«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որ «Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգություն» կուսակցությունը հրավիրում են համապարփակ հանրային ժողով` դեկտեմբերի 22-ի կեսօրին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Քաղաքացիական հասարակության և քաղաքական գործընթացների միջև արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից և երաժշտական կատարումներից: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, և հավաքը կավարտվի «Ժառանգություն» կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով: Մուտքն ազատ է»:
Հայ քաղաքական իրականության մեջ ակներևաբար Րաֆֆի Հովհաննիսյանը նոր խոսք է ասում: Նախ` հաճելիորեն զարմացնում է, որ կուսակցության ղեկավարն իրեն կուսակցությունից դուրս է դնում` անձամբ և կուսակցության անունից հրավիրելով ժողովի: Երկրորդ շշմեցնող նորությունը, որ ակնհայտորեն նոր խոսք է քաղաքագիտության մեջ` քաղաքացիական հասարակության և քաղաքական գործընթացների արհեստական ջրբաժանը կամրջում են ելույթ+երաժշտական կատարում մեթոդով: Անցյալի՞, թե՞ ներկայի կոմպոզիտորներին է վստահվելու կամրջաշինության դժվարին առաքելությունը: Թե՞ ընդամենը սարերի քամին է փչելու, և զուռնան է հնչելու: Երրորդ զգետնող նորությունը` այդ ամենից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ և... հավաքը կավարտվի կուսակցության համագումարով` հակիրճ ու հատուկ: Հիմա հավաքի՞ են հրավիրում Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կուսակիցները, թե՞ հակիրճ ու հատուկ համագումարի: Իհարկե, ասմունքով և երաժշտությամբ համեմված քաղաքականությունն ավելի ընկալելի ու դյուրամարս է, բայց հազիվ թե ավելի ազդեցիկ: Եվ եթե արդեն մուտքն ազատ է, բոլորը հնարավորություն ունեն անձամբ պարզելու միայն ձևո՞վ, թե՞ նաև բովանդակությամբ է Րաֆֆի Հովհաննիսյանը նորարար: