ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սովորեք կառավարել ձեր վախերը

Սովորեք կառավարել ձեր վախերը
16.04.2024 | 19:00

Յուրաքանչյուր մարդ` նույնիսկ նա, ով մեծ գործեր է անում, վախ է զգում:

Խիզախ է ոչ թե նա, որ չի վախենում, այլ նա, ով, չնայած վախին, առաջ է գնում:

Վախը պատկերացումն է հնարավոր անցանկալի իրադարձությունների մասին: Որքան վառ են այդ պատկերացումները և հաճախ են ի հայտ գալիս, այնքան ավելի ուժեղ է վախը:

Մենք անզոր չենք վախի առաջ: Մենք կարող ենք պայքարել դրա դեմ և թույլ չտալ, որ այն թունավորի մեր կյանքը:

Գարեգին Նժդեհն ասում է. «Չկա ավելի վատ և ստոր խորհրդական, քան վախը, որ սպանում է իրեն ենթարկվողներին երբեմն ֆիզիկապես, բայց միշտ՝ բարոյապես: Վախը սպանում է մեր խիղճը, մոռացնել տալիս մեր պարտականությունները` ուժեղացնելով անասունը մեր մեջ»:

Պատկերացրեք, որ հայտնվում եք խավարի` անթափանց մթության մեջ, ինչպես կարող եք պայքարել դրա դեմ: Այն կարելի է հաղթել միայն լույսի օգնությամբ:

Վախը նման է խավարի, այն չենք կարող ուղղակի քշել: Որքան շատ ենք փորձում դա անել, այնքան ավելի է վախն աճում: Այս դեպքում ազդեցության ուժը հավասար է հակազդեցության ուժին: Վախին պետք է հաղթել այլ զգացողություն հակադրելով, որն ավելի ուժեղ կլինի, ճիշտ՝ ինչպես լույսն է ցրում խավարը:

Մեր ուղեղը կարող է տվյալ պահին մեկ միտք գեներացնել. եթե այն զբաղեցնենք մոտիվացիոն հույզերով, վախը կմղվի այլ հարթություն:

Վախի հակառակը խիզախությունը չէ: Խիզախ մարդն էլ է վախ զգում, բայց նա գործում է՝ հաղթահարելով վախը, ու հենց այդ պատճառով էլ նրան խիզախ են անվանում:

Վախի հակառակը երախտագիտությունն է:

Երախտագիտությունը բարդ զգացողություն է, որն առաջանում է տեղի ունեցածի էմոցիոնալ և ռացիոնալ գնահատման հիման վրա։ Երախտագիտության հասցեատերերը կարող են լինել ոչ միայն կոնկրետ մարդիկ, այլև մարդկանց համայնքներ և չանձնավորված էություններ՝ Հայրենիք, երկիր, պետություն և Աստված։

Երախտագիտությունը կարող է ունենալ տարատեսակ բնորոշումներ

1. ուղիղ և փոխաբերական երախտագիտություն

2. արարողակարգային (վարվելաձևի) և էմոցիոնալ (անձնական կարևորության) երախտագիտություն

3. հիմնավորված և չհիմնավորված երախտագիտություն

4. վերբալ և ոչ վերբալ երախտագիտություն

5. երախտագիտություն վերին ուժերին և հայրենիքին

Հին ժամանակներում երախտագիտությունը մեկնաբանվում էր որպես առաքինություն և կապվում էր արդարության հետ։

Ցիցերոն. «Ես չէի ցանկանա որևէ որակով օժտված լինել առավել, քան շնորհակալ լինելու ունակությամբ։ Քանի որ սա ոչ միայն մեծագույն առաքինությունն է, այլև բոլոր առաքինությունների մայրը»:

Քրիստոնեության մեջ երախտագիտությունը դիտարկվում է ոչ թե որպես առաքինություն, այլ որպես պարտք։ Երախտագիտությունը կարող է արտահայտվել «առաքինի գործերով, ինչպես նաև թուլությունների ու շահամոլությունների ոչնչացմամբ»:

Կամ, Մեծ Հայքը մինչ քրիստոնեություն, ուր գործում էր Վահագնի պատգամը, որը վկայում էր հենց երախտագիտության մասին:

Պետք է մենք մեր մեջ արթնացնենք երախտագիտության զգացումը և վախից նույնիսկ հետք չի մնա:

Իրադարձություններին շատերը շատ դեպքերում նշանակություն չեն տալիս, չեն տիրապետում իրավիճակին, համարում են, որ հենց էդպես էլ պետք է լիներ, մինչև չեն զրկվում դրանցից: Օրինակ, շատերը Արցախը կորցնելուց հետո են գիտակցել, որ այն Հայոց աշխարհի միակ և անփոխարինելի անվտանգության երաշխավորն էր, արտաքին հարաբերություններում՝ Հայաստանը որպես սուբյեկտ ընդունվող միակ գործոնը:

Պետք է ամեն օր գիտակցենք այս ամենը, մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելուն ուղղված գործողությունների շղթան սկսենք, և մեր կյանքը ավելի բովանդակային, նպատակային ու իմաստալից դարձնենք: Մենք դատապարտված ենք հաղթելու, այլապես` վե´րջ:

Վախը հաղթահարելու մեկ այլ եղանակ է նպատակի վրա կենտրոնանալը:

«Մեծ նպատակները խամրեցնում են վախը»:

Պատկերացրեք, թե ինչպիսին կդառնա մեր կյանքը, երբ մենք հետ վերադարձնենք մեր Արցախը: Առավել հզորացնենք մեր հզոր բանակը: Հիմքեր ստեղծենք թյուրքական աշխարհը ծնկի բերելու համար: Միջազգային իրավական անբեկանելի որոշումների հիման վրա կարողանանք մեր հայրենիքի տարածքները միավորել իրար և ստեղծել Հայք աշխարհը: Սա պետք է լինի մեր երազանքը, նպատակը, ոգու կանչը: Հիմա տեսաք թե ուր մղվեց վախը: Այն այլևս անցյալում է:

Մեզ մատուցված մանիպուլյատիվ մեթոդների գործադրմամբ առաջացած սոբյեկտիվ վախերի արդյունքում կորցնում ենք ամենաթանկը` ժամանակը: Վախն ամենից շատ ճնշում է մեզ հենց այն ժամանակ, երբ անգործության ենք մատնված:

Երբեք հարց մի տվեք ինքներդ ձեզ` կկարողանա՞մ լուծել այս կամ այն խնդիրը, թե՞ ոչ: Հարցը պետք է այլ կերպ հնչի.«Ինչպե՞ս կկարողանամ լուծել այն»: Ինչ էլ պատահի՝ պետք է գտնել խնդրի լուծումը:

Մեր ոսկե կանոնը սա՛ պետք է լինի. «Եթե չեմ կարող, ուրեմն պարտավոր եմ»:

Պետք է հաճախակի գաղափարակից ընկերներով հավաքվել և ապագա հաղթանակների մասին խոսել, պաթոսաշունչ մտքեր արտահայտել` վերացնելով վախը: (Իսկ ով պաթոս բառը կշահարկի որպես բացասական երևույթ` լռեցնե՛լ, այդպիսիները մեր հասարակության տգետներն են: Պաթոսն է, որ մարտի դաշտում զինվորից հերոս է կերտում, աղավնուց` արծիվ):

Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը. «Քանի դեռ մարդ արարածը անզոր զոհն է վախի` կեղծ են և´ կրոնը, և´ գիտությունը, և՛ դաստիարակությունը: Չկա հրեշ` ավելի անողոք և անողորմ, քան վախը կույր անասունների, բնազդական վայրենիների և գիտակցական մարդու մեջ. մի հրեշ, որ կռվադաշտում իրեն ապավինողներին հանձնում է թշնամու և մահվան ձեռքը»:

Վախը կարող է և´ թույն լինել, և´ դարման:

Երբեմն փոքր չափաբաժիններով վախը կարող է օգտակար լինել որպես խթանիչ միջոց: Հենց այդ պատճառով էլ նպատակասլաց և հաղթող մարդիկ դեմ չեն վախին` որպես խթանող միջոց, բայց թույլ չեն տալիս, որպեսզի վախը պատի իրենց:

Պատկերացրեք. «Եթե թշնամուդ կամ հակառակորդիդ դեմ ուղղված գործողություն ես անում ու չես վախենում, թեկուզ ձախողման հանգամանքից ելնելով, ուրեմն այդ քայլը չափազանց փոքր գործողություն է:

Մենք վախը պետք է դիտարկենք որպես ազդանշան, որ ճիշտ ուղու վրա ենք:

Վախը պետք է օգտագործենք որպես համախմբման միջոց:

Վախը պետք է հանդիսանա սպառնալիքները ժամանակին հայտնաբերելու և չեզոքացնելու միջոց:

Մենք պետք է մեր վախերի հետ դաշինք կնքենք և դրանք մեր նպատակներին հասնելու գործոն համարենք:

Վախը վտանգ է տեսնում այնտեղ, ուր չկա:

Աղետ

Մենք չկարողացանք խուսափել աղետներից, բայց մենք գիտենք նաև, որ մեզ բավարար ուժ և խոհեմություն է հարկավոր՝ վերապրելու մեր կյանքի դժվարին պահերը և շարժվելու դեպի հաղթանակ: Աղետներն ամեն ինչ սկզբից և կրկին սկսելու հնարավորություն են տալիս:

Ռիչարդ Բախ. «Այն, ինչ թրթուրին կարող է աշխարհի վերջը թվալ, իրականում թիթեռի ծննդյան պահն է»:

Հաղթանակների հասնելու համար մեզ հարկավոր է մանկական հավատ: Կյանքում ամեն ինչ որոշակի իմաստ ունի: Կարևորը, որ մենք անմիջապես գտնենք և տեսնենք այդ իմաստը:

Պետք է ուղղակի հավատալ հաջողություններին և անհաջողություններին, որոնք բաժին են հասնում մեզ: Նա, ով չի ցանկանում իրեն պատահականությունների զոհ համարել, այլ փորձում է ամեն ինչում ինչ-որ իմաստ գտնել, շատ ավելի հանգիստ է:

Մեր բոլոր երազանքները, վախերն ու աղետները Տիեզերքի հոսանքներ են, ուստի, եթե նույնիսկ պարտվում ենք, վախենալ հարկավոր չէ, պետք է նորից սկսել պայքարը և հասնել հաղթանակի:

Լավ հիշեք, կատարվածների խորը իմաստին հավատալը, իր հերթին ամրապնդում է հավատը սեփական ուժերին: Իմաստի որոնումն օգնում է խուսափել մակերեսայնությունից:

Առանց վախ ապրած ամեն մի պահ արժանի է ապրած լինելուն:

«Լավ է մեռնել` ապրելու, քան թե ապրել՝ մեռնելու համար: Հայ սպա, սրիդ վրա գրիր իմ այդ խոսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ և արիացուցիչ դաստիարակությունն է, որ ուժ պիտի տա քեզ և զինվորիդ` ուրախ լինելու և´ մահվան հանդեպ, հաղթելու և´ մահը» (Գարեգին Նժդեհ):

Հ.Գ. Մեր լեռների պես կանգուն Նժդեհյան ոգի՝ մեր ազգին: Ամենատես Աստված, տուր մեզ միայն իմաստություն, և մենք կանենք այն, ինչ երազում ենք:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ