ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սեփական «շան որդու» սինդրոմը․ Անդրանիկ Թևանյան

Սեփական «շան որդու» սինդրոմը․ Անդրանիկ Թևանյան
06.06.2022 | 07:33

Ինչու է Արևմուտքն աչք փակում Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների վրա, ինչը չէր անի Սերժ Սարգսյանի, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին
Ժողովրդավարությունը և իրավապաշտպանությունն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է այդ արժեքները տարածողների աշխարհաքաղաքական շահը։
Հայաստանում դա սրությամբ է զգացվում։


Ամբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Այնպես չէ, որ Փաշինյանը սկզբունքային հակառուսական գծի մեջ է։ Նա հանուն աթոռի կարող է նաև Պուտինի նկարով դաջվածք անել իր մարմնի վրա։ Բայց, ամեն դեպքում, կարող է նաև հանուն աթոռի Էրդողանի ու Բայդենի նկարներն էլ դաջել նույն տեղում։
Արևմուտքում հաշվում են, որ ինչ-ինչ հանգամանքների դեպքում Նիկոլը կարող է ցանկալի հաճախորդ դառնալ՝ օգտագործվելով հակառուսական նախագծերում։ Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսների պարագայում դա բացառվում է, հետևաբար, Արևմուտքի, տվյալ դեպքում նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Նիկոլը դառնում է նախընտրելի։


Հատուկ ընդգծեմ, որ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի։ Արևմուտքի թիրախը մեր տարածաշրջանում Ռուսաստանն է, իսկ դաշնակիցը՝ Թուրքիան։ Ահա այստեղ է, որ Հայաստանը կարող է մանրադրամ դառնալ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերում։
Հակառուսականությունը մեր դեպքում ավտոմատ դառնում է թուրքամետություն՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Ահա այս հանգամանքներից ելնելով էլ Արևմուտքն իր վերաբերմունքն է ցույց տալիս Հայաստանում տիրող ներքաղաքական զարգացումներին․ ոչ մի անձնական բան, միայն աշխարհաքաղաքականություն։


Եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը կողմ է Ռուսաստանի ռազմաբազան Գյումրիից հանելուն, կողմ է ՀԱՊԿ-ից դուրս գալուն, մի խոսքով, հայտարարի, որ մտնում է ՆԱՏՕ-ի, մեր դեպքում՝ Թուրքիայի հովանու տակ, ապա Արևմուտքը, տնաբույծ դրամաշնորհային իրավապաշտպանները կարող են չնկատելու տալ, ավելի ճիշտ, ծափահարել Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ նա ցուցարարների դեմ ոչ միայն ոստիկանական բիրտ ուժ կիրառի, այլ նաև ՍՈՒ-30 կործանիչներով հարվածի Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին (այս դեպքում, ի տարբերություն պատերազմի օրերի, հրթիռներ հաստատ նա կգտնի)։


Եթե Նիկոլը հայտարարի, որ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից և գնա ՀՀ-ում ՈՒկրաինայի դեսպանատուն՝ իր աջակցությունը հայտնելու «ժողովրդավար» Զելենսկուն, ապա դրանից հետո, եթե նույնիսկ հրանոթներով հարվածի ցուցարարներին, ապա Արևմուտքը և իրավապաշտպանների անվան տակ թաքնված տնաբույծ թուրքական 5-րդ շարասյունը կողջունեն դա ու կհամարեն գերժողովրդավար մոտեցում։
Փաշինյանը նման բաներ դեռ չի ասել կամ արել, բայց մի օր կարող է ասել կամ անել։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից ու աթոռային շահից։
Փաշինյանը 2018-ից մտավ Բոլթոնի պլանի մեջ, մի պահ հետ քաշվեց, հետո էլի գնաց այդ ուղղությամբ։ Հիմա նույն պինգ-պոնգն է խաղում՝ Հայաստանի ու Արցախի հաշվին։
Նա Բրյուսելում ամբողջությամբ մտել է արևմտյան, կամ որ նույնն է՝ թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ։ Ճիշտ է, Նիկոլը զուգահեռաբար նաև մոսկովյան հարթակին է «այո» ասում, բայց մի ոտքը Բրյուսելում է, ինչը շանս է թողնում Արևմուտքին՝ հակառուսական գիծ տանելու համար։ Հենց այդ շանսից ելնելով էլ հայաստանյան «քաղաքացիականներին», «իրավապաշտպաններին» հայաստանյան քաղաքական զարգացումների պահով դրսից տվել են ոչ թե «ֆա՛ս», այլ՝ «ֆո՛ւ» հրահանգը։ Այսինքն՝ չնկատելու տալ ոստիկանության առանձին ներկայացուցիչների հանցագործությունները ցուցարարների նկատմամբ։


Մինչդեռ, եթե նման բան լիներ Սերժ Սարգսյանի, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, ապա «իրավապաշտպան» աշխատողները, արևմտյան հայտնի երկրների դեսպանատները, միջազգային հայտնի կառույցներն ու այն կռացած տիկինը տիեզերական մասշտաբի այնպիսի ոռնոց կբարձրացներին, որ հնարավոր չէ նկարագրել։
Հիմա սրանք լռում են, քանզի իրենց «շան որդու» ոստիկանն է քացով խփում գետնին ընկած ցուցարարի դեմքին, իրենց «շան որդու» ոստիկանն է հետևից խփում բերման ենթարկվող ցուցարարին, իրենց «շան որդու» ոստիկանն է կնոջը հարվածում։


Կրկնեմ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատականության ռահվիրաները տվյալ դեպքում առաջնորդվում են «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքով։
Նեղսրտել պետք չէ։ Պետք է այս ամենն ընդունել ի գիտություն և շարժվել առաջ՝ միշտ հիշելով սեփական երկրի շահերի մասին և այն մասին, որ պետությունը դաշնակիցներ է ունենում, երբ իրենից բան է ներկայացնում։ Թե չէ նվնվալն անիմաստ զբաղմունք է։ Նեղանալ ամերիկացիներից կամ ռուսներից, որ իրենց շահն են առաջ տանում, պարզապես անմեղսունակություն է։


Զարմանալ ու զայրանալ, որ թուրքերն ու ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում և փորձում նրա միջոցով կուլ տալ մեր երկիրը, նույնպես անմեղսունակություն է։ Բա թշնամի երկրներից ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Դու քոնն արա, դաշնակիցներ էլ կունենաս, բարեկամներ էլ կունենաս, թշնամիներիդ էլ կզսպես ու կստիպես հարգել քեզ։
Իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորանան ու նոր օրակարգով զարգանան, ինչպես նաև Արևմուտքի հետ գործընկերությունը չվերածվի աշխարհաքաղաքական ընտրության հարցի ու դառնա իրապես գործընկերային, բարեկամական։ Դե, իսկ խաղաղության օրակարգը միայն արժանապատիվ, պրոֆեսիոնալ մարդիկ կարող են ապահովել, այլ ոչ թե դավաճանի պիտակով անգրագետները կամ անգրագետի պիտակով դավաճանները։

Դիտվել է՝ 23355

Մեկնաբանություններ