38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանում իշխանության հարցը լուծվում է մայրաքաղաքում

Հայաստանում իշխանության հարցը լուծվում է մայրաքաղաքում
12.05.2009 | 00:00

«ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԸ «ՉՎՈՒՄ» ԵՆ ԴԵՊԻ ՀԱՐԱՎ»
Հայաստանի ներքաղաքական իրադրությունն այսօր, բնականաբար, բնութագրվում է Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների քարոզարշավում ստեղծված իրավիճակով։ Պատճառն ամենից առաջ այն է, որ, ի տարբերություն շատ երկրների, Հայաստանում իշխանության հարցը լուծվում է մայրաքաղաքում, և հենց այդ համատեքստում են մայիսի 31-ին կայանալիք ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ձեռք բերում։
Քարոզարշավն արդեն կիսվել է, սակայն այս պահի դրությամբ միանշանակ կարելի է արձանագրել, որ առանձնակի նորույթներ, մինչ այժմ չփորձարկված քարոզչական հնարքներ կամ ընտրողներին գրավելու ստանդարտներից դուրս ձևեր այդպես էլ ի հայտ չեկան։ Ինչպես և սպասելի էր, իշխանական կոալիցիայի կուսակցությունները և ընդդիմությունն աշխատում են ավանդական տեխնոլոգիաներով։ Իշխանական ուժերի գործունեությունն ավանդաբար կազմված է երկու բաղադրիչից` քարոզչություն գումարած տրամադրության տակ եղած վարչական ռեսուրսների օգտագործում, տարաբնույթ բարեգործական և այլ միջոցառումների կազմակերպում։ Կառավարող կոալիցիան կազմող բոլոր երեք կուսակցություններն էլ, իրավիճակի բարդությունն արձանագրելով հանդերձ, ընտրողին փորձում են կողմնորոշել, որ ընդհանուր կացության բարելավման իրական հնարավորություններ օրվա իշխանությունների ռեզերվում կան, և քաղաքային ավագանու ընտրությունների համապատասխան արդյունքների դեպքում, եթե շահի իշխանական կուսակցություններից որևէ մեկը կամ կոալիցիան առհասարակ, կարճ ժամանակի ընթացքում այդ փոփոխությունները նկատելի կդառնան։
Ընդդիմության որդեգրած գործելակերպը նույնպես ավանդական է. ամեն ինչ վատ է, և հետևապես անհրաժեշտ է անհապաղ իշխանափոխություն։ Ըստ այդմ, ընդդիմությունն անում է հնարավորը ընտրարշավն ավելի քաղաքականացնելու, ոչ այնքան քաղաքային, որքան համապետական նշանակության խնդիրներ առաջ քաշելով։ Այն մարտավարությունը, որը հռչակել էր ընդդիմությունը որպես կարգախոս` թե քաղաքային ավագանու ընտրությունները պետք է վերածել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի, հետևողականորեն փորձ է արվում իրագործել` անկախ նրանից, թե որքան է բնակչությունը համարժեք արձագանքում այդ կարգախոսին։
Տոնայնության որոշակի փոփոխություն կա իշխանությունից ընդդիմություն անցած դաշնակցության մարտավարության մեջ։ Անշուշտ, դաշնակցությունը համալիր իշխանափոխության խնդիր առաջ չի քաշում` քաղաքային ավագանու ընտրությունները գնահատելով հիմնականում իբրև երևանյան, համայնքային նշանակության միջոցառում։ Սակայն, միաժամանակ, ՀՅԴ կարգախոսներում, գործիչների ելույթներում սկսում է ուրվագծվել այն քննադատական նրբերանգը, որով դաշնակցությունը փորձում է զատվել մնացած քաղաքական ուժերից։ Այսինքն, ասվում են բաներ, մատնացույց արվում սխալներ ու թերացումներ, ինչը ոչ մի դեպքում չէր արվի, եթե ՀՅԴ-ն շարունակեր մաս կազմել կառավարող կոալիցիային։
Ինչ մնում է ընտրազանգվածի կողմնորոշումներին, ապա, անկախ հրապարակվող տարաբնույթ և հիմնականում պատվիրված սոցհարցումներից, ակնհայտ է, որ ընտրազանգվածի մեծ մասն իր նախապատվությունների առումով որոշում այդպես էլ չի կայացրել։
Կոալիցիայի բոլոր երեք կուսակցությունները, յուրաքանչյուրն իր ունեցած վարչական, ֆինանսական ու քարոզչական ներուժի չափով, ջանքեր են գործադրում, սակայն ոչ մեկը մյուսների համեմատությամբ բացահայտ առաջատար դիրքերի չի արժանանում։ Անկասկած, ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն ունեն համակիրների որոշակի ֆիքսված ընտրազանգված, որն իրենից ներկայացնում է կողմնորոշված մարդկանց խումբ։ Այսինքն, այդ խմբերը, տարբեր շարժառիթներից ելնելով, կանխավ ձայն էին տալու այդ կուսակցություններին, և ուրիշ ոչ մեկին։ Սակայն հստակ նախապատվություններ ունեցող այդ զանգվածը, այնուհանդերձ, բացարձակ փոքրամասնություն է` բնակչության ընտրությունների նկատմամբ բացարձակապես անտարբեր, այսպես ասած, ապակուսակցականացված զանգվածի համեմատությամբ։ Նա չի կարևորում քաղաքային ընտրությունները որպես այդպիսին, և մինչև ընտրարշավի ավարտն արմատական բեկում տեղի չունենա երևանցիների մեծամասնությունը կազմող այդ զանգվածի տրամադրություններում, ապա նրա մի մասն ուղղակի չի մասնակցի ընտրություններին, մի այլ մասն էլ կարող է մասնակցել բացառապես շատ որոշակի, շոշափելի ակնկալիքներից ելնելով։
Սա չի նշանակում, որ ընդդիմության դիրքերը բարելավվել են կամ գոնե մնում են անսասան։ Մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո ընդհանուր տպավորությունն այն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ու իր թիմին կհաջողվի կարգախոսներն ավելի արմատականացնելու ճանապարհով քաղաքային ավագանու ընտրություններն իսկապես վերածել նախագահականի երկրորդ փուլի։ Հատկապես նկատի ունենալով բնակչության զգալի հատվածի լուրջ դժգոհությունը տնտեսական ճգնաժամի հետևանքներից, գործազրկության աճը և միաժամանակ տրանսֆերների էական կրճատումը արտերկրից։ Բայց մարտի 1-ին հետևած երկու ամիսների ընթացքում ընդդիմությունը մատնված է փաստացի անգործության։ Քաղաքային ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակի շուրջ առաջացած քաշքշուկը, երբ ի հայտ եկան այդ ցուցակի ձևավորման ոչ այնքան հետաքրքիր, որքան վարկաբեկիչ մանրամասնությունները, բողոքական ընտրազանգվածի հետաքրքրությունը Տեր-Պետրոսյանի և իր գլխավորած շարժման նկատմամբ ակնհայտորեն թուլացավ։ Արդյունքը սպասեցնել չտվեց` մայիսի 1-ին Մատենադարանի հրապարակում ավելի քիչ ժողովուրդ կար, քան երկու ամիս առաջ։ Անշուշտ, սրանից չի կարելի ենթադրել, թե ընդդիմության ռեսուրսներն ամբողջապես սպառված են։ Գործընթացն օբյեկտիվ տեսանկյունից գնահատող փորձագետների կարծիքով` առաջին նախագահը դեռևս կարողանում է իր շուրջը պահել անհրաժեշտ կրիտիկական զանգվածը, սակայն այն այլևս ընդլայնվելու միտում չունի։ Համենայն դեպս, այդ ցույց տվեցին քաղաքային ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին երկու շաբաթների արդյունքները։
Ընդդիմության դիրքերը թուլացնում է ևս մի կարևոր հանգամանք։ «Ժառանգություն» կուսակցությունն առանձնակի հետաքրքրություն չի դրսևորում ընտրություններում «օբյեկտիվ դիտորդի» դերակատարության նկատմամբ, ինչի մասին հռչակել էր նախօրոք։ Ավելին, չար լեզուները պնդում են, թե «Ժառանգությունն» արդեն այսօր առևտուր է սկսել հանձնաժողովներում իր ունեցած տեղերի շուրջ` չմերժելով դրանք գնելու պատրաստակամություն ունեցող ոչ մեկին։ Շրջանառվում են լուրեր, որ առաջարկը պահանջարկ է ծնել, ինչի արդյունքում դրանից օգտվել են կոալիցիայի կուսակցությունները և նույնիսկ Տիգրան Կարապետյանը, սակայն ոչ ընդդիմադիր կոնգրեսը։ Եթե ընտրությունների օրը պարզվի, որ սա իսկապես համապատասխանում է իրականությանը, ապա ընդդիմությունն էական բարդություններ կունենա ընտրությունների ընթացքը վերահսկելու առումով, ու ստիպված կլինի հույսը դնել հիմնականում վստահված անձանց ռեսուրսի վրա։
Սա, իհարկե, չի նշանակում, թե իշխանական կուսակցությունները միասին կամ առանձին- առանձին ստացել են ընտրությունները հաջողությամբ կեղծելու շանս։ Նրանց մեջ էլ կա ակնհայտ մրցակցություն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը բոլորովին էլ միմյանց զիջելու մտադրություն չունեն։ Կոալիցիոն պայմանավորվածությունների կայացումը քարոզարշավի ավարտին շատ քիչ հավանական է, որովհետև եթե այն սկզբունքորեն հնարավոր լիներ, ապա կկայանար մինչև քարոզարշավը և այսօր արտահայտված կլիներ կոալիցիայի միասնական ընտրական ցուցակի ձևով։ Տեղում խելոք չի նստելու նաև դաշնակցությունը։ Այժմ իշխանությունից ընդդիմադիր դաշտ անցնելով, ՀՅԴ-ն միաժամանակ ակնհայտ անհրաժեշտություն ունի ապացուցելու իր ընդդիմադիր լինելը։ Ընտրությունների վերահսկման գործընթացը սկզբունքայնություն ցուցաբերելու համար բավական լավ առիթ է, եթե, իհարկե, դաշնակցությունը ցանկանա այդ առիթը ամբողջ ծավալով օգտագործել։ Իսկ այդպիսի ցանկությունը բացառված չէ, մանավանդ որ հնարավորություն է տալիս տարաբնույթ քաղաքական, այդ թվում` արտաքին քաղաքական հարցերով ճնշում գործադրել իշխանության վրա` դաշնակցության համար անընդունելի տարբեր դիրքորոշումներ «շտկելու» համար։
Այսպիսով, պայքար է գնալու յուրաքանչյուր ձայնի համար ինչպես իշխանական ուժերի միջև, այնպես էլ իշխանություն-ընդդիմություն հարթության վրա։ Կշահեն նրանք, ովքեր կկարողանան այսօր առայժմ անտարբեր զանգվածին վերածել ակտիվ կողմնորոշված ընտրազանգվածի։ Իշխանական կուսակցություններից որևէ մեկը չի ապահովագրել իր հաղթանակը, բայց ընդդիմությունն էլ այս պահի դրությամբ չունի այնքան ռեսուրս, որ կարողանա 2008-ին համարժեք ցնցում առաջացնել ու իշխանություններին ցույց տալ, թե որտեղ են ձմեռում խեցգետինները։ Մանավանդ որ կարծիք կա, թե նրանք ընդհանրապես չեն ձմեռում, խեցգետինները ձմռանը «չվում» են դեպի հարավ։ Նրանց մոտ էլ ամեն ինչ ինքնատիպ է, ինչպես բոլոր մակարդակների հայկական ընտրությունները։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2727

Մեկնաբանություններ