Օգոստոսի 23-ին «Մայր Հայաստան» դաշինքը, Շարլ Ազնավուրի հրապարակում, ժամը 19:00-ին սկսում է իր քարոզարշավը։ Հրավիրում ենք։
Երևանի ընտրությունների առիթով ցանկանում եմ քննարկման դնել այն թեզը, որ «Մայր Հայաստանը», մասնակցելով ընտրություններին, լեգիտիմացնում է այն։ Այսինքն, չմասնակցելով, ընտրությունները կհամարվեն ոչ լեգիտիմ։
Փորձենք հասկանալ այդ թեզի իմաստը։
Նախ, նման կարծիք հայտնողները, ոմանք անկեղծ ու ազնիվ մղումներով, համարում են, որ Երևանի ընտրություններն ունեն համապետական նշանակություն, որոնք ազդելու են երկրի (կամ այն, ինչը ՔՊ-ի ջանքերով դեռ մնացել է երկրից) քաղաքական իրավիճակի վրա։ Այս պնդման հետ համաձայն եմ։
Անցնենք լեգիտիմությանը։ Ընտրությունների լեգիտիմությունն ունի երկու բաղադրիչ՝ արտաքին և ներքին։
Արտաքին լեգիտիմություն
Ընտրություններն այդպիսին կարող է համարել հավաքական Արևմուտքը, այսինքն՝ ԱՄՆ-ը։
Արևմուտքը դեմոկրատիան օգտագործում է՝ ելնելով իր շահերից։ Օրինակ, եթե Ուկրաինայում 100 մարդ գնդակահարելով իշխանությունն անօրինական եղանակով, ուժի միջոցով փոխվում է, դա լեգիտիմ է ու արտահայտում է ժողովրդի իղձերը, իսկ եթե ժողովուրդը մտնում է ԱՄՆ Կոնգրես, դա պետական հանցագործություն է։ Կամ, եթե երկրի վարչապետի կոչով Երևանում, շրջափակվում են դատարանները, ծեծի են ենթարկվում դատավորները, հակասահմանադրական եղանակով ՍԴ կազմն է փոխում, դա OK է, դեմոկրատիա է։ Ձեր համբերությունը չչարաշահելու համար չբերեմ հազարավոր օրինակներ։
Այսպիսով, եթե ընտրություններում հաղթեն ՔՊ-ն, ԱՄՆ-ի պրոյեկտ Հայկ Մարությանն ու մյուս պրոյեկտներն ու ենթապրոյեկտները (ուզում եք բոյկոտեք, ուզում եք՝ ոչ) ապա դա կլինի լեգիտիմ ընտրություն։ Եթե ընտրություններից հետո հաղթական ՔՊ-ն պաշտոնապես հրաժարվի Արցախից ու Սյունիքի վերահսկողությունը հանձնի Թուրքիային, ապա մի հատ էլ Նոբելյան մրցանակ կտան Փաշինյանին, իսկ Մարությանին՝ մի հատ էլ փոքրիկ տուն Նյու Յորքում՝ իր նախատիպ Զելենսկու ապագա մեծ տան հարևանությամբ։
Այսպիսով, արտաքին լեգիտիմությունը մեր բոյկոտից չի կախված։
Ներքին լեգիտիմություն
Ասածներից պետք է հասկանալ, որ Երևանի բնակչության մի հատվածը, չգնալով ընտրությունների, մեր համաքաղաքացիներն այն կհամարեն ոչ լեգիտիմ։
Ուրեմն, հարգելիներս, Արցախի ողբերգությունը, սովամահությունները, մեր հազարավոր զոհերը, Հայաստանի տարածքների կորուստը՝ հեչ, այս իշխանությանը չի զրկում լեգիտիմությունից, ամեն ինչ կախված է Երևանի ընտրությունների բոյկոտի՞ց։ Եթե բոյկոտող լինեին, այսօր ՔՊ-ն արդեն իշխանություն չէր ունենա, իսկ քրեակատարողական հիմնարկները կլինեին գերծանրաբեռնված։
Հ.Գ. Մաքսիմալ կարճ գրեցի։ Կսպասեմ հակափաստարկների և ուրախ կլինեմ, եթե ինձ հակառակի մեջ համոզեք։
Հաջորդիվ կանդրադառնամ այս ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությանը, նաև՝ «Ապրելու երկրի» հուշագրի ստորագրության առաջարկին։
Ստեփան Դանիելյան