ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
19.10.2010 | 00:00

Չգիտեմ ինչու հիշեցի «Քաոս» վեպի վատից դեպի լավը դարձի եկող հերոսի խոսքերը. «Բոլոր նրանք, ովքեր բռնանում են շահագործման դեմ, հնարավորություն ստանալու դեպքում ավելի դաժան են շահագործում»: Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը բռնանում է Հայաստանում առկա և ահավոր չափերի հասած կոռուպցիայի դեմ։
Մանրամասն, այն էլ մի քանի անգամ, կարդացել եմ նրա ելույթը` ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում, սակայն թե ինչ է կոռուպցիան և երբ է այն սկիզբ առել Հայաստանում, պատմաբան մարդն այդպես էլ չի բացատրում իր լսարանի սովորական ունկնդրին:
«Շատերը,- նշում է նա,- կոռուպցիան հանգեցնում են պետական պաշտոնյաների կաշառակերության սովորական երևույթին: Չեն տարբերում կոռուպցիան և կաշառակերությունը, որն այս կամ այն չափով հատուկ է բոլոր, այդ թվում` ամենազարգացած ու օրինապաշտ երկրներին: Քանզի այն կրում է մասնակի բնույթ և սահմանափակվում է միայն անպարկեշտ պաշտոնյաների շրջանակով, կազմում է պետական մասշտաբի կոռուպցիայի սոսկ մեկ, այն էլ` ոչ ամենաէական բաղկացուցիչ մասը: Իրական չարիքը պետական մասշտաբի կոռուպցիան է, որը շատ ավելի ընդգրկուն և համակարգված հասկացություն է»:
Բառերի և խոսքի մանիպուլյացիայից հետո, հռետորը հանգում է այն մտքին (ինչն իրեն ձեռնտու է), որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է:
Կոռուպցիայի պատմությունը ցույց է տալիս, որ այդ երևույթը չի կարելի բաժանել էականի կամ ոչ էականի:
Այսօր բոլորը խոսում են կոռուպցիայից, բայց և ոչ մեկը չի ասում, թե ինչ է դա: Որովհետև ասում են կոռուպցիա և սկսում են խոսել կաշառակերությունից: Իմ կարծիքով, հասարակությունը երջանիկ կլիներ, եթե միայն կաշառակերությունը լիներ: Եղիշեի «Պատմությունը» հուշում է, որ վերջնական նպատակին հասնելու համար պարսից արքունիքը սկսում է գործել կոռուպցիայի միջոցով, առաջ է քաշում «զկրտսերս յավագաց և զանարգս ի պատուականաց և զտգետս ի գիտնոց և զանարիս ի քաջ արանց», իմա` բոլոր արժանավորներին հետ էր քաշում, անարժաններին առաջ մղում, ոմանց խաբում էր ոսկով ու արծաթով, ոմանց էլ պատիվներ և մեծամեծ իշխանություններ շնորհելով: Կոռուպցիան հենց սա է` կաշառակերություն, ծախվածություն, բարոյական անկում: Հիմա փորձեմ մեկնաբանել յուրաքանչյուր բառը և փորձեմ հիմնավորել` ով է սկիզբ դրել այդ ամենին մեր նորանկախ երկրում:
Ամենևին չպաշտպանելով 1998-ից հետո իշխանության եկածներին, որոնցից շատերի տեղը պիտի լինի Նյուվադիի ուղղիչ աշխատանքային գաղութը, հարցնեմ. պարոն Տեր-Պետրոսյան, Դուք ի՞նչ արեցիք, որ անկախությունից հետո սուտ գեներալներ չաճեն և չզբաղվեն իրենց էությանն անհարիր քաղաքականությամբ: Ոչինչ։ Ձեզ անձամբ ձեռնտու էր, չէ՞, ժեշտանչի Ղևոնդը (և ոչ միայն նա), ավելի քան ռազմական լուրջ կրթություն ստացած խորհրդային բանակի սպան: Խորհրդային բանակում կար հինգ հազար հայազգի սպա, ինչո՞ւ նրանք չհամալրեցին անկախ երկրի հայկական բանակը: Անձամբ եմ ծանոթացել մեծ սիրով հայրենիք վերադարձած և հայրենիքին ծառայելու պատրաստ շատ սպաների հետ, ովքեր այդպես էլ տեղ չունեցան հայկական բանակում: Ինչո՞ւ: Որովհետև ձեր կարգախոսն էր` ՀՀՇ-ական լինի, թեկուզ պոլի փետ լինի: Ահա Ձեզ կոռուպցիայի մի ատրիբուտ, բարոյական անկման, մի հիանալի օրինակ. ժեշտանչուն, «ԽՐՈջ»-ի, «ԾԸի»-ի վարորդին գերադասում է պրոֆեսիոնալ զինվորականից: Էքսնախագահը հիշատակում է Հայաստանի ամենակոռումպացված պետական պաշտոնյաների անունները, և երբ հերթը հասնում է նրանցից մեկին, նշում է միայն պաշտոնը` ԱԽՔ, և ասում` անունը չեմ տալու: Ես էլ, հետևելով էքսնախագահին, չեմ տալու նրա անունը, բայց ասեմ` այդ մարդը, որին այսօր Դուք նշում եք, որպես ամենակոռումպացվածներից մեկը, էն մութ ու խավար, սովի, անդագաղ թաղումների տարիներին, երբ ողջ ժողովուրդն ինքն իրեն անիծում էր, որ հավատացել և եկել էր Ձեր հետևից, Ձեր ո՞ր արժանիքների մասին գիրք գրեց և Դուք էլ հավատացիք։ Ինչո՞ւ։ Քանզի հավատացած էիք, որ Աստված է համբուրել Ձեր ճակատը։ Իշխանության գալուց հետո Դուք մոռացաք Աստծուն։
Ձեր և Ձեր դրածո պաշտոնյաների միջոցով չէ՞ր միթե, որ հիսուն հազար խորհրդային ռուբլու փոխարեն հայ աշխատավորին երկու հարյուր հիսուն դրամ տվեցիք, կամ էլ փոխեցիք մեկ դոլարը յոթ դրամով։ Եվ այսօր խոսում եք կոռուպցիայի՞ց:
Շարունակե՞մ հիշել անցյալը: Շարունակեմ: Հիշեմ Ձեր կադրային քաղաքականությունը: Ի սեր Աստծո, թող ոչ ոք չմտածի, թե ողջունում եմ այսօրվա իշխանությունների կադրային քաղաքականությունը: Արա Սահակյանին սուրճ մատուցողը, նյութը քրեական գործից չտարբերողը դառնում է դատախազ, (նոտարը` դատախա՞զ): Երբ մեկ տարվա ընթացքում խեղճը չի կարողանում մուծել կաշառքի մնացած մասը, հեռացվում է գործից, իսկ որոշ ժամանակ անց ինքնասպան է լինում: Հիմա էլ, պարոն Տեր-Պետրոսյան, չկարծեք, թե Գագիկ Ջհանգիրյանի դպրոցն անցած այսօրվա ջհանգիրյաններն այլ ձևով են դատախազ կամ դատավոր նշանակվում: Հիմքը լավ եք դրել, Ձեր հետնորդներն էլ, որքան էլ բողոքեք, Ձեր նշած ուղիով են քայլում:
Ասում եք` Քոչարյանը կոռումպացված է, քանդել է երկիրը: Իսկ Դո՞ւք ինչով էիք զբաղված: Միայն մեկ հարց, ի՞նչ եղան «Հրազդանմաշի» արտասահմանյան տասնհինգ հաստոցները, յուրաքանչյուրը` մեկուկես միլիոն դոլար արժողությամբ: Այդ տարիներին որքա՞ն ստրատեգիական ապրանք փոխանակվեց անպետք «ֆուջիկաների» հետ, քանի՞ միլիոնով ծախվեց երկրի կապը: Ճիշտ է, Քոչարյանն է ստորագրել այդ գործարքը, բայց, անկեղծ ասած, նա Ձեզ համար դեռ «հարիֆի» կարգավիճակում էր, հենց դրա համար էլ նրան բերել էիք: Բայց այդ «հարիֆը» շուտ աճեց, որովհետև Ձեզնից աչքաբաց դուրս եկավ: Երկու միլիարդ դոլար կոնյակի հումք ունեցող գործարանը (թիվը վերցված է Ալեքսան Կիրակոսյանի հոդվածից) քանի՞ միլիոնով ծախեցիք: Կասեք` դա կոռուպցիա չէ։ Դե, իհարկե, որովհետև գիտնական Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է եղել:
Էլի՞ շարունակեմ: Շարունակեմ: Ո՞վ յուրացրեց Ագարակում կուտակված մեկ միլիոն տոննա հանքանյութը: Եթե Ձեզ և Ձեր շրջապատին կարելի էր, ինչո՞ւ նույնը չի կարելի այսօր Լիսկային կամ մնացածներին: Հա, հարցնեմ, պարոն Տեր-Պետրոսյան, երբ 1992-ին Սուրեն Խաչատրյանը (այն ժամանակ նա Ձեզ համար Լիսկա չէր) իր զինված բանդայով վերցրեց Գորիս քաղաքի իշխանությունը (քաղսովետի նախագահը դաշնակցական էր), կարելի էր, չէ՞, որովհետև նախագահը Դուք էիք։ Այսօր Սուրեն Խաչատրյանը դարձել է Լիսկա։ Նշում եք նաև «Մխչյանի Մկանը»: Մանրամասնե՞մ: Ո՞վ նրան Գերագույն խորհրդի պատգամավոր դարձրեց: Ձեր ժամանակ (նաև հիմա) հենց էնպե՞ս են պատգամավոր դառնում: Նա էն ժամանակ գնել էր Ձեզ և Ձեր շրջապատին: Էդ մարդը գնորդ էր և գնել էր համապատասխան ապրանք: Էնպես որ, հետին թվով պետք չէ ազնիվ երևալ: Ազնվությունը, պարոն պատմաբան, հաստատուն կատեգորիա է և ոչ թե վարունգի ցցուն գլուխ:
Մի երկու հարց էլ տամ և վերջակետ դնեմ։
Ի՞նչ եղավ խորհրդային մեկ միլիարդ ռուբլին, որ կառավարությունը հատկացրեց Գորիս-Կապան ճանապարհի վերանորոգմանը (Գորիս-Կապան ճանապարհը դեռ չէր ազատագրվել): Ճանապարհն այդպես էլ մնաց, չվերակառուցվեց, իսկ միլիարդի ճակատագիրը տնօրինող Սուրեն Ջհանգիրիչը ո՞ւմ հաշվետվություն տվեց, Ձե՞զ, թե՞ մեկ ուրիշին:
Ազատագրված տարածքների թալա՞նն ում գրպանով անցավ: Պետությունը ինչ-որ բան շահե՞ց դրանից, թե՞…
Այ, այդ անթիվ «թե»-երն են, որ փորձում եք մոռացության տալ` Ձեր հետնորդների վրա ակտիվ գրոհելով:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ