Խորամուխ լինելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մեջ, կարելի է առանձնացնել մի քանի արմատական սխեմա, որոնք կոչված են արագացնելու իշխանության փոփոխման տևողությունը։ Խոսքն այն սահմանների մասին է, որոնք միարժեքորեն նվազեցնում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը քաղաքական զարգացումների վրա։ Չհավակնելով այդ գաղափարական սխեմաները գնահատելու որպես դրական կամ ապակառուցողական (ինչպես նաև դրանք ծնած քաղաքական ուժերի դասավորությունը), փորձենք գնահատել սոսկ դրանց արդյունավետության աստիճանը։
Իհարկե, Հայաստանի քաղաքական մշակույթն արդեն որոշակի մակարդակի է հասել, եթե հնարավոր են դարձել գործընթացների կառավարման նպատակասլաց տեխնոլոգիաները։ Առավել արդյունավետ սխեմաներից մեկը «արևմտամետ» կամ «ռուսամետ» երկընտրանքն է։ Այն թույլ է տալիս նախագահին անվանել «Ռուսաստանի դրածո», որի հիմնական խնդիրն է «գունավոր հեղափոխության» խափանման միջոցով պահպանել իշխանությունը։ Առաջին հայացքից թվում է, թե այդ կարգախոսի վրա հիմնված քաղաքականության հիմնական կրողն ընդդիմությունն է՝ իր տարբերակներով։ Սակայն մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ այս գաղափարով համակված են բոլոր այն իշխանամետ ուժերը, որոնց համար անհատապես քաղաքականություն վերադառնալու Քոչարյանի փորձերը կապված են իշխանության ամրապնդման կամ կորստյան հնարավորության հետ։
Քոչարյանը երկար ժամանակ խոչընդոտ է եղել տարբեր քաղաքական խմբավորումների ճանապարհին, որոնք հարկադրված են եղել սպասել, թե Հայաստանում երբ իշխանությունը կլինի ավելի թույլ ու անվստահելի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական հարթությունում։ Քոչարյանը հիանալի էր հասկանում, որ ինքը ոչ մի հույս չի կարող ունենալ, թե որևէ փոփոխություն կարող է լինել իր անձի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի վերաբերմունքի մեջ, և իր քաղաքականությունը հաջողությամբ կառուցում էր սահմանափակ ձևաչափով, այսինքն, ամրապնդելով հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի հետ։
Արտասահմանյան լրատվամիջոցների, այդ թվում նաև Ռուսաստանի լիբերալ ԶԼՄ-ների փորձերը՝ Քոչարյանին անվստահություն ներշնչելու իր քաղաքականության սահմանափակության հանգամանքից ելնելով, այդպես էլ նրա վրա որևէ ազդեցություն չունեցան, թեև նա միշտ էլ ցավագին է ընդունել դրսի գնահատականները։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ համագործակցությունը խորհրդարանական (կառավարող) կոալիցիայի հետ նրա համար ամենևին էլ քաղաքական հուսալի հենարան չէր։
Հայաստանի արտքաղաքական կողմնորոշումները մեծապես պայմանավորված են ոչ միայն անձամբ Սերժ Սարգսյանով, այլև նրա թիմի անդամներով։ Կասկած չկա, որ Սարգսյանի իշխանության գալու պահին Հայաստանի արտաքին քաղաքականությունն այդպես էլ բավարար որոշակիություն չուներ։ Քոչարյանն իրենից հետո հստակ արտաքին քաղաքականություն չէր թողել, շատ բան անհասկանալի էր ու կտրտված, ինչը քննադատության առարկա դարձավ Հայաստանի վերլուծական դաշտում։ Այդ քաղաքականությունը գլխավորապես համապատասխանում էր Հայաստանի հաջորդ նախագահի պոստի հավակնորդ Ս. Սարգսյանի շահերին։ Եվ անակնկալ չէր այն հանգամանքը, որ անգամ երբեմն ի վնաս իրեն, Սարգսյանն իր ձեռքում էր պահում «արևմտամետի» վարկանիշը։ ՈՒժերի բուն ներքաղաքական դասավորությունը նրան թույլ է տալիս իր կողմը հակել շատ, նույնիսկ ընդդիմադիր ուժերի (հիմա չենք խոսի արտաքին գործոնների մասին. մասնավորապես, Ռուսաստանի հետ այս պարագայում առաջացող խնդիրները կարելի կլինի լուծել իր շուրջը եղած բոլոր ուժերի հաջող համախմբման շնորհիվ)։ Մնացած բոլոր ուժերը ևս կարող էին հաջողությամբ օգտագործել Քոչարյանի ռուսամետության գործոնը:
Բայց հիմա այդ հանգամանքին չենք անդրադառնա, այլ կփորձենք բացահայտել ևս մեկ առանցքային գաղափարական սխեմայի քաղաքական իմաստը: Պետության ո՞ր ղեկավարը կարող էր ավելի գործուն բազմակողմանի քաղաքականություն վարել, այսինքն` միաժամանակ քաղաքական հարաբերություններ ծավալել Ատլանտյան ընկերակցության և Ռուսաստանի հետ` արևմտամե՞տ նախագահը, թե՞ այն նախագահը, որը հավատարիմ է ռուսամետ կողմնորոշման գաղափարներին: Այսպես թե այնպես, այս խնդիրն առաջանում է նաև միանգամայն անկախ հայ քաղգործիչների անձնական ցանկություններից:
Այն իրավիճակում, երբ Հայաստանի նախագահը չունի նույնքան արդյունավետ հակահայեցակարգ, կարելի է սպասել, որ մոտ ժամանակներս նման քաղաքագիտական սխեման կարող է խթան դառնալ քոչարյանական ուժերի համախմբման համար։ Ճիշտ է, այդ ուժերը կարող են համախմբվել միայն երկու բևեռում` իշխանության ներսում և իշխանությունից դուրս, բայց դրանից նրանց իմաստը չի փոխվում, քանի որ ուղղվածությունը նույնն է: Մինչ օրս նման համախմբվածություն ապահովել է նախագահամետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործոնը: Այդ ուժը զսպում է թե՛ ներկուսակցական հեղաշրջման սպառնալիքը, թե՛ «գունավոր հեղափոխության» սպառնալիքը: Պետք է ուշադրության առնել նաև բանակում իշխող տրամադրությունները, օրինակ, պաշտպանության նախարար Ս. Օհանյանի ու գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի հայացքների տարբերությունը: Սակայն այդ գործոնի թուլությունը համապատասխան գաղափարական սխեմայի բացակայությունն է: Եվ պետք է ենթադրել, որ վերը նշված բևեռների համախմբման, ինչպես նաև Քոչարյանի կողմից իր ծրագրի շարունակման դեպքում կարող է տեղի ունենալ քաղաքական վերնախավի և հասարակության վճռորոշ մասի զանգվածային հոսք դեպի այդ բևեռները: Այդ սխեման կարող է հանգեցնել իշխանափոխության արագացմանը: Սակայն այդ փոփոխության որակը, Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից, չի կարող տագնապ չառաջացնել: Բանն ամենևին նախկին նախագահ Ռ. Քոչարյանի ճակատագիրը չէ, որն իրադարձությունների նման զարգացման պայմաններում չի կարող «հաջող» լինել, այլ այն, որ տեղի ունենալիք իրադարձությունը կարող է իր հետևից Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող իրադարձությունների մի ամբողջ ապակառուցողական շղթա բերել: Այստեղ պետք է մտածել իրադարձությունների ընթացքը փոխելու հնարավորությունների մասին: Շատ բան կարող է փոխել ինքը` Քոչարյանը: Կարծում եմ, նրան պիտի որ ձեռնտու լինի նման արմատական շտկումը: Հետաքրքրություն է ներկայացնում այդ շտկման հնարավոր ռեսուրսը: Քոչարյանի ռուսամետության դրոշմի շուրջ համախմբման հարցում որևէ բան դժվար է փոխել (այստեղ նախաձեռնությունը կմնա հակաքոչարյանական ուժերի ձեռքին): Չափազանց մեծ է քաղաքական ուժերի ու հասարակության արգահատանքը պետության նախորդ ղեկավարի հանդեպ: Այդ համախմբման օգտին է աշխատում նաև այն, որ Ս. Սարգսյանը չի կարողանում վերջնականորեն պայմանավորվածության գալ Ռ. Քոչարյանի հետ: Մեծ թվով մարդիկ հոգեբանորեն սովոր են աշխատելու «եկող» դեմքերի հետ, ինչ նկարագիր էլ նրանք ունենան: Նման հոգեբանական տրամադրվածություն պետք է ունենան նաև նրանք, ովքեր Ս. Սարգսյանի թիմ են եկել որպես ոչ այնքան «յուրային», կամ էլ ամենևին ոչ «յուրային»: Նման մարդիկ շատ են թե՛ կառավարությունում, թե՛ խորհրդարանում, ինչպես նաև իշխանության միջին օղակներում, այդ թվում` երկրի մարզերում: Այստեղ ամբողջ նախաձեռնությունը գտնվում է նախագահ Ս. Սարգսյանի ձեռքին:
Այն, որ Ս. Սարգսյանը չի ուզում ընդունել իր նախորդի առաջարկությունները, մեծ սխալ է, բայց ներկա իրադրությունը դեռ հնարավոր է շտկել, անգամ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո: Խնդիրն այն է, որ երկու քաղաքական գործիչներն էլ չեն ուզում հասկանալ, որ իրենք կարող էին հենվել շատ ավելի հիմնարար հանգամանքի վրա, քան ներքաղաքական գզվռտոցն է: Նրանց առաջ խնդիր է ծառացած ձևակերպելու նոր արտաքին քաղաքականություն, և եթե նրանք չցանկանան կամ չկարողանան կատարել այդ առաջադրանքը, ապա զուր են քաղգործիչներ համարվելու նրանց փորձերը: Ընդ որում, կա Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի միավորման ավելի քան կարևոր հանգամանք և գործոն. դա, այսպես կոչված, Հայ ազգային կոնգրեսի դեմ պայքարի անհրաժեշտությունն է, որն արտահայտում է որոշակի «երևանյան» տիպի բուրժուազիայի շահերը:
Ռ. Քոչարյանը, որպես արտաքին և ներքին քաղաքականության մեջ Ս. Սարգսյանի ծրագրերի հակառակորդ, կարող է այդ ծրագրերը շաղկապել իր հակառակորդների «խարդավանքների» հետ, ինչը նրան հնարավորություն կտա հանրությանը հակադրելու այդ հակառակորդներին: Բացի այդ, նա խլում է նրանց ուժեղ համախմբող գաղափարը: Այդ դեպքում ուժերի մի մասը, անգամ ընդդիմադիր, կտեղափոխվի նրա քաղաքական տանիքի տակ: Ավելին, Ռ. Քոչարյանի ռուսամետ վարկանիշը որոշակի չափով այլևս չի նյարդայնացնի հանրությանը: Ռ. Քոչարյանի այդ քաղաքականությունը կարող է որոշ բարդությունների հանդիպել: Քաղաքական առումով անկյուն քշված Ս. Սարգսյանը կարող է իրեն դրսևորել այնպես, ինչպես գեներալ Ս. Բաբայանը 1999-ին: Այսինքն, տարածել, թե Ռ. Քոչարյանը ծախում է Ղարաբաղը, և ղարաբաղյան հանրությունը համախմբել իր անձի շուրջը: Այսպիսի քաղաքականություն «անելու» փորձեր Ղարաբաղում դիտորդներն արդեն նկատում են: Նման քաղաքականությանը կոպիտ միջամտությունը կարող է միայն հեշտացնել Ռ. Քոչարյանի գործը: Նա կդիմի «երևանցի քաղաքական գործիչների խարխլիչ միջամտության» հնարքին և երկրորդ պատերազմի շանտաժով «տեղային հայրենասիրություն» կհրահրի: Իսկ ցանկացած մտացածին տեխնոլոգիա Ս. Սարգսյանին արագորեն կհանգեցնի Ռ. Քոչարյանի հետ դաշն կնքելու անհրաժեշտության մտքին, բայց արդեն ո՛չ իր պայմաններով: Տեխնոլոգիաները կարող են տարբեր լինել, բայց դրանցից մեկը բավականին ուժեղ է: Չէ՞ որ, այս ամենից բացի, կա ևս մեկ գործոն. դա ԼՂՀ-ում քաղաքական փոփոխությունների համար Ս. Սարգսյանի պատասխանատվության խնդիրն է: ԼՂՀ հանրությանը կարգավորման ծրագրի բացահայտ պարտադրման ցանկացած փորձ մի ինչ-որ ժամանակ կարող է նաև օգտագործվել Ս. Սարգսյանի դեմ (ասենք, ապագա որևէ անհաջողության դեպքում): Բայց Ռ. Քոչարյանն էլ է զգալիորեն խոցելի այդ թեմայով: Անգամ իշխանությունից հեռացած Քոչարյանին տարիներ անց կարող են մեղադրել, թե հենց նրա գործողություններն են այս կամ այն բանին հանգեցրել, զիջումների տարել և այլն: Ղարաբաղյան թեման միակն է, որ կարող է շատ վտանգավոր դառնալ Ս. Սարգսյանի և Քոչարյանի սերտ համագործակցության դեպքում, քանի որ «Հանրապետական» կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» ուժեղ դաշինքի գոյությունը կարող է հանգեցնել ղարաբաղյան հարցում համաձայնության գնալու հնարավորության ինչ-որ պատրանքի: Դա, իհարկե, շատ վտանգավոր, բայց ոչ անհուսալի վիճակ է: Նույնիսկ նման զորեղ դաշինքը կարելի է մեծ հաջողությամբ հանգեցնել այնպիսի որոշումների, որոնք բացառեն քաղաքական համաձայնությունը Ղարաբաղի հարցում: Ինչպես կարելի է նկատել, նախկինում Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը «ընդունակություն» չէին դրսևորում տարբեր պարտադրական սխեմաներով լուծելու ղարաբաղյան հարցը:
Միաժամանակ, հակաքոչարյանական շահագրգիռ ուժերը բնավ հաշվի չեն առնում արտքաղաքական գործոնները և կենտրոնացել են բացառապես իշխանության հարցերի, անձնական ու խմբային շահերի վրա։ Դա խիստ նվազեցնում է կոալիցիա ստեղծելու հնարավորությունը։
Համապատասխանաբար, Քոչարյանը չի կարող չհասկանալ այդ հանգամանքը։ ՈՒրեմն, Հայաստանում իշխանության ձևաչափի լիակատար կամ մասնակի փոփոխությունը պետք է տեղի ունենա բոլորի, առաջին հերթին Ս. Սարգսյանի խմբավորման ներսում առկա արմատական հակաքոչարյանական ուժերի լիակատար համաձայնությամբ։ Այդ հարցը հեշտ չէ լուծել, բայց այստեղ էլ օբյեկտիվ հնարավորություններ կան։ Պետք չէ մոռանալ, որ ղարաբաղյան հարցի «կարգավորման» պարտիա խաղարկելու Ս. Սարգսյանի փորձերն արդեն բողոքի լայն ալիք են առաջ բերել բուն Ղարաբաղում։ Նկատելի է նույնիսկ մի ընդարձակ քաղաքական դաշտի զարգացումը, որը, ղեկավար օղակի կազմավորման պարագայում, ամենակարճ ժամանակում կարող է շարժման բնույթ ստանալ (այդ գործոնը, ի դեպ, կարող է ինչպես Քոչարյանի դեմ, այնպես էլ նրա օգտին օգտագործվել նրա հայաստանյան ընդդիմախոսների կողմից)։ Բայց եթե Քոչարյանն առաջինը կարողանա վերահսկողության տակ առնել կամ անգամ խրախուսել այդ բնականորեն առաջացող շարժումը՝ պատրաստ հանդես գալու ղարաբաղյան թեմայով զիջման գնացող ցանկացած իշխանության դեմ, ապա կարող է անսպասելիորեն չափազանց հետաքրքիր իրավիճակ ստեղծվել։ Նա կարող է միանգամայն բացահայտ հանդես գալ այդ հարցում Հայաստանի համապատասխան շրջանակներում, ինչը առմիշտ նրա վրայից կգցի պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի ապագա իրադարձությունների հարցում։ Նման հնարավորությունը Քոչարյանը հազիվ թե ձեռքից բաց թողնի։ Այս նախագծի իրացման ընթացքում Քոչարյանը կստանա Ս. Սարգսյանի մարդկանց զսպելու ուժեղ մեխանիզմ, և «իշխանության վերադառնալու նախադեպի մասին» կարգախոսի շուրջ իրադարձությունների արդունքները Քոչարյանի գրպանում կլինեն։ Այդ ժամանակ Հայաստանի նոր նախագահի հարցը կարող է կանխորոշված համարվել։ Հակաքոչարյանական ուժերն այդ բանը նրանից վատ չեն հասկանում։ ՈՒստի կարելի է սպասել Քոչարյանի նկրտումների խափանմանը միտված լրատվական քաղաքականության ակտիվացում։ Այսինքն, առաջացել է «պարանի ձգման» մի իրավիճակ՝ հավասար հնարավորություններով։ Ամեն ինչ կախված է ժամանակի գործոնից։ Իսկ այն բացահայտորեն աշխատում է Քոչարյանի օգտին։ Բայց նա գուցե և չկարողանա օգտվել այդ հանգամանքից, քանի որ աչքի չի ընկնում ո՛չ որպես հմուտ քաղաքական գործիչ, ո՛չ որպես վարչարար՝ ընդունակ օգտագործելու նախընտրական և տեղեկատվական տեխնոլոգիաները։
Դրան հակառակ, Ս. Սարգսյանը բոլոր հնարավորություններն ունի հաղթելու իր հակառակորդներին և այն գործընկերներին, որոնք փորձում են իրենց խաղերը տալ։ Հակառակ այլոց, ինչպես նաև արտաքին աշխարհից հայտնվող ամեն տեսակի խորհրդատուների շահադիտական ցանկություններին, վերջին խոսքը նախագահինն է։ Փոփոխված սահմանադրությունը, ավելի վաղ խորհրդարանի ընդունած հռչակագրերն ու բանաձևերն ամենևին պատկերացում չեն տալիս, թե Հայաստանի անունից ով պետք է լուծի ղարաբաղյան խնդիրը և ով է լիակատար պատասխանատվություն կրում հնարավոր որոշման համար։ Կանցնի ևս մի քանի տարի, կանցնի մի քանի տասնամյակ, և նոր սերունդները կհամոզվեն, որ Ղարաբաղի հարցում ոչինչ չի փոխվել։ Բայց դա հնարավոր է միայն մեկ կարևոր պայմանի դեպքում. եթե առաջիկայում Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը խաղարկեն տարբեր ռազմավարություններ և կարողանան շահել արդի պատմության «առանցքային» ժամանակը (ցինիկություն չհամարեք)։ Սա բարդ խնդիր է, բայց միանգամայն իրագործելի։
Գլխավոր գործոնը, որ կարող է պայմանավորել Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի համապատասխան վարքագիծը, նրանց ցանկությունն է՝ պահպանել իշխանությունն ու ձեռք բերել այն և իշխանությանը մոտ չթողնել իրենց հակառակորդներին։ Առայժմ Ռ. Քոչարյանի օրակարգում հետևյալ խնդիրն է՝ Ս. Սարգսյանի հետ սկզբունքային համաձայնության գալ երկու անձանց՝ նրա ու իր շուրջ կոալիցիա ստեղծելու մասին, որտեղ հենց երկուսը կլինեն իրական առաջնորդները։ Սակայն նախատեսվում է նաև դեռ մինչև նախագահական ընտրությունները Ռ. Քոչարյանին վարչապետ նշանակելու տարբերակը։ Ներկա փուլում Սերժ Սարգսյանը լրջորեն տանուլ է տալիս, ու նրան այժմ ավելի, քան երբևէ, գործընկեր է պետք՝ ի դեմս հին «բարեկամ» Ռոբերտ Քոչարյանի։ Հենց այս իմաստով է ժամանակն աշխատում Քոչարյանի օգտին։ Բայց դա այնքան էլ չի համապատասխանում երկրի շահերին։ ՈՒստի, ներկա իրավիճակը պետք է կարգավորել այնպես, որ ժամանակն աշխատի ոչ թե Քոչարյանի կամ Սարգսյանի, այլ մեր ազգային շահերի օգտին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ