ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Պատասխանատուները դուք եք

Պատասխանատուները դուք եք
16.01.2023 | 07:25

Դեկտեմբերի 12-ից սկսած՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի համար գերխնդիրը Լաչինի միջանցքի բացումն է։ Բայց պարզվում է՝ Արցախում դա գերխնդիր էր մինչև երեկ՝ հունվարի 14-ը, երեկվանից այլ խնդիրներ կարծես ավելի կարևորվեցին, հնչեղություն ստացան, չնայած որ միջանցքը նույնկերպ փակ է։ Ի՞նչ տեղի ունեցավ։

Նախ փոքրիկ մեկնաբանություն տվեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ ասելով, թե չի բացառում, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացվեն և այդ դեպքում ինքը կառաջադրվի որպես նախագահի թեկնածու։ Տպավորությունն այնպիսին էր, որ Արցախի ԱԺ նախագահն ինքը բացեց այդ խոսակցությունը, և մեկնաբանության համար էլ ոչ թե լրատվամիջոցն էր դիմել իրեն, այլ ինքն էր նախաձեռնել։ Այնուհետև Արցախի պետնախարարի շրջանակներից տեղեկություններ տարածվեցին, թե հնարավոր է՝ Ռուբեն Վարդանյանին հրաժարական պարտադրեն։

Հրաժարականի մասին տեղեկությունները սկսեցին գրվել արդեն այլ տեղեկատվական հոսքերում, ոչ ռուբենվարդանյանական, թե հեսա-հեսա կտա: Շատ հապճեպ, կայքերից մեկը (որը վերջին օրերին կապում են հենց Վարդանյանի հետ) իր աղբյուրներին հղումով նյութ հրապարակեց, թե Ադրբեջանն է հստակ պահանջ դրել, որ Ռուբեն Վարդանյանին պետք է հեռացնեն, նրա փոխարեն այլ մարդիկ նշանակվեն և այլն։ Նյութի մեջ պոպուլյար անուններ դրվեցին, երևի առավել արժանահավատության համար, և դուրս էր գալիս, որ Ռուբեն Վարդանյանին հանել է տալիս Ադրբեջանը, իսկ ինքը հերոսաբար պայքարում է: Այնուհետև Ռուբեն Վարդանյանն ինքը արձագանքեց արդեն պատրաստի տեղեկատվական ֆոնին, թե չի պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Բնականաբար, սկսեցին բազմաթիվ մեկնաբանություններ՝ արդեն ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի, որի հեռացման մասին խոսակցությունները, այն էլ ադրբեջանական սոուսով, դուրս էին եկել հենց վարդանյանական շրջանակից։

Կարճ ասած՝ լիովին ինքնագովազդի էլեմենտներով, սակայն տվյալ վիճակում՝ արհեստական օրակարգ։ Նախ ինչ վերաբերում է հարցին, թե Ադրբեջանը դեմ է Ռուբեն Վարդանյանին, արձանագրենք՝ Ադրբեջանը դեմ է ոչ թե Ռուբեն Վարդանյանի անձին, այլ Ադրբեջանը դեմ է բոլորին՝ ում էլ նշանակեն Արցախում վարչապետ, նախագահ։ Անգամ Արայիկ Հարությունյանը, որը Ալիևին ու Նիկոլին անուրանալի ծառայություններ է մատուցել, անգամ նրա գույությանն է դեմ Ալիևը։ Ինչ վերաբերում է Արցախում արտահերթ ընտրություններին, ապա ղեկավարի նմանատիպ փոփոխությունը ճգնաժամի հաղթահարման չի կարող բերել։ Գուցե Արայիկ Հարությունյանին ձեռնտու է «թոշակի գնալը», ի վերջո՝ դուրս կգա այն բեռի տակից, որի ծավալը չպատկերացնելով՝ մտավ խաղի մեջ ու հանձնեց երկիրը։ Կամ էլ արտահերթ ընտրությունների թեման բացելով՝ իրեն աջակցող մի քանի քոմենթ է որսում, մանավանդ որ հիմա հանրությունը դեմ կլինի այս իրավիճակում ընտրություններին։

Ռուբեն Վարդանյանին միգուցե ձեռնտու է արտահերթ ընտրությունները, որի պարագայում կդառնա Արցախի Հանրապետության նախագահ, իսկ Փաշինյանի՝ երկիրը հանձնելուց հետո կտեղափոխվի Հայաստան՝ վարչապետի պաշտոնի ակնկալիքով, մանավանդ որ փիարշչիկների պակաս չունի։ Միգուցե Հայաստանի իշխանություններին ձեռնտու է արտահերթ ընտրությունները Արցախում, որովհետև նախ թեման շեղվում է Լաչինի ու Զանգեզուրի միջանցքներից, բացի այդ՝ արդեն նոր մեղավորներ են Արցախում ի հայտ գալիս։ Մի խոսքով՝ հերթական քաոս։ Բայց իրականում, արդյո՞ք հիմա դրա ժամանակն է։ Հիմա, երբ Արցախի իշխանությունը հանգամանքների բերումով չի կարողանում արցախցու տարրական խնդիրները կարգավորել, արդյո՞ք հիմա այդ քաղաքական գզվրտոցները ու դրանց վրա ինքնագովազդվելը տեղին են կամ հասկանալի։ Այս պահին Արցախում բոլորը՝ նախագահից, վարչապետից մինչև վերջին գյուղի բնակիչը, հավասար նույն բանն են անում՝ ապրում են շրջափակված Արցախում․ ոչ ավել, ոչ պակաս։

Իշխանության խնդիրը պետք է լինի սննդի հավասար բաժանումը, բայց դա էլ չի կարողանում անել։ Ի՞նչ կարիք կա հերոսացնել կամ փնովել որևէ մեկին։ Այս պահին Արցախի և Հայաստանի իշխանությունները ՄԵԿ խնդիր ունեն՝ շուտափույթ վերացնեն ճգնաժամը, դրան բերած հանգամանքները։ Ու արցախցուն և հայաստանցուն, հավատացեք, մեկ է՝ այդ ճգնաժամը լուծողի անունը Արայի՞կ է, Նիկո՞լ, թե՞ Ռուբեն․ պատասխանատուները դուք եք, լուծե՛ք, որդ ուզում եք՝ լուծե՛ք։ Հերիք է ավելորդ հայտարարություններ ու լայվեր անեք, ասեկոսեներ տարածեք՝ կեղծ օրակարգեր առաջ բերելով: Էս նիկոլիզմը, թվում էր թե, գոնե այս վիճակներում պետք է կենսունակ չլիներ:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 13887

Մեկնաբանություններ