ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Բագրատյանի «պասաժը»

Բագրատյանի «պասաժը»
12.02.2013 | 00:00

Մերը մեզ քիչ էր` ընտրությունների հոգեմաշ ընթացքը, դրանից առաջ Գագիկ Կոլյայիչի դասից փախչելու, վերջին դասին ներկա չլինելու քայքայիչ մարաթոնը, սրան էլ գումարվեց Հայրիկյանի դեմ մահափորձը` բոլոր «անդառնալի» հետևանքներով:
Եվ եթե Կոլյայիչի սպասվող-չասվող, դասարանվող-փախչող տեղատվությունը մի կերպ դիմագրավելի էր, ապա Պարույրի «ժանգլյորության» վրա ոչ այն է` լաս, ոչ այն է` խնդաս, որովհետև երկու շաբաթով ընտրությունների հետաձգումը կարելի է ցանկացած «քայքայիչ աղանդից» զորավոր համարել:
Ո՛չ այն պատճառով, որ այն կազդի ընտրությունների ելքի, վերջնական արդյունքների վրա, սակայն տարածաշրջանային զարգացումների և ներքին լարվածության առումով, հաստատ, կարող է իր «սև» գործն անել:
Բանն այն է, որ այդ մահափորձով հստակ գիծ քաշվեց հայոց քաղաքական դաշտում` ռուսամետների ու արևմտամետների միջև: Ձերբակալվածների հետագիծն էլ, ինչպես լավատեղյակներն են պնդում, բավականին հետաքրքիր ճյուղավորումներ է ստանում, որի մասին այս պահին չի խոսվելու, բուն գործողություններ իրականացվելու են ընտրություններից հետո, ուստի շատ են շահագրգիռները, որ «այդ պահը» հետաձգվի հնարավորինս երկար` նորովի «վերադասավորվելու» համար: Հետաքրքիր է նաև, որ ակնարկվում էր թեկնածուներից մեկի անունը, որի մասին մամուլը վերջերս գրում էր, թե անցել է նաև հոկտեմբերի քսանյոթի, Տիգրան Նաղդալյանի «կողքով»:
«Կայսրինը թողնելով կայսրին», անդրադառնանք թեկնածուներից մյուսի` Հրանտ Բագրատյանի «պասաժին», որն անչափ հետաքրքիր է: Բագրատյանի մասին կարելի է օգտագործել միջազգային հայտնի եզրույթը։ Նման կերպ անվանվում են տաղանդավոր, ճշգրիտ խաղացող ֆիգուրները, որոնք, ինչպես ընդունված է ասել, «հարգի չեն իրենց քաղաքում»:
Բագրատյանն անչափ գրագետ, գրեթե «անփող», իր ասելով` համեստ քարոզարշավին զուգահեռ արեց մի «քայլ», որը, թերևս, Պարույրի շուրջ անցուդարձի պատճառով, մասամբ նկատելի չեղավ: Ընդ որում, օդում մնաց նաև հարցը` դա պայմանավորվա՞ծ պասաժ էր, թե՞ «ինքնաբուխ», որովհետև պետականության այն խոր զգացումը, որ կար Բագրատյանի դիրքորոշման մեջ, ձեռնտու էր նաև իշխանություններին, բայց առաջին հերթին` երկրին ու բոլորիս:
Ինչի՞ մասին է խոսքը. վերջին օրերին, Հայրիկյանի մահափորձից հետո (որի մոտիվացիաներում նշվում է նաև Մաքսային միության պահը) Բագրատյանը շատ է սկսել խոսել այդ Միությանը Հայաստանի անդամակցության նրբությունների մասին, ինչի առնչությամբ ակնարկներ կային նաև Տիգրան Սարգսյանի կողմից` հայտնի հարցազրույցում:
Կամա-ակամա Պարույրի մոտ նույն սենյակում հայտնված Տիգրանն ու Հրանտն այս օրերին հետաքրքիր «տանդեմով» են հանդես գալիս` Մաքսային միության հարցում:
Նախ և այնուհանդերձ, երբեք ու ոչ մի դեպքում չենք կարծում, որ դա պայմանավորված պասաժ էր` հաշվի առնելով առաջին հերթին Բագրատյանի անկախ «խասիաթը», ոչ մեկին «պրիզնատ չգալու» սովորությունը: Իհարկե, վատ չէր լինի, որ այդքան կարևոր հարցում իշխանությունն ու ընդդիմությունը, ի դեմս ընդգծված, վառ տեսաբան-տնտեսագետ Բագրատյանի, կարողանային համաքայլ լինել: Հակված չենք կարծելու, թե պայմանավորված էր նաև այն պարզ պատճառով, որ ամեն վայրկյան ակնառու է` ինչ-որ «նուրբ» ձեռք Րաֆֆիին բարևելուց հետո նրան հուշել էր բարևելուց, սարերի քամու ուղղությամբ շարժվելուց զատ, խոսել նաև տնտեսության մասին: Րաֆֆին էլ, ոչ ավել-ոչ պակաս, որպես «երկրորդ տեղի» ֆավորիտ, սկսել է խոսել տնտեսությունից, յուր տնտեսական հզոր քաղաքականությունից` «վերցնելով» Բագրատյանի իդեան, սեղմելով դարձրել է ընդամենը «հինգ քայլ», գնում է խեղճ ու կրակ գյուղացու մոտ, բացատրում իր քայլերի տնտեսական հուժկու էության, սպասվող «էֆեկտի» մասին և այդպես շարունակ: Ինչևէ:
Անցնենք բուն խնդրին. Բագրատյանն ահավոր արգումենտացված, հաշվարկված անդրադառնում է Մաքսային միության ցավոտ խնդրին` արձանագրելով` էս-էս պայմանների բավարարման դեպքում ինչու չանդամակցել: Հարցերի շարքն առնչվում է թե՛ կրկնակի մաքսային հարկմանը, թե՛ Հայաստանի նավթա-հումքային երկիր չլինելուն, թե՛ Բելառուսում տեղի ունեցած «զայչիկի» էֆեկտին, իմա` ասում է այն, ինչ իշխանությունները չեն կարող ուղիղ տեքստով ու շատ բաց ասել:
Բայց, որպես պետություն, գոնե մեկ անգամ պարտավոր ենք դա անել: Ասել այն, ինչ մտածում ենք: Պահպանել, առաջ տանել մեր իրական շահը: Սույն Ռուսաստանի նկատմամբ:
Ի՞նչ էֆեկտ կառաջացնի այդ «ասումը», և ինչ կնստի մեզ վրա հակադարձումը, որն արդեն իսկ սկսել է, կարծում ենք` իրեն ուշացնել չի տա:
Իսկ գուցե և հասկացվե՞նք։ Չէ՞ որ` «Умом Россию не понять»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ