ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՀԱՅԵՐՍ ՏԱՆՈՒԼ ԵՆՔ ՏՎԵԼ ՄԻՆՉև ԱՅՆ ՊԱՀԸ, ԵՐԲ ՄՏԱԾՈՒՄ ԷԻՆՔ, ԹԵ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՊԻՏԻ ԼՈՒԾԵՆ ՄԵՐ ՀԱՐՑԵՐԸ»

«ՀԱՅԵՐՍ ՏԱՆՈՒԼ ԵՆՔ ՏՎԵԼ ՄԻՆՉև ԱՅՆ ՊԱՀԸ, ԵՐԲ ՄՏԱԾՈՒՄ ԷԻՆՔ, ԹԵ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՊԻՏԻ ԼՈՒԾԵՆ ՄԵՐ ՀԱՐՑԵՐԸ»
05.11.2010 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրն է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր, Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ, պրոֆեսոր ԴՈՆԱՐԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ։
«ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ ԵՆՔ ՄԱՐԴՈՒՆ, ՔԱՂԱՔԱՑՈՒՆ, ԱՊԱ ՆՈՐ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ»
-Տիկին Գաբրիելյան, քանի՞ տարի է, ինչ գործում է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանը:
-Համալսարանին արտոնագիր է տրվել 1996 թվականին, իսկ ուսումնական գործընթացը մեկնարկել է 1997-ին: Այդ թվին է կատարվել առաջին ընդունելությունը:
-Ի՞նչ ֆակուլտետներ ունի համալսարանը:
-Մենք ունենք երեք ֆակուլտետ` բանասիրական (հայերեն, ռուսերեն, անգլերեն ուսուցման բաժիններով և դասավանդման մեթոդիկայի բաժանմունքով), իրավաբանական (պատմության բաժանմունքով), կառավարման (էկոնոմիկայի, էկոնոմիկայի բնագավառում տեղեկատվական համակարգերի, ծրագրավորման բաժանմունքներով):
-Դուք կառուցում եք համալսարանական ավան: Ի՞նչ կպատմեք այդ մասին:
-Մենք ունենք այդպիսի նախագիծ, որն արդեն իրականացման փուլում է: Կառուցում ենք ավան` Ստեփանակերտի այն հատվածում, որտեղ ղարաբաղցի տատի ու պապի հայտնի արձանն է: Հողային աշխատանքներն արդեն կատարված են: Դա լինելու է մի ամբողջ համալիր, որտեղ և՛ ուսումնական գործընթացը կիրականացվի, և՛ կլինեն բնակելի հատվածներ:
-Հայաստանում մի շարք մասնավոր բուհեր զրկվեցին իրենց արտոնագրերից, նրանց գործունեությունը դադարեցվեց: Ի՞նչ վիճակում է այս իմաստով «Մեսրոպ Մաշտոց» համալսարանը:
-Մեզ մոտ կար 8 համալսարան` ներառյալ պետական համալսարանը: Փակվեցին շատերը: Հիմա գործում են պետական համալսարանը, արվեստի ինստիտուտը և երկու մասնավոր համալսարան, այդ թվում` «Մեսրոպ Մաշտոցը», որն ստացել է արտոնագիր և ապահովել իր հետագա գործունեության իրավունքը:
-Դուք աշխատում եք երիտասարդության հետ: Ի մոտո շփվելով` կարո՞ղ եք ասել, թե ինչ աժեհամակարգի կրող է երիտասարդ արցախցին, ի՞նչ սկզբունքներով է իր կյանքը կառուցում արցախցի մարդը։
-Գուցե վերամբարձ հնչի, բայց կասեի, որ այդ արժեհամակարգի հիմնաքարը հայրենասիրությունն է, նվիրվածությունը սեփական հայրենիքին, հողին, այն ամենին, ինչ ժառանգել են պապերը, և այսօր էլ ժառանգում են հայրերը: Մենք շատ արյուն ենք թափել` պահպանելու համար հայկականը: Թեև ես ռուսերեն եմ խոսում, բայց չեմ պատկերացնում, որ որևէ հայ կարող է ինձնից ավելի հայ լինել: Շատ հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ինձ նման սիրեն իրենց հայրենիքը: Ես շատ եմ ցանկանում, որ ռուսերեն խոսող բոլոր հայերը դաստիարակեն իսկապես հայ երեխաներ: Մենք համալսարանում ուսանողների մեջ նախ և առաջ դաստիարակում ենք մարդուն, քաղաքացուն, ապա նոր միայն մասնագետին:
«ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ԷԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏ ԵՆՔ»
-Դուք իրարից առանձի՞ն եք պատկերացնում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հասկացությունները:
-Այսօր` այո՛: Բայց հետագայում դա պետք է դառնա մի ամբողջություն: Հայ, Հայաստանի քաղաքացի հասկացությունը պիտի լինի եզակի: Ոչ թե պիտի լինեն հայկական պետությունների քաղաքացիներ, այլ միասնական, Մեծ Հայաստան երկրի քաղաքացիներ: Այսօր, ցավոք, մենք ունենք տարբեր արժեքներ, վարում ենք տարբեր կենսակերպ, դրսևորում տարբեր մտածելակերպ: Ես սիրում եմ իմ ազգը, հպարտանում իմ ժողովրդով, չափազանց ցավում, եթե ինչ-ինչ բաներ ճիշտ չեն լինում, բայց չեմ ժխտում, որ հայկական երկու հանրապետությունների միջև կան տարբերություններ: Մենք քիչ ենք, այդ պատճառով էլ մաքսիմալիստ ենք: Կա՛մ չափազանց սիրում ենք, կա՛մ չափազանց խիստ քննադատում այն ամենը, ինչ անում ենք: Միջին վիճակ չկա, մի բան, որ ճիշտ չէ:
-Իսկ հաճա՞խ է պատահում, երբ ինչ-որ բան այնպես չի լինում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հարաբերություններում:
-Ո՛չ, բոլորովին: Մենք միևնույն գործն ենք անում: Մեր վերջնական նպատակը միասնական պետություն ունենալն է: Բայց դեպի այդ նպատակակետը մենք գնում ենք ոչ թե զուգահեռ ուղիներով, այլ եռանկյան կողմերի նման` ձգտելով դեպի միևնույն բարձրակետը` վեհ նպատակակետը: Անտարակույս, մենք մտածում ենք տարբեր կերպ, գործում տարբեր ձևերով, ընթանում տարբեր ռիթմով, և այդ տարբերությունները հարթելու համար պիտի փոխադարձաբար ինտեգրվենք միմյանց կյանքին: Այս նպատակին են ծառայում հենց այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին էր լրագրողների համահայկական համաժողովը Արցախում: Այդպիսի նախաձեռնություն է հանդես բերում նաև մեր համալսարանը` հրավիրելով այստեղ դասավանդելու հայաստանցի մասնագետներին: Հրավիրվում են ոչ միայն դասախոսներ, այլև հայաստանցի ուսանողներ, որոնց հետ համատեղ կազմակերպում ենք կոնֆերանսներ: Այս ամենի նպատակը առավել խոր փոխըմբռնման, փոխճանաչման հասնելն է: Նույնիսկ մոտ հարևանությամբ գտնվող գյուղերի բնակիչներն են միմյանցից տարբեր մտածում և ապրում, ու եթե նրանք հաճախ չհանդիպեն, հաճախ չշփվեն, այդ տարբերությունն աստիճանաբար կխորանա, նպատակները կտարաբաժանվեն: Եթե անգամ ունենան միևնույն նպատակը, դեպի այն տանող ուղիները կտարբերվեն: Եվ ասեմ, որ դրանում տարօրինակ ոչինչ չկա: Գուցե և դրա մեջ է մեր հարստությունը:
-Արցախում մեծանում է մի սերունդ, որը, ի տարբերություն իր ծնողների, չի պատկերացնում, թե ինչ ասել է սեփական հողում օտարի լծի տակ ճնշված ապրելը: Ո՞րն է այս երկու սերունդների հոգեբանության, մտածողության միջև եղած հիմնական տարբերությունը:
-Տարբերությունն այս սերունդների միջև միայն այն չէ, որ ապրել կամ չեն ապրել մեծ (նկատի ունեմ ընդամենը քանակը) ազգի ճնշման պայմաններում: Մեր սերունդը (հայ, ադրբեջանցի, վրացի, ռուս և ուրիշներ) դաստիարակվել էր մեկ ընդհանուր` խորհրդային գաղափարախոսության շրջանակներում: Մենք հպարտանում էինք մեր հզոր պետությամբ: Չունեինք վախ արտաքին աշխարհից, որովհետև մեզ պաշտպանված էինք զգում ցանկացած թշնամու ոտնձգությունից, գիտեինք, որ մեր դեմ կատարվող ամեն մի սխալ քայլ կստանա արժանի հակահարված: Այս իմաստով մեր սերունդը պակաս խոցելի էր: Մենք շատ ամուր էինք կանգնած մեր ոտքերի վրա: Մեզ համար կյանքն ավելի հեշտ էր: ՈՒրիշ հարց է, որ մենք պիտի կարողանայինք գոյատևել մի պետության մեջ, որն իսկապես ճնշում էր մեր մեջ ազգային որակների դրսևորումները: Այսօրվա երիտասարդ սերունդն ունի առավել մեծ դժվարություններ, որովհետև չկա նրան պաշտպանող հզոր պետություն: Ինքը պիտի կարողանա պաշտպանել իր պետությունը: Սա է երկու սերունդների միջև եղած մեծ տարբերությունը: Մենք այսօր առավել շատ ենք պետք մեր երկրին, պետությանը, հայրենիքին, ժողովրդին, քան այն ժամանակ: Խորհրդային տարիներին պետությունը մեր կարիքը չէր զգում, իսկ այսօր մենք հարկավոր ենք մեր պետությանը: Սա վերաբերում է մեր երկու պետություններին` Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Մեր պետություններն ունեն ոչ միայն իրենց հողի վրա ապրող, այլև սահմաններից դուրս գտնվող յուրաքանչյուր հայի կարիքը: Սրանում է, հավանաբար, ավագ և երիտասարդ սերունդների հիմնական տարբերությունը: Ի տարբերություն ավագ սերնդի` երիտասարդությունն այսօր առավելապես հույսը դնում է իր վրա: Փնտրում է ուղիներ` գոյատևելու, փող վաստակելու, կյանքում կայանալու, կարևոր ձեռքբերումներ ունենալու համար: Նրանք հասկանում են, որ այդ ամենին կարելի է հասնել շատ վաղ հասակում` չսպասելով մինչև սպիտակեն մազերը: Այս իմաստով նրանք մեծ առավելություն ունեն խորհրդային սերնդի համեմատությամբ, թեև արտաքին վտանգներից պակաս պաշտպանված են, քան իրենցից ավագները:
-Պաշտպանված չլինելու զգացողությունը զանգվածային արտագաղթի պատճառ չի՞ դառնում արցախցիների համար:
-Ընդունված խոսք է. «Լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք»: Յուրաքանչյուր մարդու ներսում այս միտքը նստած է` անկախ հանգամանքներից: Բայց ամեն մեկը յուրովի է արձագանքում դրան: Կան մարդիկ, ովքեր իրենց առաքելությունը փնտրում են դրսում, կան մարդիկ, ովքեր անպայման մնում են կառչած իրենց հողին: Իմ եղբայրները բարձրագույն կրթություն են ստացել Ռուսաստանում և ՈՒկրաինայում: Նրանք մնացել և ապրում են դրսում: Իսկ ես, որ նույնպես կրթություն եմ ստացել դրսում` Ղրիմում, վերադարձել եմ և ապրում, աշխատում եմ այստեղ: Ինձ ձգում էր այս հողը: Ես կոսմոպոլիտ չեմ: Սիրում եմ իմ քաղաքը, իմ երկիրը: Կարծում եմ` սրանում շատ մեծ դերակատարություն ունի ընտանիքը: Ինչպիսի մթնոլորտում, ինչպիսի ընտանեկան դաստիարակության պայմաններում մեծանում է մարդը, ըստ այդմ էլ դասավորում է իր կյանքը: Եթե նա իր տանն անվերջ լսում է տրտնջոցներ. «Էս ի՜նչ երկիր է, էս ի՜նչ քաղաք է, էս ի՜նչ ժողովուրդ է», անպայման կփախչի այդ երկրից:
«ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ՊԻՏԻ ՇԱՏ ՍԻՐԵՆ ԻՐԱՐ, ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ ԿԼԻՆԻ»
-Ձեր համալսարանն ինչ-որ ծրագրե՞ր է իրականացնում ամերիկացիների հետ:
-Ես բախտ ունեցա մասնակցելու Լաս Վեգասում կազմակերպված մի կոնֆերանսի, ապա եկա Գլենդել, որպեսզի այնտեղից վերադառնամ Ղարաբաղ: Այստեղ էլ պատահաբար ծանոթացա մի մարդու հետ, որն այսօր նյութապես օգնում է մեզ կառուցելու այն համալիրը, որի մասին խոսեցինք սկզբում և որի մասին վաղուց երազում էինք: Դա կներառի ուսումնական, մարզական, բնակելի շինություններ: Հիմա մենք բանակցություններ ենք վարում, փաստաթղթեր ենք պատրաստում, որպեսզի աշխատանքները դրվեն լուրջ հիմքերի վրա, որպեսզի համապատասխան կազմակերպությունները մեզ տրամադրեն անհրաժեշտ գումար մեր ծրագրերն իրագործելու համար: Եթե ամեն բան բարեհաջող ընթանա, մեր հաջորդ հանդիպումը կկայանա նորակառույց այդ համալիրում:
-Ինչպիսի՞ն են Արցախի կապերը սփյուռքահայ գաղութների հետ:
-Ես կարող եմ խոսել միայն մեր համալսարանի մասին: Մենք առավելապես կապված ենք ամերիկահայ համայնքի հետ: Նրանց շատ է հետաքրքրում մեր համալսարանի գործունեությունը: Դեռևս յոթ տարի առաջ մենք ձևավորել ենք հարաբերություններ, որոնք շարունակվում են մինչ այսօր: Նրանք եկել են այստեղ` ներդնելու համալսարանում տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգը, և 2002 թվականից արդեն սկսել ենք ուսուցումը էկոնոմիկայի բնագավառում տեղեկատվական համակարգերի, ծրագրավորման բաժանմունքներում: Հենց նրանց միջոցով եմ ես գտել մեր այսօրվա բարերարին: Բացի այդ, ես կապեր եմ հաստատել նաև ԱՊՀ երկրների հետ: Եվ այդ կապերը ոչ միայն հայկական համայնքի, այլև օտարազգիների հետ են: Վերջերս կրթական ծրագրերի ոլորտում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Դոնի Ռոստովի հետ: Նույնպիսի համագործակցություն ենք իրականացնում Երևանի պետհամալսարանի հետ: Մենք ձգտում ենք կապեր հաստատել մեծ բուհերի հետ, այստեղ հրավիրել տարբեր մասնագետների, որպեսզի Ղարաբաղից դուրս մեկնել չկարողացող մեր երեխաները հաղորդակից դառնան աշխարհի անցուդարձին, տիրապետեն խոր գիտելիքների, ձևավորեն թարմ մտածելակերպ, լայն աշխարհայացք, առարկան յուրացնեն նոր հայեցակարգով: Սա շատ կարևոր է: Իսկ հետագայում պլանավորում ենք դուրս ուղարկել մեր երիտասարդներին: Առաջարկություն ենք ստացել ամռանը 50 հոգու ուղարկել ԱՄՆ` աշխատելու: Մեր ուսանողները երեք ամիս կաշխատեն Ամերիկայում, կվաստակեն որոշակի գումար, որով կկարողանան և՛ հոգալ իրենց ուսման ծախսերը, և՛ թեթևացնել ծնողների հոգսը: Նաև կկատարելագործեն անգլերենի իրենց իմացությունն ու կտեսնեն` ինչպես են ապրում-աշխատում ամերիկացիները: Թող տեսնեն, որ մարդիկ աշխատում են ոչ թե ութ, այլ տասներկու ժամ, և որ արտասահմանում ապրելն այնքան էլ հեշտ բան չէ: Գուցե հասկանան, որ ամերիկացու պես աշխատելու դեպքում այստեղ էլ կարող են լավ ապրել: Կցանկանայի ընդգծել մի միտք. մենք` ԱՊՀ-ում ապրողներս, ձգտում ենք մեկնել և ապրել արտասահմանում, որովհետև այնտեղ քաղաքները մաքուր են, տները` բարեկարգ, սնունդը` բարձրորակ: Իսկ ո՞վ է այդ ամենն ստեղծում արտասահմանում: Իրենք` մարդիկ: Ավելի լավ չէ՞, որ մենք էլ մեր երկիրը դարձնենք այդպիսին, ոչ թե հեռանանք նրանից: Եվ դա դժվար չէ: Մարդն ընդամենը պիտի մաքուր ու գեղեցիկ պահի իր տունը, շքամուտքը, աշխատավայրը, փողոցը, քաղաքը: Ահա և քեզ Եվրոպա:
-Դուք համամի՞տ եք տարածված այն կարծիքին, որ մենք տեղեկատվական դաշտում զիջում ենք Ադրբեջանին:
-Այսօր` ո՛չ: Երեկ` այո՛, զիջում էինք: Իմ որդին, որն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, ասում էր, որ մենք հետ ենք մնում ադրբեջանցիներից և վրացիներից: Ադրբեջանը ֆինանսավորում է իր բլոգերներին, ապատեղեկություն տարածող իր համակարգերը: Փա՜ռք Աստծո, որ այսօր Հայաստանն արթանացել է: Հիմա մենք ունենք շատ հետաքրքիր բլոգներ, այս ուղղությամբ մեծ աշխատանք են տանում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի արտաքին գործոց նախարարությունները, բայց չպետք է բավարարվենք եղածով, պետք է շարունակենք ավելի զարգացնել մեր հնարավորությունները: Աշխատանքները սկսված են, բայց դեռևս չեն հասել այն մակարդակին, որ մեզ լիովին գոհացնեն:
-Արցախի ճակատագրով զբաղվող միջազգային կառույցներին վստահո՞ւմ եք:
-Մենք` հայերս, տանուլ ենք տվել բոլոր տեսակի ճակատամարտերում մինչև այն պահը, երբ մտածում էինք, թե մեր փոխարեն ինչ-որ մարդիկ, ինչ-որ ուժեր պիտի լուծեն մեր հարցերը: Երբ հասկացանք, որ մեզ ոչ ոք չի օգնելու, որ ինքներս պիտի տնօրինենք մեր ճակատագիրը, սկսեցինք հաղթել: Միշտ է այդպես: Չի կարելի ուրիշի վրա հույս դնել: Միջազգային կառույցները թող աշխատեն, ինչպես հարմար են գտնում: Նրանք այդ աշխատանքի համար փող են ստանում: Բայց մենք պիտի հավատանք ինքներս մեզ, չհանձնվենք: Չի կարելի մտածել, որ պիտի ապավինենք ինչ-որ մեկին, որ նա մեզ պաշտպանի: Դա պիտի անենք մենք` ողջ հայ ժողովուրդը` Հայաստանում, Արցախում, սփյուռքում: Ողջ աշխարհի հայերը պիտի շատ սիրեն իրար: Այդ դեպքում ամեն բան լավ կլինի:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ