ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀԴԿ ղեկավար)
-Նախագահի թեկնածուների գրանցմանը հաշված օրեր են մնացել, սակայն քաղաքական դաշտում դեռ միապաղաղ, պասիվ վիճակ է: Ինչո՞վ սա կմեկնաբանեք:
-Չեմ կարծում, որ այդպիսին է վիճակը: Հայտնի թեկնածուներից մեկը գործող նախագահն է, երկրորդն էլ, որքան իրենց հայտարարություններից եմ հասկացել, ԲՀԿ առաջնորդն է, մյուսները մինչև դեկտեմբերի 18-ն այդպիսի հայտարարություն կանեն:
-Սակայն շատերը կարծում են, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի:
-Ըստ բոլոր տրամաբանական դատողությունների` պիտի առաջադրվի:
-Հայաստանի քաղաքական դաշտը բոլոր տրամաբանություններից դուրս է: Եթե առաջադրվի, ինչպիսի՞ քաղաքական պայքար կլինի:
-Ամեն ինչ պարզ կլինի մեկ ամիս հետո, երբ գործընթացը իսկապես հստակեցվի, որովհետև ես դեռ համոզված չեմ, որ սա որոշակի պայմանավորվածությունների արդյունք չէ: Բացի այդ, որքանով է նա տրամադրված իրական պայքար մղելու: Մեր կուսակցությունն այս գործընթացից երկրի համար առանձնապես մեծ ակնկալիքներ չունի, քանի որ քաղաքական կուրսը նույնն է լինելու, ինչ այս տարիների ընթացքում: Համակարգը փոխող թեկնածու այս պահի դրությամբ մենք չենք տեսնում:
-Ասել է` հավանական թեկնածուներից ոչ մեկին չե՞ք սատարելու:
-Հունվարի կեսերին, երբ թեկնածուներն ու իրենց ծրագրերը հայտնի կդառնան, մեր որոշումը կկայացնենք: Եթե գործող նախագահը պայքար սկսի հատկապես երեք ծանրագույն արատների դեմ` ստվերի, օլիգարխիայի, մենաշնորհի և կոռուպցիայի, կորոշենք` ում սատարել: Եթե այդպիսիք չեղան, կուսակցությունը հնարավոր է այլ որոշում կայացնի: Մենք շատ բաներ չենք ակնկալում առաջադրվող թեկնածուներից, որովհետև նրանք այս համակարգի կրողներն են, որն իրական փոփոխությունների չի տանում երկիրը:
-Ձեր ակնկալած թեկնածուն պիտի այս դաշտից դո՞ւրս լինի:
-Ավելի հակված ենք մտածելու, որ առաջիկա ընտրություններից հետո է նոր փուլ սկսվելու, որովհետև հավանաբար Սերժ Սարգսյանը կվերընտրվի: Հիմնական առաքելությունը պիտի լինի այն, որ հասարակությանը հասկացնեն` սրանով երեք նախագահների դարաշրջանն ավարտվում է, ու պիտի գան լրիվ նոր ուժեր:
-Այսինքն, այսօրվանից պիտի պատրաստվել հաջո՞րդ նախագահական ընտրություններին:
-Հաջորդ քաղաքական այն իրավիճակին, որը պետք է ձևավորել Հայաստանում: Այս գավառականությանը պետք է վերջ տալ: Պետք է գան ինտելեկտուալ նոր ուժեր, որոնք կայացած են և՛ բիզնեսում` իրական, ճիշտ ճանապարհով, և՛ քաղաքականության մեջ, և որոնք կարող են Հայաստանում համալիր ծրագիր իրականացնել: Կարծում եմ, այսպիսի հնարավորություն կա, քանի որ և՛ դրսում, և՛ ներսում նման մարդիկ ունենք:
-Ի՞նչ եք կարծում, այսօրվա ընդդիմությունը ի՞նչ «դեմքով» է գնալու ընտրությունների:
-Ընդդիմության մի հատվածի դեմքը պայմանավորված է նախկին երկու նախագահներով, որոնք տարիներ առաջ իրենց արդեն բացահայտել են: Նրանց կատարած «աշխատանքի» արդյունքներն ենք մենք այսօր տեսնում: Որևէ վստահություն նրանց նկատմամբ չի կարող լինել, որովհետև կատարածի արդյունքը մեր աչքի առաջ է: Դժվար թե հասարակությունն ուզենա վատը վատի հետ համեմատել: Մեզ համար նախորդ իշխանություններից ոչ մեկը չի կարող լինել գնահատելի, առավել ևս` ընդունելի:
-Կարելի՞ է բացառել նախկին նախագահների առաջադրումը:
-Ոչինչ քաղաքականության մեջ չպետք է բացառել, բայց դա կլինի հերթական մրցակցությունը նույն թիմի տարբեր հատվածների միջև:
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ