային վեկտորները:
-Նախ` շնորհակալ եմ հարցի համար: Որովհետև, որքան էլ ցավալի է, որպես օրինաչափություն, մեզանում արտաքին քաղաքական վեկտորների խնդիրը դարձավ ավելի կարևոր, քան բովանդակային խնդիրներն էին: «Պրո»-ների նկատմամբ մտասևեռումը դարձավ առաջնային, ու մենք վրիպեցինք Հայաստանի իրական տեղի-դերի հարցում, որպեսզի հասկանայինք, թե Հայաստանն ընդհանրապես ինչ կարող էր ստանալ և ինչ տալ գլոբալ աշխարհին, նրա կողմից վարվող խաղին:
-Իսկ գուցե «հասկանո՞ւմ» են: Իսկ գուցե Ձեր ողջ բջիջներով Ձեզ համար անընդունելի Սերժ Սարգսյանն այդ ամենը «հաշվո՞ւմ» է, ինչո՞ւ չեք ընդունում այդ տարբերակը ևս:
-Սերժ Սարգսյանին բոլոր բջիջներով... ի՞նչ եմ անում, հա, մերժում եմ, մերժում եմ հենց միայն նրա համար, թե ինչպես նա եկավ իշխանության, մնացածն արդեն երկրորդական է: Նույնը նաև Ռոբերտ Քոչարյանին է վերաբերում: Եթե Ռոբերտ Քոչարյանը 1998-ի փետրվար-մարտին իշխանության գար գործող սահմանադրական նորմերի շրջանակում...
-Պարոն Խաչատրյան, այնպե՜ս եք ասում, կարծես 97-ին ես եմ Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղից «բերել» Հայաստան: Երբ բոլորս այն ժամանակ չէինք ցանկանում Ռոբերտ Քոչարյանը գար, ոչ մեկը մեր ձայնը չէր լսում: Ինչո՞ւ բերեցիք, ինչո՞ւ դուք ձեր «հայրական» պարտավորություններին ամբողջական տեր չեք կանգնում, այլ հատվածաբար եք խնդիրը «դիտում»:
-ՈՒրեմն` չարժե հիմա այս խնդրի մեջ խորանալ: Իհարկե, կարելի է ժամանակագրական առումով մե՜ծ էքսկուրս կատարել և հաշվել, թե ինչ էր նշանակում Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելը և գտնել պատճառահետևանքային բոլոր կապերը: Շատ կարճ լինելու համար ասեմ` մենք չէինք բերել Քոչարյանին, որ նա անօրինական նախագահ դառնա, նրա նախագահ դառնալը ոչ մի կապ չունի մեզ հետ:
-Կարելի՞ է «ճակատային» մի հարց։
-Խնդրեմ։
-Շնորհակալություն: Հարցը, իհարկե, Դուք կարող եք վերահասցեագրել Լևոն Տեր-Պետրոսյանին, և այնուհանդերձ, պարոն Խաչատրյան, ինչո՞ւ տասը տարի լռեց իմ և Ձեր սիրելի Տեր-Պետրոսյանը, և հիմա` «ոտքը ոտքից» առաջ դրեց, երբ Դուք ասում եք, որ ամեն ինչի հիմքը դրվեց 98-ի փետրվար-մարտին: Կա՞ր պայմանավորվածություն, թե՞...
-Տեր-Պետրոսյանը Ձեզ համար 10 տարի լռել է, ինձ համար չի լռել: Գիտեք` Տեր-Պետրոսյանը Տեր-Պետրոսյան է, եթե անգամ լռում է. չնայած երկրորդեմ` նա երբեք չի լռել, միշտ էլ գործընթացների մեջ է եղել, հենց միայն այն հանգամանքը, որ նրան են այցելել Հայաստան եկած եթե ոչ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ապա նրանց մեծ մասը, ինքնին ապացույցն է գործընթացներում նրա մշտական ներգրավվածության:
-Եվ այնուհանդերձ, «լռող» Տեր-Պետրոսյա՞նն էր ուժեղ, թե՞ արդեն «խոսող»:
-Երկուսն էլ: Մյուս կողմից էլ, որպես մարդ, անցնող 20 տարիները բոլորիս էլ հասունացրել-փոփոխել են նաև: Սակայն հիմնական խնդրում բոլորս մնացել ենք նույնը` մեզ համար Անկախ Հայաստանի կայացման-կերտման հարցը եղել ու մնացել է գլխավորը: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն անկախ Հայաստանի կերտման ցանկություն գուցե և ունեցել են, սակայն կայացման համար ոչինչ չեն արել: Հակառակը` իրենց իշխանության տարիներին մենք դանդաղորեն կորցնում ենք մեր անկախությունը: Վերջին ամենավառ օրինակը, թերևս, Լեզվի մասին օրենքն է, և եթե 92-ին մենք մտածեինք, որ նման խնդիր երբևէ կառաջանա, ապա հայոց լեզվի հարցը կդարձնեինք սահմանադրական նորմ:
-Ասում են` օտարալեզու այդ դպրոցների խնդրում կա ռուսական «հետք»: Պարոն Խաչատրյան, ես միշտ ցանկացել եմ այս հարցը ձեզ` արևմտյան արժեքներ դավանողներիդ ուղղել. մենք` ձեր հոգեզավակների սերունդը, ձեր թեթև ձեռքով աճեցինք, այսպես ասած` հակառուսության «լադի» վրա: Բայց ՀԱԿ-ի գործունեության փուլերում հաճախ-հաճախ մեր այդ դաստիարակությանը «հակասող» բավականին լուրջ տենդենցներ ենք տեսնում:
-Մենք խոսում ենք ցարական Ռուսաստանի, հետո նույնաոճ և որոշ շարունակություն ունեցող նորօրյա Ռուսաստանի մասին, այնպե՞ս չէ: Այո, ինչ-որ առումով մենք Ռուսաստանի համար երբեք չդարձանք հավասար «պարտնյոր», թեկուզ` փոքր-երկիր «պարտնյոր»: Ռուսաստանը, այո, շատ հաճախ մեր երկիրն օգտագործում է իր ավելի մեծ քաղաքական-տնտեսական շահերի համար: Եթե ես այնպես մտածեմ, որ Ռուսաստանը պետք է աներ այն, ինչ մեր ցանկություններն էին, նշանակում է` ես քաղաքականությամբ չպետք է զբաղվեմ: Քաղաքականության մեջ պրակտիկ շահերն են գերիշխում: Տվյալ դեպքում, Դուք ասում եք` «հակառուսական» տրամադրություններով անկախություն կերտեցինք, ես չեմ հասկանում Ձեր ասածը. հիշեք, թե 90-ականներին Ռուսաստանն ինչպիսին էր. այն իր հնարավորությունների սահմաններում էր փորձում Հայաստանում կայանալ կամ չկայանալ: Եվ հետո մենք երբեք Ռուսաստանին, եթե շատ կոպիտ ասելու լինեմ, չենք հրել, թե` «էլ չմտնես Հայաստան»: Գոնե մեր իշխանության օրոք մենք այն երկիրն ենք եղել, որը, հավասարակշռված քաղաքականությունից ելնելով, հաշվի առնելով զուտ մեր երկրի շահերը` Ռուսաստանի հետ բարիդրացիական-նորմալ ու ոչ` ստրուկ-տեր հարաբերություններ ենք ունեցել: Վերցրեք այն ժամանակների բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը և կտեսնեք, որ հավասարը հավասարի հետ հարաբերություններ են եղել, նույնը` Ելցին-Տեր-Պետրոսյան, ԳԽ-Պետդումա հարաբերություններին է վերաբերում: ՈՒզում եմ ասել, որ այդ հարաբերությունները ձևավորելիս` մենք երբեք վասալ չենք եղել:
-Բայց նույնը հնարավոր չէ ասել ոչ միայն 98-ից հետո եղած հարաբերությունների, որոնց «պատճառն» իշխանություններն էին, այլև 2008-2010 թթ. ընդդիմության դեպքում: Ընդդիմությանն էլ Ռուսաստանը, կոպիտ ձևակերպած, օգտագործում էր որպես գործիք, Հայաստանի վրա «տղա, պապա» բերելու տեսանկյունից:
-Համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանի ելույթները Դուք երևի ավելի լավ եք ուսումնասիրել և լավ եք հիշում, որ նրանցում, խիստ միանշանակորեն ու մշտապես, դրսի ուժին ապավինելու խնդիրը որպես անընդունելի նորմ է համարվել:
-Պարոն Խաչատրյան, Դուք ևս 2008 թ. մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ էիք, չէ՞: Նույնիսկ «անզեն աչքով» էր տեսանելի, թե ռուսական ինչ «չիներ» էին այնտեղ տեղաշարժվում, ինչ «չեկիստա-գռուշնիկական» աժիոտաժ էր հենց առավոտից:
-Ես չէի ցանկանա նման գնահատականներ տալ. շատ ենթադրություններ կան: Ի վերջո, Ռուսաստանն այսօր դարձել է ամենամեծ հովանավորն այս իշխանության կայացման, գոյության: Գիտե՞ք ինչ, մյուսն էլ կարող է ասել` բայց չէ՞ որ Արևմուտքն էլ կար այդ խաղում: Չէի ցանկանա խորանալ այդ ամենի մեջ, որովհետև եթե պատմության` անցնող 20 տարիների կտրվածքով ես նայում այս ամենին, շատերի հետ ամենամեծ հիասթափություն ապրողներից մեկն էլ ես ու ինձ նման մարդիկ են. նկատի ունեմ նրանց, որոնց համար ազատությունն առաջնահերթ է մնացած ամեն բանից:
-Կարո՞ղ եմ հաջորդ «ճակատային» հարցն ուղղել։ Բոլոր դեպքերում, պարոն Խաչատրյան, ինչո՞ւ այս հայրենիքում, ուր, ճիշտ է, ֆիքսվեց, որ «հացն ու աղը» քաղաքական կատեգորիա չեն, բոլոր դեպքերում, այս փոքր հայրենիքում երեք նախագահների երկխոսությունն այդպես էլ դաժանորեն չկայացավ։ Ո՞րն էր պատճառը:
-Հիմա ես կարող եմ հանդիպակաց հարցն ուղղել. 98-ին, երբ Քոչարյանն իրավունք չուներ նախագահ դառնալու (արդեն ասացի` չեմ ուզում վիճենք` ինձ համար գոնե Ղարաբաղն ու Հայաստանը նույնական են), բոլոր դեպքերում, երբ հայտարարեցին, որ նա «ընտրվել» է, Տեր-Պետրոսյանը գնաց մասնակցելու արարողությանը, որը կոչվում էր ինաուգուրացիա: Շատերն էլ ցնցվեցին` «է՞ս ինչ է անում»: Դա այն քայլն էր, որը պետության մեջ Ձեր մատնանշած անջրպետը պետք է վերացներ, այն է` ապահովեր իշխանության քաղաքակիրթ փոխանցման շարունակականությունը` անկախ ամեն ինչից: Ցավոք, Ռոբերտ Քոչարյանը բարի կամքի այդ դրսևորումը չհասկացավ, Քոչարյանը չդարձավ իշխանության ժառանգորդական կրողն ու փոխանցողը: Այն, ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը... գիտեք` նա կարող էր ամեն ինչ անել. կարող էր ասել` «նախկիններս» էս ենք-էն ենք, սակայն մի հարցում, որն առնչվում է, այսպես կոչված` «ցուրտ ու մութ» տարիներին, փորձել այդ տարիները դարձնել արգումենտ` իր իշխանությունը պահել-գնահատելու համար, փորձել այդ տարիների հաղթանակը դարձնել «զրո», ամենամեծ (հանցագործություն բառը չասեմ, որովհետև դա հանցագործություն չէր, այլ ավելին) վարկաբեկումն էր երկրի, նրա անկախության, երկար տարիներ ի վեր առաջին անգամ ձեռք բերած ռազմական հաղթանակի: Եվ դա, ըստ էության, առարկայական-հոգեբանական այն անջրպետն էր, որ դրեց իշխանական համակարգի հիմքում Ռոբերտ Քոչարյանը, և, ցավոք, այդ դետոնատորը դեռ երկար է աշխատելու մեզանում:
-Այս դեպքում այս փուլում` 2008-ի ապրիլի 9-ին, ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չգնաց ինաուգուրացիային մասնակցելու:
-Ասեմ` ինչու, որովհետև այս փուլում քայլն անողը, ի վերջո, պետք է լիներ Սերժ Սարգսյանը:
-Ո՛չ, ասեմ ինչու. «հայրն» է պատասխանատուն, իրենից է ուզվելու:
-Բայց «հորն» ի՞նչ վիճակում են դնում` տնային կալանք, կյանքի սպառնալիք, դրանից հետո` համախոհների ձերբակալություն. ո՞նց եք պատկերացնում այդ ամենը: Հիշո՞ւմ եք` այդ նույն «հայրը» «պուտչից» հետո ինչ արեց Ռուսաստանում. Ելցինի մասին է խոսքը. նա Ռուցկոյի ու Խասբուլատովի հետ ինչպե՞ս վարվեց: Եթե դժվար չէ, հիշեցնեմ. «պուտչից» հետո բոլորը ձերբակալվեցին, ընդ որում` գնդակահարության հոդվածներով, շատ կարճ ժամանակ անց, հանուն նրա, որ Ռուսաստանի ներսում համերաշխություն լինի, բոլորին բաց թողեցին, իսկ Ռուցկոյը դարձավ նահանգապետ:
-Իսկ ինչո՞ւ նույնը չի անում Սերժ Սարգսյանը:
-Իրեն հարցրեք:
-Չէ՛, ինքը Ձեր հոգեզավակն է, Դուք պիտի իմանաք։
-Կարող եմ լոկ եզրակացություններ անել. նշանակում է` պատասխանատվություն չկա պետության նկատմամբ: Նշանակում է` վստահություն չունի, որ իշխանության կմնա: Եվ վերջապես` իր շրջապատն այդ կարևորությունը չի հասկանում:
-Հիմա էլ կարո՞ղ եմ մի «կեղտոտ» հարց տալ:
-«Խնդրեմ»:
-Պարոն Խաչատրյան, խոսակցություններ կային, որ նույն այդ ժամանակներում` 2008-ին, Գրիշա Սարգսյանը կապող օղակն էր Լևոն Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի միջև` ողջ նախընտրական փուլում:
-Ես նման տեղեկություն չունեմ ու խիստ կասկածում եմ, որ նման բան երբևէ եղած լինի: Մի բան պարզ է. ընդհանրապես, Տեր-Պետրոսյանի գործունեությունը մշտապես բաց է եղել, նա հրապարակային քաղաքական գործիչ է, և իր առավելությունը Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից հատկապես դա է: Ինտրիգներով զբաղվում են այն մարդիկ, ովքեր քաղաքական դեֆիցիտի «մեջ» են, և իրենց «ամպլուան» գորշ կարդինալի մունդիրն է:
-Եվ վերջին հարց. ի՞նչ է սպասվում, ի՞նչ զարգացումներ են, ըստ Ձեզ, առջևում:
-Զարգացումը մեկը պետք է լինի. ուզում եք, թե չեք ուզում, կամ` շատ եք ուզում կամ չեք ուզում. ուզում եք ասեք` նույն բանն անընդհատ կրկնում ենք, միևնույն է` երկրին անհրաժեշտ են փոփոխություններ. ոչ կոսմետիկ ու իմիտացիոն` սրան հանենք-նրան դնենք: Որքան էլ Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը և մնացածները փորձեն ներկայացնել` մեկը տնտեսական աճով-հայաստանյան բրենդով` ծիծակ-պանրով, մյուսը` նախաձեռնողական քաղաքականությամբ, ոչինչ չի փոխվելու: Ամենակարևորը պետք է դարձնել գաղափարախոսությունը և դրանից բխող համակարգային փոփոխությունները. օլիգարխներով, մարդասպաններով, անօրինական գործողություններով, չկայացած և մինչև վերջ օրենքից դուրս գործող դատարաններով երկիրն առաջ չի կարող գնալ:
-Պարոն Խաչատրյան, իսկ ի՞նչ կանենք, եթե Սերժ Սարգսյանը երկրորդ «սրոկ» պտտվի:
-Ոչ երկրորդ «սրոկ» կպպտվի, ոչ էլ բանը դրան կհասնի:
-Բա որ «հասա՞վ»։
-Չի հասնի:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ