Բազմաթիվ օրինագծերի հեղինակ, ակտիվ, կոլորիտային պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ չնայած ծնվել ու մեծացել է Երևանում, սակայն իրեն համարում է բայազետցի։ Մուտքը քաղաքականություն, ըստ նրա, պատահական է ստացվել, բայց տարիների աշխատանքն ու գործունեությունն ինքնաբերաբար հանգեցրին դրան։
-Գիտելիքների ձեռքբերման նկատմամբ թուլություն ունեմ. իմ բազային կրթությունը տեխնիկական է` ինժեներ,- կենսագրական որոշ դրվագներ ներկայացրեց պարոն Բոստանջյանը։- Պոլիտեխնիկական ինստիտուտում ինձ հետ էին սովորում Արտաշես Թումանյանը, Շավարշ Քոչարյանը, Վահագն Խաչատրյանը, Արտաշես Գեղամյանը և այլք։ Երբեք քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չեմ ունեցել։ Հետագայում ստանալով տնտեսագետի մասնագիտություն, դոկտորականը պաշտպանելու ժամանակ Մոսկվայից ինձ շնորհեցին «Լենինյան կոմերիտմիության դափնեկրի» կոչում։ Վերադառնալով Հայաստան, արդեն հաջող աշխատանքային առաջարկներ ստացա։ Այդ տարիներին իմ համակուրսեցի ու ընկեր Արտաշես Թումանյանը ԳԽ փոխխոսնակ էր։ Նրա հորդորով հրավիրեցին աշխատելու ԳԽ-ում։ Դարձա տնտեսագիտական վերլուծության վարչության պետ։ Այդ ընթացքում ընտրվեցի նաև ԿԲ-ի վարչության անդամ։ Սպարապետի առաջարկությամբ, ինչու չէ, նաև պահանջով, ընդգրկվեցի «Միասնություն» դաշինքի համամասնական ցուցակում և ընտրվեցի ԱԺ պատգամավոր։ Երկրորդեմ. երբևիցե չեմ մտածել ինչ-որ քայլերի դիմել պատգամավոր դառնալու համար։
-Քաղաքականությունն ավելի կոշտ ոլորտ է։ Ձեր տեսակի մեջ այն ի՞նչ փոփոխություններ է մտցրել։
-Քաղաքականությունը չափազանց բարդ հարաբերությունների համակարգ է և անհատների գործ չէ։ ՈՒզեք թե չուզեք, քաղաքականությունը համախոհների ամբողջություն է, որտեղ, եթե մտնում ես, նախանշվում է մի մայրուղի, որով առաջ չշարժվելու դեպքում այդ ամբողջությունից պիտի դուրս գաս։ Եթե համաձայն ես, պիտի պաշտպանես ընտրված ուղեգիծը։ Շատ անգամ այնպես է ստացվում, որ որպես անձ հնարավոր է ինչ-որ բանի հետ համաձայն չլինես, բայց եթե չես ցանկանում կտրվել ամբողջությունից, պարտադրված ես համակերպվելու։ Սա հանգեցնում է հոգեբանական որոշ փոփոխությունների։ Այսինքն, չես կարող մնալ այնպիսին, ինչպիսին եղել ես։
-Հեռանալով քաղաքականությունից, հարցնեմ` ինչո՞վ է լցվում Վարդան Բոստանջյանի ազատ ժամանակը։
-Իմացությունն ինձ համար ամենահետաքրքիր ոլորտն է։ Հոգեկերտվածքիս բնորոշ է շատ իմանալու ձգտումը։ Կարդալը դարձել է ազատ ժամանակի օգտագործման ինստիտուտ։ Գեղարվեստական գրականություն եմ շատ կարդում։ Հոգեբանորեն այն տեսակից եմ, որ ցանկացած պարագայում հերոսի ողջ շարժն իր պրիզմայով է անցկացնում։ Ցանկացել եմ ինձ տեսնել ինչպես լավի, այնպես էլ վատի մեջ։ Սա բարոյապես, հոգեբանորեն բավականին ինձ կոփել է։ Հետաքրքրում են նաև տարբեր երևույթների նկարագրությունները, կենդանական աշխարհի մասին տեղեկությունները և այլն։
-Այս պահին Ձեր սեղանին ի՞նչ գիրք է։
-«հցՎպՐՍՌ ոՏչՏՉ», Նիցշե, Ֆրոյդ։ Կարճ ասեմ, փեշակս կարդալն է։ Եթե նույնիսկ այս պահին մի արտակարգ, «սնոգսշիբատելնիյ» գիրք չեք տեսնում այստեղ, հաստատ իմացեք, կարդում եմ։
-Փիլիսոփայական մոտեցումն օգնո՞ւմ է հեշտ ապրել, այլ կերպ դիտել մարդկային փոխհարաբերությունները։
-Իհարկե, կուզեք` իմաստասիրություն, հանդուրժողականություն կամ փիլիսոփայություն անվանեք դա, բայց ինքս ինձ համար մշակել եմ տեսություն, որպեսզի հանգիստ ապրեմ։ Կուզենայի` յուրաքանչյուր ոք այդպիսի տեսություն ստեղծեր իր համար։ Ոչ շատ զարմանալ, ոչ էլ շատ զայրանալ է պետք։ Պարզապես պիտի հասկանալ` կա հասարակություն, որում առկա է հարաբերությունների անսահման մեծություն, որտեղ ոչինչ բացառված չէ։ Այս պարագայում այլ աչքով ես նայում նախանձությանը, մրցակցությանը։ Եթե մարդը պատրաստված է, կեղծ ճանապարհով չի գնա։ Ցանկացած չնչին խոսակցության դեպքում էլ փորձում եմ դիմացինիս դրության մեջ մտնել։ Հասկանում եմ` որքան էլ դատապարտելի լինեն, նրա քայլերը բխում են իր այդ վիճակից։ Այսպես վարվելու պարագայում երբեք չես «թունավորվում»։
-Մարդկային հարաբերություններում ի՞նչն եք առավել կարևորում։
-Անկեղծությունը, շիտակությունը։ Մարդը կարող է լինել ոչ շատ գրագետ, ունենալ շատ անցանկալի հատկանիշներ, սակայն երբ անկեղծ է, նրա հետ երբեք չես հոգնի։
-Ձեր կարծիքով` հայ ընտանիքում այդ հատկանիշներն այսօր պահպանվե՞լ են:
-Ժողովրդի լեզվով ասած` նամուսը, թասիբը, որը, կարծում եմ, մեզանում միշտ բարձր սանդղակի վրա է եղել, այսօր, կարծես, «ճմրթվել» է։ Որակական անցանկալի երանգներ են հաղորդվել այդ ամենին։ Մեր կյանքի անհամաչափությունը, խորդուբորդությունը, համեմատությունների դաշտը մեզ կերել են։ Անշուշտ, մենք ի զորու չենք դիմակայելու այդ սելավին։ Ստացվել է այնպես, որ սարսափելի սիրում ենք նյութը, փողը։ Տիեզերքը, որ մեզ ստեղծել է, ասել է` վատագույն դեպքում թող այդ «բաքը», նկատի ունեմ ստամոքսը, լիքը լինի։ Եթե մարդը հասկանա այդ բնական պահանջը, մնացածը լոկ պատրանք է։ Կարող է որոշ մարդկանց սա ծիծաղելի թվալ, սակայն խորապես համոզված եմ դրանում: Երբ տարիք ես առնում ու հետադարձ հայացք ես ձգում, մտածում ես` ի՞նչ եղավ նյութի հետ, ոչ մի բան էլ չեղավ: Էն կահույքն էլ մաշվեց, տունն էլ հնացավ, մնացին քո բարոյականությունը, վեհությունը: Կարողանո՞ւմ ես տիրություն անել սրանց, եթե` ոչ, դա արդեն քո խնդիրն է: Ընտանիքի ամրության որոշակի տատանումներ գալիս են նրանից, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ, հանգամանքների բերումով, տարբեր ցանկություններ է ունենում: Բնականաբար, վեկտորների այս տարաուղղվածությունը, որը էլ չի զուգադիպվելու, հանգեցնում է խորտակման: Սա ոչ միայն կնոջ ու տղամարդու հետ է լինում, այլև իրենցից ստեղծված երեխաների: Այս արագ զարգացող աշխարհում մարդ պիտի կարողանա չգայթակղվել «փայլերով» ու իր ներդաշնակությունը փչացնել։
-Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար:
-Շուրա Բալագանովին երջանիկ լինելու համար պետք էր 100 ռուբլի: Բոլորս ծիծաղում ենք նրա վրա, բայց պիտի մեզ վրա ծիծաղենք, քանի որ նույն բանն ենք ուզում: Իրականում, իմ խորին համոզմամբ, երջանկությունը կարողությամբ չի չափվում: Երջանկությունն ու ներդաշնակությունը, իմ կարծիքով, հոմանիշներ են: Եթե այդ ներդաշնակությունը լինում է տանը, լինում է նաև աշխատանքում, քո շրջապատում: Պետք է հետևել աստվածաշնչյան պատվիրաններին` մի՛ սպանիր, մի՛ պղծիր... Յուրաքանչյուր մարդ ինքը գիտի, թե երջանկության պատկերացման իր այս շարքը ինչքան մեծ կարող է լինել։
-Բարեկեցիկ ապրելու Ձեր չափորոշիչները։
-Արժանավայել ապրելը։ Պիտի ունենաս այն նվազագույնը, որը հարկավոր է կյանքդ ճիշտ ապրելու համար, որպեսզի նվաստացած չլինես։
-Ո՞վ է Ձեզ համար ժամանակի հերոսը։
-Չէի ցանկանա ինչ-որ մեկին առանձնացնել։ Ինձ համար ժամանակի հերոս են բոլոր նրանք, ովքեր կարող են արժանավայել ու ներդաշնակ ապրել իրենց կյանքը։
-Հավատո՞ւմ եք Աստծուն։
-Այո։
-Ի՞նչ է Ձեզ համար հավատը։
-Գուցե կարճ չկարողանամ սպառիչ պատասխանել այս հարցին։ Սակայն հավատը իմ մեջ է, ինձնից դուրս է գալիս ու պատվիրում` ինչ է կարելի ու ինչ չի կարելի անել։ Եթե չարն ուզենա երբևէ քեզ հունից հանել, անմիջապես նայում ես քո ստեղծածին ու ապրածին։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ