Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մահ, իսկ հետո՞... Վերջաբանի փոխարեն

Մահ, իսկ հետո՞...   Վերջաբանի փոխարեն
17.04.2009 | 00:00

ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ
(սկիզբը` թիվ 24-ում)
Որպես ավարտ ընթերցողներին ենք ներկայացնում մի աղոթք ընդհանուր ննջեցյալների, մանավանդ՝ հարազատների ու երախտավորների համար, որն անհրաժեշտ է կատարել ամեն շաբաթ երեկո (կիրակնամուտին) և բոլոր մեռելոց օրերին.
-Աղաչում և խնդրում եմ Քեզանից, ով բազմագութ Աստված, մեր ազգի հին ու նոր և բոլոր հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների համար։ Եվ մանավանդ՝ իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների և բարեկամների համար, նաև հոգևոր վարդապետների, բարի գործերի մեջ կրթողների և ուսուցիչների և մեր բոլոր ի Քեզ ննջած աշխատավորների ու երախտավորների համար, որոնց հիշի՛ր Քո ողորմությամբ գալստյանդ մեծ օրը, թողություն շնորհի՛ր նրանց բոլոր մեղքերին ու սխալներին և դասի՛ր Քո սուրբերի հետ աջակողմյան դասում և տո՛ւր լսել Քո երանավետ բարբառը, թե՝ եկե՛ք, Իմ Հոր օրհնյալներ։ Եվ ըստ նրանց՝ մեր հանդեպ երախտիքների, մեկի դիմաց բյուրապատիկ հատուցիր նրանց հոգիներին և անդատապարտ դարձրու մեզ նրանց պարտքից։
Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից, ամեն։
Իսկ այժմ, որպես հաստատումն վերը գրվածների և ի մխիթարություն սգավորների, կարդանք երեք վկայություններ, որոնք կապված են ննջեցալների հոգիների հետ։
Վկայություն առաջին։ Այս պատմությունը տարիներ առաջ պատմեց այն ժամանակ «Շարական» համույթի ղեկավար Դանիել Երաժիշտը։ Հիմա, հնարավորինս հիշելով, վերաշարադրում եմ ընթերցողների համար։
«1984 թ. մեր «Շարական» համույթին հրավիրեցին Հոլանդիա, միջազգային հոգևոր երաժշտության փառատոնին մասնակցելու։ Այն նվիրված էր նրանց մեծագույն սրբի՝ սուրբ Սվազի մեծարմանը (ինչպես, օրինակ, մենք Գրիգոր Լուսավորչին կուզենայինք մեծարել)։ Երբ մեր ինքնաթիռն իջավ օդանավակայանում, լրագրողներն իսկույն մոտեցան մեզ և հարցրին. «Իսկ գիտե՞ք` ով է սուրբ Սվազը և ինչ ազգից է, որի տոնակատարությանը պիտի մասնակցեք»։ Մենք ասացինք, որ չգիտենք։ Մյուս օրը թերթերը գրեցին, որ Հայաստանից եկած ներկայացուցիչները չգիտեն, որ մեր սուրբ Սվազը եղել է ազգությամբ հայ, որ նա Հոլանդիա է եկել դարեր առաջ և այստեղ Տիրոջ խոսքը վկայել։
Երբ եկավ «Շարական» համույթի ելույթի օրը, հոլանդական սառը հասարակությունն անսպասելի ջերմությամբ լսեց ու երկարատև ծափահարությամբ գնահատեց մեր հայրերի աղոթքով երկնքից իջեցրած հոգևոր շարականներն ու երաժշտությունը։ Բայց խոսքն այժմ այդ համերգի ժամանակ կատարված մի իրադարձության մասին է։
Երբ հազիվ մի քանի համար էինք կատարել, հանկարծ առջևի շարքում նստած մի սևազգեստ կին, երկինք նայելով ու ինչ-որ բացականչություններ անելով իրենց լեզվով, ուշակորույս գետին ընկավ։ Իսկույն դահլիճի ծառայողները նրան դուրս տարան, որ ջրով ցողեն և ուշքի բերեն, իսկ մենք շարունակեցինք մեր կատարումները։ Երբ համերգն ավարտեցինք, ես թարգմանչի միջոցով հարցրի, թե ինչ էր պատահել այն կնոջը և ինչպես է նա իրեն զգում այժմ։ Մեզ ասացին, որ այդ կինն ինքն է ուզում ձեզ տեսնել ու իր շնորհակալությունը հայտնել։ Մենք, զարմացած դեպքի նման ընթացքից, որովհետև նա չէր հասցրել ամբողջովին լսել կատարումները, գնացինք տեսնելու այդ կնոջը։ Երբ նա մեզ տեսավ, մի տեսակ պայծառացած և ջերմությամբ մոտեցավ ու ի սրտե շնորհակալական մաղթանքներ էր անում։ Ապա մի փոքր դադարից հետո վկայեց նաև դրա պատճառը։
Նա պատմեց, որ մի տարի է, ինչ կորցրել է ավտովթարի ենթարկված իր երիտասարդ տղային, ոչ մի կերպ չի մխիթարվում, անդադար լաց է լինում, տանջվում։ Ահա երբ լսեց, որ իրենց պաշտած սրբի ազգակիցները Հայաստանից համերգի են եկել, ներքին առաջնորդություն ունեցավ գալու և լսելու այդ հինավուրց երկրի հոգևոր երաժշտությունը։ ՈՒ երբ նա լսում էր այդ հոգեպարար երաժշտությունը, հանկարծ իր առջև, օդում կանգնած, տեսնում է իր տղային, այնպիսին, ինչպիսին վերջին անգամ էր նրան հիշում։ Որդին, ուրախությամբ լեցուն, ասաց, որ իր համար այժմ այնտեղ ավելի լավ է, քան երկրում, բայց ինքը շատ է տխրում, որ ես (այսինքն` մայրը-հեղ.) դեռ անմխիթար եմ ու անդադար լաց եմ լինում, որ իբր որդիս չկա։ Եվ բացատրեց, որ այդպես չէ. Աստված իր որդիներին, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին և ջանում են պատվիրաններով ապրել, երբեմն ժամանակից շուտ է տանում Իր մոտ, որպես Իր Այգու վաղահաս պտուղ։
Երբ այդ բոլորը տեսա ու լսեցի, ես ուրախությունից ուշակորույս եղա։ ՈՒ հիմա հանձինս ձեզ շնորհակալություն եմ հայտնում բոլոր հայերին ու Հայաստանին, որ նման սուրբ հայրեր ու Աստծո հավատարիմներ եք ունեցել»։
Վկայություն երկրորդ։
Այս միջադեպը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Գյումրի քաղաքում։ Ինձ ծանոթ ընտանիքում (որտեղ Աստծո խոսքը լսել էին տեղի եկեղեցու քահանայից, որը հաճախ էր այցելում նրանց ընտանիք և պատմում Աստծո փրկության ու հավիտենական կյանքի մասին) հանկարծահաս դժբախտություն է պատահում։ Տանտիրոջ քսանն անց միակ տղային, վրայի ոսկե շղթայի համար, մի քանի հոգով գազանաբար դաշունահարելով` սպանում ու թաղում են քաղաքի դեռևս փլատակ մնացած շենքերից մեկում։ Շատ չանցած մարդասպանները բռնվում են ու դատվում, բայց տանտիրոջ ու իր կնոջ վիշտը ոչ ոք չէր կարող ամոքել, որովհետև կորուստը մեծ էր ու անդառնալի։ Այդ դեպքերից շատ չանցած ինձ լուր տվեցին, ու ես իսկույն Գյումրի մեկնեցի։ Ճանապարհին մտածում էի, թե ինչպես պետք է խոսեմ այդ ծնողների հետ, որոնց վիշտը իսկապես մեծ էր։ Բայց ես սրտումս խաղաղություն ունեի Տիգրանի (սպանված տղայի անունն է) հոգու համար, որովհետև տարիներով այցելելով նրանց ընտանիք, տեսնում էի, որ նա կենդանի հավատք ուներ Աստծո հանդեպ, աղոթք էր անում, Ավետարան ու Նարեկ էր կարդում, եկեղեցի էր հաճախում սուրբ Պատարագին մասնակցելու։ Իսկ երբ Գյումրու տարիներով փակված Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցին բացեցին ու սկսեցին վերանորոգել, Տիգրանն ամբողջ օրն այնտեղ էր լինում ու աշխատում բանվորների հետ։ Մի անգամ, երբ ես էլ գնացի այդ եկեղեցին, տեսա, որ նա կոմունիստների թաքցրած, սվաղած պատերի մեջ գտնվող խաչքարերն էր զգուշությամբ լույս աշխարհ հանում, վերականգնում։ Ես էլ տեսնելով, թե ինչպիսի ջանասիրությամբ ու սիրով է այդ աշխատանքն անում, անկախ ինձանից ասացի. «Աստված էլ թող քո միջի Խաչյալին վերականգնի, որ Նրա փրկությունը տեսնես»։ Եվ նա ուրախացած պատասխանեց. «Ամեն»։
Եվ ահա մի քանի տարի անց այս դեպքը պատահեց նրան։ Մարդկային մտածելակերպով, իհարկե, սա դժբախտություն է և կորուստ, բայց հոգևոր ոլորտում մարդկայինը հաճախ հակառակ է իրականությանը, ինչպես որ Հիսուսի և Իր սրբերի մահը կորուստ ու դժբախտություն էր համարվում, բայց իրականում հարության ու Աստծո Արքայության դուռն էր այդ ամենը։
Երբ աղոթքով ներս մտա ծանոթիս տուն, առաջին հերթին, իհարկե, Սուրբ Հոգու մխիթարությունը մաղթեցի հանգուցյալ տղայի ծնողներին։ Իսկ երբ նստեցի ու լուռ սպասում էի, որ իրենք խոսեն, տղայի հայրն ասաց. «Տիգրանս չկա, տեսա՞ր ինչ եղավ»։ Ես անկախ ինձնից, կտրուկ ասացի. «Այդ քեզ համար չկա, բայց նա Աստծո համար կա և կենդանի է»։ Հայրը մի պահ լռեց ու ասաց բարձրաձայն. «Ա՛յ, այդ խոսքերին էի սպասում այսքան ժամանակ. հիմա նոր հոգիս հանգստություն զգաց, հավատացի, որ Տիգրանս կենդանի է, բայց մեզ հետ չէ»։
Անցան տարիներ, Աստված Իր իմացած ձևերով տարբեր առիթներով և, ամենակարևորը, Աստվածաշնչով ապացուցում և հավատացնում էր նրանց, որ իրենց տղան Տիրոջ խոստացած խաղաղության մեջ է։ Իսկ ծնողներն այդ ժամանակաշրջանում ավելի մոտեցան Աստծուն և ամեն օր Աստվածաշունչ և այլ հոգեշահ գրքերով հավատքի մեջ զորացան և ամրապնդվեցին, մանավանդ ամեն կիրակի մասնակցում էին սուրբ Պատարագին և Աստվածածնի «Յոթ վերք» եկեղեցում կանգնում այն տեղում, որտեղ իրենց տղան էր սովորաբար կանգնում։
Եվ ահա մի անգամ էլ մարդասեր Աստված, տղայի հոր հավատն առավել ամրացնելու համար, պատարագի ժամանակ տեսիլքով ցույց է տալիս իր ողջ զավակին։ Ավելի լավ է լսենք իր վկայությունը. «Պատարագի ժամանակ սովորականի նման կանգնած էի եկեղեցում, հանկարծ մարմինս կարծես քարացավ ու ես անշարժացա տեղումս։ Չհասկացա, թե ինչ կատարվեց ինձ հետ, քանի որ նույնիսկ ձեռքս չէի կարողանում շարժել։ ՈՒ հանկարծ սուրբ խորանի ուղղությամբ, գետնից մի քանի մետր բարձրության վրա, տեսա Տիգրանիս, ճիշտ իր սովորական հագուստներով, նրան կարծես թե ոչինչ չէր եղել, ուրախ-ուրախ, իրեն յուրահատուկ ձեռքի մի շարժում անելով, ասաց. «Պա՛պ, լավ է, չէ՞, այստեղ»։ Ես կարկամած ու անասելի ուրախությամբ նրան էի նայում և զարմանում էի, որ կողքիս մարդկանցից ոչ մեկը չի տեսնում տղայիս։ Ամբողջ տեսիլքը երևի մի րոպե տևեց, բայց այդքանն էլ բավական էր, որ ես հաստատվեի իմ հավատի մեջ, որ Տիգրանս ողջ է ու նրա համար երկնքում ավելի լավ է, քան այս մեղքերով լի տառապող աշխարհում։ Մենք, որ մինչ տղայիս ննջելն անտարբեր էինք Աստծո խոսքի ու սուրբ Պատարագի հանդեպ, դրանից հետո միշտ աշխատում ենք եկեղեցի գնալ, Աստվածաշունչ կարդալ ու մեղքերից հեռու մնալ, որ ես էլ ու կինս էլ արժանանանք Երկնքի Արքայությանը, կա հավիտենական ուրախություն և խաղաղություն»։
Վկայություն երրորդ: «Հայկականք» գրքում կա այսպիսի մի վկայություն. Հովհաննես վարդապետը գիշերը երազում տեսնում է, որ Ակոռի գյուղի մեռած տանուտերը տխուր, տրտում է։ Վարդապետը երբ հարցնում է տխրության պատճառը, նա պատասխանում է. «Ինչպես ուրախանամ, որ Դավիթ որդուս 6000 դահեկանի ժառանգություն եմ թողել, բայց ո՛չ աղքատներին է ողորմություն տալիս, որ ինձ էլ այստեղ բաժին հասնի, ո՛չ էլ քահանաներին է հասույթ տալիս, որ աղոթեն ինձ համար»։
Այս երազը պատահում է Մեռելոցի օրվա գիշերը։ Վարդապետը եկեղեցում պատարագի ժամանակ քարոզում և պատմում է այս մասին։ Տանուտերի տղան՝ Դավիթն այնտեղ ներկա է լինում։ Նա բարձրաձայն մեղա է գալիս բոլորի առաջ ու խոստովանում, որ իսկապես մոռացել է հանգուցյալ հորը հասանելիք իր պարտքը կատարել։ Պատարագից հետո մատաղ է մորթել տալիս ու բաժանում ժողովրդին, իսկ աղքատներին, կարոտյալներին ու չունևորներին հոր թողած ժառանգությունից բաժին հանում։
Դրանից հետո Հովհաննես վարդապետը նորից է երազում տեսնում տանուտերին, որը զվարթացած երեսով ասում է, որ հոգին խաղաղություն և ուրախություն գտավ որդու կատարածներից հետո։
Հետգրություն այս վկայությունների համար։ Իհարկե, շատերին անհավատալի կթվան նման պատմությունները, բայց սրանք Աստծո խոսքին հավատքով վստահողների համար են։ Որպես դրա վկայություն այժմ կարդանք Եսայու մարգարեության տողերը. «Տեսե՛ք, ինչպես կորավ արդարը, և չկա մեկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում։
Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացավ մեջտեղից» (Եսայի 57.1-2)։
Եվ դարձյալ նույն բանի մասին կարդանք Սողոմոնի իմաստության խոսքերից. «Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար և արարել նրան ըստ Իր բարերության պատկերի։
Մահն աշխարհ է եկել բանսարկուի նախանձով, և ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն։
Բայց արդարների հոգիներն Աստծո ձեռքում են, և մահը նրանց չի մոտենալու։
Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզանից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ։
ՈՒ թեպետ մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն, ինչպես և նրանք, ովքեր չխուսափեցին սակավ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց, ինչպես ոսկին բովի մեջ իբրև ողջակեզի զոհ ընդունեց նրանց։
Եվ երբ Տերն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վերընթանան, ինչպես կայծը եղեգնի միջով» (Իմաստություն Սողոմոնի, 2,21-24, 3, 1-7)։
Ահա հնարավորինս ընթերցողին հասցվեցին վշտացյալների, սգավորների և ննջեցյալների համար անհրաժեշտ տեղեկություններ և խրատներ, քաղված Աստծո Խոսքից, սուրբ եկեղեցու և նրա հավատարիմ ծառաների խորհուրդներից ու խոսքերից։
Մնում է հուսալ, որ հայորդիները թե՛ իրենց հարազատների, թե՛ սեփական հոգիների փրկության համար հավատով ու երկյուղով կընդունեն դրանք, փառավորելով մեր մարդասեր Աստծուն՝ Հիսուս Քրիստոսի անունով. Որով եղավ մեր փրկությունը, և ՈՒմ վայել է փա՜ռք, երկրպագություն հավիտյանս հավիտենից, ամեն։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2836

Մեկնաբանություններ

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում
Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե