«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՌԱՋՆՈՐԴԵԼԸ ՍՈՒՐԲ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է»

«ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՌԱՋՆՈՐԴԵԼԸ ՍՈՒՐԲ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է»
21.01.2011 | 00:00

Երեկ «Իրատես de facto» ակումբում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ, անիմաստ համարելով խոսել իշխանության գործելաոճի մասին, ասուլիսի գերակշիռ հատվածը նվիրեց ընդդիմության գործողություններին գնահատականներ տալուն։ «Դժբախտաբար, մեր երկրում մշտապես հիմնական խնդիրը եղել է ընդդիմադիր դաշտում։ Ընդդիմությունը և՛ նախկինում, և՛ այսօր չի կարողացել ճշգրիտ գնահատականներ տալ երկրի իրավիճակին։ Եթե ճիշտ չենք գնահատում, բնականաբար, շեղված ուղիով ենք գնում»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը` հընթացս հավելելով, որ այսօր Հայաստանում օկուպացիոն ռեժիմ է, և դասական քաղաքական մարտավարությամբ հնարավոր չէ արդյունքի հասնել։ «Ժողովուրդ առաջնորդելը սուրբ հասկացություն է, ուստի չի կարելի լինել անբարո ու փորձել ժողովուրդ առաջնորդել։ Ընդդիմության մեջ, բացառությունները հարգելով, քաղաքական գործից հասկացողների մեծամասնությունը դաշտ է մտել առևտրի նպատակով, պատգամավոր դառնալու, բարձր աշխատավարձ, տաքուկ սենյակ ունենալու համար»,- շեշտեց բանախոսը։
Անդրադառնալով Տիգրան Կարապետյանի բազմահազարանոց հանրահավաքներին, Սէֆիլյանը նկատեց, թե ոչ մի ընդդիմադիր գործիչ չպետք է մեծամտանա ու մտածի, որ միայն ինքը կարող է ժողովուրդ հավաքել, քանզի ժողովուրդն այսօր էլ, առաջ էլ պատրաստ էր ըմբոստանալու։ «Այն գործիչները, ովքեր մեղքը փորձել են գցել ժողովրդի վրա, չարաչար սխալվել են։ Մեր ժողովուրդը կարգին ժողովուրդ եղել է ու կա։ Պարզապես մեր դժբախտությունն այն է, որ ընդդիմության առաջնորդող խմբերն ու ղեկավարները պետք եղած որակի չեն եղել, որ նավը հասցնեն խաղաղ ափ»,- ասաց ակումբի հյուրը, համոզված լինելով, որ ՀԱԿ-ը պետք է միանար Տիգրան Կարապետյանի հանրահավաքին, ոչ թե կողքից դիտողի ու «բամբասողի» դերում լիներ։ Տեսականորեն ընդունելով, որ ԱԼՄ հոլդինգի նախագահը կարող է ընդդիմադիր դաշտում հերթական «ականը» լինել, ինչպես ոմանք կարծում են, բանախոսը փաստեց. «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի տեղում ես լինեի, մեկ շաբաթ առաջ պիտի հայտարարեի, որ Կարապետյանի հետ կմասնակցեմ այդ միտինգին։ Եթե նա հավանական «ական» է, այդ միավորումով ամեն ինչ կհստակեցվեր։ Եթե «ական» չէ, շատ ավելի լավ, կգտնվեր համագործակցության դաշտ։ Պիտի մի կողմ թողնել անձնական ամբիցիաներն ու ժողովրդին տանել առաջ։ Սակայն այսօր հակառակն է. ընդդիմադիր ուժերը մի կողմ են կանգնած, խանդով են նայում, բամբասում են` այս ինչ ժողովուրդ է, ում հետևից է գնում։ Շատ էլ լավ ժողովուրդ է։ Եթե ընդդիմությունը ժողովրդին «այս ինչ»-ով է դիմում, ուրեմն կտրված է ժողովրդից, ինչպես իշխանությունները»։ Ավելին, Սէֆիլյանը կարծում է, որ հասարակությունը հոգնել է կուսակցություններից, հատվածապաշտական պայքարից, մրցակցությունից, իսկ ելքը կուսակցությունների միավորման կամ էլ նոր ուժի հայտնության մեջ չէ։
Այն հարցին` ինչո՞ւ «Սարդարապատ» շարժումը չի միանում Տիգրան Կարապետյանին, նախաձեռնող խմբի անդամն ուներ իր բացատրությունը. շարժումը դեռ լիովին չի կազմակերպվել, երբ պատրաստ լինի, մեկ անգամ միայն դուրս կգա փողոց ու այլևս տուն չի գնա։ Այսօր շարժումը զբաղված է ապագա Հայաստանի հայեցակարգի մշակմամբ, համախոհների համալրմամբ, այլընտրանքային կառավարության և խորհրդարանի ձևավորմամբ։ Համարելով, որ ընտրություններով իրավիճակ հնարավոր չէ փոխել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ուստի նպատակահարմար չէ հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությունը, Ժիրայր Սէֆիլյանը վստահեցրեց. «Գիտակցաբար գնալով ընտրության, որը ժողովրդին պարտության է տանելու, մեղսակից ես դառնում իշխանություններին։ Շատ կափսոսեմ, որ ընտրություններին չմասնակցելու մեր հորդորը և՛ ՀԱԿ-ը, և՛ «Ժառանգությունը», և՛ Տիգրան Կարապետյանը չընդունեն»։ «Իսկ եթե ոչ ընտրություններով, ապա ինչպե՞ս համակարգային փոփոխություններ կիրականացվեն» հարցադրմանն էլ ակումբի հյուրը պատասխանեց. «Ժողովրդի կամքի պարտադրմամբ, որն ընտրությունը չէ։ Ինչ Թունիսում եղավ, եղավ փողոցում։ Նույնն էլ Հայաստանում է լինելու, այսինքն` նաև քաղաքացիական անհնազանդությամբ։ Մեր երկրում քաղաքացիական պատերազմ հնարավոր չէ, քանի որ մեծամասնությունը ժողովրդի հետ է, իսկ կեղեքողները մի քանի ընտանիք են»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ