38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ժամանակակից գրող և գրականություն չկա» ասելով` ի՞նչ հարց է լուծվում, և ովքե՞ր են լուծողները»

«Ժամանակակից գրող և գրականություն չկա» ասելով` ի՞նչ հարց է լուծվում, և ովքե՞ր են լուծողները»
19.05.2009 | 00:00

«ԵԹԵ ՄԵՐ ԳԼԽԻՆ ՉԿԱՊԵՆ «ՈԳՈՒ ՍՈՎԸ»
Արձակագիր ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հանդիպեցի Հայաստանի գրողների միության կլոր դահլիճում: Այստեղ կայանալու էր «Կարճ պատմվածքի» ընթերցում-քննարկումը, որին հետևելու էր մրցանակաբաշխությունը: Նախաձեռնությունը Ալիս Հովհաննիսյանինն է: Որպես գրողների միության արձակի բաժնի վարիչ, նա իր պարտքն է համարում ոչ միայն հետևել գրական գործընթացներին, այլև որոնել ու գտնել այն ուղիները, որոնք կօգնեն ուշադրությունից դուրս չթողնել որևէ կարևոր գրական երևույթ:
-«Կարճ պատմվածքի» ժանրում բացահայտումներ եղա՞ն, տիկին Հովհաննիսյան:
-Հիմա ավելի, քան երբևէ համոզված եմ` ով փնտրում է, նա գրեթե միշտ գտնում է: Արդեն հայտնի անունների կողքին ի հայտ եկավ Աշոտ Հովսեփյանն իր ուշագրավ գործերով: Զարմանալին այն է, որ երբ արդեն հանձնախմբի անդամներով հարմարվել էինք մեր ձեռքի տակ եղած նյութերին, փորձում էինք ընդհանուր հայտարարի գալ, ընթերցումների ավարտից անմիջապես հետո ձեռքս անցավ գյումրիաբնակ բանաստեղծուհի Հրանուշի արձակ գործերի ձեռագիր տետրը և «Հակոբ» ստորագրությամբ կարճ պատմվածքների մի շարք: Հրանուշի տետրի բոլոր գործերն էին լավը, բայց մեկն ինձ իսկապես ցնցեց` թե՛ մեր ձեռնարկի անվանումին համապատասխան լինելով, թե՛ արվեստով: Հակոբի գործերը նույնպես լավն էին: Պարզվեց, որ նա փորագրիչ է:
-Կարճ պատմվածքի վարպետներն անցյալում...
-Մենք կարճ պատմվածքի առատություն չենք ունեցել երբևէ: Չգիտեմ, գուցե չենք կարողանում մեր բուռն հուզավառություններն առանց երկարաշունչ զեղումների արտահայտել, գուցե և դա ունի իր ազգային, հոգեբանական, սոցիալական պատճառները: Բայց ինձ ամեն անգամ նույն ուժով հիացնում ու հուզում են Թումանյանի «ՈՒրախ գիշերը» և «Գաբո բիձու շերամապահությունը»:
-Գրքեր են տպագրվում, պետական և այլ մրցանակներ են շնորհվում, բայց չեն հասնում ընթերցողին: Ասես գրողները գրում են իրենց նեղ միջավայրի համար:
-Հաճախ անգամ մեր նեղ միջավայրի համար գիրքը դյուրամատույց չի լինում: Գիտե՛ք, թե ինչու: Գրողների մեծ մասը, եթե չասենք աղքատ է (այս բառը երբեք չի սազում «գրող» վեհ կոչումի կողքին), ապա անվճարունակ է: Մեր բախտը բերում է, որ միմյանց նվիրում ենք մեր գրքերը. հաստատ գիտես` ում նվիրում ես, կարդալու է, և եթե հավանել է, ու նրան չի տանջում կանաչ նախանձը, քո գրքի պրոպագանդիստն է լինելու: Իսկ գիրք սիրող մարդկանց գիրք հասցնելու ճանապարհը, բացի գրախանութից, գրադարաններն են։ Երկուսի թիվն էլ «սովետից» հետո խիստ նվազել է: Մրցանակներն անհրաժեշտություն են այն առումով, որ հասարակությունը կողմնորոշվում է` ինչ կարդա, հեղինակը սկսում է հավատալ, որ պետք է իր ժողովրդին, իր գրականությանը, որ արժե նոր գործեր ձեռնարկել։ Պետպատվերով տպվող գրքերը միշտ չէ, որ արդարացնում են ընթերցողների` իրարից շատ տարբեր պահանջները, բայց հավատում եմ և ուզում եմ Ձեզ էլ հավատացնել` ոչ մի տաշած քար գետնին չի մնում:
-Նման մրցույթները, գրական հանդիպումները, քննարկումները հնարավոր չէ՞ ներկայացնել հեռուստատեսությամբ:
-Կարծում եմ, միայն թուղթ ու գրիչով գոհացող գրողներին ներկայացնելն այնքան էլ մեծ միջոցներ չի պահանջում: Բայց մեր «Կուլտուրա» ալիքին որպես համարժեք բուսած «Արարատ» մշակութային ալիքը դեռ շա՜տ հեռու է խելացի, հմուտ, համակողմանի մարտավարությունից:
-Հեռուստատեսային նախագծերի մասին, առհասարակ, ի՞նչ կասեք:
-Հիմնականում այնպիսի տպավորություն ունեմ, թե չզարգացած մի հասարակության ձեռքին բազում միջոցներ են հայտնվել, որոնց տիրապետելու համար բավական ժամանակ է պետք, և այս հասարակության անդամները ջունգլիում հայտնված հայելու կամ գրպանի լապտերի հետ առաջին հանդիպումից շոկի մեջ հայտնվածի նման սեղմում են բոլոր կոճակները, որ տեսնեն, թե որտեղից ինչ ձայն կգա, ինչ լույս կփայլատակի: Ծրագրերի մեջ կան մի քանիսը, որ իսկապես հաջողություն բերեցին մարդկանց մի խմբի, որ ուներ որոշակի օժտվածություններ, բայց երբևէ հույս չի կարող ունենալ, թե կոնսերվատորիայում կհայտնվի կամ որևէ համակարգված դասընթաց կանցնի: Դրանցից են «Հայ սուպերսթարը», «Ժողովրդական երգիչը», «Թաքնված տաղանդը»: Ինձ համար հաճելի է տեսնել, թե շաբաթների ընթացքում աչքի առաջ ինչպես են մեր շնորհալի աղջիկներն ու տղաները (ավելի շատ` աղջիկները) կարողանում բառիս բուն իմաստով հաղթահարել հանձնարարված ամենաբարդ առաջադրանքները: Այս առումով մեծ է «Շանթ» հեռուստաալիքի գործունեության ծավալը: Բայց այս շոուների միջոցով անխիղճ կերպով զանց է առնվում երաժշտական դպրոցների և կոնսերվատորիայի դերը: Չէ՞ որ դրանցում ոչ միայն ձայներ են մշակվում, այլև մտավորականին հույժ անհրաժեշտ գիտելիքներ են պարտադրվում: Ծրագրերի և դրանց անմիտ, անճաշակ դրսևորումների մասին երկար կարելի է խոսել և պետք է խոսել, ինչպես, օրինակ, Հովիկի, Գևոյի «ծիծաղելի», բայց հաճախ ոչ ծիծաղաշարժ, հակագեղագիտական, ինտելեկտից զուրկ շոուների, «Երեսուներկու ատամ» շոուի հիմնականում անհամ, հաճախ ականջի և աչքի համար շատ վիրավորական կատակների և այլ բաների մասին:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում հայկական սերիալներին, մանավանդ որ դրանք գերազանցեցին բոլոր սպասումները` քանակի և որակի առումով:
-Միայն թվում է, թե մեր սերիալներն ազգային (բրազիլականից տարբեր) նկարագիր ներկայացնելու միտում ունեն։ Իրականում դրանցում իրականացվող քաղաքականությունը, գուցե և ոչ միտումնավոր, բայց տարվում է բացասականը հիմնավորապես արմատացած, հաճախ անհաղթահարելի-անխուսափելի և սրանով իսկ կյանքային ներկայացնելու ուղղությամբ: Այս տեսանկյունից պատահական չէ, որ հաջողության են հասնում հենց բացասական կերպարների հարցում, իսկ դրականները կա՛մ այնքան թույլ են, որ շատ շուտով դուրս են գալիս ասպարեզից, զոհվում կամ անհետանում են, կա՛մ էլ ոչ մի տպավորություն չեն թողնում: Այն, որ մենք քրիստոնյա ազգ ենք և որոշակի բարոյական դոկտրինների պարտադիր կրող, առհասարակ լռության է մատնվում «արվեստի» միջոցով «հոգևոր սնունդ» բաժանողների կողմից: Հակիրճ ասեմ նաև, որ երբեք չի կարելի լեզվի (այն էլ` մեր «արքայական լեզվի») աղճատումը ծառայեցնել ինչ-ինչ, թեկուզև կեղծ արվեստի շահերին: Մենք գիտենք, որ արվեստում անթույլատրելի է գռեհկաբանությունը, փողոցային, բակային, նույնիսկ բարբառային լեզվի դրսևորումները կոլորիտ ստեղծելու, իրականությանը մոտենալու նպատակով չարաշահելը: «Ժամանակակից գրող և գրականություն չկա» ասելով` ի՞նչ հարց է լուծվում, և ովքե՞ր են լուծողները: Այսինքն` տեղից վեր կացողը կարող է սերիալի սցենար գրել, իսկ մեր լավագույն գրողները թող հաշտվեն այն մտքի հետ, որ իրենց բարձր գաղափարները, տաղանդը, իրենց տքնաջան աշխատանքով արարված գործերը լայն զանգվածների ստամոքսն անհապաղ լցնելու խնդրին պիտանի չեն, և իրենց ապրուստը պատահական միջոցներով պետք է հայթայթեն: Սերիալների այս վարարումը հետազոտելով` սոցիոլոգները և հոգեբանները, առանց աշխատատար և ծախսատար սոցիալական հարցումների, կարող են ազգի ներկայիս վիճակի մասին ծանրակշիռ հետևությունների հանգել, ասենք` մեր ներկայիս ինտելեկտի, հասարակության գիտակցության վրա ազդելու հնարավորությունների, տիրապետող գեղագիտության վիճակի և շատ ու շատ այլ ծանր բաների մասին: Եվ եթե մեր պետական այրերն իրոք շահագրգռված են մեզ ավելի քաղաքակիրթ տեսնելու խնդրում, բախվելով իրականության հետ` գուցեև ցնցվեն ու խելքի գալու նշաններ ցույց տան:
-Ի՞նչ թեմաներ կուզենայիք արծարծել կամ արծարծված տեսնել:
-Կոչումով (ի վերուստ կոչումով) գիտնականի, մանկավարժի, իրավաբանի, բժշկի և նրա մեծ առաքելությամբ այս աշխարհ եկած լինելու փաստի հետ հաշվի չնստող տգետների շահերի բախումը, կոլիզիաներ հենց հասարակության ներսում: Այս երևույթներն իրենց արտացոլումը գտնում են գրականության մեջ, բայց հեռուստասերիալի կամ հեռուստատեսային ֆիլմի նյութ դառնալով միայն կկարողանան հասարակական մտքի վրա ազդելու ուժ ձեռք բերել:
-Մենք լավ գրականությա՞ն, թե՞ լավ ընթերցողի պակաս ունենք:
-Այն օրը, երբ մենք լավ գրականության ու լավ գրողների պակաս ունենանք, նշանակում է` կամ մի շատ չար օղակի մեջ ենք, որից գուցե և մեծ զոհերի գնով, բայց դեռ դուրս գալու հույս կա, կամ` եկել է մեր վերջը: Այդ բանը, բարեբախտաբար, չի պատահել և չի պատահի, եթե մեր գլխին չկապեն «ոգու սովը», մեզ չհամոզեն, որ մենք վերջնականապես բթացած ազգ ենք, իսկ որ մենք միայն առևտրի (ներկայիս բառամթերքով` բիզնեսի) ազգ ենք, վաղուց է ասվել, դեռ միջին դարերից էլ առաջ: Բայց դա չի խանգարել, որ գրականության մեծեր ունենանք: Մի բան էլ ասեմ, որ գիրք սիրող, պրպտող մարդը միշտ էլ կգտնի դեպի գիրք տանող ճանապարհը, և համոզված եմ` ինչ-որ խորհրդավոր հնարներով գիրքն էլ ինքն է գտնում իր ուղին դեպի այդ քաղցած հոգիները:
-Ինքներդ ժամանակակիցներից ո՞ւմ գործերն եք սիրում կարդալ:
-Հրանտ Մաթևոսյանին, Աղասի Այվազյանին, Զորայր Խալափյանին, բնականաբար, ժամանակակից եմ եղել, քանի որ ապրել եմ նրանց հետ նույն շրջանում, նրանց հետ նույն օդն եմ շնչել: Պերճ Զեյթունցյանի, Ռուբեն Հովսեփյանի, Նորայր Ադալյանի հետ առանձնապես տարիքային անջրպետ չեմ զգում, Վահագն Գրիգորյանի, Լևոն Խեչոյանի, Սաթենիկ Մկրտչյանի, Հովիկ Վարդումյանի, Արա Նազարեթյանի, Սասունիկ Թորոսյանի (վաղամեռիկ ընկերոջս), Անահիտ Թոփչյանի հետ, որոնց սիրում և կարդում եմ, գրեթե տարեկիցներ ենք: Երիտասարդներից մեծ հաճույքով եմ կարդում ինձնից կրտսեր Սուսաննա Հարությունյանի, Հովիկ Երանյանի, Դիանա Համբարձումյանի, Մհեր Բեյլերյանի, Հրաչյա Սարիբեկյանի գործերը։ Էլի կարելի է շարունակել այս ցանկը: Ափսոս, որ այս կարճ զրույցի ընթացքում հնարավորություն չունեմ ասելու, թե յուրաքանչյուրին իր մարդկային ո՞ր հատկանիշների և հատկապես ո՞ր գործերի համար եմ սիրում:
-Քանի՞ գրքի հեղինակ եք:
-ՈՒթ գրքի, որոնցից երկուսն անտիպ են: Մեկը` «Պատառիկներ մեր փուչ կյանքից» ժողովածուն, այս տարի կտպագրվի պետպատվերով, իսկ մյուսը` «Ճյուղեր-տերևներ» վեպը, որ Դիանա Համբարձումյանի և Հրաչյա Սարիբեկյանի վեպերի հետ այս տարի արժանացել է Արա Աբրահամյանի սահմանած ամենամյա մրցանակին, կտպագրվի հովանավորի միջոցներով:
Զրույցը վարեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4211

Մեկնաբանություններ