2012 թվականն արդեն շատ վստահ ու հանգիստ ստանձնում է իշխանությունը, որ օրինական է ու իրական իր բոլոր 366 օրերի համար: Բոլոր: Երկրագնդի յոթ միլիարդ բնակչից արդեն միայն հատուկենտ մարդիկ են հավատում մայաների օրացույցին, որ վերջանում է 2012 թվականի մայիսին: Նախ հնդկացիները 1527 թվականից հետո կորցրել են իրավական արդիականությունը, հետո էլ ով կարող է պնդել, որ օրացույցի 2012-ով վերջանալու մեղավորը իսպանացիները չեն, որ միայն մայաների բուրգերը չկարողացան հայրենիք տանել, և վերջապես` ոչ ոք չի կարող բացառել, որ պարզապես մայաների համբերությունն է հատել իրենցից հետո 6-րդ դարի վրա ու ալարել են շարունակել թվացույցի կազմումը: Այդպես:
Իսկ ի՞նչ էր ուզում ասել 2011-ը, և ասա՞ց, թե՞ ժամանակից դուրս ժամանակի մեջ կուտակեց:
Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հարթության մեջ փոփոխություններ, որոնք շրջադարձային կամ վճռական կարող էին լինել, չեղան: Ստատուս քվոն մնաց իր պատվանդանին: Լա՞վ է, թե՞ վատ: Նայած, թե ստատուս քվոյի փոփոխության ինչ տարբերակներ կան ու ինչ հետևանքներ կունենան: Բայց դա արդեն կլինի 2011-ից հետոյի պատմությունը:
Հայ-թուրքական հարաբերությունների պաշտոնական սյունակում նոր գրառումներ չեղան` դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին, սահմանը չբացվեց: Բայց դա չի նշանակում, թե ոչինչ չեղավ, համենայն դեպս, այն փոփոխությունների մասով, որոնք մի օր հանգեցնելու են դեսպանատների ու սահմանի բացման: Որովհետև երկու հարևանների փոխհարաբերությունների իրական փոփոխություններ կարող են կատարվել միայն նախ իրենք իրենց, հետո միմյանց հասկանալուց հետո:
2012-ի հունվարի սկզբին երկու տարվա իր պաշտոնավարումն ավարտեց ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: Այդ ընթացքում Ստրասբուրգում նրա նախաձեռնությամբ ստեղծվեց ու վերստին չգործեց Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը:
2011-ի հոկտեմբերին ընտրվեց և 2012-ի հունվարի 1-ից Ադրբեջանը պաշտոնապես սկսեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի գործունեությունը Գվատեմալայի, Մարոկկոյի, Տոգոյի և Պակիստանի հետ:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որ 2008-ից սկսել էր աշխարհի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նոր պատմությունը գրել, 2011-ին նահանջի և հրաժեշտի մի քանի ռևերանսներից հետո 2012-ին կարող է նոր ուժգնությամբ վերադառնալ: Հայաստանում երկար ժամանակ նրա գոյությունը հերքում էին, հետո իբր նրա դեմ պայքարում էին, գուցե հիմա՞ է նրա առկայությունը տնտեսության զարգացման նոր մոդելների կիրառման համար օգտագործելու ժամանակը:
2011-ին լրացավ Հայաստանի անկախ հանրապետության 20 տարին, և հոբելյանը իրավ ծանրակշիռ հնարավորություն էր անցյալի ու ապագայի միջև ներկան արժևորելու:
2011-ը նախընտրական տարի էր` իր բոլոր դրական ու բացասական ածանցյալներով:
Խոստացվեցին ու չբացահայտվեցին մարտի 1-ի իրադարձությունները:
2011-ի տարեվերջին, ավելի ստույգ` աշնան կեսին սպասելի ու անսպասելի մի քանի հրաժարականներ մի քանի օրով դարձան խոսակցության թեմա: Եթե քաղաքամայր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը Ալբերտ Բազեյանի օրերից ավանդական է դարձել, այնուամենայնիվ նրա հրաժարականի իրական պատճառը ոչ այնքան «Գազպրոմ»-ում աշխատանքի անցնելն էր, որքան այն, որ ՀՀ նախագահը նորից Հայաստան էր հրավիրել Պլասիդո Դոմինգոյին, և աշխարհահռչակ տենորը սիրով ընդունել էր հրավերը: Իսկ ոստիկանապետի հրաժարականը նույնքան ավանդաբար երբեք զարմանալի չէ` պատճառներ միշտ կան և ժամանակ առ ժամանակ հաշվի են առնվում: Նախագահի աշխատակազմի նախագահ Կարեն Կարապետյանի հրաժարականը ևս առանձնապես զարմանալի փաստ չէր` նման պաշտոններում աշխատողները միշտ էլ գիտեն, որ ցանկացած օր կարող է վերջինը լինել աշխատատեղում: Նույնիսկ այն դեպքում, երբ ինքնակամ են հեռանում: Այդ շրջագծում էր և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հրաժարականը. այս դեպքում միանշանակ էր, որ լիազորությունների կորուստ չի լինելու: Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրերից ոչ մի գումարման խորհրդարանի նախագահ ժամկետի սկզբից մինչև վերջ չի պաշտոնավարել, այդ տեսակետից Հովիկ Աբրահամյանը կարող էր մի քանի ամիս էլ ԱԺ հեղինակությունը բարձրացնել` այդ պաշտոնում նա հաջորդել էր Տիգրան Թորոսյանին, բայց իր համար էլ երևի անակնկալ պարզեց, որ ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետի պարտականությունն ավելի կարևոր ու բարձր պաշտոն է: Ինքը գիտի: Ի վերջո, բոլոր այդ հրաժարականները, փոխատեղումներն ու տեղափոխումները քաղաքական դաշտում ոչինչ չփոխեցին: Գոնե 2011-ին: Այդպես:
Բարդ ու բազմազան հարաբերությունների ասպարեզ թվացող ներքաղաքական դաշտը իրականում միավորվում է մի կարգախոսի տակ` «Բոլորս դեպի խորհրդարան», և որքան մեծ թվով, այնքան հրաշալի: Հենց այդ հողի վրա են ծավալվել ներկուսակցական ու միջկուսակցական իրադարձությունները 2011-ին: 2011-ի փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագիրը, թվում էր, բոլոր հարցերի բոլոր պատասխանները տալուն է ուղղված, բայց քաղաքականությունը ոչ միայն հնարավորի արվեստն է, այլև անհնարինի: ՈՒ` «Երբեք մի ասա երբեք»-ը ոչ այնքան բառախաղ է, որքան նախազգուշացում: Համենայն դեպս: Ի վերջո, կոալիցիոն ուժերից որևէ մեկը ցանկացած պահի կարող էր ու կարող է պատճառաբանել, որ իրավիճակ է փոխվել, և ինքն ուղղակի պարտավոր է նոր իրավիճակին համարժեք քայլեր անել: Իհարկե, տվյալ քաղաքական ուժը, որը հաստատ կամիկաձեի հակումներ չի դրսևորի նախընտրական փուլում, այդ քայլին կգնա մի պարագայում. եթե վստահ լինի, որ 2012-ի մայիսից հետո արեգակը իր համար նախկին պայծառությունը չի ունենալու ու չի ջերմացնելու նախկին ջանասիրությամբ:
2011-ին նման ոչինչ տեղի չունեցավ: 2012-ին նման քայլի համար քիչ ժամանակ է մնում, բայց ասված է` այս մասին` հաջորդ դասին:
Եվ եթե ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ փոխհարաբերություններն ընտրություններից առաջ անկանխատեսելի իրադարձություններ չեն խոստանում, նույնքան անհետաքրքիր կարող են լինել կոալիցիա-ՀԱԿ հարաբերությունները: 2011-ին իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններն ընթացան քաղաքական երկխոսության հարթության վրա: Ի սկզբանե այդ բանակցության արդյունքները վստահություն չէին ներշնչում, որովհետև երկկողմանի ներհակ օրակարգերը շփման եզրեր չէին թողնում: Բայց ամառն անցավ կլոր սեղանի շուրջ, ուրեմն այդպես էր պետք կողմերին: Եվ եթե չստացված խոսակցությունից շահողներ չեղան, կորցնողներ եղան` ՀԱԿ-ի հանրահավաքները տարեսկզբին ու տարեվերջին բավականին տարբեր էին բազմամարդության տեսակետից: Իհարկե, գարնանը գործում էր արաբական հեղափոխությունների սինդրոմը, բայց և ակնհայտ է, որ 2007-ի ու 2008-ի Լևոն Տեր-Պետրոսյանի և 2011-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ընկալումները տարբեր են: Ե՛վ իշխանական, և՛ ընդդիմադիր դաշտերում, և՛ ժողովրդի համար: Ժամանակն անկառավարելի գործոն է, որ երբեք չի աշխատում որևէ մեկի օգտին, ժամանակը պարզապես անցնում է, ու կորցրել ես, թե գտել այդ ընթացքում, ինքդ պիտի պատասխան տաս: Հենց այդպես:
2012-ին 2011-ը փոխանցեց մի երկիր, որտեղ տնտեսության դիվերսիֆիկացիան դեռ վարչապետական խոստում է, որ հավակնում է մնալու պատրանք, որտեղ օլիգոպոլիաները անապատացնում են տնտեսությունը` ի հաշիվ սեփական օազիսների ստեղծման, որոնք ոչնչացնում են մրցակցությունն ու ֆետիշացնում ստվերային գործունեությունը, որտեղից մարդիկ հեռանում են նույնքան արագ ու անդարձ, ասես փախչում են ժայթքած հրաբուխի լավայից, վստահ, որ այդ տարածքում այլևս անելիք չի մնում մի քանի տասնամյակ: Եվ դա ոչ միայն ազգային անվտանգության խնդիր է, այլև ազգային մենթալիտետի:
2012-ին Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր կուսակցություններն ունեն մի խնդիր` խորհրդարանական ընտրությունները, համարյա նույն օրինաչափությամբ բոլոր կուսակցականները ունեն մի խնդիր` հայտնվել համամասնական ընտրացուցակում, որի վերին սյունակները հնգամյա ապահովություն են խոստանում ու բարեկեցություն: ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» 2011-ին հասցրին առաջարկել Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ավելի ճիշտ նվազեցում` մեծամասնական ընտրակարգի վերացումով, բայց ակներևաբար խորհրդարանական մեծամասնությունը 2012-ին այդ քայլին արդեն չի գնա, իսկ դա նշանակում է, որ, բացի ըղձալի ընտրացուցակներից, կան նաև ոչ պակաս նվիրական մեծամասնական մանդատներ, որոնք ստանալը, սակայն, ավելի դժվար է, քան ցուցակվելը: Բայց հայտնի ասացվածք է` քաղցած լուն ավելի բարձր է ցատկում:
2011-ին տասնյակ ու տասնյակ այլ իրադարձություններ եղան աշխարհում ու մեծ աշխարհի մեր անկյունում, որոնք, հարկավ, արժանի էին հիշատակման, բայց դա չէ կարևորը: Կարևորը` ի՞նչ ենք մենք անցած տարվա միջով տանում առաջ և արդյո՞ք առաջ գնալիս դեպի անցյալ չենք գնում: Կարևորը ժամանակի զգացողությունը չկորցնելն է: Կարևորը հասկանալն է և հասկացված լինելը: 2012-ի 366 օրերին ու ընդհանրապես: ՈՒ մշտապես:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ