Գյուղատնտեսության ոլորտում 2010 թվականին բավականին բարդ զարգացումներ եղան. գրանցվեց մեծ անկում, տնտեսական վերլուծություններում էլ բարձր գնաճի «մեղքի» առյուծի բաժինը կրկին վերագրվեց այս ոլորտին: Հիշյալ և մի շարք այլ կնճռոտ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
-Պարոն նախարար, անցած տարին Ձեր ղեկավարած գերատեսչության համար բացասական արդյունքների տարի էր, և, չնայած դրան, 2011-ին նպատակադրվել եք 10 տոկոս աճ ապահովել: Անկումից աճ, ո՞ր ուղղություններով եք նախատեսում հասնել դրան:
-Անցած տարին գյուղատնտեսության համար շատ անբարենպաստ էր, ոլորտում 13,5 տոկոս անկում գրանցվեց, և դա իր հետևից բերեց քննադատության շատ մեծ ալիք: Հաշվի առնելով անցած տարվա բարդ պայմանները` մեծ աշխատանք ունենք կատարելու և մեր աշխատակազմի բոլոր ջանքերն ուղղում ենք վիճակը շտկելուն: Հանրապետության նախագահն ու վարչապետը հանձնարարական են տվել գյուղատնտեսության զարգացմանը նպաստող ծրագրեր մշակելու: Նշեմ մի քանիսը. առաջին խոշոր ծրագիրը գարու և եգիպտացորենի արտադրության զարգացումն է: Սոցիալական ուղղվածություն ունեցող այս ծրագրով նախատեսում ենք 2000 տոննա գարու, 62 տոննա եգիպտացորենի սերմացու ներկրել և որպես սուբսիդավորում տրամադրել լեռնային ու սահմանամերձ համայնքների սակավ ապահովված ու նախորդ տարիներին իրենց հողատարածքները չմշակած տնտեսություններին: Իրագործվելու է 3 հազար քմ հողատարածքի վրա` ընդգրկելով 18-20 հազար շահառուի: Մյուս ուղղությունը համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման և կառավարման մրցունակության հնգամյա ծրագիրն է, որն ուղղված է արոտավայրերի արդյունավետ օգտագործմանն ու անասնապահության զարգացմանը: 23 մլն դոլար արժողությամբ ծրագիրն իրականացվելու է ՀԲ-ի և մեր կառավարության համաֆինանսավորմամբ: Առայժմ նախատեսված է ընդգրկել 55 համայնք, հետագայում նախատեսում ենք ընդարձակել տարածաշրջանները, օգտագործվելու են քիչ շահագործվող արոտավայրերը: Տեղերում ստեղծվելու են միավորումներ, որոնք ունենալու են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց անասնագլխաքանակը պահել և շատացնել: Հաջորդը գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրն է: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ու կառավարության 53 մլն դոլար ֆինանսական միջոցներով Տավուշի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում, առաջին հերթին անապահով ընտանիքների ընդգրկմամբ, հիմնելու ենք 700 հա պտղատու այգի: Տնկիների աճեցումից մինչև այգիների մշակումն իրականացվելու է նորագույն տեխնոլոգիայով, իսկ բերքը հիմնականում արտահանվելու է: Ճապոնական դրամաշնորհով արդեն ձեռք է բերվել 61 տրակտոր, 13 անուն գյուղտեխնիկա, որոնք մինչև գարնանային աշխատանքների սկիզբը կես գնով վաճառվելու են գյուղացիներին: Պահանջարկը մեծ է, բայց առաջնահերթությունը տալու ենք սպառողական կոոպերատիվներին և այն միություններին, որոնք զբաղվում են կոնկրետ արտադրությամբ:
-Կարծես այդ բոլոր ծրագրերում շեշտը դրված է կոոպերատիվների վրա. այդ առումով ի՞նչ արձագանքներ կան հենց ֆերմերների կողմից:
-Մի քանի ժողով արդեն արել ենք, մարդկանց բացատրում ենք դրանց առավելությունը: Նրանք պետք է հասկանան. որպեսզի խնդիրները լուծեն, և ծախսերը հեշտանան, պետք է միավորվեն ոչ թե իրենց ունեցվածքով, այլ գաղափարով, և ո՛չ ստիպողաբար, այլ կամովին: Այսօր շատ անհատներ կան, որ գրավադրման միջոցներ չունեն, իսկ կոլեկտիվներն ավելի հեշտ կանեն դա, քանի որ նրանց հողակտորները մեծ են, անասուն ու միջոցներ ունեն:
-Այսօր գների բարձրացման ռիսկեր կան շաքարավազի և հացահատիկի շուկաներում. ի՞նչ եք կարծում, դրանք պայմանավորված են արտաքին գործոններո՞վ, ինչքա՞ն են հնչող գնահատականներն օբյեկտիվ:
-Գնաճի հարցը շատ լուրջ է ողջ աշխարհում, պարենային ապրանքների գների բարձրացումն այսօր աննախադեպ է: Միջազգային շուկային հետևելով տեսնում ենք, որ գնաճը շատ մեծ տոկոս է կազմում հատկապես ներկրման խոշոր ծավալ ունեցող երկրներում, այդ թվում` մեզ մոտ: Անկեղծորեն ասած, երբ համեմատում ենք մյուս հանրապետությունների հետ, տեսնում ենք, որ գնաճը մեզ մոտ ավելի ցածր է: Օրինակ, հացահատիկ արտադրող երկրներում հացն ավելի թանկ է, քան մեր երկրում: Դա, իհարկե, համեմատության մեջ: Ես կարծում եմ, որ արտաքին ազդեցությունները շատ մեծ են այդ հարցում, բայց, այո, ներքին գործոններ էլ կան. այն շահույթը, որ իրենք ներկրողներն են նախատեսում, խելամտության սահմաններում պետք է լինի:
-Հացահատիկ ներկրող կազմակերպությունները վստահեցնում են, որ տևական ժամանակ աշխատում են վնասով:
-Այդ հարցը ես դեռ մանրամասն չեմ ուսումնասիրել, բայց դժվար թե վնասով աշխատեն: Շահույթի տոկոսն է հավանաբար փոքր. այսօրվա իրավիճակը տեսնելով ու գնաճը նկատի ունենալով, մարդիկ քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ կարողանում են ցածր տոկոսներով աշխատել։
-Ներկրողների կամքից քիչ կախված լինելու համար պետք է մեր ցանքատարածքներն ունենանք, ե՞րբ կհասնենք որոշակի մակարդակի:
-Այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք: Պարենային անվտանգության ծրագրով ցորենի սերմնաբուծությունն ենք զարգացնում: Անցած տարվա աշնանը ներկրվեց 2000 տոննա սերմացու, որը տրվեց ֆերմերային տնտեսություններին սերմնաբուծությունը զարգացնելու համար: Ցորենի տարեկան մեր պահանջարկը 400-450 հազար տոննա է, ներկրում ենք 320-350 հազար, մնացածը մեր տեղական ցորենն է: 2014-ից հետո այլևս սերմացու չենք ներկրելու, մեր ունեցածի հաշվին պետք է կազմակերպենք վերարտադրություն, հացահատիկի ինքնաբավությունը հասցնենք տարեկան 350 հազար տոննայի:
-Ֆերմերներն ասում են, որ ձեռնտու չէ հացահատիկ ցանելը, ինչպե՞ս պետք է համոզեք նրանց, որ հացահատիկ ցանեն:
-Մեկի համար եկամտաբեր չէ, մյուսի համար հակառակը, պետք է հաշվի առնել, որ այն ավելի շատ պարենային հարց է լուծում: Այսօր եթե սերմացուն կա, դրանով սկզբում սոցիալական` զբաղվածության հարց է լուծվում, հետո` պարենի պաշարի: 2014-ից հետո պետք է կարողանանք ապահովել մեր պահանջարկի 60-70 տոկոսը, այդ ժամանակ սերմացուի ներկրման հարցն էլ օրակարգից դուրս կգա:
-Ամռանը կտրուկ բարձրացավ նաև պանրի գինը, պանրագործները հայտարարեցին, որ կաթը քիչ է, այնինչ կաթի անբավարարության մասով, կարծես, մեր երկիրը նման խնդիր չուներ:
-Իրականում կաթի պահանջարկը տարեկան 1 մլն 800 հազար տոննա է, որից այսօր արտադրում ենք 650-700 հազարը: Դրա համար իրագործում ենք տավարաբուծության զարգացման ծրագիրը, որով կարող ենք ավելացնել և՛ անասունների գլխաքանակը, և՛ կաթի ծավալները: Ամեն տարի ներկրվում են բարձր կաթնատվությամբ երինջներ և տրվում ֆերմերներին` լավ պայմաններով: Նվազ ծավալները, սակայն, գնաճի չպետք է հանգեցնեն: Կաթնամթերքի շուկայում աշնանից այս կողմ գների բարձրացում չի եղել, բացի մեկ արտադրողից: Այդ հարցը քննարկեցինք սեփականատիրոջ հետ, կոշտ խոսակցություն չի եղել, խոսել ենք իբրև երկու բիզնեսմեն, պարզել, որ բարձրացումն անհիմն է, և գները եկան նախկին մակարդակին:
-Այս օրերին կրկին մամուլն անդրադարձավ գործարարներից մեկի հետ Ձեր կոշտ խոսակցությանը, ի՞նչ կասեք այդ մասին:
-Ճիշտն ասած, ես ոչ մեկի հետ կոշտ խոսակցություն չեմ վարում, ունենում եմ միայն աշխատանքային խոսակցություն: Այո, ես հանդիպել եմ շաքարի գործարանի սեփականատիրոջ` Սամվել Ալեքսանյանի հետ, ունեցել ենք շատ լուրջ խոսակցություն: Անցած տարի շահագործման հանձնված գործարանը պետք է նպաստեր շաքարի արտադրության զարգացմանն ու շաքարի ճակնդեղի վերարտադրմանը, սակայն ճակնդեղ չաճեցվեց, քանի որ գյուղացիները չէին համաձայնել մթերման գնին։ Ճակնդեղի մթերման գինը ցածր էր` կիլոգրամի դիմաց 25 դրամ: Սեփականատիրոջ հետ հանգեցի այն կարծիքին, որ մթերման գինը պետք է բարձրացնել:
-Եկեղեցու հետ համագործակցության թեման ևս դարձավ քննարկման նյութ:
-Որպես նորանշանակ նախարար ցանկություն ունեի Վեհափառ հայրապետից օրհնություն ստանալու: Այն խնդիրները, որ կան այսօրվա գյուղում` հողերի չմշակելը, գյուղերի դատարկվելը, ազգային են, որոնք մտահոգում են բոլորին: Հանրապետության նախագահն ու վարչապետն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում դրանք, և Վեհափառ հայրապետն էլ չէր կարող անտարբեր մնալ: Մեր հանդիպման ժամանակ նա առաջարկեց համագործակցել, ես էլ ընդունեցի, որի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, իսկ լրատվամիջոցները սկսեցին շահարկել այդ հարցը:
-Գյուղացու համար ո՞րն է խնդիրների խնդիրը:
-Գյուղացին բարոյական օգնության կարիք շատ ունի, նրա հետ պետք է խոսել, դարդն ու ցավը հարցնել: Նա այնքան խնդիրներ ունի, որոնք միանգամից լուծելն անհնար է: Առաջինը, սակայն, մարդուն հողի հետ կապելն է: Գյուղացուն քաջալերել է պետք, որ հողը դատարկ չմնա, չէ՞ որ դարերով մեր պապերն այդ հողը մշակել են առանց տեխնիկայի, առանց պարարտանյութի:
-Գյուղացուն այսօր առավել շատ անհրաժեշտ են էժան վարկեր, հնարավո՞ր է, որ բանկերը վերանայեն իրենց քաղաքականությունը:
-Ես մի քիչ անհանգիստ մարդ եմ, բոլոր ուղղություններով արդեն հանդիպումներ եմ ունեցել ու խոսել եմ բանկերի ղեկավարների հետ: Այս տարի այդ հարցում միանշանակ առաջընթաց լինելու է: Պարզ է, որ վարկերի տոկոսադրույքները պետք է իջնեն, գրավների հարցում որոշակի մեղմացում լինի: Վարկերը, իհարկե, տարբեր տոկոսադրույքներով կլինեն, հաշվի առնելով վերադարձելիության ռիսկայնությունը, բայց միջինը կիջնի. «ԱԿԲԱ» բանկի ղեկավարությունը, օրինակ, խոսք է տվել, որ գյուղվարկերը 17 տոկոսով կլինեն:
-Այս երկու ամսում որևէ հաջողություն ինքներդ Ձեզ համար գրանցե՞լ եք:
-Դեռ վաղ է այդ մասին խոսելը, թող գյուղատնտեսական աշխատանքները սկսվեն, որոշակի արդյունք ունենանք, հետո կխոսենք: Աշխատանք շատ կա անելու. դեռ մշակման փուլում գտնվող ոչխարաբուծության և թռչնաբուծության զարգացման, անասնագլխաքանակի հաշվառման, համարակալման և անձնագրավորման ծրագրեր կան, դրանք ևս պետք է կյանքի կոչել:
Բոլոր ծրագրերի իրագործումը ես վերցնում եմ իմ հսկողության տակ, յուրաքանչյուրը պետք է կատարվի ժամանակին, գումարներն էլ ծախսվեն նպատակային։ Իմ ուշադրության կենտրոնում այդ երկու հարցն է լինելու:
Զրուցեց Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ