«Շնաձկների» որսը շարունակվում է: Կառավարության ղեկավարն այսօր խոշոր կոռուպցիայի մասին է խոսել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հրավիրված խորհրդակցությունում: «Մեռած հոգիների» գործին փոխարինելու են եկել հաշմանդամների կարգ ստանալու խախտումները: Պարզվել է, շուրջ 65 հազար քաղաքացի տարեկան հաշմանդամության կարգ ստանալու գումար է տալիս: Կառավարության վերահսկողության ծառայության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կարգ ստանալու համար պահանջվել է 15-150 հազար դրամ: Երբեմն էլ «հաշմանդամ» են դարձել բարեկամների, ծանոթների զանգերի արդյունքում: «Չինովնիկի մասին քաղաքացին կարծիք է կազմում նման դեպքերի հանդիպելով: Հիմա այդ 65 հազար քաղաքացիներն ի՞նչ են մտածելու մեր մասին,- զայրացել է վարչապետը` հրատապ համարելով կադրային փոփոխությունը,- հենց այսօր ծառայության պետը պետք է ազատվի աշխատանքից»: Աշխատանքից կհեռացվի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ