ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՍՈՉԻԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ

ՍՈՉԻԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ
24.01.2012 | 00:00

Երեկ նշանակալից իրադարձությունների օր էր. նախ` Սոչիում եռանախագահների հանդիպում, հետո էլ Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկում: Նախ` առաջինի մասով:
Արձանագրենք, որ 2008-ից Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ սա արդեն 11-րդ հանդիպումն է: Մինչ եռակողմ հանդիպումը Կրեմլը հայտարարել էր. «Մեզ մտահոգում են հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները, զինծառայողների ու խաղաղ բնակիչների շրջանում զոհերը, ինչպես նաև երկու կողմերի ռազմատենչ հռետորաբանությունը: Ռուսաստանը հետևողական է կողմերի միջև վստահությունն ամրապնդելու հարցում»: Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալուց առաջ Դմիտրի Մեդվեդև-Սերժ Սարգսյան երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին, բիզնես-համագործակցությանն ու երկկողմ կապերին առնչվող հարցեր: «Եթե խոսելու լինենք ապագայի մասին, բացի ավանդական բիզնեսի զարգացումից, որը ներթափանցել է հայ-ռուսական փոխգործակցության ամբողջ դաշտը, անհրաժեշտ է մտածել խոշոր նախագծերի մասին: Կան մի ողջ շարք ոչ դյուրին մարտահրավերներ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում»,- նշել է Մեդվեդևը՝ Սոչիի լեռներում հանդիպումը որակելով «խորհրդանշական» «բարի ավանդույթ»: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին փաստել է. «Ե՛վ այս հանդիպումները, և՛ Ձեր ջանքերը, և՛ այն ժամանակը, որ Դուք հատկացնում եք այս խնդրի լուծմանը, թույլ են տալիս Հարավային Կովկասում ունենալ քիչ թե շատ վերահսկելի իրադրություն»:
Արդեն եռակողմ հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ: Հաշվի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարևորությունը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնելու հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը»: Բարձր գնահատելով միջնորդների ջանքերը՝ նախագահները հույս են հայտնել, որ հետագայում ևս միջնորդական առաքելության ակտիվ դերակատարությունը կշարունակվի՝ ընդհուպ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատում: Նախագահները նաև կարևորել են շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը՝ հանձնարարելով շարունակել այդ աշխատանքը: «ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումը: Այդ առումով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև հետագա երկխոսության հաստատմանը նպաստելու»,- ասվում է հայտարարության մեջ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ