38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Անհաշվենկատ արկածախնդրություն

Անհաշվենկատ արկածախնդրություն
07.09.2023 | 08:10

Վերջին վեց ամսվա ընթացքում առիթ եմ ունեցել մի քանի անգամ նշելու, որ Ուկրաինան ռազմաճակատում ինչ-որ բան փոխելու սահմանափակ ժամանակ ունի, և այդ ժամանակը մինչև հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածն է։ Ի դեպ, Պատերազմի ուսումնասիրման բրիտանական ինստիտուտի փորձագետները՝ մի քանի օր առաջ, Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ռազմական վերլուծաբան Ֆրանց-Ստեֆան Գադին՝ այսօր, կատարել են նույնաբովանդակ մեկնաբանություններ` նշելով, որ ուկրաինական հարձակման համար վճռորոշ են լինելու առաջիկա չորս շաբաթները։

Իսկ սա նշանակում է, որ Արցախի հարցում Ռուսաստանին շրջանցող պայմանավորվածությունները գործնականորեն ի մի բերելու և այն ռուսների գրպանում տեղավորելու համար մնացել է շատ կարճ ժամանակ։ Այս համատեքստում է, որ հնարավոր է խորությամբ պարզաբանել և հասկանալ Նիկոլի և նրա վարչախմբի հակառուսական հիստերիան։ Բանն այն է, որ ի սկզբանե եղած ակնկալիքները, թե ուկրաինական հակահարձակման հաջողության ֆոնին պայմանավորվածությունները հնարավոր կլիներ «անցավ իրագործել», մնացին սպասումներ։ Այսօր այլևս ակնհայտ է, որ ուկրաինական հակահարձակման հաջողության շանսերը գրեթե զրոյական են։

Եթե 2 ամիս առաջ, երբ ուկրաինական հակահարձակումը նոր էր թափ հավաքում, ֆրանսիական «Le Monde»-ին տված հարցազրույցում Նիկոլը իր անելիքները ավելի վստահ էր պայմանավորում տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու հանգամանքով` անգրագետ հղումներ կատարելով պատմությանը (մասնավորապես նշում էր, թե իբր 1915 թ. Ցեղասպանությունն էլ տարածաշրջանից Ռուսաստանի անակնկալ հեռանալու պատճառով է եղել), իտալական «La Republica»-ին տված վերջին հարցազրույցում արդեն անթաքույց մեղադրում էր Ռուսաստանին, թե վերջինիս խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը, և սա լուրջ մտահոգության առիթ է։ Չնայած ռուսական արձագանքը (միջանցքը փակ է Նիկոլ Փաշինյանի պատճառով, Ռուսաստանը տարածաշրջանը լքելու ցանկություն չունի և այլն) նման պայմաններում չի ուշանում, միևնույնն է, Նիկոլը շարունակում է մնալ անդրդվելի. բացահայտ ու հրապարակային կապերի խզումը ՀԱՊԿ-ի հետ, Հռոմի ստատուտի ուղարկելը վավերացման (ինչի վերաբերյալ ռուսական կողմը հրապարակային պարզաբանում է պահանջել), առաջին անգամ հումանիտար օգնության ուղարկում Ուկրաինա։ Բանը հասել է անգամ նրան, որ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարվում է, թե Հայաստանը հայտնվել է ռուս-թուրքական սակարկության թիրախում։ Այս մարդկանց չի կաշկանդում նույնիսկ այն, որ հրապարակախոսական մակարդակում ծնված հիմար գաղափարները միայն անհաշվետու արկածախնդիրները կարող են տեղափոխել պաշտոնական քաղաքական խոսույթ։ Բայց հենց սա էլ բնորոշում է այս իշխանությունների անհաշվենկատ արկածախնդրությունը։ Սա է, թերևս, պատճառը, որ առաջիկան իր մեջ պարունակում է վտանգավոր անկանխատեսելիություն։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ