Նախօրեին տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը հրապարակեց դեղերի պետական գնման ոլորտում իրականացված ստուգումների արդյունքները, որոնց համաձայն` խախտումների քանակը բավականին մեծ է: ՏՄՊՀ-ի ուսումնասիրությամբ՝ 134 բուժհաստատություններից 109-ը խախտել են մրցույթ հայտարարելու կարգը, 66 բուժհաստատություն ընդհանրապես մրցույթ չի հայտարարել, 43-ը դեղերի ձեռքբերման վերաբերյալ մրցույթներ հայտարարել են միայն առանձին դեպքերում, 26 բուժհաստատությունների կազմակերպած 37 մրցույթները ձևական բնույթ են կրել: Հիշյալ մրցույթներին մասնակցել է դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերություն, սակայն մշտապես շահել է նույն ընկերությունը: Չարաշահումների շարքն այսքանով չի սահմանափակվում: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք առողջապահության նախարար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆԻՆ:
-Պարոն նախարար, ի՞նչ եք ձեռնարկում նման չարաշահումների դեմն առնելու ուղղությամբ:
-Գնումների ոլորտում խնդիրներ կան, որոնք շտկելու ուղղությամբ աշխատում ենք: Դա անձամբ մեր հսկողության տակ չէ, որ մշտապես ուշադրության կենտրոնում պահենք ու զբաղվենք: Կարծում եմ` թերություններ, իրոք, կան, որոնք կարճ ժամանակահատվածում պարտավոր ենք լուծել:
-Այսինքն` այն, ինչ հայտնաբերել է հանձնաժողովը, Ձեզ համար նորություն չէ՞ր:
-Իհարկե, նախօրոք մենք տեղյակ չենք եղել, որ խախտումներ են իրականացվում: Պարզապես գնումների գործընթացը խախտումներով է ուղեկցվել, որոնք որոշ առումով կարելի է համարել դիտավորյալ, որոշ դեպքերում էլ՝ գնումների թերությունների հետևանքով իրականացված խախտումներ:
-Փաստորեն, դեղերի շուկայի կարգավորման հարցում օրենսդրական բացե՞ր կան:
-Իհարկե, 2012-ին անդրադառնալու ենք այդ հարցին: Ոլորտում բավականին խնդիրներ կան. պիտի կարողանանք գների աճը սաստել, նվազեցնել, դեղերի որակը լավացնել, հսկողությունը մեծացնել, որպեսզի նաև կեղծ, չգրանցված դեղեր չլինեն:
-Ի դեպ, որակի մասին. հանրության շրջանում տեսակետ կա, թե դեղերը հիմնականում անորակ են:
-Այդպես չէ: Մենք շատ լավ դեղեր ունենք, մեծ փորձ ունեցող կազմակերպություններ կան, որոնք ներմուծում են իրականացնում: Գուցե որոշ դեպքերում դեղերի ոչ պատշաճ պահպանում է տեղի ունենում, այսինքն` շղթան խախտվում է, սառնարանային, պահպանման և այլն: Այս պարագայում դեղն իր ազդեցությունը որոշ չափով կորցնում է:
-Սովորաբար ասում են, թե դեղերի բիզնեսի հետևում այնպիսի օլիգարխներ են կանգնած, որ ոչ մի նախարար չի կարող այդ դաշտում հստակություն իրականացնել:
-Կարևոր չէ՝ ովքեր են կանգնած դրա հետևում, ներմուծողներն ովքեր են, սա կարգավորվող խնդիր է, որովհետև խոսքը ժողովրդի առողջության մասին է: Մենք պարտավոր են այս հարցը լուծել: Ով էլ լինի այդ ամենի հետևում, կարծում եմ` նրանք էլ շահագրգիռ են, որ այդ հարցերը կանոնակարգվեն, բոլորն աշխատեն նորմալ պայմաններում ու հանրությանը մատուցեն բոլոր այն դեղերը, որոնք նա ակնկալում է:
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ