Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

ՏԵՍԱՆԵԼԻ ՈՒ ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

ՏԵՍԱՆԵԼԻ ՈՒ ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
29.07.2011 | 00:00

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԵՖՈԼՏ ԱՄՆ-ՈՒՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Որքան էլ անցանկալի է ամերիկյան ֆինանսական դեֆոլտը` ներքին, տարածաշրջանային և միջազգային հնարավոր զարգացումների ու բացասական ազդեցությունների տեսանկյունից, այնուամենայնիվ, դրանից խուսափելը նման կլինի աննախադեպ հրաշքի: Այս անլուծելի թվացող հանգույցը բնավ էլ նոր չի առաջացել: Դեռևս երկու տարի առաջ ԱՄՆ-ի նոր վարչակազմը մոբիլիզացրեց բոլոր հնարավոր ռեսուրսները` փրկելու ազգային տնտեսությունը: Այդ նպատակով պետությունը ստիպված եղավ բյուջեից միջոցներ հատկացնել` սնանկությունից վերակենդանացնելու հայտնի «Ջեներալ Մոթըրսը» և «ՈՒաշինգթըն Մյուչուալ» բանկը: Ձեռնարկվեցին ոչ ստանդարտ քայլեր, մասնավորապես Չինաստանին վաճառվեց գրեթե մեկ տրիլիոն արժողությամբ ԱՄՆ պետական պարտատոմս, որոնց հասույթը ներդրվեց տնտեսության մեջ: Սակայն այս ամենի արդյունքում 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ԱՄՆ-ի տնտեսության աճը կազմեց ընդամենը 0,5 տոկոս:
Հիշեցնենք, որ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը մեկ տարի առաջ կանխատեսել էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը, մինչդեռ ոմանք շտապում են Հայաստանի հյուծված տնտեսությունը ներկայացնել արդեն աշխուժացման ու զարգացման փուլում: Այդ ալիքն առավել հնարավոր սպառնալիքների տեսքով ներկայանում է այն երկրում, որտեղից էլ հենց սկիզբ է առել համաշխարհային ներկայիս ճգնաժամը:
ՕՐԻՆԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Այս իմաստով բոլորովին պատահական չեն նաև Եվրամիությունում նկատվող ֆինանսական բարդությունները, որոնք ևս տարիների բացթողումների արդյունք կարելի է համարել, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ փոխկապվածության և փոխպայմանավորվածության մեջ գտնվող շուկաների հետևանք: Այսօր ԵՄ-ում խոսում են անգամ միասնական արժույթից հրաժարվելու կամ որոշ երկրներ իրենց ազգային արժույթներին վերադարձնելու սցենարների մասին: Հետևաբար, ֆինանսական համաճարակն ամենուր է` իր տեսանելի ու աներևույթ սպառնալիքներով:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմ Գայթները հայտնեց, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, դեֆոլտ կհայտարարի, քանի որ հանրապետականները չեն ցանկանում բարձրացնել պետական պարտքի շեմը, իսկ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոները հրաժարվեց հարցի շուրջ շարունակել քննարկումներն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, ոսկու գինը համաշխարհային շուկայում սրընթաց աճեց: Միայն հուլիսի 26-ին ազնիվ մետաղի գինը Նյու Յորքի բորսայում բարձրացավ իր պատմության մեջ ամենառեկորդային ցուցանիշին: Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ի պետական պարտքի բարձրացման գծով բանակցությունները մտել են փակուղի, ուստի ներդրողների մի զգալի մասն ազատվում է դոլարային զանգվածից և նախընտրում առավել կայուն դրամական արժեքը: Առանձին ֆիզիկական անձանց օրինակին են հետևում գրեթե բոլոր երկրների բանկերն ու կենտրոնական բանկերը: Այստեղ, թերևս, տեղին է հիշել, որ տարիներ առաջ Հայաստանի կենտրոնական բանկը, իհարկե, ավելի «հնարամիտ» է գտնվել և այսօրվա համեմատ ավելի քան կրկնակի պակաս գնով վաճառել ոսկու ողջ պետական պաշարը։ Գաղտնիք չէ, որ ֆինանսական և քաղաքական անկայունության պայմաններում ազնիվ մետաղը` ոսկին, բոլոր արժույթներից և ռիսկային ակտիվներից (արժեթղթերից) ավելի լավ է պահպանում իր արժեքը:
Վերջին շաբաթներին ներդրողները մեծ քանակությամբ ոսկի են գնում հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայում պետական պարտքերի և արժույթների հետ կապված սրվող հիմնահարցերի ընդհանուր համապատկերում: Ինչպես նշում են հանրահայտ Commerzbank-ի վերլուծաբանները, որպես դասական ռեսուրս-ապաստան, ոսկին նախապատվություն է ստանում ռիսկերից խուսափողների շրջանում, ինչը գնալով ուժեղանում և տարածվում է նաև այլ շրջանակներում: Մինչ միջազգային շուկաներում պահպանվում է անորոշությունը, իսկ գլխավոր սպառնալիքն այսօր մնում են պետական պարտքի դեֆոլտը և վարկային ռեյտինգի անկումը, ոսկու գները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն բարձրանալ:
Նյու Յորքի ապրանքային բորսայի New York Mercantile Exchange, NYMEX մասնաճյուղերից COMEX-ի առևտրային գործարքների արդյունքում, առավել ակտիվորեն առք ու վաճառքի առարկա են դարձել ոսկու օգոստոսի ֆյուչերսները, որոնց գինը բարձրացել է 10,70 ամերիկյան դոլարով կամ 0,7 տոկոսով` հասնելով մեկ տրոյական ունցիայի (ոսկու չափման ընդունված միավոր) համար ռեկորդային` 1612,20 ամերիկյան դոլարի մակարդակի: Հիշեցնենք, որ 1971-ի օգոստոսի 15-ին, երբ փլուզվեց Բրետոնվուդսյան ֆինանսական համակարգը, և ոսկու տրոյական ունցիայի գինն ընդամենը 35 ԱՄՆ դոլար էր, սա համաշխարհային պատմության մեջ ամենաբարձր մակարդակն էր:
Հուլիսյան ոսկու ֆյուչերսները, որոնց գործարքների ծավալները ցածր էին, ներկայիս «տենդի» արդյունքում բարձրացան 1612 ԱՄՆ դոլարի: Իսկ վերջին պայմանագրերի ժամկետները լրանում են հուլիսի 27-ին:
Վաշինգտոնում դեռևս շարունակվում են պարտքի վերին սահմանի շուրջ բանակցությունները, որոնց ընթացքում հանրապետականներն ու դեմոկրատները ցուցաբերում են հանդուրժողականության պակաս` յուրաքանչյուրն իր հերթին պնդելով, որ հենց իրենց ներկայացրած ծրագիրը կարող է երկիրը դուրս բերել փակուղուց: Գլխավոր թեման, ընդսմին, մնում է բյուջետային ծախսերի կրճատման և դեֆիցիտի աճի վերաբերյալ առանցքային ասպեկտների շուրջ համաձայնությունը: Սա, իր հերթին, կարող է նպաստել կամ բացասական ազդեցություն ունենալ 2012-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքի վրա:
Եթե մինչև օգոստոսի 2-ը բանակցությունները չշարժվեն մեռյալ կետից, ԱՄՆ-ի պարտքի գծով ֆինանսական դեֆոլտի տեսական հավանականությունը կվերածվի տնտեսական և քաղաքական, ներքին և արտաքին անցանկալի իրականության: Այդ ժամկետը մի յուրօրինակ սահմանագիծ է ԱՄՆ-ի ֆինանսների համակարգի պատասխանատուների համար, որոնք արդեն ի վիճակի չեն լինի կատարելու իրենց պարտավորությունները պարտքի սպասարկման մասով:
ՀՆԱՐԱՎՈՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ
Կարելի՞ է արդյոք կանխատեսումներ անել նման իրավիճակում: Իրականում կանխատեսումները պայմանավորված են միաժամանակ մի քանի, երբեմն հակասական գործոններով և զարգացման հնարավոր սցենարներով: Դրանց բազմակողմանի վերլուծությունը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ անգամ այն պարագայում, եթե բանակցող կողմերի միջև ձեռք բերվի համաձայնություն, բուն բանակցությունների ձգձգվող գործընթացը բարձրացրել է ԱՄՆ-ի վարկային ռեյտինգի անկման հավանականությունը: Աշխարհահռչակ Moody’s, «Սթենդերդ ընդ Փուրս» և այլ միջազգային գործակալություններ ԱՄՆ-ի գեր-գերազանց AAA ռեյտինգն արդեն զետեղել են վերանայման ցուցակում` այն իջեցնելու առավել հնարավոր տարբերակով: Պատճառը նույնն է` ֆինանսական դեֆոլտի հավանականությունն ու բանակցությունների ձգձգումը:
Մեկ այլ` TD Securities-ի հեղինակավոր ռազմավարական բաժանմունքի ղեկավար Բարտ Մելեքի վկայությամբ, ֆինանսական դեֆոլտը կարող է լրջորեն խոչընդոտել տնտեսության ապաքինման և վերականգնման գործընթացներին:
ԱՄՆ-ի ռեյտինգի նվազումը լայնամասշտաբ ազդեցություն կարող է ունենալ ամերիկյան տնտեսության վրա, քանի որ պետական պարտքի սպասարկման արժեքը նույնպես կավելանա, ինչը, մեր համոզմամբ կարող է հանգեցնել տոկոսադրույքի բարձրացման բոլոր ասպարեզներում` սկսած հիպոթեքային շուկայից մինչև վարկային քարտերն ու ուսանողական վարկերը: Հետևաբար, ամերիկացիների տնտեսական վիճակը ևս զգալիորեն կվատթարանա` հաշվի առնելով նաև գործազրկության բարձր մակարդակն ու տնտեսության վերականգնման դանդաղումը:
Մինչ բոլորը հետևում են բանակցությունների ընթացքին, ամերիկյան դոլարի փոխարժեքը եվրոյի և այլ արժույթների նկատմամբ արդեն ընկել է: Քաղաքական փակուղին հանգեցրեց Նյու Յորքում ICE դոլարային ինդեքսի անկմանը` մինչև 74,025-ի, որը լուրջ մտահոգության առիթ է:
Կարևոր է նկատել, որ ոսկու ֆյուչերսների գները ամերիկյան դոլարով ավելի էժան են` համեմատած այլ արժույթներով արտահայտված նույն ֆյուչերսների հետ, այն ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքն անկում է արձանագրում:
Հատկանշական է, որ բարձրացել են նաև արծաթի գները: Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում սեպտեմբերյան արծաթի ֆյուչերսների գինը բարձրացել է 23,9 ցենտով կամ 0,6 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց մինչև 40,361 ԱՄՆ-ի դոլարի:
Իսկ ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտը Հայաստանի վրա։
Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ ազդեցությունները կարող են լինել տարբեր և բազմակողմանի:
Առաջին. էական փոփոխությունները կարող են արձանագրվել Հայաստանի վճարային հաշվեկշռում, որը, ներկայացնելով այլ պետությունների հետ երկրի փոխադարձ արտաքին վճարային պարտավորությունները, հիմնականում արտահայտված է ԱՄՆ դոլարով, ինչը ներկայումս շարունակական արժեզրկման փուլում է:
Երկրորդ. ԱՄՆ դոլարն աշխարհում թերևս միակ արժույթն է, որը որոշակիորեն կողմնորոշում է մնացած արժույթների փոխարժեքների միտումները և անուղղակիորեն արտահայտում ազգային արժույթի հանդեպ վստահության աստիճանը` դոլարիզացիայի մակարդակը: Ներկայումս Հայաստանում դոլարիզացիայի մակարդակը 70 % է: Այն որքան կարող է աճել կամ նվազել, նույնպես կախված է ԱՄՆ-ի պետական պարտքի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքից և Հայաստանի ազգային արժույթի հանդեպ վստահության ձևավորման ուղղությամբ տարվող հետագա քայլերից:
Երրորդ. Հայաստանն առայժմ ներկրող երկիր է (ներդրումները գրեթե քառակի գերազանցում են արտահանման ծավալներն ու դրա հասույթները), հետևաբար, համաշխարհային շուկայում ձևավորվող ապրանքների գները, արտահայտված հիմնականում ԱՄՆ դոլարով, ուղղակի ազդեցություն կունենան տեղական շուկայի և սպառողների գնողունակության վրա:
Չորրորդ. արտահանման ծավալների ավելացումը, որին կարող է նպաստել ԱՄՆ դոլարի դիրքերի թուլացումը, նույնպես կարող է ժամանակավոր բնույթ կրել կամ շարունակական լինել` պայմանավորված ԱՄՆ-ի ֆինանսական դեֆոլտի հավանականությամբ: Առավել մեծ ազդեցություն վերջինս կարող է ունենալ հատկապես Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության և արտահանման ուղղվածություն ունեցող այլ ճյուղերի` զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, ադամանդագործության զարգացման համար:
Հինգերորդ. ՀՀ արտաքին պարտքի առյուծի բաժինը ամերիկյան դոլարով արտահայտված փոխառնված վարկային միջոցներն են: Անգամ ՀՀ ռազմավարական դաշնակցից` Ռուսաստանից, ստացված վարկը տրամադրվել է ԱՄՆ դոլարով` կես միլիարդ ընդհանուր գումարով: Արտաքին պարտքի սպասարկումը ևս այս իմաստով կարող է վերանայվել` կախված ԱՄՆ-ի դեֆոլտին առնչվող ներկա զարգացումներից:
Վեցերորդ. օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) նույնպես գնահատվում են ԱՄՆ դոլարով: Որքան դրանք կպահպանեն իրենց արժեքը, ինչքան նպատակահարմար կլինեն ներդրումներ ներգրավելու նշյալ արժույթով, այլ ոչ, օրինակ, ռուսական ռուբլով կամ եվրոյով, նույնպես կախված է ԱՄՆ դոլարի գնողունակությունից:
Յոթերորդ. Հայաստանի համար վերջին տարիներին խիստ կարևոր նշանակություն ձեռք բերած անձնական տրանսֆերտների հարցում անխուսափելի կլինեն ոչ միայն ծավալների տատանումները, այլև կարող է տեղի ունենալ դրամական փոխանցումների համար նախընտրելի արժույթի փոփոխություն կամ առնվազն դրանց դիվերսիֆիկացիա:
ՈՒթերորդ. ՀՀ կենտրոնական բանկի պետական իրացվելի ռեզերվներում գերակշռում է ԱՄՆ դոլարը, որն էլ անհրաժեշտության պարագայում և ոսկու պաշարների բացակայության պայմաններում օգտագործվում է ազգային արժույթի փոխարժեքի կայունացման համար: ՀՀ ԿԲ ռեզերվներում քիչ չեն նաև ԱՄՆ-ի պետական պարտատոմսերը: Ամերիկյան դոլարի հետագա արժեզրկումը կարող է օրակարգային հարց դարձնել ոսկու որոշակի պաշարների ձեռքբերումը` ապագայում նման իրավիճակներում հնարավոր ռիսկերի նվազեցման նպատակով:
Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ
Ստեղծված իրավիճակում Հայաստանը ստիպված է ելքեր որոնելու: Իրենց հերթին, ելքերի որոնումները պայմանավորված են առևտրատնտեսական գործընկերների և ապրանքների ու ծառայությունների սպառման շուկաների հետագա դիվերսիֆիկացիայով և մեկ-երկու շուկաներից կախվածության կրճատմամբ: Չենք բացառում նաև արտաքին առևտրում այնպիսի կարևոր և ավանդական գործիքի կիրառումը, ինչպիսին ապրանքափոխանակությունն է: Նման անկայուն իրավիճակներում այն կոչված է կրճատելու ազգային կամ միջազգային արժույթների փոխարժեքների անկման հետ կապված ռիսկերը: Ի վերջո, անհրաժեշտ է մշտապես հետևել իրադարձությունների զարգացմանը, կատարել հիմնական միտումների համապարփակ ուսումնասիրություն, որոնց օգնությամբ հնարավոր կլինի վարել նախահարձակ արտաքին տնտեսական քաղաքականություն` առավելագույնս նվազեցնելու հնարավոր ռիսկերը, իսկ առիթ ընձեռվելու դեպքում նաև որոշակի օգուտներ քաղել դրանցից:
Միակ հանգամանքը, որ մեղմում է ՀՀ տնտեսության վրա ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտի բացասական ազդեցությունը, ի վերջո, այն հանգամանքն է, որ նման հետևանքներից չի կարող խուսափել հետխորհրդային որևէ երկիր: Միաժամանակ, որոշ երկրների համար ճգնաժամերը կարող են կանխատեսելի լինել և օգնել համալրելու տնտեսական անվտանգության ապահովման զինանոցը:
Պատճառներն ու լուծումներն այս հարցում միանգամայն պարզ են ու փոխկապակցված: Մեր համոզմամբ` հիմնական պատճառն այն է, որ որքան էլ կատարելագործվում են առանձին երկրների զարգացման տնտեսական մոդելները, այնուամենայնիվ, տնտեսական գլոբալացման և ազգային տնտեսությունների միմյանցից աճող և բացահայտ փոխկախվածության պայմաններում տարբեր (առաջին հերթին` զարգացած) երկրների կառավարություններն այդպես էլ չեն կարողանում գտնել համաշխարհային տնտեսությունը համատեղ կառավարելու որևէ մոդել: Իսկ մինչ այդ կարող են լինել ոչ միայն ֆինանսական դեֆոլտներ, այլև պերմանենտ անկումներ, և համաշխարհային ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, պարբերաբար կրկնվելու է:

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2389

Մեկնաբանություններ