Դաշնամուրային 30-ամյա շռնդալից հաղթարշավում դեռ պատանեկան տարիքից ամբարած խմբավարական փորձառությանը քամահրանքով են վերաբերվում մութ ու ցուրտ 90-ականներից Փարիզում հաստատված ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հայաստանյան գործընկերները։ 2010-ից ստանձնելով Կաննի սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի միաժամանակյա գեղարվեստական ղեկավարությունը` ֆրանսաբնակ մեր հանրաճանաչ հայրենակիցը, կամերայինի գարնանային 5 համերգների հանրային խանդավառ ընդունելությամբ և անկողմնակալ մասնագիտական ընդհանուր գնահատությամբ, հավաստեց, որ մարդկային ու ստեղծագործական նկարագրով միանգամայն պատրաստ և ունակ է մեկուկեսամյա գլխատված գոյատևումից ընկճված երաժշտախումբը դեպի նոր հորիզոններ առաջնորդելու։ Խորամուխ եղեք պարբերական շփումներով լիակատար փոխըմբռնման հունով ընթացող մեր զրույցի մտորումներում, ճշգրտեք կասկածներն ընթացիկ հրապարակային ելույթների ունկնդրությամբ և ինքներդ կհամոզվեք, որ Փարիզի պետական կոնսերվատորիայում Ժակ Ռուվիեի դաշնամուրային և Ժան Մույերի կամերային երաժշտության փայլուն դասերը Կուրտ Մազուրի բարձրակարգ դիրիժորականին գործնականում համադրած Վահան Մարտիրոսյանի կազմավորած երրորդ` «Մաեստրիա» կամերային նվագախմբի գտած հաջողությունը Ֆրանսիայի հեղինակավոր համերգասրահներում, իր դիրիժորական շրջագայությունը տարբեր երկրներում իրատեսական հավատ են ներշնչում։
-Կարծես թե կոտրվեց ընդդիմության սառույցը մաեստրո Ղարաբեկյանից հետո Ձեր նշանակումը վերապահորեն ընդունած երաժշտասեր հանրության։
-Գարնանային անդրանիկ համերգի ջերմ ընդունելությամբ ներշնչված` առավել եռանդով ենք իրագործելու արդեն հստակված եռամսյա ելույթաշարը։
-Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90-րդ տարեդարձին նվիրված երաժշտական անմոռանալի երեկոն ոչ միայն շոյեց ալեզարդ կոմպոզիտորի լսելիքն ու վեհացնող թրթիռներով հարստացրեց երաժշտասերների ներաշխարհը, այլև բացահայտեց կատարողական ձիրքը նորահայտ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի։
-Հուսով ենք հայաստանցիներին ծանոթացնել հայտնի ու նորահայտ տարբեր շնորհալի մենակատարների արվեստին։ Այդ նկատառումով էլ ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Սուրեն Շահիջանյանին էր վստահվել երկրորդ համերգի վարույթը։ Որպես դիրիժորի` քչերը գիտեին նրան Երևանում, չնայած առաջին հաջող փորձը 7 տարի առաջ, «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտափառատոնի շրջանակներում, հենց Երևանում է արել Էդուարդ Թոփչյանի երաշխավորությամբ։ 2012-ին էլ Չայկովսկու «Իոլանտա» օպերայով որպես բեմադրիչ է հանդես գալու Եվրոպայի տարբեր քաղաքներում։
-Ամեն դեպքում, Ձեզ գիտեն որպես հրաշալի դաշնակահարի, Շահիջանյանին` օպերային երգչի։ ՈՒստի դեռևս վերապահությամբ են ընդունում խորագետ երաժիշտ Արամ Ղարաբեկյանի 13-ամյա կուռ գեղարվեստական ղեկավարությունից հետո ի հայտ եկած դիրիժորական խայտաբղետությունը։
-Նվագախումբը Զարեհ Սահակյանցից հետո ղեկավարել են բարձրակարգ երաժիշտներ` Կոնստանդին Բաղդասարյանը, Ռուբեն Ահարոնյանը, Արամ Ղարաբեկյանը։ Արտիստական վառ անհատականություններ, որոնցից յուրաքանչյուրն իր գեղագիտությամբ ու փորձառությամբ է հարստացրել երաժշտախմբի կատարողական արվեստը։ Կանխելու համար վերջին շրջանում երաժիշտների ու գլխավոր դիրիժորի միջև խորացած հակաստեղծագործական թերըմբռնումը, մտածեցինք նորաոճ աշխատանքային առօրյայով ապրեցնել նվագախումբը։ Ինձ հետ զուգահեռ շատ ու շատ ուրիշ դիրիժորների հետ համագործակցելով` երաժիշտները նոր գույներով կլրացնեն իրենց նվագը։ Գեղարվեստական ղեկավարը, կարելի է ասել, մայրենի լեզուն է նվագախմբի։ Որքան «այլ լեզուներով խոսել սովորի» նվագախումբը, այնքան բազմաբովանդակ կհնչի նրա նվագը, կընդգրկի երաժշտության բոլոր ծավալումները։ Այդպիսով կկարողանանք նոր անուններ բացահայտել հայաստանցի դիրիժորների, որոնց ինքնարտահայտման ու փորձառության իրական լծակներն առայժմ չափազանց տկար են։ Չէ՞ որ դիրիժորն առանց նվագախմբի հետ գործնական շփումների հավասարազոր է երաժշտին առանց գործիքի, ում ասում են` քեզ գործիք կտանք, երբ նվագել սովորես։
-Առանց գեղարվեստական ղեկավարի տարերայնորեն գոյատևելով` չի՞ կորցրել կամերայինն իր ձեռք բերած համարումը, որակը։
-Մեկուկես տարի չունենալով առաջնորդ` նվագախումբն այնուամենայնիվ, անշուշտ` ոչ կանոնավոր, գործել է նույնիսկ առանց դիրիժորի` զարմացնելով միակամ կատարողական ներուժով։ Այնպես որ, հիանալի «մարզավիճակում» է այժմ։
-Խորթություն զգացի՞ք առաջին աշխատանքային փորձերի, քննարկումների, համերգների ժամանակ։
-Ամենևին։ Հիմա էլ նրա կազմում կան մարդիկ, ովքեր հիշում են 8 տարեկանում այս նվագախմբի հետ անդրանիկ մենակատարումս։ Միասին ենք եղել մինչև 1992-ը` Հայաստանից գնալս։
-Ձեր հաճախակի, տևական բացակայությունները չե՞ն անդրադառնա «նոր մայրենիի» պատշաճ յուրացման վրա։
-Աշխարհի բոլոր նվագախմբերի բոլոր գեղարվեստական ղեկավարները, գործող դիրիժորներ լինելով, մշտապես շրջագայում են աշխարհով մեկ` կիսով չափ վստահելով գլխավոր նոտակալն ուրիշներին։ «Մայրենի լեզվին» դյուրությամբ կտիրապետեն իմ գեղագիտական հավատամքն ընդունած, 50-ամյա պատմության հետնորդ, բազմափորձ երաժիշտ-կատարողները։ Աշխատանքային առօրյայի անխափան ընթացքին, ըստ իմ ծրագրի, միանգամայն պատրաստակամ են հետևելու թե՛ նորաստեղծ ազգային կենտրոնի, թե՛ նվագախմբի տնօրենները, թե՛ իրենք` երաժիշտները։ Նույն կերպ ես արդյունավետ աշխատում եմ Կաննի նվագախմբի հետ։
-Գարնանային զարթոնքի ստեղծագործական լիցքերն արդեն հեռանկարային որոշակի լավատեսությամբ են գոտեպնդել թե՛ անդրանիկ համերգների ունկնդիրներին, թե՛ իրենց` երաժիշտներին, որոնք անկեղծորեն խոստովանեցին, որ հիմա չեն էլ մտածում հետ նայել ու «բզեզի բույնն անիմաստ փորփրել», միակ հետաքրքրությունը երաժշտությունն է։ Միակ խոչընդոտը, ըստ իրենց, լիովին տրվելու երաժշտությանը, նյութական անորոշ կարգավիճակն է։
-Մաեստրո Ղարաբեկյանի հեռանալուց հետո Վաչե Մանուկյանի հիմնադրամը դադարեցրել է իր աջակցությունը նվագախմբին։ Իմ նշանակումից հետո տնօրենությունը կրկին դիմել է նրանց օգնությանը և հույսով սպասում է դրական պատասխանի։ Առանց փոքրիշատե պատշաճ վարձատրության (պետական աշխատավարձը մոտ 75 հազար դրամ է, ինչը բավարար չէ լավ երաժշտին պահելու համար) անկարելի կլինի կանխել երաժիշտների արտահոսքը։ Կաննում, օրինակ, միջին երաժիշտը 2-3 հազար եվրո է ամսական ստանում։ Առայժմ որակական վտանգ չկա, հեռացած 3-ին բաց մրցույթով փոխարինում են նորերը։ Բայց խմբի վերընթացն ապահովելու առումով շատ կարևոր է նյութական բարեկեցությունը, որպեսզի նաև ստիպված չլինեն համատեղություններով կենսական ու ստեղծագործական էներգիան նվազեցնել։
-Նյութական լծակներ ունե՞ք հրավիրյալ դիրիժորներին շահագրգռելու։ Նրանք, մանավանդ բարձր վաստակ ունեցող քիչ թե շատ անվանիները, հազիվ թե բարեգործական նկրտումներ հանդես բերեն։
-Գործնական հանդիպումները ՀՀ-ում օտարերկրյա դեսպանների հետ, կարծում եմ, որոշակի արդյունք կտան։ Արդեն Ֆրանսիայի դեսպանատան հետ կոնկրետացնում ենք իրենց երաժիշտների այցերը Հայաստան։ Ֆրանսիական AFAA-ն, որը վերանվանվել է «Culture France», զբաղվում է սեփական արվեստը այլ երկրներում պրոպագանդելով։ Ինքս էլ, որպես Ֆրանսիայի քաղաքացի երաժիշտ, քանիցս մասնակցել եմ այդ նախաձեռնություններին։ Բազմաթիվ երկրներում գործող մասնաճյուղերի հետ արդեն կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել։
-Վերջին տարիներին ՀՀ-ում տարբեր դեսպանատների մշակութային մեծաթիվ նախաձեռնությունների մասնակիցը լինելով` համոզվել եմ, որ նրանք, միջոցներ չխնայելով, հետևողականորեն սոսկ իրենց երկրների արվեստն են մեզանում հանրահռչակում։ Հետին պլան չի՞ մղվում այդպիսով հայկականի պատշաճ հանրաճանաչումը։ Իրենց երկրներում մերի տարածումը չեն էլ նախատեսում։ Միջպետական փոխշփումներում բարիդրացիություն ապահովելու մշակույթի ներուժը կասկածից վեր է, բայց չի կարող երկու ժողովուրդների սերտացնող հուսալի կամուրջ դառնալ, եթե մի հենակետն է միայն պարբերաբար ամրացվում։ Ամենքը միաբերան իրավացիորեն հաստատում են, որ մեր պետությունն ինքը պիտի զբաղվի հայկականի համաշխարհային ճանաչմամբ։ Ապրուստի ինչ-ինչ միջոցներ գտնելով` հայ արվեստագետներն այդպիսով չե՞ն դառնում այլազգիների մշակութային խոսափողը։
-Առանց պետական ծանրակշիռ աջակցության գուցե խախտվի համաչափությունը փոխճանաչման։ Մեր նյութական տկար ռեսուրսներով առայժմ դժվար է հավասարակշռությունը պահպանել, բայց մտադիր ենք անձնական կապերն ակտիվացնել, հայկական գաղթօջախներում ունեցած լծակներով հնարավորություններ գտնել մեր արվեստն արտերկրում ներկայացնելու։
-Մեր պետությունը, կարծում եմ, վերահսկման հնարներ պիտի գտնի նաև արտերկրում տարբեր հասարակական կազմակերպությունների նախաձեռնած համաշխարհային հանրագիտարանային հրապարակումներում հայկականն արժանիորեն մատուցելու։ Նույն «Culture France»-ի կողմից հրատարակության է պատրաստվում «Ստեղծագործող կանանց միջազգային բառարանը», որի հայկական մասնաբաժնում ընդգրկված տասնյակ անունները երբ ինձ առաջարկեցին սեղմ լրացնել մի քանիսով, զարմացա նախնական ընտրության վրա։ Երբ եռամսյա հեռահաղորդակցությունն իրագործող բելառուս թատերագետ Վիրջինի Սումանիեսին (Virginie Symaniec) առաջարկեցի անհամեմատ զրնգուն անուններով ներկայացնել հայկական մշակույթի տարբեր ոլորտներում մնայուն հետագիծ թողած կանանց, նա խոստովանեց, որ «թատրոնի խոշոր գիտնական» Միշել Կորվինն (Michel Corvin) է այդ մոտավոր, կցկտուր շարքը ձևավորել 2008-ին կազմածը վերահրատարակելու նպատակով։ Տեղյա՞կ եք հիշատակածս նախագծին, ծանո՞թ են անունները։
-Ցավոք, ոչ։ Երաժշտության ոլորտում էլ հիմնականում անհայտ մարդիկ են զբաղվում համանման գործունեությամբ` իրենց ծանոթների բանավոր առաջարկություններով գրքերի էջեր լցնում, հաջողեցնում հրապարակել։ Այդ տգեղ երևույթը կանխել կարելի է հատկապես համացանցային թյուր տեղեկատվության հոսքը կասեցնող օտարալեզու գրահրատարակչությամբ։
-Ամեն ոլորտի արժանավայել ներկայացումը, անկասկած, լուրջ արվեստագետների մենաշնորհը պիտի լինի։ Պետությունը պիտի մասնագիտական բարձրակարգ հանձնախմբերի քննությամբ արտոնի այս կամ այն գրքի հրատարակությունը, կասեցնի խոտանը։
-Մենք մեր կողմից անելու ենք հնարավոր առավելագույնը լուրջ երաժշտարվեստի տիրույթը ամեն կարգի բախտախնդիրներից վնասազերծելու համար։ Կեսդարյա փայլուն ճանապարհ անցած կամերային նվագախումբն այսօր էլ հրաշալի կատարողական ներուժ ունի։ Պահպանելով ստեղծված լավագույն ավանդույթները, կանոնավոր ստեղծագործելու կայուն ռիթմը վերականգնելով` հպարտությամբ կարող ենք կրկին ակտիվ մասնակիցը դառնալ հայաստանյան երաժշտական առօրյայի։ Չեն բացառվում նաև մոտակա հյուրախաղերը։
-Կամերային երաժշտության ազգային կենտրոնի (տնօրեն` Արման Ծատուրյան) կազմում ընդգրկված մյուս 5 երաժշտախմբերի, արվեստասեր հանրության անմիջական տպավորությամբ` անդրանիկ հրապարակային ելույթներում զգալի է նոր արյան ներարկման շրջանառությունն այս նվագախմբի կատարումներում։ Ակնհայտ են Ձեր և երաժիշտ կատարողների համախոհության հուսադրող նշանները։ Դրվատելի է, որ Մոցարտի, Մենդելսոնի, Հայդնի դասական գոհարներին համերգային երկացանկում զուգակցվում են Միրզոյանի, Պետրոսյանի, Խաչատրյանի երաժշտակտավները։ Ֆիլհարմոնիկի փողայիններին միադաշն 20-ից ավելի լարայինները նպաստավոր ստեղծագործական միջավայր ապահովեցին երիտասարդ մենակատարների` ջութակահար Անուշ Նիկողոսյանի, դաշնակահարներ Մարիաննա ՈՒզանկիչյանի և Ելենա Սիմոնյանցի, աշխարհահռչակ Ալեքսանդր Բրուսիլովսկու անկաշկանդ ինքնադրսևորման համար։
-Նոր անուններ բացահայտելու մեծ ձգտում ունենք։ Ոչ միայն կատարողների, այլև կոմպոզիտորների։ Կփորձենք պահպանել նաև արդեն ստեղծված լավագույն ավանդույթները։ Հիմա, օրինակ, Արցախյան երրորդ երաժշտափառատոնը կայացնելու ուղիներ ենք փնտրում։ Միանգամայն իրականանալի ենք համարում մարզային շրջագայությունները։ Հենց որ հստակվի մեկենասության իրական պատկերը, կփորձենք նոր մտահղացումներ ի կատար ածել։ Ինչպես, ասենք, երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը։
-Նախատեսո՞ւմ եք Ձեր դաշնամուրային մենանվագը հնչեցնել նաև մեր կամերային նվագախմբի հետ։
-30 տարի դաշնամուր եմ նվագում։ Հիմա տարեկան 15-20 համերգ եմ տալիս դեռ 5 տարի առաջ ունեցած 70-80-ի փոխարեն։ Առաջին անգամ հենց դաշնամուրի մոտ եմ ղեկավարել կամերային նվագախումբը, դաշնամուրային կոնցերտ հնչեցնելով։ Դաշնամուրն իմ հոգևոր նկարագրի անկապտելի մասն է դարձել։ Կլինեն, կարծում եմ։ Նվագախմբի հետ աշխատելով` համոզվել եմ, որ բարձրակարգ երաժիշտ կատարողների համախոհ գործընկերությամբ կարելի է հաղթահարել ստեղծագործական ամենադժվարին խնդիրներ։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ