Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԱՐԴ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է»

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԱՐԴ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է»
17.01.2012 | 00:00

Որոշ փորձագետներ, ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան փորձագիտական ընկերակցության` Մոսկվայի հանդեպ առավել բարեհաճ տրամադրված մասը, կանոնավորապես ձգտում են օրախնդիր թեմա դարձնել «Մոսկվա-Բեռլին-Փարիզ» քաղաքական-տնտեսական առանցքի ստեղծման հարցը։
Նրանք, իհարկե, դա բարձրաձայն «առանցք» չեն անվանում, հավանաբար, Երկրորդ աշխարհամարտի և սառը պատերազմի ժամանակների բացասական հույզերը չարթնացնելու համար, բայց, բնականաբար, հենց դա է նկատի առնվում։ Ընդ որում, համարվում է (և դա հատուկ մատնանշում են ռուս վերլուծաբանները), որ այդ «եռամիությունը» ոչ միայն կապահովի կայունությունը եվրոպական աշխարհամասում, այլև «կնվազեցնի ԱՄՆ-ի դերը համընդհանուր առումով»։ Եվ ահա վերջերս ռուսական լրատվամիջոցներում կարելի էր վերստին նկատել այդ նախագծի ապագայի ավելի քան լավատեսական կանխատեսումներ։ Իսկ վերնագրերը, ըստ էության, խոսում էին ռուսական վերնախավի տրամադրվածության և ակնկալիքների մասին` «Հնարավո՞ր է, արդյոք, եռամիությունը» (ինչպես տեսնում ենք, «միություն» բառը ոչ մի կերպ ռուսներին հանգիստ չի տալիս), «Փարիզ-Բեռլին-Մոսկվա առանցքի ստեղծումը համապատասխանում է Եվրոպայի շահերին», «Փարիզ-Բեռլին-Մոսկվա առանցքը վերադարձել է»։ Այն, որ թեմայի ներկա մեկնաբանությունում մայրաքաղաքների անունների տեղերը փոխված են, կարծես, սոսկ տուրք է «թույլ օղակին»` Ֆրանսիային, բայց դա Կրեմլի համար երբեք չի կարող նշանակել ուղու և գլխավոր հենակետերի փոփոխություն։ Չէ՞ որ, ինչպես պնդում են այդ կանխատեսողները, «Եվրոպան ու ԱՄՆ-ը սկսում են հասկանալ, որ Փարիզ-Բեռլին-Մոսկվա առանցքի ստեղծում թույլ չտալու սխեման անկենսունակ է»։ Ավելին, նրանց կարծիքով, Եվրամիության գլխավոր մեխանիզմները, ինչպես և շատ երկրներ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, «ճկռած» են այդ հանգամանքի ծանրության տակ։ Իսկ ԱՄՆ՞-ը։ ՈՒ հռետորական հարց է հետևում` «Իրոք, այս առումով ի՞նչ կարող է անել նա»։ Առավել ևս, որ, ինչպես պնդում են, այդ «եռյակ միությունը» պետք է որոշակի արագացում ստանա հատկապես հիմա, երբ ելքեր են որոնվում եվրագոտու պարտքային ճգնաժամից դուրս գալու համար, որն սպառնում է ոչ հեռու ապագայում վերաճել տնտեսականի։ Եվ իբր դրա համար էլ շատ քաղգործիչների հայացքներ են հիմա ուղղվում դեպի Արևելք (այն մասին, որ Եվրոպայի համար Արևելք ասածը ոչ միայն և ոչ այնքան Ռուսաստանն է, որքան Չինաստանը, որն արդեն օգնություն ու վարկեր է առաջարկում, փորձագետները, հասկանալի է, չեն խոսում)։ Մասնավորապես, նրանք խոսում են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին, ինչը «կարող է օգնել ոչ միայն հաղթահարելու ներկա դժվարությունները, այլև Մոսկվայի հետ Փարիզի ու Բեռլինի երկարամյա ավելի սերտ գործընկերության հիմքեր գցել»։ Ապա հետևում է հույսերով ու պաթոսով առլեցուն եզրակացությունը. «Այսպիսով, այն հանճարեղ գաղափարը, որ դեռևս գեներալ դը Գոլն էր հռչակել Ատլանտիկայից մինչև ՈՒրալ, իսկ իրականում մինչև Խաղաղ օվկիանոս միասնական մեծ Եվրոպայի մասին, կարող է ապագայում իրականանալու հեռանկար ստանալ»։
Ի՞նչ հիմք ունեն այդ վարդագույն հեռա-նկարները։ Պարզվում է, դա Կրեմլի համար բաղձալի «Հյուսիսային հոսք» գազամուղն է, որը ոմանք ցանկություն ունեն համարելու առևտրային նախագիծ` «քաղաքական ենթատեքստով»։ Ավելին, թեև Եվրամիությունում չեն հոգնում կրկնելուց, որ իրենք մտադիր են նվազագույնի հասցնել էներգետիկ կախումը Մոսկվայից և արդեն մի շարք հաջող քայլեր են արել այդ ուղղությամբ, «Նոր Եվրոպայի» ճարտարապետները հուսով են, որ էներգետիկայի ասպարեզում Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է դառնալ հենց այն ուժը, որը եռակողմ հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի, որից և կշահի ամբողջ Եվրոպան։ Իսկ դրա շնորհիվ այդ միությունը, ինչպես իրենց է թվում, կարող է դառնալ բարգավաճման ու անվտանգության մի հիանալի բևեռ, Եվրոպային հնարավորություն կտա առաջին դերերը խաղալու միջազգային ասպարեզում։ Այնպես որ, ծրագրերը պակաս խոշոր չեն, քան հայտարարված Եվրասիական միությունը։ Սակայն փորձենք, այնուամենայնիվ, տարբերել փքուն փիարը (ի՞նչ դժվար բան է մի երկու հոդված պատվիրելը, երբ խոսքը բազմամիլիարդանոց համընդգրկուն խնդիրների մասին է) այդ նախագծի դեռևս մշուշոտ, ինչպես թվում է, իրողություններից։
Գերմանիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին. այստեղ, առաջին հայացքից, վաղուց արդեն ամեն ինչ ամրակուռ է։ Հատկապես տնտեսական ոլորտում, ուր, կարծես, վաղուց առավելագույն բարենպաստման կլիմա է հաստատվել, իսկ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես, ի դեպ, նաև պետության նախորդ ղեկավարները, Մոսկվայի կողմից համարվում է ամենավստահելի գործընկերներից մեկը Եվրոպայում։ Այսպես, վերջերս Ռուսաստանի վարչապետ Պուտինը Գերմանիայի գործարար ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե այս տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային ցուցանիշի` ավելի քան 70 մլրդ դոլարի։ Նրա խոսքերով, այսօր ներդրողները ներկայացված են Ռուսաստանի տնտեսության, փաստորեն, բոլոր ճյուղերում, սակայն, այդուամենայնիվ, նա գերմանական ընկերություններին կոչ արեց ավելի համարձակորեն մասնակցել ռուսական տնտեսության գործուն ճյուղերի ֆինանսավորմանը։ Եվ ավելին, գերմանացիներին հրավիրեց միասնական տնտեսական տարածություն, և խոստացավ գերմանական բիզնեսին օգնել «նվաճելու» ԱՊՀ շուկաները։ Բայց խոստումը` խոստում, իսկ տնտեսությունը տնտեսություն է։ Առավել ևս, որ գործնական գերմանացիները միշտ աշխատում են հնարավորությունը ձեռքից բաց չթողնել։ Իսկ մնացած բոլորը, մասնավորապես իրական քաղաքականությունը, հասարակական կարծիքը, ինչպես ասում են, ուրիշ օպերայից են։ Եվ համապատասխանաբար, առանց երկմտանքի ստվերի իսկ և առանց անհարմարության զգացումի, չնայած «առաջատար գործընկերների» բուռն կոչերին, Գերմանիայի նախագահ Վուլֆը Դմիտրի Մեդվեդևի հետ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ չպաշտպանեց երկու երկրների միջև այցեհրավերները վերացնելու նրա առաջարկությունը։ Գերմանիայի նախագահի ասելով, անհրավեր այցեկարգի անցնելու համար «դեռ որոշ բաներ պիտի շտկել»։ Իսկ Վլադիմիր Պուտինի հետ մի ավելի տհաճ բան տեղի ունեցավ. գերմանական «Կվադրիգա» քաղաքական մրցանակի կազմկոմիտեն քաղգործիչների ու հանրության ճնշմամբ վերջին պահին չեղարկեց իր որոշումը Ռուսաստանի վարչապետին պարգև շնորհելու մասին։ Դե, իսկ էլ ավելի խայտառակ «արտահոսքերը» նրա ընտանեկան կյանքի անհարմար կողմերի մասին, որ հրապարակվել են գերմանական մամուլում, ավելի լավ է վերագրենք անկախ մամուլի «ապիկարությանը»։
Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա Մոսկվայի նկատմամբ պարոն Սարկոզիի վերաբերմունքն ավելի շատ հիշեցնում է «ռուսական բլուրներ» խաղը։ Սկզբում նա իրեն հեռու պահեց Ժակ Շիրակի ռուսամետ դիրքորոշումից, սուր քննադատում էր մարդու իրավունքների խախտումները Մոսկվայի կողմից և Ռուսաստանի գործողությունները Չեչնիայում։ Ապա ելույթ ունեցավ և միջնորդեց Վրաստանի հարցով։ Իսկ հետո արդեն Սարկոզիի ցասումին, կարծես, փոխարինելու եկավ գթասրտությունը, և նա Ռուսաստանի հետ մերձեցման ուղին բռնեց։ Ընդ որում, նշում է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի վերլուծաբան Թոմա Գոմարը, «Նիկոլա Սարկոզին շեղվեց ֆրանսիական դիվանագիտության ավանդական կուրսից, այն է` Մոսկվայի հետ զրույցն օգտագործել Եվրոպայում և նրա սահմաններից դուրս իրադրության ավելի արդյունավետ կառավարման համար»։ Ենթադրվում է, որ հիմա «նպատակ չի հետապնդվում հավասարակշռելու Վաշինգտոնի քաղաքականությունը, իսկ Մոսկվայի հետ մերձեցումը համապատասխանում է Ֆրանսիայի դիվանագիտական և առևտրային շահերին»։ Եվ այստեղ բավական համառորեն սկսեցին խոսել «թշնամանքից ջերմ հարաբերությունների» անցնելու և դրանք զարգացնելու մտադրությունների մասին։ Եվ առաջին քայլը դարձան Փարիզում զանգվածային մշակութային միջոցառումները։
Սակայն թվում է` Ֆրանսիայի հետ մշակութային և պատմական սերտ հարաբերությունների վառ ցուցադրումը, որ նկատվում է վերջին ժամանակներս, անցած-գնացած քաղաքական միությունների կամ «Դյագիլևի բալետի սեզոնների» ռոմանտիկ արձագանք չէ միայն։ Այսօր առաջադրված են «իրական քաղաքականության» կարևորագույն խնդիրներ և արտաքին խնդիրների բարդագույն հարցեր, մասնավորապես Մերձավոր Արևելքում, ուր երկու կողմերը մեծ շահեր և պատմական լծակներ ունեն։ Նախ` լուրջ տարաձայնություններ Սիրիայի և Լիբիայի առնչությամբ։ Երկրորդ` Սարկոզին Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների մակարդակը հիմք է համարում Իրանի միջուկային հավակնությունները կասեցնելու` համաշխարհային դիվանագիտության ջանքերի համար։ Ֆրանսիան ու նրա նախագահը վաղուց արդեն այդ գաղափարի մոլի կողմնակիցներ են, բայց այստեղ Մոսկվան իրեն ուղեկից է վերցրել Պեկինին։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա, ինչպես նշում են ֆրանսիացի վերլուծաբանները, կա մի շատ լուրջ, թաքնված վտանգ. դա ֆրանսիացիների երկյուղն է, որ Եվրոպայում Ֆրանսիային կարող է շրջանցել Ռուսաստանի և Գերմանիայի տնտեսական և էներգետիկ ուժեղ տանդեմը։ Փարիզն առայժմ խիստ տանուլ է տալիս թե՛ Ռուսաստանում ներդրումների ծավալով, թե՛ տնտեսական համագործակցության համաձայնագրերի քանակով։ Համապատասխանաբար, Ֆրանսիան որոշել է օգտագործել, մասնավորապես, ռազմական և անվտանգության ոլորտներում համագործակցության հաստատման ճանապարհի ընձեռած առավելությունները։ Համենայն դեպս, այդ երկու խնդիրների լուծման համար, «ձեռքը ձեռք է լվանում» սկզբունքով բարձրացվեց Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավի և նորագույն գերհզոր դեսանտային ուղղաթիռակիր նավերի մատակարարումների հարցը, որոնց միջոցով Մոսկվան ծրագրում է մեծացնել նավատորմի դեսանտագրոհային ուժերի հզորությունը։ Եվ Ֆրանսիան, այսպիսով, շատ քաղգործիչների ու փորձագետների կարծիքով, խախտեց այն թաքուն արգելքը (գոյություն ունի ՆԱՏՕ-ի հիմնադրման օրից), համաձայն որի` արգելված է սպառազինությունների մատակարարումը Ռուսաստանին։ Իսկ ընդհանուր առմամբ, ինչ վերաբերում է քաղաքական խնդիրներին, ապա Մոսկվայի համառ ցանկությունը` փոխելու Եվրոպայի անվտանգության համակարգը և վերստին առաջ քաշելու «եվրոպական ընդհանուր տան» հարցը որպես նոր աշխարհակարգի կարևորագույն տարրի, առայժմ ֆրանսիացիների շրջանում զուտ քաղաքավարի «ըմբռնում» է գտնում։ Բայց, ինչևէ, այսօրվա դրությամբ Ֆրանսիայի քաղաքական վերնախավում և լրատվամիջոցներում գերիշխում է այն կարծիքը, թե «Ռուսաստանը բարդ գործընկեր է», սակայն լուծումները հարկավոր է գտնել «համբերատար բացատրությամբ» և զգույշ քայլերով։ «Պետք է այնպես անել, որ Ռուսաստանը փոխի իր վերաբերմունքը մի շարք խնդիրների նկատմամբ և հասկանա, որ միայն «քաղաքակիրթ» վարքագիծը կարող է իրեն ցանկալի արդյունքների հասցնել և, առաջին հերթին, հարգանքի` միջազգային ասպարեզում»,- ամփոփեցին ֆրանսիացիները։ Լավ, Աստված իրենց հետ, խևն էլ է, ինչպես ասում են, հավատացյալ լինում։ Բայց միաժամանակ կասկած չկա, որ Փարիզը միշտ իրեն տեսել է և հիմա էլ տեսնում է որպես եթե ոչ ամբողջ աշխարհի տիրապետող ուժ, ապա գոնե հաստատ Եվրոպայի սիրտ։ Եվ իր այդ առաքելությունը նա ոչ ոքի թույլ չի տա խլել իրենից։ Ի դեպ, Մոսկվան ևս` իր հսկայական հավակնություններով։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ