Մարդիկ հետդ հավասար քննադատում են Նիկոլի արածները, բայց, երբ հերթը հասնում է նրան իր զբաղեցրած պաշտոնից ազատելուն, ասում են՝ ոչ ոք չկա, ո՞վ նրան փոխարինի:
Նախկինում ես այդ զրույցների դեպքում լուռ տանում էի նման վիրավորանքն առ մի ամբողջ ազգ ու ժողովուրդ, վիրավորանք՝ սեփական տեսակի նկատմամբ: Վիրավորանք, քանի որ անպատասխանատու, ստախոս, թերուս և վերջապես դավաճան Նիկոլին այլընտրանք չեն տեսնում: Ես այս վիրավորանքը համեստաբար տանում էի, այլևս՝ ո՛չ:
Հիմա, եթե ինչ-որ մեկը նման մոտեցմամբ է ինձ հետ զրույց վարում, ես առանց համեստության մատնացույց եմ անում, օրինակ, իմ տեղը, ասելով, որ ես կարող եմ: Որովհետև ես վստահ եմ, որ անպատասխանատու և դավաճան չեմ լինելու, վստահ եմ, որ գիտակցում եմ և առաջ եմ տանելու մեր պետական շահը, գիտակցում եմ, որ իմ անձնական շահը ստորադաս է հանրային շահին, և հանրային ռեսուրս գողանալը կամ վատնելը հանցագործություն է: Ես այս տարրական, սակայն սկզբունքային հարցերը իմ ամբողջ էությամբ եմ գիտակցում և, վերջապես, պետական ծառայությունը լոկ աշխատանք չեմ համարում, այլ՝ նվիրում պետությանն ու ազգին: Իսկ մեր պետությանը հենց այսպիսի որակներով մարդիկ են պակասում:
Ասում եմ ձեզ՝ մի եղեք կույր և մի ասեք, թե դավաճան Նիկոլին այլընտրանք չկա, մի համակերպվեք դրա գոյության հետ: Դուք բոլորդ, եթե փոքր-ինչ գիտակցություն ունեք, պետք է ամաչեք, որ նա է ձեր անունից այլ պետությունների առաջ հանդես գալիս, պետք է ամաչեք, որ նա է ձեր երեխայի ապագան որոշում, և վերջապես, պետք է ամաչեք ասելու, որ այլընտրանք չկա: Այլընտրանքները ձեր մեջ են, դուք ինքներդ ստեղծեք այդ այլընտրանքը, եթե ոչ ձեր, ապա ձեր կողքին ապրող արաժանավոր մեկ այլ հայի մեջ:
Հազար եմ ասել ու էլի կասեմ՝ մի խեղճացեք, մի հանձնվեք:
Հովհաննես Ավետիսյան