Փետրվարի 1-ից Հիլարի Քլինթոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կփոխարինի Ջոն Քերին: Հրաժեշտի հարցազրույցում պետքարտուղարին միացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և բարձր է գնահատել նախկին առաջին տիկնոջ բացառիկ դերը որպես պետական դեպարտամենտի ղեկավարի: Կսատարի՞ Օբաման Քլինթոնին նախագահական հաջորդ ընտրություններում հարցին նախագահը պատասխանել է. «Լրագրողներդ անուղղելի եք: Ես դեռ մի քանի օր առաջ եմ երդում տվել, իսկ դուք արդեն խոսում եք հաջորդ ընտրությունների մասին, որոնք չորս տարի հետո են»: Նույն հարցին Քլինթոնը պատասխանել է. «Ես դեռևս ԱՄՆ պետքարտուղար եմ և դուրս եմ քաղաքականությունից, նման հարցեր չպիտի լսեմ»: «Մեր համատեղ աշխատանքի 4 տարիները հիանալի ժամանակ էին, ես կկարոտեմ նրան»` ասել է ԱՄՆ նախագահը իր առաջին պաշտոնավարման ժամկետում պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին, որ իր պաշտոնից հեռանալը պատճառաբանում է իրավապաշտպան գործունեությամբ զբաղվելու ցանկությամբ, թեև փորձագետնռրը պնդում են, որ ԱՄՆ նախկին առաջին տիկինը կառաջադրվի ԱՄՆ-ի հաջորդ նախագահի թեկնածու և պաշտոնից հեռացել է հեռահար նպատակով:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ