Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ապականված գործելակերպ

Ապականված գործելակերպ
31.10.2008 | 00:00

ՀԱԿԱԻՐԱՎԱԿԱՆ
ԳՈՐԾԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Զինաիդա Բաղդասարովան ամուսնացել է Սողոմոն Բաղդասարովի հետ 1935թ., ԼՂ Հադրութի շրջանի Բինյաթլու գյուղում: 1942թ. ձմռանը գյուղը հրդեհվում է, այրվում է նաև Բաղդասարովների տունը, ոչնչանում են բոլոր փաստաթղթերը: Բաքու տեղափոխվելուց հետո Բաղդասարովներն իրենց ամուսնությունը կրկին գրանցում են Բաքվի ՔԿԱԳ բաժնում` 11.06.1967թ.: Ամուսնության վկայականում և թվերով, ռուսերենով գրված է, որ նրանք ամուսնացել են 1935 թվին: 1968-ից տեղափոխվում են Երևան ու բնակվում Նժդեհի 28, բն. 47 հասցեում: 04.04.1997թ. Սողոմոն Բաղդասարովի անվամբ սեփականաշնորհվում է համատեղ կյանքի ընթացքում երկուսի կողմից ձեռք բերված մեկ սենյականոց բնակարանը (վկայական՝ 20226), որում հստակ գրված է ամուսնու ազգանունը` Սողոմոն Բաղդասարով: Սակայն 1997թ. նոր անձնագիր ստանալիս, անձնագրային բաժիններին այդ տարիներին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի տված բանավոր կարգադրությանը հավատարիմ, իբր ավելորդ քաշքշուկներից խուսափելու նպատակով, Բաղդասարովի փոխարեն գրվում է Բաղդասարյան: Այդ պատճառով ամուսնու մահից հետո (05.06.1999թ.) մինչ օրս Զինաիդան չի կարողանում կատարել անվանափոխում: Ամուսինը ողջ կյանքում կրել է Բաղդասարով ազգանունը, մահվան վկայականը ստանալիս պարզվում է, որ ՀՀ նոր անձնագրում գրված էր Բաղդասարյան: Կինը ստիպված 12.11.2007թ. դիմում է Շենգավիթի առաջին ատյանի դատարան և խնդրում հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն առ այն, որ Սողոմոն Բաղդասարովը նույն անձն է, ինչ Սողոմոն Բաղդասարյանը: Շուրջ մեկ տարի ՀՀ Շենգավիթի համայնքի ընդհանուր իրավասության դատարանը չի լուծում այս պարզունակ հարցը, երբ բոլոր հիմքերը կցվում են գործին և անուն առ անուն նշվում` պետտուրքի վճարման անդորրագիրը, տեղեկանք բնակության վայրից, ամուսնության, սեփականության վկայականների, իր անձնագրի, սոցքարտի, ամուսնու մահվան, կենսաթոշակային վկայականի ու խորհրդային անձնագրի պատճենները և, որպես անհաղթահարելի խոչընդոտ, կադաստրի՝ անվանափոխության մերժման մասին տեղեկանքը: Սույն գործն այս տարի 3 անգամ լսվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում, 3 անգամ էլ մերժվել անհեթեթ, ծիծաղաշարժ պատճառաբանությամբ (2 անգամ` դատավոր Արա Կուբանյանը, 3-րդ անգամ՝ Նաիրա Հովսեփյանը): Ի դեպ, վերջին դատավարությանը ներկայացված են նաև ժառանգության վկայականների պատճենները:
Իսկ այժմ մանրամասնենք, թե ինչ կերպ է գործը մտել դատարան:
ՓՈՐՁԱՆՔՆԵՐԻ ՍԿԻԶԲԸ
Քանի որ սխալն անձնագրային բաժնինն էր, դիմումատուն չէր վճարել պետտուրքը: Հաշվի առնելով միայնակ, 88-ամյա կնոջ սոցիալական ծանր դրությունը, միջնորդություն էին ներկայացրել այն զիջելու մասին (որդին էլ Ռուսաստանից չի կարողանում վերադառնալ՝ դրամ չունենալու պատճառով): Միջնորդությունը չէր հարգվել, գործը Ա. Կուբանյանը հետ էր վերադարձրել: Վճարել էին պետտուրքը ու նույն դիմումը բոլոր հիմքերով ներկայացրել: Այս անգամ էլ Կուբանյանը վերադարձրել էր՝ պատճառաբանելով, թե չկան անձնագրի ու սոցքարտի տվյալները, այն դեպքում, երբ դրանց պատճենները կցված էին գործին: Ստիպված որոշումը բողոքարկում են վերաքննիչ դատարանում, ու այն վերջապես վարույթ է ընդունվում Շենգավիթի առաջին ատյանի դատարանում: Գործը կրկին նույն դատավորի մոտ է հայտնվում, որը 11.02.2008թ. մերժում է այն՝ դիմումատուի պահանջը համարելով անհիմն, քանի որ ինքը «հայտնագործել» էր, որ Բաղդասարովները օրինական կարգով ամուսնացել են ոչ թե 1935-ին, այլ 1967-ին, այսինքն՝ ամուսնության վկայականը ստանալու օրը, սակայն չէր ցանկացել տեսնել նույն վկայականի ձախ մասում և՛ թվերով, և՛ տառերով գրվածը, որ ամուսնացել են 1935 թվին: Այսպիսով, նա վիրավորել է ծեր կնոջն ու նրա զավակներին` ապօրինի համարելով նրանց ծնունդը: Ինչո՞ւ Բաքուն ճանաչել էր հայի զավակների ծնունդը, հայը` ոչ: Երրորդ անգամ` 28.03.08-ին, դիմում են Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան, ներկայացնելով նոր ի հայտ եկած փաստաթուղթը` երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, պահեստի լեյտենանտ Սողոմոն Բաղդասարովի թոշակի վկայականի պատճենը՝ տրված մահվանից մեկուկես տարի առաջ` 13.10.1997թ. Շենգավիթի զինկոմի կողմից: Գործը լսում է դատավոր Նաիրա Հովսեփյանը, կրկնելով իր նախորդի սխալը՝ հայցվորի պահանջը համարելով անհիմն։ Հարց է ծագում՝ ո՞ւմ շահերն են պաշտպանում մեր դատավորները, և եթե հակառակ կողմ չկա, ինչո՞ւ են խոչընդոտում բնակարանի անվանափոխությանը: Ինչո՞ւ վճիռը հրապարակելուց առաջ մի այլ նմանատիպ գործում տիկին դատավորը ճանաչում ու բարձրաձայն ընթերցում է «փաստն առ այն, որ Արամը նույն անձն է, ինչ Արամայիսը», իսկ Բաղդասարովը չի ճանաչվում, որ նույն Բաղդասարյանն է: Գործի ոդիսականը տիկին Զինաիդային թելադրում է 11.06.2008թ. դիմել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին՝ ոտնահարված իրավունքներն ու հավատը վերականգնելու ակնկալիքով: Պատասխան է ստացվում` փոխել դիմումի հիմքը: Այս անգամ ժառանգության ճանաչման փաստացի պահանջի մասին դիմում է ներկայացնում Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ գույքին տիրապետում էր ինը տարուց ավելի ու պարտաճանաչ մուծում բոլոր վարձերը: Գործը կրկին հանձնվում է Կուբանյանին: Անսալով դատարանի նախագահ Ս. Կոստանյանի խոսքին, թե կկատարվի օրենքի տառը, բացարկ չի հայտնվում, որպեսզի տարեց կինն ու վկաները մեկ անգամ ևս չհայտնվեն դատարանում: Օգոստոսի 11-ին Կուբանյանն իրեն հատուկ ձեռագրով (ի դեպ, գործելակերպը նա վաղուց է որդեգրել, դեռ Էրեբունիում աշխատելիս) նորից մերժում է հայցը, այս անգամ հայտնագործելով, թե չկա Սողոմոն Բաղդասարյանի մահվան մասին ապացույց, այն դեպքում, երբ մահվան վկայականի պատճենը կցված էր ու դիմումի մեջ էլ գրված է` կից ներկայացնում եմ… Եթե չկար՝ ինչպե՞ս էր գործն ընդունվել վարույթ: Հիրավի, ժամանակն է կուբանյաններին ուղարկելու վերապատրաստման կամ առաջարկելու տեղափոխվել այլ աշխատանքի։
Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 6658

Մեկնաբանություններ