Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Թուլացեք ու հաճույք ստացեք

Թուլացեք ու հաճույք ստացեք
20.07.2012 | 04:15

Իհարկե, հարցերի հարցը մնում է այն, թե ինչու մեկ էլ ու ԲՀԿ-ի մասին «վերլուծություններ» սիրող ՀԱԿ-ը վերցրեց ու ստորագրահավաք կազմակերպեց այն «պահին», երբ ԲՀԿ պատգամավորները «դոսրոչնո» մեկնել էին արձակուրդ` առանց թուլանալու հաճույք ստանալու: Ինչի իրավունքը բացարձակապես չունեին: Որովհետև արձակուրդ պետք է մեկնեին երեք օրից, հակառակն աշխատանքային օրենսդրության խախտում էր: «Վերլուծաբան» ՀԱԿ-ը պետք է սկսեր էնտեղից, թե ինչ իրավունքով էին երեսուն պատգամավոր բացակայել Հայաստանից, մեկնել հանգստանալու, երբ նրանց պաշտոնական հանգստին դեռ երեք օր կար, երբ նման խախտման համար «մույսներին» գործից ազատում են, ու ԲՀԿ պատգամավորները Օուրելի «հանգույն»` հաստատ հավասար չեն բոլոր հավասարներից: Սա` ի միջի այլոց: Այժմ անցնենք նամակի բուն բովանդակությանը: Հա, իսկապես, ինչո՞ւ են այդպես ահարկու կռվշտվում ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»: Չէ՜, հարցը հակահիգիենան ու հակասանիտարիան չեն: Չնայած` ո՞վ գիտե:
Իրական պատճառը, որքան էլ պարադոքսալ, քաղաքական է: Բանն այն է, որ ՀԱԿ-ի ստորագրահավաքը նախավարժանք էր մեծ զորավարժությունից առաջ: ՀԱԿ-ը պարզապես ընդդիմադիր ջրի երեսին մնալու համար փորձեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը` շատ լավ հասկանալով, որ 44 ստորագրություն երբեք հնարավոր չէ հավաքել, եթե ԲՀԿ-ն կամ ՀՀԿ-ն քաղաքական որոշում չկայացնեն` նման ձևաթղթի տակ ստորագրելու համար: Ասել է` փորձեց ընդդիմադիրոտության մեջ առաջ ընկնել «Ժառանգությունից»: Որովհետև «Ժառանգությունն» էլ իր հերթին հայտարարում էր, որ սեպտեմբերին, երբ բոլորը «լյա՜վ» հանգստացած-վերջացրած կլինեն, «իր» ձևաթուղթն է վերցնելու ու ստորագրել տալու: Բայց արդեն ոչ միայն «Հարսնաքարի» դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի «կապակցությամբ», այլ բոլոր այդ կարգի դեպքերի: Այ, էստեղ է, որ հարգարժան ԲՀԿ-ն, մոռացած, որ իրեն գոնե այս պահին «քցել» է ՀԱԿ-ը, նետվեց «ձեռնամարտի» «Ժառանգության» հետ, որովհետև, եթե «Ժառանգությունը» սկսի այդ ստորագրահավաքը («ստորագրահավաք» բառը «ստոր» բառի՞ց է սերված), չի բացառվում, որ ունենա նաև 44 ստորագրությունը: Ասել է` ձևաթղթի տակ լինեն նաև ՀՀԿ և «անկախ» պատգամավորների դրած «ստոր-ա-գրություններ»: Իսկ այդ ժամանակ իրական թամաշան ՀՀԿ-ից արդեն կտեղափոխվի ԲՀԿ դաշտ, որովհետև, կասկած չունենք, ՀՀԿ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին ևս ողջ հասակով կկանգնի իրավական պատասխանատվության առաջ, չենք բացառում նաև` իրադարձությունների ինչ-ինչ զարգացումների դեպքում Նավոն նույնիսկ մանդատը վայր դնի (երբեք մի ասա` երբեք. Նավոյի որդին գուցե այսօր խելագար «չարաճճիություն»` ահավոր ինքնիրավչություն է արել` նախկին դեպքերի համեմատ, սակայն հայրերն ազոխը կերել են, որդիների ատամներին է առել):
«Բոլոր դեպքերն» ուսումնասիրող հանձնաժողովը կպահանջի մանդատը «վայր դնելու» օրենսդրական-իրավական նախադեպը կիրառելի դարձնել «մույս» դեպքերի վրա ևս: Քաղաքական ուժերն ու գործիչներն արդեն իսկ ձեռնամուխ են եղել «մույսների» բացահայտմանը: Հատուկ ներվայինների ու ստեղծված վիճակը ծանր տանողների համար էլ ասենք` թուլացեք ու հաճույք ստացեք. քրեաիրավա-օլիգարխիա-ծեծողական շերտից բացի, այս խաղի իրական շերտը քաղաքական է: Այն է` ԲՀԿ-ին բերել այնտեղ, որտեղից «ընկել» է, տեր կանգնեցնել այն ստորագրությանը (բոլոր դեպքերում, ոնց որ թե էս բառի արմատն իսկապես «ստորն» է), որը դրել էր կոալիցիոն հուշագրի տակ առ այն, թե ինչ է անելու 2013-ին` նախագահական ընտրությունների ժամանակ:
Ասել է` «ընտրությունը» երկու տարբեր թղթերի ստորագրությունների արանքում է ընկած:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ