Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը չթաքցրեց իր զարմանքը, թե ինչու խորհրդարանական ընտրություններին բավականին ձայներ հավաքած կուսակցությունները չմասնակցեցին նախագահի ընտրություններին: «Չկար մի պատճառ, որ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեր»,-ասաց բանախոսը, առաջարկելով նախագահի բոլոր թեկնածուներին, բացի Սերժ Սարգսյանից, հանել իրենց թեկնածությունը: «Ես համոզված եմ, որ նա չի ստանա 50 տոկոս ձայն, քանի որ երկրի վիճակը շատ ավելի վատ է, արտագաղթը մեծ: Նրան մենակ թողնելով կհասկանանք իրական պատկերն առանց կեղծումների»:
Վերջինս դժգոհեց, որ իր գործունեությունը շատ քիչ է լուսաբանվում լրատվամիջոցներով: «Այս օրերին մյուս թեկնածուներին Ձմեռ պապից և Ձյունանուշից շատ ցույց տվեցին հեռուստատեսությամբ, բայց երեկ, երբ ես մուծեցի ընտրագրավը , այդ մասին ոչ մի անդրադարձ
չեղավ»:
Բանախոսի խոսքով, նրա միակ մրցակիցը Սերժ Սարգսյանն է, իսկ երկրորդ փուլում նա պատրաստ է իր ձայները տալ Ս. Սարգսյանի մրցակցին:
«Ես չեմ հասկանում Սերժի կամ Րաֆֆիի Հայաստանների մասին հայտարությունները, այդ դեպքում որտե՞ղ է լինելու Թևան Պողոսյանը: Ես չեմ ուզում Հարությունյանի Հայաստանը, մեր ցանկությունն է` հավերժական Հայաստան ունենալը»,-ասաց Արամ Հարությունյանը, հավելելով, որ իրենց գլխավոր նպատակն այս իշխանությունից ազատվելն է, քանզի այն ամենակոռումպացվածն է.
«Ես պատրաստ եմ հանդիպել բոլոր կուսակցությունների հետ: Բոլոր խորհրդարանական ուժերը պետք է համախմբվեն:Չի կարելի քաղաքացուն մենակ թողնել», -եզրափակեց նա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ