ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԻ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ «ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻ» ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»

«ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԻ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ «ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻ» ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»
25.05.2010 | 00:00

Մեկ ամսից ավելի Հայաստանում էր ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ: Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանի հետ նա ուսումնամարզական հավաք էր անցկացնում Ծաղկաձորում: Արոնյանը մարզումներին լուրջ ուշադրություն է դարձնում, և նրան աշխատանքից կտրելը դժվար է: Միայն մայիսի 14-ին, իր ներկայիս բնակավայր` Գերմանիայի Բեռլին քաղաքն ուղևորվելուց մեկ օր առաջ, զրուցեցինք Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարի հետ:
-Հայաստանում անցկացրած օրերը գրեթե ամբողջովին Ծաղկաձորում անցկացրիք: Միայն մարզվելու համա՞ր էիք եկել:
-Կարելի է ասել` այո: Թեև հնարավորության սահմաններում հանդիպեցի բարեկամներիս, ընկերներիս: Իսկ Ծաղկաձորում հաճելի բնություն է, պարապելու համար բոլոր պայմանները կան:
-Նախապե՞ս էիք պայմանավորվել Սերգեյ Մովսիսյանի հետ, որ միասին պետք է պարապեք:
-Սա առաջին դեպքը չէ, որ համագործակցում ենք: Նախկինում ևս միասին մարզվել ենք: Այս տարի Լինարեսում կայացած շախմատի միջազգային մրցաշարից առաջ էլ համատեղ մարզումներ անցկացրինք: Այդ աշխատանքը երկուսիս համար էլ ձեռնտու է, փոխշահավետ:
-Դեռ 1996-ին Սերգեյը պետք է հանդես գար շախմատի Հայաստանի հավաքականի կազմում: Սակայն կային խանգարողներ, երկխոսությունը չկայացավ, և նա չհամալրեց մեր թիմի կազմը: Չե՞ս կարծում, որ եկել է ժամանակը, որ այդ սխալն ուղղվի, Մովսիսյանն ընդգրկվի մեր երկրի ընտրանու կազմում:
-Այդ մասին խոսակցություններ կան, սակայն Սերգեյն այդ հարցն ինքը պետք է վճռի: Նա անհրաժեշտ է մեր թիմին, իսկ թե ինչ կստացվի, ոչինչ չեմ կարող ասել:
-Հնարավո՞ր է, որ սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկելիք շախմատի համաշխարհային օլիմպիադայում Մովսիսյանը մեր թիմի կազմում հանդես գա։
-Բացառվում է, քանի որ, ըստ շախմատի միջազգային ֆեդերացիայի կանոնների, նա պետք է մի երկրի ազգային ֆեդերացիայից դուրս գա, անցնի տասն ամիս, որպեսզի մեկ այլ երկրի ֆեդերացիա ներկայացնի, խաղա այլ հավաքականում:
-Մեկ ամիս շարունակ Հայաստանում էր նաև մեր երկրի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը, որը նաև իր փեսայի` հանրածանոթ գրոսմայստեր Պետեր Լեկոյի մարզիչն է: Մասնակցե՞լ եք Հայաստանի հավաքականի մարզումներին:
-Ոչ, ես անձնական նախապատրաստությամբ էի զբաղված: Հայաստանի հավաքականի անդամներն էլ տարբեր խնդիրներ ունեն և խմբերով են պարապում: Միասին կհավաքվենք օգոստոսին և կնախապատրաստվենք շախմատի համաշխարհային օլիմպիադային:
-Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի՞ն եք նախապատրաստվում:
-Առայժմ այդ մասին չեմ էլ մտածում: Պարզապես, ինքս ինձ համար նախապատրաստվում էի, որպեսզի առաջիկա մրցաշարերում կարողանամ լավ խաղալ:
-Արդեն որոշե՞լ եք` ինչպիսի մեկնարկների եք մասնակցելու:
-Անկեղծ ասած` ինքս էլ դեռ հստակ չգիտեմ: Գերմանիա վերադառնալուց հետո կորոշեմ անելիքս: Նպատակ չունեմ խոշոր մրցաշարերում խաղալու: Հրավեր եմ ստացել հուլիսին Իսպանիայի Լեոն քաղաքում մասնակցելու արագ շախմատի մրցաշարին: Օգոստոսին էլ կխաղամ Գերմանիայի Մայնց քաղաքում կազմակերպվելիք շախմատային փառատոնում և կրկին Հայաստան կվերադառնամ:
-Ստացվում է` առաջին լուրջ փորձությունը շախմատի համաշխարհային օլիմպիադա՞ն է:
-Անհրաժեշտ է դրան լավ նախապատրաստվել:
-Դժվար չի՞ լինի վերջին երկու օլիմպիադաների հաղթող Հայաստանի հավաքականի համար պահպանել չեմպիոնի կոչումը, երբ ներկայումս մեր տղամարդկանց ընտրանին վարկանիշով իրենից առաջ է թողել շուրջ մեկ տասնյակ երկրների հավաքականների:
-Այդ խնդիրը միշտ էլ մեր թիմի համար եղել է, սակայն Հայաստանի հավաքականի ուժը միասնականության մեջ է: Իրականում շատ բան պայմանավորված կլինի նրանով, թե ինչպես կխաղան գրոսմայստերներ Արման Փաշիկյանն ու Ավետիք Գրիգորյանը: Եթե նրանք վստահ հանդես գան, թիմի արդյունքը բարձր կլինի: Կարեն Ասրյանի անժամանակ մահվանից հետո մեր երկրի հավաքականը «չորրորդ խաղատախտակի» խնդիր ունի: Ինչ վերաբերում է Գաբրիել Սարգսյանին, օլիմպիադաներում նա երրորդ խաղատախտակի առջև է նստում և միշտ էլ լավ է խաղում: Ես և Վլադիմիր Հակոբյանն էլ հնարավորն անում ենք, երբ համապատասխանաբար առաջին երկու խաղատախտակների առջև մրցում ենք մյուս երկրների հավաքականների առաջատարների հետ և աշխատում պատվով դուրս գալ փորձություններից:
-Այդուհանդերձ, Եվրոպայի և աշխարհի շախմատի վերջին առաջնություններում մեր ընտրանին անմասն մնաց խաղարկված պարգևներից: Պատահականությո՞ւն էր:
-Պարզապես լավ չխաղացինք: Հայաստանի հավաքականի ոչ բոլոր շախմատիստների խաղն էր ստացվում:
-Ե՞րբ պարզ կդառնա, թե շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը երբ է կայանալու:
-Հայտնի է միայն, որ մի խումբ հավակնորդներ խաղալու են Բաքվում։ Վիշվանաթան Անանդի և Վեսելին Տոպալովի միջև աշխարհի չեմպիոնի կոչման համար Սոֆիայում օրերս կայացած մրցամարտից հետո, թերևս, այդ հարցն օրակարգային կդառնա, և համապատասխան վճիռ կկայացվի:
-Այդ մրցամարտում Անանդի հաղթանակն օրինաչա՞փ էր:
-Եթե շախմատիստների ուժերի հարաբերակցությունը նկատի ունենանք, Անանդն ակնհայտորեն գերազանցում է մրցակցին: Տոպալովը խաղում էր սեփական հարկի տակ: Դա նկատելի առավելություն էր, այդուհանդերձ, նրան չհաջողվեց հաղթել:
-Անդրադառնանք հավակնորդների մրցաշարին: Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովն անսպասելիորեն հայտարարել էր, թե Դուք չեք ասել, որ Բաքվում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակից շախմատիստներին միանալու մտադրություն չունեք: Ի՞նչ հիմք է ունեցել նման հայտարարության համար:
-Տեղյակ չեմ: Հավանաբար ՖԻԴԵ-ի նախագահը շփոթվել է, կամ էլ որևէ մեկն է նրան սխալ տեղեկություն հաղորդել: Դրան հաջորդած իմ հայտարարությունից հետո, որ այդպիսի բան լինել չի կարող, այլևս այդ մասին խոսակցություն չկա:
-Խանտի Մանսիյսկում, շախմատի համաշխարհային օլիմպիադային զուգահեռ կայանալու է ՖԻԴԵ-ի համաժողովը, ընտրվելու է այդ կազմակերպության նախագահ: Այդ պաշտոնի երկու թեկնածուների` ՖԻԴԵ-ի ներկայիս նախագահ Իլյումժինովի և շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հնարավորությունների մասին ի՞նչ կարծիքի եք:
-Այժմ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները դժգոհում են, որ շախմատային կարևոր իրադարձությունների մասին որոշումներ են կայացվում առանց իրենց կարծիքը հաշվի առնելու: Փաստորեն, այնպես է ստացվում, որ կարևոր որոշումներ կայացնողները շախմատից հեռու մարդիկ են, հաճախ էլ մրցակարգերն են փոխվում և այլն: Իլյումժինովից դժգոհություն ունեցողների զգալի մասը կարծում է, որ եթե Կարպովն ընտրվի, դրական տեղաշարժեր կլինեն, քանի որ նա բարձրակարգ շախմատիստ է եղել և լավ է հասկանում խնդիրները: Կարծում եմ, որ եթե ՖԻԴԵ-ն պահպանի իր ներկայիս կազմը, ավելի լավ կլինի:
Զրույցը վարեց Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ