«ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ ԷԼ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԱԼԻՍ»
ԱԼԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ)
-Հասարակության շրջանում մշտապես տեսակետ է հնչում, թե «Հ1»-ի եթերում մի Հայաստան է, իրականում` մեկ այլ։ Սա Ձեզ չի՞ անհանգստացնում, չե՞ք փորձում ինչ-ինչ շտկումներ մտցնել հեռուստաեթերում։
-«Հ1»-ը միշտ է ուզում շտկումներ մտցնել։ Ինչ վերաբերում է «մեղադրանքին», դա Ձեր ու ինչ-որ մարդկանց կարծիքն է։ Այդ հարցի պատասխանը տալիս են լուրերի ու այլ հաղորդումների չափումները։ Մենք ունենք Հայաստանի ամենամեծ լսարանը, իսկ «Հայլուրը» ամենաբարձր ռեյտինգն ունի բոլոր լրատվականների մեջ։ Կարող են տարբեր կարծիքներ լինել, աշխարհում չկա մի երկիր, որի հանրային հեռուստաընկերության հասցեին մեղադրանքներ չհնչեն։
-Նախընտրական շրջանն է մոտենում։ «Հ1»-ը շարունակելո՞ւ է նախկին ավանդույթները։
-Նայած, «ավանդույթ» ասելով, ի՞նչ նկատի ունեք։ Իհարկե, եղել են և՛ թերություններ, և՛ լավ բաներ։ Չեմ կարծում, որ այսօր կարող են մեզ մեղադրել, թե քաղաքական ուժերին հավասարաչափ չենք մեկնաբանում կամ ինչ-որ մեկի դեմ եթերը փակում ենք։ Համենայն դեպս, և՛ տեղական, և՛ միջազգային դիտորդների գնահատականներում նման տեսակետներ չկան։
-Ձեզ բավարարո՞ւմ է «Հ1»-ի եթերը։
-«Հ1»-ի հաղորդումները շատ են, սկսած լրատվականից, վերջացրած գեղարվեստական ֆիլմերով, որոնք մենք արտադրում ենք։ Այո, բավարարում են և՛ լուրերը, և՛ դոկումենտալ ու գեղարվեստական ֆիլմերը։
-Իսկ սերիալնե՞րը։
-Սերիալների գնահատականն էլ է ժողովուրդը տալիս։ «Հ1»-ի սերիալները, մյուս հեռուստաընկերությունների համեմատ, ամենամեծ լսարանն ունեն։
-Չե՞ք կարծում, որ Հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն ռեյտինգի հետևից պիտի «վազի», հասարակության պահանջը բավարարի, այլև դաստիարակող, կրթող գործառույթ պիտի ունենա։
-Կարող եմ թվարկել «Հ1»-ի այն հաղորդումները, որոնք այդ գործառույթն են իրականացնում` «Երգ երգոց», «Հայոց հարց», «Ինչո՞ւ է աղմկում անցյալը», «Հայ ասպետ», «Օտար, ամայի ճամփեքի վրա» և այլն։ Գուցե դրանք պետք է ավելի շատ լինեն, բայց ունենք այդ գործառույթն իրականացնող ալիք` «Շողակաթը»։ Որևէ երկրի առաջին ալիք ամբողջությամբ հոգևոր, կրթական, մշակութային հաղորդումներից բաղկացած չէ։
«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԵՍ ԻՆՁ ՀԱՆԵԼ ԵՄ»
ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ (ՕԵԿ խմբակցության անդամ)
-Իշխանական կուսակցությունները, կարծես, նախընտրական տրամադրությունների մեջ են, ինչո՞ւ է ՕԵԿ-ը պասիվ։
-Դժվարանում եմ ասել, որովհետև ես այդպիսի տպավորություն չունեմ։ Բոլոր կուսակցություններն էլ ակտիվ են։ Նախընտրական գործընթացներն սկսվել են, ու ՕԵԿ-ը կամաց-կամաց մխրճվում է դրանց մեջ։
-Մյուսները փորձում են իրենց խմբակցություններից «զտել» գործարարներին։ Դուք էլ ՕԵԿ-ի գործարարների թվին եք պատկանում, ճի՞շտ է այդ մոտեցումը։
-Ոչ, ես գործարարների թվին չեմ պատկանում։ Եղել եմ գործարար, բայց հիմա օրենսդրական աշխատանքով եմ զբաղվում։ Գործարարների ցուցակից ես ինձ հանել եմ։ Համաձայն եմ այդ որոշման հետ։ Չի կարելի համատեղել գործարարությունն ու ԱԺ պատգամավորի պարտականությունները։ Իմ մեկ տարվա պատգամավորական գործունեության ընթացքում համոզվել եմ, որ դրանք համատեղելն անհնար է, իսկ եթե փորձում են այդ կերպ վարվել, թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում արդյունավետությունը հավասար է զրոյի։
-Հիմա Դուք գործարար չե՞ք։
-Ո՛չ։ Կոնկրետ այս մեկ տարվա ընթացքում գործարարի իմ բոլոր պարտականությունները թողել եմ մի կողմ ու, ինչպես օրենսդրությունն է պահանջում, զբաղվում եմ միայն ԱԺ աշխատանքներով։
-Նոր ձևավորվող խորհրդարանում կցանկանայի՞ք լինել։
-Բարդ հարց է։ Մեկ տարի դեռ կա, կմտածեմ այդ մասին։ ԱԺ պատգամավորների այսօրվա կարգավիճակը հաշվի առնելով, դժվար է ասել` այո, կցանկանամ։ Գործարարությամբ զբաղվելով, կարծում եմ, իմ երկրի, ժողովրդի համար ավելի շատ արժեքներ եմ ստեղծում, քան պատգամավորի կարգավիճակով։ Եթե մեր երկրում, պետության կառավարման գործընթացում ԱԺ պատգամավորի դերն ու նշանակությունը փոխվեն, իհարկե, ցանկություն կլինի օրենսդրական աշխատանքով զբաղվելու։
-Ասել է` այսօր գործարարն ավելի շատ է երկրին օգուտ տալիս, քան պատգամավո՞րը։
-Այսօրվա դրությամբ պատգամավորի աշխատանքի արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ, քանի որ կարելի է անհամեմատ շատ անել։ Եթե գոնե 100 պատգամավոր ռեալ աշխատի, մենք մեծ հաջողությունների կհասնենք։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ