ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«ՈՉ ՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԻՊԵԼ ԸՆՏՐՈՂԻՆ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՔՎԵԱՐԿԵԼ, ԵԹԵ ԸՆՏՐՈՂԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»

«ՈՉ ՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԻՊԵԼ ԸՆՏՐՈՂԻՆ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՔՎԵԱՐԿԵԼ, ԵԹԵ ԸՆՏՐՈՂԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»
03.05.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

-Հանձնաժողովում շրջանառվող օրինագծերից որո՞նք եք համարում հատկապես կարևոր:

-Վերջերս հանձնաժողովը խորհրդարանական արդեն երկրորդ լսումներն էր կազմակերպել ոստիկանական բարեփոխումների ընթացքն ուսումնասիրելու նպատակով: Մենք պարբերաբար անդրադառնում ենք բարեփոխումների ընթացքին, որովհետև կարևորում ենք բարեփոխումների ընթացքի խորհրդարանական մոնիթորինգը: Պետք է վերլուծվեն և՛ հաջողությունները, և՛ բարեփոխումների կատարման դանդաղման պատճառները:

-Արդյունավե՞տ եք համարում լսումների մեխանիզմը խորհրդարանական վերահսկողության առումով:

-Այո, այս անգամ մեր ուշադրության կենտրոնում ճանապարհային ոստիկանության խնդիրներն էին, որոնց վերաբերյալ հետաքրքիր առաջարկներ եղան: Քննարկման ընթացքում է նաև զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը, որը պիտի օրենքի ուժ ստանա:

-Հայաստանի ազգային բանակում չկա՞ կարգապահական կանոնագիրք:

-Մինչև այսօր զինված ուժերում առաջնորդվել են կառավարության որոշումներով, մենք համարում ենք, որ բանակում միայն ու միայն օրենքը պետք է գործի. թե՛ սպաները, թե՛ զինծառայողները պետք է իմանան իրենց պարտականություններն ու լիազորությունները: Այս հարցի շուրջ էլ խորհրդարանական լսումներ են եղել, հրավիրել ենք միջազգային փորձագետների, նրանց նախապես օրինագիծն ուղարկվել էր: Առաջիկայում ամփոփելու ենք բոլոր առաջարկություններն ու խորհրդարանին ենք ներկայացնելու այս կարևորագույն փաստաթուղթը: Զուգահեռ ընդունվել է ևս երկու փաստաթուղթ` զինված ուժերի ներքին կարգապահական և պարեկային-կայազորային ծառայության կանոնագրքերը: Իրավապահ մարմիններում, ուժային կառույցներում պարտադիր պետք է գործեն օրենքները, ոչ թե նախարարների հրամանները կամ կառավարության որոշումները:

-Կանոնակարգերով հնարավոր կլինի՞ կանխել ոչ կանոնադրական հարաբերությունները բանակում:

-Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև եթե օրենք չկա, այլ խնդիրների մասին անիմաստ է խոսել: Իհարկե, օրենքի ընդունումով բոլոր խնդիրները չեն վերանա, լուրջ կադրային քաղաքականություն է պետք իրականացնել` սպաների վերապատրաստման, կրթական, դաստիարակչական:

-Ռազմական մանկավարժություն առարկա գոյություն ունի՞ ռազմական ինստիտուտում:

-Մանկավարժության դասընթացում կա հայրենասիրական դաստիարակության մասը, իսկ ռազմական մանկավարժություն առարկա չկա բուհական ուսումնական ծրագրերում:

-Հոգևորականնե՞րն են այդ բացը լրացնում:

-Ոչ, հոգևորականներն այլ խնդիր ունեն` նրանք փորձում են լրացնել կրոնական դաստիարակության պակասը, որը ևս շատ կարևոր է: Հայաստանում գործում են բազմաթիվ աղանդներ, որոնք կապ չունեն մեր ազգային-պետական շահերի հետ, խաթարում են մեր ազգային նկարագիրը:

-Իհարկե, բանակը մանկապարտեզ չէ, դպրոց չէ, բայց զինակոչիկների տարիքային առանձնահատկությունները, անհատի, քաղաքացու ձևավորման շրջանը չե՞ն ակնկալում տարբեր ընտանեկան դաստիարակություն ստացած ու պայթյունավտանգ հասակում գտնվող պատանիների ու նրանց հրամանատարների համար հոգեբանական կամ մանկավարժական օգնություն:

-Պաշտպանության նախարարությունը դաստիարակչական գրքույկ է հրատարակել` գրպանի գրքույկներ, որոնք բաժանվել են բոլոր սպաներին: Իհարկե, պետք է մտածել ավելի կազմակերպված գործունեության և խորքային լուծումների մասին:

-Ձեր գնահատականով` ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական դաշտում:

-Սկսվել է առաջիկա ընտրությունների նախապատրաստական գործընթացը, որը ենթադրում է վերադասավորումներ: Կա արմատական, ոչ խորհրդարանական ընդդիմության` ՀԱԿ-ի և իշխանության համագործակցություն, որը չի կարող որևէ քաղաքական ուժ վատ ընդունել, եթե շահագրգռված է ներքաղաքական կայունությամբ: ՀՅԴ-ն էլ բացառություն չէ, եթե համագործակցությունը ձևական չէ, այլ բխում է Հայաստանի ժողովրդավարացման, տնտեսության, սոցիալական հարցերի լուծման, ժողովրդի շահերից: Բայց չեմ կարծում, որ այսօր նման արդյունքներ կարձանագրենք, ընդամենը միտինգների թույլտվությունների, ՀԱԿ-ի անդամների, որ մարտի 1-ից հետո բանտարկվել են, ազատ արձակման մասին է խոսքը: Ես չեմ նկատել դրվագներ, երբ իշխանությունը քննարկում է ընդդիմության գաղափարական-քաղաքական տեսակետները: Բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը խոսում են սոցիալական, տնտեսական ոլորտում կարևորագույն, հրատապ քայլերի անհրաժեշտության մասին, բայց կառավարությունը դեռևս չի անում այդ քայլերը:

-Ի՞նչ քայլեր նկատի ունեք:

-Մասնավորապես` մոնոպոլիաների վերացման, սոցիալական իրավիճակի շտկման, նվազագույն սպառողական զամբյուղի, աշխատավարձերի ավելացման, կոռուպցիայի դեմ պայքարի... Կարծում եմ` այդ հարցերը պիտի լինեն բանակցության հիմնական առարկան, բայց բանակցություններն այսօր երկու քաղաքական ուժերին վերաբերող նեղ, անձնական խնդիրների մասին են առավելապես:

-Թե՛ ՀԱԿ-ը, թե՛ իշխանությունն իրենց ներքին ու արտաքին քաղաքականությունը վաղուց հայտնիացրել են, ի՞նչը պիտի դառնա համագործակցության դաշտ:

-Արտաքին քաղաքական դաշտում ես չեմ պատկերացնում համագործակցություն իշխանությունների և ՀԱԿ-ի միջև, որովհետև գրեթե նույնն են ասում: Արտաքին քաղաքական կարևորագույն հարցերից մեկը հայ-թուրքական հարաբերություններն են, որոնց դեմ ՀԱԿ-ը երբեք չի ընդվզել: Արցախի հարցում էլ չեմ կարծում խնդիրներ կան. վաղուց հայտնի են Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետները: Սոցիալ-տնտեսական հարցերում էլ (ի դեպ, մենք էլ ներկայացրել ենք կառավարությանն այլընտրանքային ծրագիր, և առայսօր որևէ արձագանք չի եղել) երկխոսության միտումներ չեմ տեսնում: Չգիտեմ` ինչ ընթացք կունենա ՀԱԿ-իշխանություն համագործակցությունը, կարծում եմ` գնահատականներ պետք չէ տալ, ինչպես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էր անում` ո՞վ է այսօր ընդդիմությունը Հայաստանում: Դրանք կեղծ մոտեցումներ են, որովհետև քաղաքական ուժի գործունեությունն է ցույց տալիս նրա ուղղվածությունը: Իրական ընդդիմությունը պետք է սկզբունքային լինի և պահանջի, որ իր սկզբունքները որդեգրվեն կառավարության կողմից:

-ՀՅԴ-ն ինչպե՞ս է նախապատրաստվում ընտրություններին:

-ՀՅԴ-ն յուրահատուկ կուսակցություն է և բոլոր բնակավայրերում ունի ապակենտրոն գործող կառույցներ` կուսակցության ընդհանուր քաղաքականության մեջ իրենք են որոշում իրենց անելիքները կազմակերպական իմաստով: Մեր կառույցները բավականին փորձառու են ընտրությունների անցկացման իմաստով և, սկսելով արդար ընտրությունների համար քարոզարշավը, փորձում ենք մեր կառույցների շուրջ համախմբել նրանց, ովքեր շահագրգռված են արդար ընտրությունների անցկացումով: Երկրի ներքին քաղաքական թիվ 1 հարցը դա է, որովհետև ընտրությունները երբեք հասարակությանը վստահություն չեն ներշնչում, երբեք որևէ պարտված քաղաքական ուժ չի շնորհավորել հաղթած քաղաքական ուժին, պարտված նախագահի թեկնածուն երբեք չի շնորհավորել հաղթած թեկնածուին: Ամեն անգամ պարտված կողմն ընդվզելու, ներքաղաքական շարժումներ սկսելու փորձ է անում, ինչը վատ է անդրադառնում մեր երկրի արտաքին վարկի վրա, թուլացնում է մեր պետականությունը: Մինչև հավատ չլինի, մենք ժողովրդավար երկիր կոչվել չենք կարող` դա է պատճառը, որ ՀՅԴ-ն նախաձեռնել է հանուն արդար ընտրությունների շարժումը, և հույս ունենք մեծ արդյունքներ ունենալու:

-ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների իր առաջարկներն ուներ, որոնք չընդունվեցին, հնարավո՞ր է, որ ԸՕ-ի վերջնական տարբերակում այդ առաջարկները լինեն:

-Իշխանության հակափաստարկները բավականին թույլ էին, մենք երկու հիմնական առաջարկ ունեինք. 100 տոկոս համամասնական ընտրակարգ էինք առաջարկում և ընտրական հանձնաժողովների համամասնական կազմավորում` 50 տոկոս իշխանությունների կողմից, 50 տոկոս ընդդիմության, ինչը կապահովեր փոխադարձ վերահսկելիությունը: Ցավոք, իշխող կոալիցիան դեմ է և՛ այս առաջարկներին, և՛ քվեարկածների ցուցակների հրապարակմանը: Չեմ կարծում, որ դա գաղտնիության խախտում է. եթե մարդը գնացել է ընտրության, և նրան բոլորը տեսել են, տեսախցիկներն արձանագրել են, ի՞նչ գաղտնիության խախտում կարող է լինել: Ընդամենը պարզվելու էր` ո՞վ է քվեարկել և կանխվելու էր հանգուցյալների քվեարկությունն ու կրկնաքվեարկությունը: Առաջիկայում միջազգային փորձագետների հետ էլ քննարկումներ են լինելու, և հույս ունենք, որ եթե ոչ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, գոնե հանձնաժողովների ձևավորման հարցում հաջողություն կարձանագրենք:

-Քաղաքական մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանի խորհրդարանը մեկ պալատից է, Սենատ չունենք, և վտանգ կա, որ ընտրությունների արդյունքում կունենանք Երևանի խորհրդարան. մարզերի ներկայացուցիչները քիչ շանսեր ունեն 100 տոկոս ընտրակարգի դեպքում:

-Ով նման մտահոգություն ունի, թող ընտրացուցակի անցողիկ տեղերում մարզերի ներկայացուցիչներ ընդգրկի: Այդ դեպքում նրանց ընտրությունն ավելի երաշխավորված կլինի, քան մեծամասնականով, երբ պարզ չէ` կընտրվեն, թե ոչ: Կոնկրետ ընտրատարածքում կոնկրետ թեկնածուի ընտրությունը չի նշանակում, որ ընտրել է ամբողջ հանրապետությունը, իսկ պատգամավորը ամբողջ հանրապետության շահերն է ներկայացնում խորհրդարանում: Մեծամասնականով ընտրությունները նմանվում են թաղապետի ընտրությունների, դա չի կարող գաղափարական-քաղաքական ընտրություն համարվել: Մանավանդ, հետկանչի օրենք չունենք, եթե մեծամասնականով ընտրված պատգամավորը չի արդարացնում իր ընտրողների պահանջները:

-Ընտրական օրենսգիրքը բավարա՞ր պայման է ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար:

-Ընտրական օրենսգիրքը օրենք է և կարող է 100 տոկոսով իդեալական լինել, բայց եթե քաղաքական կամք չկա օրենսդրությունը կյանքի կոչելու, դատապարտված է ձախողման: Հայաստանում վատ օրենքներ չկան, ինչ օգուտ, որ կատարող չկա, իսկ դրա հիմնական պատասխանատուն իշխանություններն են:

-Ընդդիմությունը պայքարում է հանուն արդար ընտրության, իշխանությունը հաստատում է, որ ուզում է, ժողովուրդը վաղուց է ուզում, բայց սպասումներն ապարդյուն են, որտե՞ղ է այդ պարադոքսի բացատրությունն իրականում:

-Ե՛վ իշխանությունների, և՛ ժողովրդի մեջ, ինչ-որ տեղ էլ ընդդիմության, արդար ընտրությունների անցկացման ապահովումը մի կողմի խնդիրը չէ միայն: Ցավոք, ժողովուրդը նույնպես քաղաքական մոտեցումների պակաս ունի. մի մասը դրամով է գնում ընտրությունների, ինչը նշանակում է, որ չեն հասկանում լրջությունը, չեն հասկանում, որ վտանգում են իրենց իսկ ապագան, իրենց երկրի ապագան:

-Իսկ գուցե նախընտրում են որոշակի գումարը անորոշ հեռանկարի՞ց:

-Դա էլ քաղաքական մակարդակի, մշակույթի պակասի վկայություն է: Ինչո՞ւ այդ հոգեբանությունը չի գործում, օրինակ, մերձբալթյան երկրներում, նրանք էլ են եղել ԽՍՀՄ-ի կազմում: Ոչ մի իշխանություն չի կարող ստիպել ընտրողին կամքին հակառակ քվեարկել, եթե ընտրողը քաղաքական գիտակցություն ունի:

-ՀՅԴ-ն մենա՞կ է գնալու ընտրությունների, թե՞ հնարավոր են դաշինքներ:

-ՀՅԴ-ն ավանդաբար միայնակ է գնում ընտրությունների: Ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության մեջ նման երկրորդ քաղաքական ուժ չկա: Ընտրությունից ընտրություն մեր ձայներն ավելանում են խորհրդարանում:

-Ինչո՞վ եք բացատրում:

-Ժամանակ է պետք խորհրդային ժամանակների կարծրատիպերը ջարդելու համար, կարծում եմ` առաջիկա ընտրությունները ևս մեզ համար բարենպաստ կլինեն նախորդի համեմատ:

-Հավակնում եք ավելի՞ մեծ խմբակցություն ունենալուն:

-Ես իրատես եմ և կարծում եմ, որ նախորդի համեմատ շատ ավելի ձայներ կարող ենք ունենալ խորհրդարանում: Եթե Ղարաբաղի վերջին խորհրդարանական ընտրությունների չափ տոկոսային հարաբերություն ունենանք, ես գոհ կլինեմ. այնտեղ 30 տոկոս ստացանք:

-Հնարավո՞ր է նորից քաղաքական կոալիցիայի մաս կազմեք, թե՞ կոալիցիոն հուշագիրն այդ հարցը փակել է:

-Մենք չենք պատրաստվում վերադառնալ կոալիցիա, որից դուրս գալու առիթը արտաքին քաղաքական էր, բայց և սոցիալական, տնտեսական հարցերում տարաձայնություններ ունեինք, ուղղակի հարգելով հուշագիրը, շատ խնդիրներ չէինք բարձրաձայնում, փորձում էինք ներքին քննարկումներում առաջ մղել: Մասնավորապես, նվազագույն սպառողական զամբյուղի վերաբերյալ, որ փորձում էինք դարձնել 60000 դրամ, ինչի հիմքերը կան, բայց չհաջողեցինք: Լինելով սոցիալիստական քաղաքական ուժ, մենք շատ տարաձայնություններ ունենք կառավարության լիբերալ քաղաքականության հետ:

-Մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օրն է, կարծո՞ւմ եք, որ Հայաստանում մամուլն ունի գործունեության ազատություն:

-Շնորհավորում եմ և կարծում եմ` այո, դա մեր ձեռքբերումներից է:

-Գուցե պարզապես խմբագիրների ու լրագրողների մեջ գերակշռողը դարձել է ներքին գրաքննիչը և թույլ չի տալիս անցանկալի հարցեր բարձրացնել, որովհետև ո՛չ թերթերը, ո՛չ եթերը ելք չեն տա` վտանգելով իրենց գոյությունը:

-ՈՒրեմն նման լրատվամիջոցներն ու նրանց աշխատակիցները չեն կայացել, ակնհայտ է լրագրողական կյանքի մշակույթի աճը, բարձրացել է մակարդակը, էթիկայի սահմաններ են ձևավորվել, որ չպետք է անցնել:

-Եվ ստացվում է, որ մի ալիքի լուրերը նայելով` մյուս բոլոր ալիքները նայեցիր` այնքան ադեկվատ են բոլոր իրադարձությունների ընկալումները։

-Ես կարծում եմ, որ թույլ է լրագրողական հետաքննության մասը, հիմնական նյութերն իրադարձային են:

-Ինչո՞ւ են այդքան շատ դատերը թերթերի դեմ:

-Որոշ դեպքերում թերթերն են ճիշտ, որոշ դեպքերում` հայցը ներկայացնողները:

-Գուցե օրենքն այնքա՞ն էլ ժողովրդավարական չէ:

-Օրենքը ճիշտ է, էթիկան օրենքով պիտի պահպանվի, ամբողջ աշխարհում այդպես է: Նույնիսկ ֆուտբոլային թիմի պարտության մասին գրելու դեպքում դատի տալու և դատը շահելու դեպքեր են եղել, ո՜ւր մնաց քաղաքական գործիչների: Թող ապացուցեն, որ հրապարակումը ճիշտ է, և չտուգանվեն:

Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ