Հինգ տարի շարունակ քաղաքական դաշտում ՀԱԿ-ն ինքն իրեն բրենդ սարքել, ռեֆրենում էր` միակ և անփոխարինելի ընդդիմադիր ուժն է: ՈՒ չկա իր պես մեկ ուրիշն ավել:
Բայց ահա վերջին միտինգին Լևոնը եկավ ու ասաց` ժողովո՜ւրդ, ԲՀԿ-ն «վինի, վիդի, վիցի»: ՀԱԿ-ից էլ առավել:
ՈՒ դա Լևոնի «момент истины»-ն էր: ՈՒ նա երբեք այդքան անկեղծ չէր եղել:
Չքննարկենք հանգամանքը, թե հոգեբանական ինչ մեխանիզմներ կարող էին գործել, որ առաջին` հիմնադիր նախագահը, աշխարհում շատ ճանաչված մեկը, գիտնականը, երկրին անկախություն բերած պատրիոտը, պատերազմում` վեց հարյուր տարի ի վեր առաջին անգամ հաղթանակ բերած գերագույն գլխավոր հրամանատարը վեր կենար-գար-կանգներ միտինգավորների` «իր ժողովրդի» առաջ. ժողովրդի, որը հանուն սահմանադրական կարգի վերականգնման, արդարության, «ավազակապետության» դեմ պայքարի, ոտքի էր ելել, մարտի մեկին զոհել էր իր որդիներին, բանտ ընկել, և ուրեմն, այդ ժողովրդի առաջ կանգնել ու երեք-չորսէջանոց դիֆիրամբ կարդալ` վասն ԲՀԿ-ի և յուր առաջնորդ` բիզնեսմեն (որոշ գնահատումներով թիվ մեկ օլիգարխ, նույն ժողովրդի հետ հանդիպմանը գնալիս` զենքը կողքը խրած) մեկի:
Բայց դե գիտենք, դասերը, որոնք չեն սովորվում, տիեզերքում կրկնվելու խասիաթ են ունենում: Առաջին հերթին ի նպաստ էթնոսի, ի նպաստ էթնոսի ճակատագրում կարևոր դերակատարություն ունեցող անհատի, որովհետև յուրացված դասը «հաջորդ դաս» դառնալ ու կրկնվել անկարող է: Որովհետև ձեռք բերված յուրաքանչյուր ոտնատեղ, ինչպես Մովսեսինը, դառնում է էթնոսինը:
Եվ որքան էլ պարադոքսալ, Աստվածաշունչ թարգմանած Տեր-Պետրոսյանը տրվեց «հաջորդ դասի» ենթագիտակցական հմայքին, իր ցասմական (մեջբերումը Նարեկացուց է) հատակից, դարչնագույն թանաքամանի միջից, ողնաշարի հատակում «քնեած» օձին բարձրացրեց ոչ թե դասի յուրացման, այլ հարատև շարունակության համար:
Նա իր հսկա` հիմնադիր, Աստվածաշնչից վերցրած, պատերազմում հաղթածի ուժը` ողջ էներգետիկան տվեց ԲՀԿ-ին, նրա առաջնորդին: Գագիկ Ծառուկյանին:
Որն էլ երբեք ու ոչ մի անգամ չի վերադարձնի այդ ուժը. օրենքն է այդպիսին:
ՈՒ Գագոն` ԲՀԿ-ն, իդենտիֆիկացման օրենքի համաձայն, դարձավ Լևոն:
ՈՒ ճիշտ այդ օրենքի համաձայն` կուլ կտան Լևոնին, որպես ավելի ուժեղ տեսակի։
Ի դեպ, էսպես մի անգամ արդեն եղել է: Վազգենը 18-ը լրացած երիտասարդներին բանակ տանելու օրինագիծ էր բերել պառլամենտ, Բաբիկը չթողեց օրենքն անցնի, Դավիթ Շահնազարյանն էլ, Լևոնը թևերը քշտած եկավ պառլամենտ ու պառլամենտի ամբիոնից, բոլորիս աչքի առջև, նետեց իր թիմի կողմը. որևէ մեկդ Վազգենի ճկույթն իսկ չարժեք:
Մի քանի ամիս անց` փետրվարի 3-ին, Լևոնի ուժը` էներգետիկան ստացած Վազգենը «իդենտիֆիկացրեց» նրան` «հայտնի ուժերի» հայտնի պատմությամբ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ