Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Հայաստանը կարող է կորցնել քաղաքական ինքնուրույնությունը՝ դառնալով մանրադրամ ռուս-թուրքական հարաբերություններում»

«Հայաստանը կարող է կորցնել քաղաքական ինքնուրույնությունը՝ դառնալով մանրադրամ ռուս-թուրքական հարաբերություններում»
12.09.2008 | 00:00

ԱՅՍՕՐ ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ԸՆՏՐՎԻ ՋՈՆ ՄԱԿՔԵՅՆԸ
«Կովկասյան անվտանգության պլատֆորմ» ստեղծելու թուրքական առաջարկի ֆոնի վրա տարածաշրջանում արձանագրվում են դինամիկ փոփոխություններ։ Այս կապակցությամբ ավելորդ չհամարեցինք մեկ անգամ ևս (և ավելի ընդարձակ) մեր ընթերցողներին ներկայացնել Արցախյան շարժման հայտնի գործիչ, քաղաքագետ և վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ մեկնաբանությունը։
-Պարոն Մուրադյան, Կովկասում զարգացող իրադարձությունների հետ կապված՝ ինչպե՞ս եք պատկերացնում ուժերի ապագա դասավորությունը տարածաշրջանում։ Որքանո՞վ Հայաստանի համար կարող է ընդունելի լինել այսօր առաջարկվող փոխհարաբերությունների նոր ձևաչափը՝ հատկապես անվտանգության խնդիրների տեսանկյունից։
-Սևծովյան-կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից ամենասկզբունքային և էական հանգամանքը Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը չէ, այլ Թուրքիայի ձգտումը՝ միջազգային հանրության մեջ իր նոր տեղը գտնելու։ Թուրքիայի ժամանակակից պրոբլեմներն աշխարհում միանգամից չեն ընկալվել, քանի որ այդ երկրում շատ հաճախ են առաջացել ճգնաժամային իրավիճակներ ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության մեջ։ Դա ընդհանրապես բարդ խնդիր է, որն ունի ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական նշանակություն։ Միջազգային վերլուծական հանրության շատ խմբերի կողմից ակնհայտ է այս իրողությունը չընդունելու ցանկությունը, բայց հարկադրված կլինեն դա անել։
1990-ականներին, շատ կողմերով ԽՍՀՄ փլուզմամբ պայմանավորված, սկսվեցին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները, որոնք կասեցրին Թուրքիայի էքսպանսիան Եվրասիայում, սահմանափակեցին Անկարայի ձգտումները՝ նոր հարաբերություններ ձևավորելու Բալկաններում և Մերձավոր Արևելքում։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում միմյանցից հեռանալու այս «անցումային» փուլն արդեն հետևում է։ Ինչն ակնհայտ դարձավ այն իրողությամբ, երբ ԱՄՆ-ը սահմանափակեց Թուրքիային Եվրամիության անդամ դարձնելու իր քաղաքականությունը։ Պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն այլևս հիմնական խոչընդոտն է՝ Թուրքիայում հաջող տնտեսական զարգացում ապահովելու հարցում, հատկապես 1990-ականների վերջին սկսված տնտեսական ճգնաժամից հետո։ Ինչպես նաև անվտանգության ոլորտում, նկատի ունենալով հատկապես տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Այդպիսով սկսվեց հակադրության փուլը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որում շատ շահագրգիռ են առաջատար երկրները, ինչպես նաև Եվրամիության բալկանյան հատվածի պետությունները։
Այս իրավիճակում Թուրքիան և Ռուսաստանը Սևծովյան-կովկասյան տարածաշրջանում փորձում են նոր հարաբերություններ կառուցել և, չնայած իրենց միջև առկա բազմաթիվ խնդիրներին, հանգել նոր պայմանավորվածությունների։ Այս առայժմ վիրտուալ դաշինքը շատ խոցելի է ոչ միայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա տարբեր խնդիրներից ելնելով, այլև այն պատճառով, որ կողմերն ամենակարևոր ու հիմնական հարցերում, ինչպես նաև բուն նպատակի առնչությամբ միմյանց զիջելու մտադրություն չունեն։ Իսկ նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի էքսպանսիան կասեցնելն է։ Այն ժամանակակից աշխարհում չի կարող դառնալ ինքնաբավ և երկու կողմերի հարաբերություններում ռազմավարական համագործակցության հաստատման պատճառ։ Ինչպես Թուրքիան, այնպես էլ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ շահագրգռված են լինելու Վաշինգտոնի հետ կայուն և ոչ թշնամական հարաբերությունների պահպանմամբ։ Ողջ 1990-ականների ընթացքում, ինչպես նաև վերջին տարիներին, Թուրքիան և Ռուսաստանը փորձել են վարել բազմակողմ արտաքին քաղաքականություն, ինչը երբեմն հաջողվել է, բայց հիմնականում այդ ռազմավարությունը սահմանափակվել է կիսատ որոշումներով և կասկածելի արդյունքներով։
Ամերիկյան առաջատար փորձագետների հետ (ովքեր կարևոր դեր են խաղում Վաշինգտոնում և առհասարակ աշխարհում դիրքորոշումների ձևավորման առումով) շփումների ընթացքում բազմիցս առիթ եմ ունեցել լսելու, որ Թուրքիայի դերն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ ընդհանրապես գերագնահատվում է։ Ամերիկյան քաղաքագիտության տիտաններից, Մերձավոր Արևելքի գծով խոշորագույն մասնագետներից մեկը, մասնավորապես, այս կապակցությամբ նշում է, որ կարելի է մի ամբողջ շաբաթ անցկացնել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդում կամ Պետդեպարտամենտում, խորհրդատվություններ մատուցել վարչակազմին և այդ ընթացքում ոչ մի բառ չլսել Թուրքիայի մասին։ Պակաս հետաքրքիր չէ հետևյալ միտքը, որն առաջին հայացքից դժվար է տեղավորվում ժամանակակից քաղաքագիտության կանոնների շրջանակում. «Պարադոքս է, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Թուրքիան փորձում են կարգավորել փոխադարձ հարաբերությունները՝ առաջ քաշելով տարբեր առաջարկներ ռազմավարական համագործակցության զարգացման վերաբերյալ, սակայն դրանից ոչինչ չի ստացվում»։ Այս ամենն առաջին հայացքից իսկապես բավական տարօրինակ է, բայց միայն սահմանափակ մտածողության համար։ Իրականում առաջացել է սկզբունքորեն բոլորովին նոր աշխարհաքաղաքական հեռանկար։
-Իսկ ինչպե՞ս են դրան վերաբերվում եվրոպացիները, ինչպե՞ս է արձագանքում ՆԱՏՕ-ն։
-Եվրոպացիները կարողացան Կովկասում անցած շաբաթներին ստեղծված իրավիճակից քամել առավելագույնը։ Նրանք հուսով են, որ ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում կթուլանան, միաժամանակ կմեծանա Ռուսաստանի կախվածությունը Եվրամիությունից։ Կովկասը եվրոպացիներին պետք է իբրև կայուն և անվտանգ տարածաշրջան՝ ցանկացած քաղաքական ռեժիմների գոյության և արտաքին ազդեցության պայմաններում։ Բացի այդ, եվրոպացիներն անհրաժեշտ են համարում դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդարձակման գործընթացը Սև ծովում և ուզում են ձեռնպահ մնալ հնարավոր ռազմական օպերացիաներին մասնակցելուց։ Ընդհանուր առմամբ Եվրամիությունը միջոցներ է որոնում, այսպես ասած, «գործը փակելու»։ Այսինքն՝ փաստացի ընդունել այն, ինչ տեղի է ունեցել տարածաշրջանում և թույլ չտալ, որ իրենց հասցեին մեղադրանքներ հնչեն հակամարտությունը բորբոքելու առումով Վրաստանին աջակցելու հարցում։ ՆԱՏՕ-ն իր հերթին հայտնի չափով ապակողմնորոշված է դաշինքի անդամ պետությունների քաղաքական գործիչների ջանքերի շնորհիվ։ Ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ական շրջանակներում Թուրքիան արդեն դիտարկվում է իբրև դաշինքից որոշ չափով մեկուսացած պետություն։ Ընդհանրապես արևմտյան հանրությունը չունի անհրաժեշտ հնարավորություններ և փաստարկներ՝ Թուրքիային իր ազդեցության ուղեծրում պահելու համար։ Ավելին՝ եվրոպական պետությունները, Եվրամիությունն ամբողջությամբ հոգեկան թեթևություն են ապրում այն իրողությունից, որ Եվրամիության մաս կազմելու Անկարայի ձգտումն էապես նվազել է, ինչպես նաև առհասարակ թուլացել է Թուրքիայի եվրոպական կողմնորոշումը։ Եվրոպացիները բոլորովին չէին ցանկանա ԱՄՆ-ի կողմից մեղադրվել Թուրքիայի հակաամերիկյան գործողություններին աջակցելու համար։ Թուրքիայի նկատմամբ վերահսկողության հաստատումը Եվրամիության համար առաջնահերթ խնդիր չէ։
-Կասկածից դուրս է, որ ԱՄՆ-ի մտադրությունները և քաղաքականությունը Կովկասում, հարևան այլ տարածաշրջաններում միշտ հանգեցնում են լարվածության մեծացման Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, ինչպես նաև տարածաշրջանի պետությունների հետ։ Հնարավո՞ր է, որ մեր տարածաշրջանից ԱՄՆ-ի մասնակի դուրս մղման հետևանքով արձանագրվի իրավիճակի բարելավում, լարվածության թուլացում և նոր անվտանգության համակարգի ձևավորում Թուրքիայի, Ռուսաստանի, կովկասյան մյուս երկրների մասնակցությամբ։
-Լարվածության թուլացումը կամ ներկա իրավիճակին ավելի համապատասխան տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծումը չեն կարող փոքր պետությունների համար նպատակ լինել։ Ըստ էության, «լարվածության թուլացման» և առհասարակ անվտանգության հարցերի վերաբերյալ այսօրվա շատախոսությունը բացահայտ դեմագոգիա է։ Տարածաշրջանի փոքր պետությունները կարող են պահպանել իրենց քաղաքական անկախությունը բացառապես և միայն աշխարհաքաղաքական պայքարի ու տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման պայմաններում։ Որովհետև բազմավեկտոր քաղաքականության իրականացումը նույնպես հայտնի առումով քաղաքական բլեֆ է, բայց հենց դա է դարձել տարածաշրջանի փոքր երկրներին վերջնականապես վասալացնելու փորձերի միակ պատասխանը։ Չմոռանանք, որ 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը՝ Հայաստանի փաստացի բաժանման մասին, ստորագրվեց, երբ տարածաշրջանում լիովին տիրապետում էին այդ երկու պետությունները և նույնիսկ ունեին համարժեք փիլիսոփայական համոզմունքներ կամ կողմնորոշումներ։
Բայց փաստ է, որ ռուս-թուրքական դաշինքները երբեք երկարատև չեն եղել և վերջնահաշվում հանգեցրել են քաղաքական կամ ռազմական ճգնաժամերի այդ երկրների հարաբերություններում։ Բացի այդ, թուրքական հասարակությունը մինչև օրս վերջնականապես կողմնորոշված չէ, այնտեղ հասունանում է տարաբաժանումը, որն այսպես թե այնպես, կհանգեցնի թուրքական պետության «տրանսֆորմացիային» Անատոլիայում։ Ասպարեզ են գալիս նոր աշխարհաքաղաքական դոկտրիններ՝ նեոօսմանիզմը և նեոպանթուրքիզմը։ Թուրքական ծավալապաշտական դոկտրինները, որպես կանոն, առաջանում ու մարում են «ալիքաձև», բայց միշտ կրկնվում են տարբեր ձևերով կամ փաթեթավորմամբ։
-Ինչպե՞ս կանդրադառնա թեկուզ վատ պայմանագրային հիմք ունեցող և թույլ ձևավորված ռուս-թուրքական դաշինքը Հարավային Կովկասի պետությունների ճակատագրի վրա։
-Առաջին հերթին հարկ է ընդգծել, որ ոչ մի կայունություն այդ ալյանսի արդյունքում ստեղծվել չի կարող։ ԱՄՆ-ը և նրա գործընկեր Մեծ Բրիտանիան քիչ լծակներ չունեն տարածաշրջանի վրա ազդելու համար։ Նրանք մանրագույն դետալների մակարդակով հստակեցրել են իրենց ծրագրերն ու նպատակները Սևծովյան ավազանում։ Նրանց ռազմաքաղաքական ներկայության տրամաբանությունը և ձևաչափը Սևծովյան-կովկասյան տարածաշրջանում միանգամայն պարզ է։ Այդ ներկայությունը, իհարկե, կլինի ավելի համեստ, քան այլ տարածաշրջաններում, բայց միանգամայն բավարար, որպեսզի ավելի բարձր աստիճանի հակադրություն ստեղծվի։ Սև ծովում ձևավորվում է ԱՄՆ-ի դաշնակից պետությունների միավորում` Բուլղարիան, Ռումինիան, ՈՒկրաինան և Վրաստանը։ Այդ իմաստով Թուրքիան և Ռուսաստանն իսկապես դատապարտված են սերտ համագործակցության և բազմապլան քաղաքական առևտրի, իսկ առևտրի առարկաներն այնքան շատ են և այնքան տարբեր հարթություններում, որ երկու կողմերն էլ լայն մանևրի հնարավորություն ունեն։
Իհարկե, ամեն ինչ «սև-սպիտակ» կամ «թշնամիներ-բարեկամներ» սխեմաներով չի զարգանա։ Ասենք, Բուլղարիան, հակառակ թևում գտնվելով, լավ հարաբերություններ կպահպանի Ռուսաստանի հետ կամ Օդեսան կարող է վերածվել ազատ քաղաքի։ Սակայն հակադրության հիմնական ուրվագծերն արդեն առկա են, և այդ հեռանկարում Վրաստանն ինչպես կար, այնպես էլ կմնա «մատաղացու գառնուկի» կարգավիճակում, Ադրբեջանին կդնեն շատ սեղմ շրջանակի մեջ, որն արտաքին հարաբերություններում, բացի նավթի և գազի վաճառքից, այլ բան չի պարունակի։ Հայաստանը վերջնականապես կարող է կորցնել քաղաքական ինքնուրույնությունը՝ դառնալով մանրադրամ ռուս-թուրքական հարաբերություններում։ Կասկած չկա, որ այդ պարագայում ժամանակի ընթացքում Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց իբրև պետություն, որովհետև ԱՄՆ-ի ներկայության հարցը տարածաշրջանում առնվազն միջնաժամկետ կտրվածքով դեռևս որոշված չէ։ Վաշինգտոնը կկորցնի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ՝ նավթի պաշարների սպառման հետ մեկտեղ։ Իսկ դա կարող է արագանալ Ղազախստանի և Թուրքմենստանի գեոտնտեսական վերակողմնորոշման արդյունքում դեպի Չինաստան։ Բոլոր դեպքերում, անգամ Սևծովյան-կասպյան տարածաշրջանում ԱՄՆ-ի քիչ թե շատ ռազմաքաղաքական ներկայության պայմաններում, Վաշինգտոնի համար դժվար կլինի լրջորեն ազդել Եվրասիայի ներքին տարածաշրջանների վրա։ Արդեն այսօր ԱՄՆ-ի եվրասիական քաղաքականությունը չհիմնավորված ծախսատար է, ինչը չի կարող քննարկման առիթ չդառնալ Կոնգրեսում և առհասարակ վերնախավում։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Սևծովյան-կովկասյան տարածաշրջանում, որպես երրորդ ուժ, կունենան էական, բայց ոչ որոշիչ ազդեցություն, եթե Ռուսաստանը և Թուրքիան կարողանան հանգել համապատասխան պայմանավորվածությունների։
-Իսկ ինչպե՞ս կվերաբերվի այդպիսի հեռանկարին Իրանը։
-Որքան կարելի է հասկանալ Իրանի դիրքորոշումից՝ Թեհրանում լուրջ մտահոգությամբ են հետևում այս գործընթացներին։ Բայց, ինչպես միշտ, նախընտրում են սպասողական կեցվածք որդեգրել։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև դաշինքը, նույնիսկ սահմանափակ ձևով, արդեն իսկ կնշանակի Իրանի կախվածություն այդ երկու պետություններից։ Հետագայում Իրանին կարող են հրավիրել մասնակցելու այդ ալյանսին, բայց միայն ենթակայի կարգավիճակով։ Ռուսաստանը, իհարկե, կփորձի հավասարակշռություն պահել Իրանի և Թուրքիայի միջև, բայց համատեղ որոշումների կայացման ժամանակ վճռական խոսքի իրավունք կունենան Ռուսաստանն ու Թուրքիան։ Հարկ է ընդգծել, որ Թուրքիայի և Իրանի միջև վերջին շրջանում ստեղծված հարաբերությունները շատ բան չեն փոխել տարածաշրջանի քաղաքական իրադրության առումով։ Եվ որքան էլ պարադոքս թվա, հորիզոնում ուրվագծվում է ԱՄՆ-ի և Իրանի ընդհանուր շահերի որոշակի դաշտ։
-Այդ պարագայում ի՞նչ ճակատագիր է սպասում Ղարաբաղին, ինչպե՞ս է դիտարկվում ղարաբաղյան հիմնահարցը Կովկասում՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո։
-Ղարաբաղը վաղուց արդեն սեփական ճակատագիր չունի։ Հիմա Հայաստանն ամեն կերպ, բայց անարդյունք փորձում է Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցում հետ կանգնել Ռուսաստանին աջակցելու դիրքորոշումից, և դրա արդյունքում Ղարաբաղը դարձել է մանրադրամ ո՛չ կոռեկտ խաղում։ Եվ պահվածքն այդ միավորման, որը դեռևս կոչվում է ԼՂՀ, ամբողջությամբ ծրագրված է` ելնելով Ռուսաստանի պահանջներից։ Բանը հասել է նրան, որ ասպարեզում շրջանառվում են առաջարկներ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և այն տարածաշրջանային «սխոդկայով» փոխարինելու մասին։ Այսինքն՝ իրականացվում է Մոսկվայի հերթական պատվերը՝ ԱՄՆ-ին խաղից դուրս թողնելու ուղղությամբ, ինչը կհանգեցնի ուժերի հավասարակշռության լիարժեք խախտման, եթե նկատի ունենանք, որ Մինսկի խումբը բոլորովին էլ հիմնախնդրի կարգավորման կառույց չէ, այլ «ակումբ», որտեղ տարածաշրջանում ազդեցություն ունեցող երեք կողմերը՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանը, ճշտում են իրենց հարաբերությունները։
Ի դեպ, այս իրավիճակում ԱՄՆ-ը նույնիսկ կարող էր պաշտպանել Մինսկի խումբը լուծարելու առաջարկը՝ որոշակի նպատակներով։ Քանի որ այն շատ անարդյունավետ, բայց ընդունելի հարթակ է ուժերի հավասարակշռության պահպանման համար։ Իսկ այնպիսի անհեթեթությունը, ինչպիսին կարող է լինել ԼՂՀ-ի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը, որ իբր քննարկվելու է ԼՂՀ Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում, արդեն հայտնի շնորհավորանքներով և Մինսկի խումբը «փակելու» առաջարկներով, միանգամայն տեղավորվում է ծառայամիտ պահվածքի տրամաբանության մեջ։ Արդյունքում Ղարաբաղը կհայտնվի ստորացված վիճակում՝ պիտանի միայն Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձվելու։ Մոսկվայում այսօր ոչ միայն քաղաքական ծրագրավորողները, այլև կիսագրագետ թերթային մեկնաբանները լավ են ուսումնասիրել Լեռնային և Դաշտային Ղարաբաղ տեղանունները և արդեն սկսել են նախապատրաստել այն ծրագրի իրագործումը, որի արդյունքում Ադրբեջանին կվերադարձվի ազատագրված տարածքների մեծ մասը։ Միաժամանակ այդ ծրագիրը բոլորովին էլ չի նախատեսում, որ այդ առևտրի արդյունքում, ինչին հայերը չեն մասնակցում, Ղարաբաղի մի մասը կմնա Հայաստանի քաղաքական վերահսկողության ներքո։ Եվ սա միայն առաջին փուլն է հայության կողմից այդ տարածքը վերջնականապես կորցնելու գործընթացի։ Այդ խնդիրը կլուծվի Հայաստանի քաղաքական ինքնուրույնության կորստի հետ զուգահեռ, փուլ առ փուլ։ Ռուսաստանն այսօր Ադրբեջանին է տրամադրում ամենաժամանակակից զենք, թեկուզ ոչ մեծ քանակությամբ, բայց սա միայն սկիզբն է։ Ռուսաստանի համար հավասարակշռության քաղաքականությունը վերածվում է առաջնահերթության քաղաքականության և բոլորովին էլ ոչ մեր օգտին։
-ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան տարածաշրջանի իրադրության վրա։ Նախագահի թեկնածուներից ո՞վ է ավելի նախապատվելի մեր շահերի տեսանկյունից։
-Ամերիկյան հասարակությունը միանգամայն ընկալել և ճանաչել է 1915 թ. հայոց ցեղասպանության փաստը։ Վաղ թե ուշ դա տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի կողմից՝ իբրև պաշտոնական ճանաչում։ Բայց այսօր մեզ անհրաժեշտ է, որ ընտրվի Ջոն Մակքեյնը։ Նա երիտասարդ չէ և հազիվ թե հավակնի երկրորդ ժամկետի։ Այնպես որ տատանումներն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ կտևեն չորս տարի, բայց մեզ անհրաժեշտ է ժամանակ շահել, որպեսզի Սևծովյան-կովկասյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը ոչ միայն պահպանվի, այլև ամրապնդվի, նույնիսկ թուրք-ամերիկյան հարաբերությունների մասնակի բարելավման գնով։ Այդ դեպքում «քարը քարի վրա» սխեմայի փոխարեն տարածաշրջանում ազդեցություն ունեցող պետությունների հարաբերությունները կլինեն «եռանկյունաձև»։
Պետք չէ մոռանալ, որ չնայած վերջին ութ տարիներին Ջորջ Բուշի նախագահության շրջանում Հայաստանի նախագահն այդպես էլ պաշտոնական այցով Վաշինգտոնում լինելու հրավեր չստացավ, իրականում հենց Ջորջ Բուշի վարչակազմն է, որ սառեցրեց ղարաբաղյան խնդիրը և այդ հարցի շուրջ շահերի հավասարակշռություն ձևավորեց, նույնիսկ չփորձելով ղարաբաղյան հարցն օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Հենց հանրապետականները կարգավորման իրավիճակը հանգեցրին իմիտացիայի և Հայաստանին դիրքերն ամրապնդելու շանս տվեցին։ Մինչդեռ դժվար է ասել, թե ինչ կանեն դեմոկրատները, եթե հաղթի Օբաման։ Մանավանդ որ նրա թիմում են լինելու Քլինթոնի թիմի հայտնի դեմքերը, իսկ որ ավելի վտանգավոր է՝ նոր, քիչ հայտնի, բայց հավակնոտ մարդիկ։ Կարելի է միայն ենթադրել, բայց դժվար է լավ բան սպասել։
-Այդ դեպքում ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի քաղաքականությունը։
-Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը բարդագույն իրավիճակում է և փորձում է փակուղուց ելքեր գտնել, առայժմ՝ անհաջող։ Ղեկավարության հնչեցրած տարբեր ձևակերպումները՝ կապված ԱՊՀ և ՀԱՊԿ վերջին գագաթաժողովների հետ, միայն ժամանակավոր սխեմաներ են արտաքին քաղաքականության ճգնաժամի խորացումից առժամանակ խուսափելու համար։ Որովհետև տվյալ իրավիճակում ղեկավարությունը չի արժանանում հասարակության աջակցությանը։ Այն չէր էլ կարող լինել, քանզի հայ հասարակության մեջ հիմնավորվել են կայուն պարտվողական տրամադրությունները։ Ըստ էության, ողջ քաղաքական դասակարգը, ներառյալ կառավարող կոալիցիան, չափավոր և արմատական ընդդիմությունը, համաձայն են այն տեսակետին, թե անհրաժեշտ է հրատապ կարգով և ցանկացած գնով ազատվել ղարաբաղյան հիմնախնդրից։ Այդ իմաստով հասարակությունը համախմբված է ինչպես երբեք, և միայն արտաքին դաշտում որոշակի պահվածքն է այլընտրանքային մոտեցման առկայության պատրանք ստեղծում։ Ըստ էության, հայ ազգն այդպես էլ չկարողացավ ստեղծել իր գոնե քիչ թե շատ ինքնուրույն պետությունը և կառուցել արտաքին քաղաքականություն։ Այդ պարագայում միգուցե հնարավոր կլինի ինչ-որ չափով պահպանել վարչական ինքնուրույնությունը և միջազգային սուբյեկտ լինելու հանգամանքը, բայց միայն այն չափով, ինչ չափով դա պահանջված կլինի արտաքին ուժերի համար։
Չի բացառվում, որ տարածաշրջանում այսօր ծրագրավորվող նոր դաշինքները փլուզվեն, և ամեն ինչ վերադառնա նախկին վիճակին, բայց դժվար է ասել՝ երբ։ Ժամանակակից աշխարհում դաշինքների ձևավորումն անշնորհակալ գործ է, որովհետև ոչ մի պետություն չի ուզում իր ուսերի վրա վերցնել այլ երկրի խնդիրները. դրանք բոլորի մոտ էլ շատ են։ Մյուս կողմից էլ ոչ մի անսովոր բան տեղի չի ունենում, հայերը միշտ չէ, որ պետականություն են ունեցել։ Լավ կլիներ հիմա մտածել, թե ինչ ձևով և կառույցներով է հայությունը որպես ազգ գոյություն ունենալու, երբ պետական ինքնուրույնությունը կհասնի իրավունքների և հնարավորությունների նվազագույն աստիճանի կամ առհասարակ կանհետանա։ Կառավարող էլիտաներն արեցին այն, ինչ կարող էին։ Հետագան արդեն լինելու է և՛ տխուր, և՛ ձանձրալի։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4899

Մեկնաբանություններ