38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Խաղաղության «բլեֆի սիմֆոնիան»

Խաղաղության «բլեֆի սիմֆոնիան»
08.02.2024 | 16:26

Երևանում՝ «մատաղացու ոչխարի ու գազազած ցլի», Հուլուսի Աքարի Ալիևին նվիրած կացնի, Հայոց թե՞ Հայաստանի պատմություն, 7-րդ դասարանի պատմության դասագրքի, կարմիր գծերի ու տրանսպորտի թանկացումների դիսկուրսն է գնում, իսկ Ադրբեջանում և մասնավորապես Ստեփանակերտում՝ նախագահական ընտրություններում Ալիևն իր հաղթանակն է տոնում:

Արցախի ողջ տարածքում 5.849 ձայնով, իսկ ընդհանուր՝ 92,5 %-ով Ալիևը չորրորդ անգամ դարձավ նախագահ:

Այստեղ թերևս երկրորդական է, թե ըստ ո՞ր օրենքի՝ Ալիևն իր ընտանիքով հանդերձ գրանցված լինելով Բաքվում քվեարկելու իրենց իրավունքն իրացնում են Ստեփանակերտում (դիկտատորական երկիր. ի՞նչ օրենք, ի՞նչ օրինականություն):

Անգամ այդ նվաստացումն ու ստորացումն է մի կերպ տանելի, քանզի մի օր քիթը գետնով ենք տալու:

Հատկանշականն այն է, որ Ալիևը վերստին դարձավ նախագահ:

Վերջինս այդկերպ նաև ամրագրեց, կապիտալիզացրեց «հաղթանակն» ու Արցախի ձեռքբերումը:

Հիմա նա իր հաղթանակով, շահելով ժամանակ և ստանալով ժողովրդի վստահությունն ու «դաբրոն»՝ տալիս է նոր մարտավարության ու քաղաքական ուղեգծի մեկնարկը:

Մինչ այս, նրա բոլոր քմահաճույքներն ու պահանջները մեզ հայտնի էին:

Հետևաբար, Արցախը «մարսելուց» հետո (իհարկե դա դեռ վիճելի է) հաջորդիվ Հայաստանը վերջնականապես ծնկի բերելն է:

Արցախի միլիտարիզացիան մասամբ ավարտված է, պարբերաբար զորավարժություններ են անցկացվում իրենց համար նոր, բարձրլեռնային գոտիներում, բնակլիմայական տարբեր պայմաններում:

Սերբիայի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ մի քանի օրից Ադրբեջան են մատակարարվելու 339 մլն դոլար արժողությամբ 48 «NORA B52» ինքնագնաց հրետանային համակարգեր, որոնք բնականաբար չեն տեղակայվելու Բաքվում կամ Գանձակում:

Նպատակը մեկն է՝ Հայաստանի կապիտուլյացիան, այնուհետև պետականության ոչնչացումը, Հայաստանն առանց հայ կամ որպես էթնիկ փոքրամասնություն կազմող ամորֆ ու անդեմ հասարակության հաստատումը, հետո՝ Հայաստանի ամբողջական էքսպանսիան ու թրքացումը:

Սահմանված է՝ 2024-25-ը Հայաստանի հարցերը վերջնականապես լուծելու տարիներն են:

Այնպես որ, եթե մեկը կգտնվի, որ կհավատա, թե Ալիևը հրաժարվել է իր առավելապաշտական նկարտումներից, ուրեմն նա քաղաքականապես և, ոչ միայն, բոբիկ է:

Հետևաբար, սա ղողանջ է սթափության ու ողջամտության, քանզի Հայաստանին սպառնում է Արցախի ճակատագիրը:

Եվ այս ռիսկերը կրկնապատկվում են ու դառնում ավելի իրատեսական, քանզի անկեղծ թշնամուն շատ անկեղծ «դամ է պահում» ՀՀ գործող ղեկավարը, ով հիմա էլ ասում է՝ «Ապագան կարանք կորցնենք, ի՞նչ պատմություն. հլա մեր պատմությունն էլ պետք է հասկանանք, որն ա ճիշտ», «Մենք քաղաքացու ու պետություն միջև ճեղք ունենք», «Էս Հայաստանի Հանրապետությանը դուք լու՞րջ եք վերաբերվում…

Սա հայրենիք չէ, սա հայրենիքի մնացորդ է»…

Պետության ղեկավար, ով երկիրը «ստավկա» է դրել կազինոյում, հասկանում է, որ տանուլ է տվել ամեն ինչ, բայց կանգ չի առնում:

Երբ վերջինս ուղիղ ասում է՝ կամ սահմանադրության, հռչակագրի փոփոխություն, կամ նոր պատերազմ՝ այդկերպ արհեստականորեն պարտադրված երկընտրանքի առաջ կանգնեցնելով սեփական ժողովրդին:

Ազգային, պետական շահերի ու նպատակների հետ ոչ մի աղերս չունեցող նաիվ ղեկավար, ով թշնամու քմահաճույքին տրվելով՝ պարտադրում է հայ ժողովրդին անգամ «Արցախ» բառը չարտաբերել, հանել այն մեր Սահմանադրությունից և առհասարակ, մոռանալ Արցախի գոյության մասին:

Ապազգային տարրի վտանգավոր ներկայությունը ստիպում է առերեսվել մի փաստի հետ.

այսօր մեր քննարկման միակ թեման իշխանափոխությունն է:

Այլ տարբերակ չկա…

Հայաստանի 3-րդ հանրապետություն սպանողը չի կարող խոսել 4-րդ հանրապետության ծննդի մասին, առավել ևս՝ լինել նրա կնքահայրը, դա աբսուրդ է:

Աբսուրդ է նաև այն, որ այսքանից հետո անգամ հանրային պահանջ դերևս չի ձևավորվում:

Իսկ մինչ այդ, մնում է ամենահեշտը՝ հուսալ, որ Աստված մեծ է, լավ կլինի:

Հոգիդ լուսավորվի Մեծն Թումանյան, սա քո «Կկվի պատմությունն» է…

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3448

Մեկնաբանություններ