ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հանցագործության մասին այս հաղորդմանը համապատասխան ընթացք կտրվի Հայաստանը ներքին թշնամիներից ազատագրելուց հետո միայն-2

Հանցագործության մասին այս հաղորդմանը համապատասխան ընթացք կտրվի Հայաստանը ներքին թշնամիներից ազատագրելուց հետո միայն-2
06.04.2023 | 21:48

(սկիզբը` այստեղ)

Երբեմնի ազգային անվտանգության, ներկայիս Նիկոլի՝ Հայաստանի, Արցախի, հայության թիվ 1 ներքին թշնամու անվտանգության ծառայությունից այսքան էլ հազիվ… Տվյալ դեպքում նկատի ունեմ «ԱԱԾ» կոչվածի մարտի 30-ի հաղորդագրությունը:
Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» (ԱԱԾ) կոչվածում պաշտոնական հաղորդագրություններ գրողներն ու դրանք հրապարակման համար հաստատող ղեկավարները կամ իրենց մասնագիտությանը, աշխատանքին, պարտականություններին չտիրապետող պատահական մարդիկ են, կամ էլ իրականությունն աղավաղելու և հանրային կարծիքը մոլորեցնելու գործում մասնագիտացած «պրոֆի»-ներ: Ինչո՞ւ…
Վերլուծաբար անդրադառնանք «ԱԱԾ» կոչվածի մարտի 30-ի հաղորդագրությանը: Այն բաղկացած է 7 կետից: Նախ մեջբերենք առաջին երեք կետերը.
«1․ Համաձայն 2022 թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023 թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:
2․ 2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից»:
Ի՞նչ հասկացաք այս ամենից… Անտեղյակ ընթերցողին նախ բացատրենք, որ Կոռնիձոր գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Գորիսից մոտ 16 կմ հյուսիս-արևելք, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու աջ կողմում, այսինքն՝ Արցախի կողմից Լաչինի միջանցքը Կոռնիձորի կամրջին ավարտվելով, ավարտվում է Հայաստանի տարածքում, իսկ այնուհետև շարունակվում է Կոռնիձոր-Տեղ երթուղով, միայն Հայաստանի տարածքով, քանի որ և՛ տվյալ երթուղին, և՛ Սյունիքի մարզի Տեղ գյուղը նույնպես գտնվում են Հայաստանի տարածքում:
Հիմա ուշադրություն դարձնենք հաղորդագրության 3-րդ կետին.
«3․ Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում»:
Վերոհիշյալ հատվածը ո՞րն է, որտե՞ղ է գտնվում, ինչի՞ մասին է խոսքը… Հաղորդագրության 3-րդ կետի վերևում գտնվողը 2-րդ կետն է, հետևաբար վերոհիշյալ (վերևում հիշատակված) հատվածը 2-րդ կետում հիշատակված, նշված հատվածն է, այսինքն՝ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող ճանապարհի այն հատվածը, որը ․ 2022 թ. օգոստոսից հետո Կոռնիձորի կամրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Եվ ի՞նչ՝ Ադրբեջանի հետ մարտի 29-ին պայմանավորվածություններ են ձեռքբերվել, որ Հայաստանի սահմանապահները կանգնեն Ադրբեջանի տարածքու՞ մ… Իհարկե՛ ոչ:
«ԱԱԾ» կոչվածի՝ իրականությանը բացարձակապես չհամապատասխանող տվյալ տեղեկատվությունը, նրա կողմից իրականության այս խայտառակ աղավաղումը պարզապես գալիս է նրանից, որ Նիկոլի «ԱԱԾ» կոչվածում «ծանոթ- բարեկամ- խնամի» կամ «յուրային» սկզբունքով, այսինքն՝ կոռուպցիոն մոտեցումներով աշխատանքի են ընդունվել ու պաշտոններ են զբաղեցնում իրենց մասնագիտությանը, աշխատանքին չտիրապետող, թերուս անձինք:
«ԱԱԾ» կոչվածի հաղորդագրության 3-րդ կետում նշվածը («վերոհիշյալ հատվածի») իրականում վերաբերվում է ոչ թե դրա վերևում գտնվող 2-րդ կետում հիշատակվածին, այլ 2-րդ կետի վերևում գտնվող 1-ին կետում նշվածին, այսինքն՝ Արցախի կողմից կողմից Լաչինի միջանցքի ավարտվելուց հետո Կոռնիձորի կամրջից սկսվող Կոռնիձոր- Տեղ երթուղուն:
Շարունակենք. եթե Հայաստանի տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պետք է անցներ Կոռնիձոր-Տեղ երթուղով, միայն ՀՀ տարածքով՝ ի տարբերություն մինչ այդ եղած իրավիճակի, երբ, ըստ «ԱԱԾ» կոչվածի հաղորդագրության, «Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով», ապա մարտի 29-ին «ԱԱԾ» կոչվածի կամ Հայաստանի համապատասխան մեկ այլ պետական մարմնի պատասխանատուները թշնամու հետ ինչու՞ են պայմանավորվածություններ ձեռք բերել երկու երկրների սահմանապահների տեղակայման վերաբերյալ…
«ԱԱԾ» կոչվածում չգիտեի՞ն ու չգիտե՞ն, որ թշնամուն ոչնչացնում են, պատժում, իսկ եթե չեն կարող, առնվազն պաշտպանվում են նրանից, բայց նրա հետ վերոնշյալի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերում, ինչը միանգամայն սպասելի էր, որ տվյալ դեպքում լինելու է ի վնաս Հայաստանի ազգային անվտանգության ու պետական շահերի, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության («ԱԱԾ» և «պաշտպանության նախարարություն» կոչվածները պարտավոր էին առնվազն կանխատեսել դա), և ինչը կատարվել է իրականում:
«ԱԱԾ» կոչվածում չգիտեի՞ն ու չգիտե՞ն, որ վերոնշյալ պայմաններում ու միանգամայն կանխատեսելի հետևանքներով պայմանավորվածությունների ձեռքբերումը հավասարազոր է պետական դավաճանության, որի համար դրա բոլոր պատասխանատուները, ուշ թե շուտ, պատժվելու են:
Որպեսզի անտեղյակ ընթերցողին հասկանալի լինի, փոքր- ինչ հանգամանորեն բացատրենք. մարտի 29-ին Նիկոլը կամ նիկոլենք (ներառյալ՝ «ԱԱԾ» կոչվածը) ադրբեջանական կողմին հայտնել, նրա հետ պայմանավորվել են, որ մարտի 30-ից Հայաստանն իր զինված ուժերի ստորաբաժանումները հանելու է Կոռնիձորի կամրջին և Կոռնիձոր-Տեղ երթուղուն մոտակա ռազմավարական բարձունքների վրայից, այսինքն՝ Կոռնիձորի կամուրջը՝ շրջակա տարածքով, Կոռնիձոր-Տեղ երթուղին, ինչպես նաև Տեղ գյուղը, ըստ էության, անպաշտպան է թողնելու իր՝ Ադրբեջանի դիմաց:
Պայմանավորվածություններ չհարգող, պայմանավորվածություններ չպահող, նախկինում իր ուխտադրուժ լինելը բազմիցս ապացուցած թշնամու հետ Հայաստանի պաշտոնյաները պայմանավորվել են, որ «սահմանի այդ հատվածի պահպանությունը» ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից պետք է անցնի սահմանապահ զորքերին: Ադրբեջանական կողմը խախտելով պայմանավորվածությունը, առնվազն հինգ տեղից, առանց որևէ դիմադրության հանդիպելու, ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, խախտել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, հետ չի գնացել ու մնում է անպատիժ: Որոշ աղբյուրների համաձայն, խոսքը Տեղ գյուղի մոտ թշնամու կողմից շուրջ 100 հա տարածք զբաղեցնելու, հատվածներից մեկում շուրջ 5 կմ առաջխաղացման մասին է:
Վերը ներկայացված իրադարձությունները կատարվել են հե՛նց «ԱԱԾ» կոչվածի ղեկավարության, տվյալ հատվածում գտնվող սահմանապահ զորքերի, ինչպես նաև Հայաստանի ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների հանցավոր թողտվությամբ, եթե ադրբեջանական կողմի առաջխաղացման պահին վերջիններս դեռ իրենց դիրքերում են եղել, այսինքն՝ նախապես դավաճանաբար հեռացված չեն եղել:
Ի դեպ, «ԱԱԾ» կոչվածի տիկնայք և պարոնայք, եթե հանկարծ «սպայի պատիվ» ասվածը խլրտա ձեր հոգում, ձայն հանեք, մանրակրկտորեն կբացատրեմ, թե ով եք և ինչով եք զբաղված ինչով զբաղվելու փոխարեն… Կբացատրեմ նաև, որ այնքան վախկոտ ու փոքրոգի եք, որ այլևս չեք համարձակվում Արցախի վերաբերյալ ձեր պաշտոնական հաղորդագրություններում գրել Արցախի Հանրապետություն, չեք համարձակվում «Արցախի Հանրապետություն» անվանումն օգտագործել, փոխարենը գրում եք ԼՂ:
Լինելով օտարահաճ ու ծառայամիտ, ձեր կարճ մտքում, ավազահատիկից էլ փոքրիկ հոգում թաղել եք մեր սուրբ նահատակների, ազգային հերոսների արյամբ ձեռք բերված հայկական երկրորդ պետությունը: «Արցախի Հանրապետություն» անվանումը չօգտագործելով, հավանաբար Նիկոլի պահանջն եք կատարում, նա էլ՝ Ալիևի, հետևաբար վախենում եք Նիկոլից, վերածվել եք նրա անձնական օգտագործման գործիքի: Եվ, ուրեմն, կատուն ձեզանից ավելի համարձակ է, ոչ թե Հայաստանի ազգային անվտանգությունն ապահովող, այլ ձեր հանցավոր անգործությամբ ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ դրած ու դնող ապազգային վտանգավորներ…
Նիկոլի, նա էլ իր «բարեկիրթ» եղբոր՝ Ալիևի պահանջով, եթե մինչ այդ չպատժվեք, չհեռացվեք ձեր պաշտոններից և այն շենքերից, որոնք անարժանիորեն զբաղեցնում եք, վաղը ձեր պաշտոնական հաղորդագրություններում Վարդենիսի փոխարեն, կգրեք Բասարգեչար, Սևանա լճի փոխարեն, կգրեք Գյոկչա, Երևանի փոխարեն՝ Էրիվան, ինչպես Ալիևն է դեռ 2021թ. ասել, և ինչպես այսօր Արցախի Հանրապետության փոխարեն, ԼՂ եք գրում:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները`https://livenews.am/press/2023/221243/04/23/35/

Դիտվել է՝ 7708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ