Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ երկրորդը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ երկրորդը
03.11.2012 | 11:44

Նախագահական ընտրություններում երկրորդը իր թեկնածությունը բարձրաձայնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ անակնկալ էր, և անակնկալ չէր: Անակնկալ չէր, որովհետև պատգամավորական մանդատը վայր դնելու ամբողջ պատմությունը վերջապես պիտի հասներ իր լրումին: Անակնկալ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի խոսք ասաց: Գրեթե ընկալելի, գրեթե հասկանալի` համարյա տեղ չթողնելով սովորական մանվածապատ, «և սանկ, և նանկ» հասկանալու ավանդույթին: Նա քրիստոնեաբար ասաց. «Այսօր ես հայտարարում եմ նախագահական առաջիկա ընտրությունում իմ թեկնածությանը առաջադրելու մասին: Սա ես անում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն և կամք և մեղք այսօրվա իրավիճակի համար և ուզում է մասնակցել դրա հաղթահարման, ապաքինման և թողության»: Րաֆֆի Հովհաննիսյանը չասաց` «Ամեն», բայց ինքնաբերաբար հասկացվում էր:

Հայտարարությունը բացահայտ կոչ է, կանչ «Հայաստանի շարքային քաղաքացիներին, մտավորականներին, երիտասարդներին, հանրային հոսանքների ակտիվիստներին, իրավունքի պաշտպաններին և քաղաքական կուսակցություններին» իրեն համարել և ընդունել «հավաքական թեկնածու»: Եթե թարգմանենք քաղաքական լեզվի` միասնական թեկնածու: Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտորեն խնդիր է դրել նախագահական ընտրություններում դառնալ այլընտրանք գործող նախագահին: Կհաջողվի՞` ցույց կտա ժամանակը: Ընտրություններում միշտ գործում է անակնկալի տարրը: Բայց եթե ընտրությունները լինեին այս կիրակի, Րաֆֆի Հովհաննիսյանի «հավաքական» թեկնածությունն առանձնապես հաջողություն չէր ունենա: Ոչ մրցակիցների պատճառով: Անցած ճանապարհին Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ եղել է որքան ազնիվ, նույնքան անհասկանալի, որքան նախաձեռնող, նույնքան թատերական: Քաղաքական պայքարի նրա մեթոդները շատ գեղեցիկ են, շատ ազդեցիկ, բայց հայկական քաղաքական ասպարեզի համար չեն, և դատելով խորհրդարանական ընտրություններից` մեծ ըմբռնում չունեն:
Հայտարարությամբ նա արդեն իսկ սահմանադրական փոփոխությունների հայտ է ներկայացրել` առաջարկելով, որ իրեն աջակցեն նրանք, «ովքեր ուզում են տեսնել Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական հանրապետություն»: Այս հայտը նաև ուղղված է ՀՅԴ-ին, որ վաղուց էր առաջարկում կիսանախագահականից անցնել խորհրդարանական կառավարման: Կունկնդրի՞ ընդդիմությունը ընդդիմությանը և հավաքականության ի՞նչ շրջանակ կստեղծվի նրա շուրջ, պարզ կդառնա արդեն դեկտեմբերին: Ամենայն հավանականությամբ առայժմ Րաֆֆի Հովհաննիսյանը կմնա երկրորդի հպարտ սյունակում մենակ:
ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը միանշանակ այլ «հավաքականության» կողմնակից են:
ԲՀԿ-ն եթե որոշի սեփական թեկնածուով մասնակցել նախագահականին, բնականաբար չի աջակցի Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե ոչ, ակներևաբար նրան չի տա նախապատվությունը:
ՀԱԿ-ը դեռ սեփական թնջուկների մեջ է խճճված, բայց փոխհարաբերությունների նախընթաց դրվագների տրամաբանությունը ևս հույսեր չի ներշնչում, որ «Ժառանգության» հավաքականությունն ընկալում կունենա:
ՀՅԴ-ն, եթե նույնիսկ համակվի «Ժառանգության» գաղափարների բուռն պաշտպանության ցանկությամբ, սակավ հավանական է, որ սոցիալիստական իր ուղղվածությամբ «հասկանա» Րաֆֆի Հովհաննիսյանին: Ի վերջո, այս թեկնածությունը ՀՅԴ-ին ոչինչ չի տալիս այն խնդիրների լուծման առումով, որ կուսակցությունն ունի:
Ազատ դեմոկրատներն էլ բավականին ազատ են` սեփական թեկնածու առաջադրել-չառաջադրելու մեջ և բնավ իրենց պարտավորված չեն զգում կարճաժամկետ դաշնակցի առաջ:
Համենայն դեպս` առայժմ Րաֆֆի Հովհաննիսյանը չի արել այնպիսի քայլ, որ նրան շահեկանորեն տարբերեր ընդդիմադիր դաշտի քաղաքական այլ ուժերից և դառնար այն առանցքը, որի շուրջ կայանար «հավաքականության» գաղափարը:
Ի՞նչ մնաց: Արևմուտքն ու Արևե՞լքը: Ժողովու՞րդը: Արևմուտքը նրան խորհրդարանական հարթակ ապահովեց, արդյունքը գիտենք բոլորս: Արևելքը բոլորովին այլ նախապատվություններ ունի: Ժողովուրդը փետրվարի 18-ին կպատասխանի այս հարցին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Ամենազարմանալին` Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասել է.«Ես մեկ անգամ, միայն մեկ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու և այլևս ոչ երբեք»: Մխիթարա՞նք է, սպառնալի՞ք, համոզելու նո՞ր տեխնոլոգիա: Համենայն դեպս` ամեն:

Դիտվել է՝ 2727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ