38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նվիրյալների փաղանգը լույս և եռանդ կհաղորդի հայության ընթացքին դեպի հաղթական վերելք

Նվիրյալների փաղանգը լույս և եռանդ կհաղորդի հայության ընթացքին դեպի հաղթական վերելք
22.05.2009 | 00:00

ՍՈՒՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ, ՍՈՒՐԲ ԱԶԳԻ ՍՈ՛ՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
ԱՊԱԿԱՆՈՒՄ
(ԵՐԿՐԻ, ՄԱՐՄՆԻ, ՄՏՔԻ, ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԵՐԻ)
Չարի հոգեբարոյական ապականման բացիլը` վիրուսը, որ միշտ կա, պարբերաբար սաստկանում, տարածվում ու ավելի շատ է ախտահարում հերթական կատաղության պատճառով ու նաև նրանով, որ հարաճունորեն զորանում է` ախտահարելով և ճարակելով նորանոր զոհերի։
Փորձությունը միշտ կա, և մարմինը տկար է դիմադրելու չարին թե՛ խաբվելու ենթակայությամբ և թե՛ հրապուրվելու, եթե Աստված չպաշտպանի մարդուն` Սուրբ Հոգով զորացնելով և սրբագործելով նրա հոգին։ Այն ժամանակ մարդը կանսա և կկարողանա հետևել Տիրոջ կոչին` ասված Առաքյալի միջոցով. «Հոգով գնացեք և մարմնի ցանկությունը չեք կատարի, որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ»։
Երբ սաստկանում էին չարի, ստի և հրապույրի խայթոցները, գայթակղությունները` ախտահարելով միտքը, խորհուրդներն ու գործերը, առաջանում էր մեղքի վարակ ու ախտահարում այդ միջավայրում եղողներին նաև մարմնական տարբեր հիվանդություններով։
Բայց սեկուլյար մարդկությունը, ներառյալ սեկուլյար (նյութական, ձևական, մակերեսային և վերջին հաշվով ունայն) գիտությունը, չէին կարողանում հասկանալ չարիքի աղբյուրի հոգևոր պատճառը, ինչպես և հիմա չի կարողանում...
Բոլոր դեպքերում մեղքը պարունակված, թաքնված է մարմնի նյութի մեջ ու արտահայտվում է ցանկությամբ, եթե հոգին բացակայում է այդ ցանկությունից, այսինքն` եթե վերջին հաշվով հոգով և հոգու համար չէ այդ ցանկությունը։
ԱՊԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄ
(ԵՐԿՐԻ, ՄԱՐՄՆԻ, ՄՏՔԻ, ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԵՐԻ)
Հայության ու Հայաստանի հոգեբարոյական վերածննդի ու ազգային կենսունակության վերահաստատումը պայմանավորված է ազգի հոգեբարոյական և գաղափարական հեղափոխականացմամբ։ Այդ հեղափոխության հաղթանակի գրավականը սրբացումն է ապաշխարությամբ։ Հետևաբար, այդ հեղափոխությունը կարող են սկսել ապաշխարյալները և Քրիստոսով հաղթական ավարտի հասցնել սուրբ կյանքի ապրումով։ Կա՞ն, կգտնվե՞ն նրանք։ Ո՞Ւր նայենք` Էջմիածի՞ն, Անթիլիա՞ս, Երուսաղե՞մ, էլ ո՞ւր։
Զենքի հզորությունը, զորքի մեծությունը, դրամի առատությունը, դաշնակիցների կարողությունը կամ ուրիշ ինչ էլ լինի, եթե՛ լինի, այդ չէ, որ փրկելու է հայ ազգն ու հայրենիքը, այլ Հայ Ապաշխարյալ Սուրբ կանայք ու արանք։ Այն է` Ազգի Ապաշխարյալ Սրբերից կազմված և միշտ երբ հարկն է գործելու ունակ նվիրյալների փաղանգը, քրիստոնյա ասպետական որակի կրիտիկական զանգվածը, որը լույս և եռանդ կհաղորդի հայության ընթացքին դեպի հաղթական վերելք` ի բարգավաճում ազգի, ի բարօրություն մարդկության և ի փառս Աստվածային Սուրբ Երրորդության։
«ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԵՐԿԱՑՄԱՆ» ՄԱՍԻՆ, ԻՆՉՈ՞Ւ
Մի տեղ գրվել էր «Ամերիկայի մերկացման» մասին։
Ինչպե՞ս իմանային Ամերիկայի հիմնադիր հայրերը, երբ գրում էին Սահմանադրության առաջին հոդվածը (First Amendment), որ նրանով պաշտպանելու են ամերիկյան հեռուստատեսության անբարոյականությունը:
Մենք` հայերս ու Հայաստանը, որտե՞ղ ենք այս հարցում։ Ճի՞շտ է մեր կողմնորոշումը։ Ինչո՞վ ենք կողմնորոշվում։ Ովքե՞ր են պատասխանատու, որ Հայաստանն էլ չհասնի «մերկության»։ Գուցե և` «մերկանո՞ւմ է» արդեն։ Ի՞նչն է պատճառը։ Ո՞վ, ովքե՞ր են շահագրգռված Հայաստանի «մերկացմամբ»։ Ինչո՞ւ... Մենք զգա՞ստ ենք արդյոք։ ՈՒզո՞ւմ ենք «չմերկանալ», դիմադրել։ Թե՞ արդե՛ն նետված ենք կորստյան հորձանուտի մեջ. կորուստ ազգի ու հայրենիքի, կորուստ` հոգու և կյանքի ընդմիշտ...
Ի՞նչ է, տեր չկա՞։ Տիրություն անող չկա՞ այլևս...
ԹՎԱՑՅԱԼ ՎԵՐԵԼՔՈՎ ՀՈ՞ ԵՐԹԱՄ
Բարգավաճում ժողովրդավարությամբ, ժողովրդավարություն ազատությամբ, ազատություն ազատ արտահայտությամբ։ Բայց այդ ազատ արտահայտությունը կարդյունավորվի, եթե Աստուծո խոսքի ճշմարտությամբ է...
Այս «եթե»-ն էական է, առանց դրա չկա և չի կարող լինել ազատություն, ժողովրդավարություն, հետևապես և բարգավաճում իր իսկական ու ամբողջական հասկացողությամբ, որին հոգեզուրկ (սեկուլյար) միտքը, կամքը, նպատակը և գործերը, լինելով ամուլ, համաձայն չեն և չեն էլ համապատասխանում։
Այդ ամուլ, և դեռ ավելին, վիճակի գոյացումը սկսվում է, երբ իշխանությունն իր բնույթով, բովանդակությամբ և գործով դառնում է սեկուլյար, այսինքն` կտրված հոգևորից, այն հասկացությամբ, որ հոգևորը պետք է կապ ու գործ չունենա իշխանության հետ, նրա գործնական իրականության հետ... Բայց քանի որ, ուզենք թե չուզենք, բարոյականությունն իր իսկական էությամբ բխում է հոգեկանից և իր արժեքների արժևորմամբ ու կիրառությամբ լրացնում է գործնական իրականության ոգեկանությունը, ապա իշխանությունն առանց հոգևորի զրկված է նաև բարոյականությունից, այսինքն` իր գործը, իր հիմնական խնդիրներն ու տված խոստումները կատարելու պարտաճանաչությունից, շահագրգռությունից, հետևապես և կենսունակությունից, այսինքն` ամուլ է վերելքի համար...
Ըստ երևույթին, դժբախտաբար, հայոց թե՛ պետական և թե՛ քաղաքական-հասարակական իշխանությունը մեծ մասամբ այդ սեկուլյար ըմբռնումն ունի։ Սակայն դրանից ավելի վատը, վնասակարը և մեղքի իմաստով ողբերգականն այն է, որ հայոց կղերականությունը կամ գոնե նրա մի զգալի մասը ևս, ըստ երևույթին, հեռու չէ սեկուլյար իշխանության այդ վիճակից։ Որոշ իմաստով հաճախ նաև ավելի առաջ է անցնում այդ կործանարար ընթացքում։
Աստված մեզ հասնի...
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՎԱՏՔԻ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԻ ԳՈՐԾՈՆԸ
Մարդկային պատմության մեջ չի եղել որևէ պետականություն, որի ստեղծողների ու ամրապնդողների գոնե մի զգալի մասն ազգի, երկրի, պետականության շահերն առաջին տեղում դրած չլինի իր կյանքում։ Իրապե՛ս անկախ և կենսունակ պետականությունը գոյացել է նախ հավատքով և դրա վրա հիմնված գաղափարով, համոզմունքով, ինչպես նաև հետևողական ու հարատև կազմակերպվածությամբ և կարգապահությամբ:
Հատկապես 18-20-րդ դարերում միայն զուտ ազգասիրությունն ու հայրենասիրությունը շատ պարագաներում զորեղ էին այնքան, որ դրանց գաղափարը, համոզմունքը և դրանց վրա հիմնված կազմակերպումը բավական մեծ հարատևությամբ գործուն, կառուցողական ու արդյունավետ դեր էին կատարում` նույնիսկ դիմանալով բազում ծանր փորձությունների: Բայց դա երկար չտևեց։
20-րդ դարից այդ հանգամանքը հարաճուն փոփոխության է ենթարկվում։ Հիմնականում իր ներքին հոգևոր սնանկության, մշակութային սահմանների աննախադեպ ընդհանրացման և տարբեր միջոցներով ու ձևերով հոգեզուրկ գաղափարների, այսպես կոչված, գլոբալացման պատճառով, որը վերջերս լրացվում է նաև տնտեսական գլոբալացմամբ ու մղում ստանում նրանից, ինչպես նաև երթևեկության ու հաղորդակցության աննախադեպ ինտենսիվությունից:
Այս պայմաններում հայ իրականություն ներթափանցող բացասական ազդեցությունները հաջողությամբ դիմագրավելու և ավերիչ ներգործություններից ազատ մնալու համար այժմ, ինչպես և միշտ, հզորագույն ու հարատև գործոնը կա ու կլինեն հավատքից բխող գաղափարը և դրա հիման վրա գործող կառույցներն ու կյանքի հարաբերությունները։ Եթե դրանք իրական և բնական մնան ու արհեստական փոխարինման չենթարկվեն, կլինեն կայուն ու արգասաբեր աստվածային զորությամբ։
Հայության համար էական հարց է, թե հայ ազգային միտքը, այժմ արդեն նաև պետական միտքը պիտի զգա՞, հասկանա՞ ու որդեգրի՞ այս ճշմարտությունը։ Հայ ազգային քաղաքական միտքը պիտի սնվի՞, լուսավորվի՞ դրանից և պիտի ընթանա՞ այդ ճանապարհով։
ՍՈՒՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ
Սուրբ Հայաստան, սուրբ ազգի սո՛ւրբ հայրենիք։ Ահա՛ աստվածային երկնային քաղաքականությունից թելադրված հայ ազգային երկրային քաղաքականության կիրառությունը: Ահա՛ բոլոր խնդիրների լուծման, դժվարությունների հաղթահարման և վտանգների վերացման աստվածատուր շնորհքը, միջոցը, ուժը, կարողությունը և դրությունը։
Այդ կիրառությունը հայության և նրա Հայրապետության ու Հանրապետության հիմնական և գլխավոր նպատակը, ծրագիրը և գործունեությունը պետք է լինի։ Յուրաքանչյուր հայի սրբությունը ազգի սրբությունն է։ Ազգի սրբությունը երկրի ու նրա պետականության սրբությունն է։ Վերջին հաշվով` մարդկության սրբությունը։ Եվ Աստված գոհանալու է, որ 1700 տարի առաջ շնորհ արեց հայ ազգին, որ հավատքով պետականորեն առաջինը հաղորդակցվի իր հավիտենական Սուրբ խորհուրդներին ու ծրագրերին և մասնակցի դրանց կիրառությանը...
1700 տարի առաջ աստվածային հավիտենական խորհուրդներին և ծրագրերին աստվածաշնորհ հավատքով հաղորդումից ծնված Հայ Ազգային Գաղափարախոսությունը, որ հավատքով կյանքի ապրում դարձավ, Ազգի Սուրբ Ասպետությամբ սնեց Թարգմանչաց ու Վարդանանց ոգին, լուսավորեց նրանց գործերը և հարթեց փրկության ճանապարհը հայի հավիտենական կյանքի...
Այս իրականությունն ազգի ժառանգությունն է, այն նորից ապրում դարձնելը հայությունն ու Հայաստանն էապես դարձնում է ոչ միայն համամարդկային, այլև երկնային մասնիկ-աղ` ի ծաղկումն հայրենիքի, ի երջանկություն ազգի, հօգուտ մարդկության և ի փառս Սուրբ Երրորդության։
ԱԶԳԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ԵՎ ՎԵՐԵԼՔԸ
Հայ ազգը, Հայոց Հանրապետությունը, Հայրապետությունը և հատկապես ղեկավարությունը, ինչպես նաև հայոց գիտությունը, մտավորականությունն ու ամբողջ հասարակությունը, ըստ երևույթին, մտորելու, վերլուծելու, վերագնահատելու և վերաճանաչելու էական խնդիրներ ունեն` կանգնելու համար Ազգի ու Երկրի իսկական գոյատևման և բարգավաճման իսկական ճանապարհի վրա։
* * *
Ինչի՞ց են սկսվում Ազգի վերածնունդը, հայոց պետականության կայացումը, երկրի վերելքը։ Ո՞րն է հայ ազգի ազատ, անկախ, ապահով, բարգավաճ ու երջանիկ կյանքի հաստատման նախապայմանը, հիմքը։
Նախ, որ հայ ազգի այդպիսի՛ կյանքի հաստատման մակարդակը պայմանավորված է նրա ազատ, անկախ, միասնական և հմտորեն գործելու աստիճանից։ Դրա նախապայմանը, որպես համայն հայության հայրենիք Հայաստանի վերակերտումն է` համայն հայության մասնակցությամբ լիարժեք պետականության կայացմամբ, իսկ այդպիսի պետականության կայացման անխախտ հիմքն Ազգի հոգեկան, բարոյական, գաղափարական և գիտակցական վերազարթոնքն է։
* * *
Աստված մեր զգալու, ըմբռնելու և գնահատելու հատկությունները պսակել է խղճի ու արժանապատվության զգացումով և բարոյական ըմբռնմամբ ու գնահատմամբ։
Եթե սրանով ու այսպես սկսվի ընտրյալ պահը ազգային վերազարթոնքի ու ամբողջացվի համաժողովրդական վերալուսավորմամբ, ապա հայոց կյանքը նաև հոգևորապես կպետականանա։ Իսկ հոգևոր պետականացումը նախապայմանն է հայոց աշխարհիկ պետականության ա՛յն որակի, որն անհրաժեշտ է երկրի նյութական զարգացման և դրա երաշխիք հոգեկան ու բարոյական վերելքի համար։
* * *
Արդյոք կորցնո՞ւմ ենք հարաբերությունների որակը հայ կյանքում։ Համը, իմաստը, բերկրանքն ու որակը մեր ընտանեկան հարաբերություններում, մեր ընկերական շրջանակներում և մեր ընկերային կյանքում։ Իսկ նոր սկսվող ու կազմավորվող մեր պետականության կյանքում` քաղաքական ու հասարակական հարաբերություննե՞րը։ Ինչպե՞ս է զգում ու վարվում ու նաև դաստիարակվում մեր նոր ձևավորվող սերունդը։ Ինչքանո՞վ են դրանք տոհմիկ-ազգային և ինչքանո՞վ են խորթ ու օտար...
Եթե մենք մեր հարաբերությունների որակը մեր ազգային համընդհանուր կյանքում չբարձրացնենք քրիստոնեական հավատքի մեր սուրբ հայրերի ավանդած ժառանգության մակարդակին, ապա թե՛ մեր ազգային-պետական և թե՛ համայնքային ու հանրային կյանքը կամլանա։ Ի վերջո, այն կմոլորվի` ի ճահճունս և ի կորուստ։ Սա կնշանակի, որ Աստուծո կողմից մեզ պարգևված խղճի ու արժանապատվության, բարոյականության և բարության զգացումը, ըմբռնումը և գնահատումը բթացած և վարակված են փաստացի աստվածամերժության նյութապաշտության ու այլասերման ախտով, որը մահ է, վախճանն է գոյի, նախ` անձի, նրանով` ազգի և վերջինով էլ` մարդկության։
Զարթնի՛ր, սթափվի՛ր, բարձրացի՛ր, հա՛յ...
ՍԱՀՄԱՆ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ, ԱՆԸՄԲՌՆԵԼԻ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆ
Մարդկային խելքը և խելացիությունը, գիտելիքն ու գիտությունը եթե չեն բեղմնավորված Սուրբ Հոգով, փուչ են և խեղճ, իսկ երբ շատ են «զոռում», նաև` հիմարություն։
Աստուծո «նալադչիկներն» են կարգավորում մարդ-անհատի և մարդկության խելքն ու մտածումը, մարդը, մարդկությունը կարող են հասկանալ միայն այն ու այնքան, ինչը և ինչքան թույլատրում է իրենց «կոնստրուկցիան» և «նալադչիկների նալադկան»։
ՈՒրիշ բան ու ավելին, եթե մարդուն և մարդկությանը չի՛ տրված, որ տեսնեն կամ հասկանան, նրանք ի՛նչ էլ անեն, չե՛ն տեսնի, չե՛ն հասկանա, իսկ եթե շատ «զոռեն», նաև կհիմարանան ու ապակողմնորոշվելով ինչքան էլ վեր-վեր թռչեն, չեն իմանա, թե ինչ կա ու կարող է լինել, ո՛չ միայն իրենց քթից այն կողմ, այլև հենց իրենց մեջ։
ՈՒ այս խաբուսիկ և ունայն վիճակից կարելի է դուրս բերել միայն Ավետարանով և խաչով Աստուծո հավատքի իմաստությունը, գիտությունը, շնորհքը և տեսանելիությունը։ Դրանցո՛վ կարելի է անցնել սահմանը մարդկային կարողության և թափանցել, տեսնել ու հասկանալ երկրայնորեն անըմբռնելին։ Դրանցով կարելի է նաև ապրել Աստուծո՛ թագավորության կյանքով, ուր օրենքները սրբությամբ են, ու այդ մթնոլորտում «շնչառությունն» այլ է։ Ինչպես և լույսն ու տեսողությունն են այլ...
Երանի՜ հայոց մեծերին, սրբերին ու արդարներին, որ հավիտյանս այդ կյանքով են ապրում... Եվ երանի՜ նրանց, որ այդ կյանքով ապրելու հույսն ունեն, որ Աստվածանվեր է այս աշխարհի միամիտներին` «աղավնիի պես» և հոգով խոնարհներին, որ Աստուծո սերն ունեն։
Երանի՜ հայ ազգին, որ իր ժառանգության մեջ ունի այդ բոլորը հավատքով և դրանից բխող ու դրա վրա հիմնված Հայ Ազգային Գաղափարախոսությամբ` երկրային կյանքի փարոսով, որն իր լույսն ստանում է երկնային թագավորությունից և հայի երկրային կյանքն առաջնորդում է այնտեղ։
Վարդան ԳՐԻՉԵՆՑ

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ