«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Իմ ծովն արդեն չէր տեղավորվում խեցու մեջ

Իմ ծովն արդեն չէր տեղավորվում խեցու մեջ
04.10.2024 | 16:50

Նա սեղանից վերցրեց հսկայական խեցին ու տվեց ինձ.

- Դիր ականջիդ։

Ես խեցին սեղմեցի ականջիս։

- Լսում ե՞ս ծովի ձայնը։

Լսում էի, բայց ես ծովում չէի եղել։ Ծովը իմ կարդացած գրքերից, լսած պատմություններից, տեսած ֆիլմերից հավաքվեց ու մտավ խեցու մեջ։ Հիմա ծովն ինձ համար էդ խեցին էր, որի ոլոր-մոլոր խորքերում մեղմ խշշոց էր թաքնված։ Հետո ես հաճախ էի խեցին սեղմում ականջիս ու երկար պահում՝ ինձ ծովում զգալով։

Մի քանի տարուց ես եղա ծովում, տեսա ծովը, լսեցի ծովի ձայնը։ Դրանից հետո էլ խեցին չէի սեղմում ականջիս։ Իմ ծովն արդեն ավելի մեծ էր, չէր տեղավորվում խեցու մեջ։

Երբ նոր կահույք առա ու հին պահարանը տեղից շարժեցի, որ տանեմ-գցեմ, պահարանի հետևից իմ մանկության երեք ակնանի խաղալիք բեռնատարը դուրս եկավ։ Հիշում եմ, որ փոքր ժամանակ կորցրել էի ու երկար փնտրում էի, հետո ինձ ուրիշն առան, բայց ես դեռ երկար հիշում էի իմ հաշմանդամ բեռնատարին։ Հետո մեծացա ու մոռացա։

Հիմա, տասնյակ տարիներ անց, վերջապես գտա՝ կողքի վրա ընկած, փոշոտ, լքված, մոռացված։ Բեռնատարից իմ մանկության հոտն էր գալիս։ Ես բեռնատարի թափքը սեղմեցի ականջիս։ Սկզբում ձայն չէր լսվում, բայց հետո, հանկարծ, լսեցի մանկության ձայնը՝ թույլ, հազիվ լսելի։ Լսեցի ու հասկացա, թե ես ինչքան եմ մեծացել, ինչքան ա մանկությունս փոքրացել, որ տեղավորվում ա բեռնատարի թափքի մեջ։ Բեռնատարը, կշեռքի նման, անմիջապես չափեց ու ցույց տվեց տարիքս։

Մենք տարիներից չենք ծերանում։ Մենք ծերանում ենք էն ժամանակ, երբ պահարանի հետևում կորցնում ենք մեր մանկությունն ու մոռանում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7869

Մեկնաբանություններ