Դատապարտում ենք
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1655-Ն որոշումը ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ արգելք է սահմանվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման վրա։
Դրան հաջորդեց այսօր խորհրդարանում ընդունված Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է համապատասխանաբար վարչական ու քրեական պատասխանատվություն՝ սահմանափակումները խախտելու համար։ Սահմանվել են հսկայական տուգանքներ, որոնք ԶԼՄ-ների համար կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից։
Վերոնշյալ կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում ԶԼՄ-ների աշխատանքում, խնդրահարույց են թե՛ տեղեկատվության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումների տեսանկյունից, և թե՛ նախատեսված սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների տեսանկյունից։
Փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին։
ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի իմաստով ռազմական դրության ժամանակ թույլատրելի են հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Նշվածից բխում է, որ Սահմանադիրը չի թույլատրում հիմնական իրավունքների և ազատությունների բացարձակ արգելք, ըստ այդմ, սահմանափակումները կարող են կիրառվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը։
Վերոհիշյալ փոփոխություններով Գործադիրը բացարձակ արգելք է սահմանում ցանկացած կարգի հաղորդման հրապարակման վրա, եթե այն քննադատում, հերքում, կասկածի տակ է դնում կամ որևէ այլ կերպ արժեզրկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների (այդ թվում` ելույթները, հրապարակումները) արդյունավետությունը, այն դեպքում, երբ ռազմական հաջողությունների և պետական անվտանգության ապահովման գրավականը հենց ձեռնարկված գործողությունների արդյունավետության վերաբերյալ քննարկումներն օրակարգային դարձնելը և ճիշտ եզրահանգումներ կատարելն է։
ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ որպես ընդհանուր սկզբունքի հարց՝ արտահայտվելու ազատության յուրաքանչյուր սահմանափակման «անհրաժեշտությունը» պետք է համոզիչ ձևով հաստատվի։ Ազգային իշխանությունները պետք է համոզիչ կերպով հիմնավորեն, որ սահմանափակման համար գոյություն ունի «սոցիալական ծայրահեղ կարիք»։ Այն իրավական կարգավորումները, որոնք բացարձակ և անվերապահ կարգով արգելում են ազգային անվտանգության պատրվակով տեղեկատվության տարածումը և բացառում են անձանց կյանքին և բարեկեցությանն առնչվող պաշտոնատար անձանց գործողությունների և որոշումների նկատմամբ հասարակական վերահսկողությունն ու դրանց քննադատությունը, խախտում են արտահայտվելու ազատության իրավունքը։
Ազգային անվտանգության, խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության մասին Յոհանեսբուրգի սկզբունքներից ևս բխում է, որ պետությունը չի կարող կտրականապես մերժել ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվության հասանելիությունը կամ հանրային շահերին առնչվող տեղեկատվության բացահայտման համար սպառնալ պատասխանատվությամբ։ Նման դեպքերում համընդհանուր շահերը վնասող տեղեկություններն իմանալու հանրային հետաքրքրությունը և դրանց առնչությամբ քննարկումներ իրականացնելու իրավունքը գերակա է այդ տեղեկությունների բացահայտումից կամ քննադատությունից առաջացած ցանկացած ենթադրյալ վնասի նկատմամբ:
Այսպիսով, գործող իշխանությունների կողմից վերոհիշյալ փոփոխություններն անհամաչափ կերպով սահմանափակում են կարծիքի արտահայտման ազատությունը, զրկում քաղաքացիներին հանրային մեծ կարևորություն և հետաքրքրություն ներկայացնող ազգային անվտանգության հարցերի շուրջ կարծիք արտահայտելու և տեղեկատվություն ստանալու իրավունքից՝ միաժամանակ հակասելով պետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական պետությունների մոտեցումներին։
Իշխանությունները ոչ միայն չեն ներկայացրել այս փոփոխությունների համար հիմնավոր պատճառներ, այլև տպավորություն կարող է ստեղծվել, թե այն գործի է դրվում բոլորովին այլ նպատակներով։
Նախագծերի փաթեթով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար լրատվամիջոցների կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար նախատեսված է ՀՀ դրամով հսկայական տուգանք։ ԶԼՄ-ների համար սահմանված այդ տուգանքների չափերը խնդրահարույց են ոչ միայն օրինականության, այլև համաչափության սկզբունքի տեսանկյունից։
Ռազմական դրության այս պայմաններում հայաստանյան ԶԼՄ-ները ոչ միայն պահպանում էին դրանով պայմանավորված սահմանափակումները, այլև համագործակցում էին պատկան մարմինների հետ՝ գիտակցելով երկրում ստեղծված իրավիճակի կարևորությունը, իրենց աշխատանքի պատասխանատվությունը և անվտանգության հետ կապված հարցերի բոլոր նրբությունները։ Իշխանությունների կողմից այս փոփոխությունների համար պատճառ հանդիսացող մեկնաբանությունները հիմնավոր չեն և կամայական են։
Հայաստանի ժուռնալիստների միությունը և լրատվամիջոցները խստորեն դատապարտում են իշխանությունների այս որոշումները՝ արձանագրելով, որ այս փոփոխությունները լուրջ սպառնալիք են խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, տեղեկատվության հասանելիության և հանրային շահի համար։
Պատկան մարմիններին կոչ ենք անում առանց այն էլ այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին, հստակեցնել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման հստակ կանոնները, որոնց խախտման դեպքում սահմանվել են տուգանքներ։ Լրատվամիջոցները հստակ պետք է տեղեկացվեն այդ կանոնների մանրամասներին, որպեսզի հնարավոր խախտումը կանխվի, և ոչ թե՝ հրապարակվելուց հետո լրատվամիջոցը ենթարկվի պատասխանատվության։ Այլապես իրավապահ մարմինների կողմից լրատվամիջոցներին ուղարկված ծանուցումները և այցելությունները (այդ թվում՝ առանց զգուշացման) խտրական և կամայական մոտեցումների տպավորություն են թողնում, հատկապես, երբ դրանք հավասարապես չեն կիրառվում բոլոր լրատվամիջոցների նկատմամբ։
1. Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան
2. Ֆլորա Նախշքարյան - «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
3. Հակոբ Ավետիքյան - «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
4. Արմենիկա Կիվիրյան NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
5. Հրանտ Մելիք-Շահնազարյան - «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
6. Գեղամ Մանուկյան - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
7. Հարություն Հարությունյան - «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն
8. Արամ Անտինյան - «Քառյակ» մեդիայի տնօրեն
9. Նարեկ Նիկողոսյան - «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն
10. Սոնա Տռուզյան - «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
11. Արմինե Օհանյան - «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր
12. Անժելա Նալբանդյան - PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր
13. Վահե Սարգսյան - «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր
14. Լիլիթ Սեյրանյան - «168 Ժամ» թերթի և «168.am» կայքի փոխխմբագիր
15. Էմանուիլ Մկրտչյան - «ԱՐՄԻՆՖՈ» գործակալության տնօրեն
16. Կոնստանտին Պետրոսով - «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն
17. Սևակ Հակոբյան - Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
18. Լիլիթ Մկրտչյան - «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն
19. Անի Հովհաննիսյան - «Analitik.am» կայքի գլխավոր խմբագիր
20. Բորիս Մուրազի - «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
21. Կարեն Մաթոսյան - onnet.am կայք խմբագիր
22. Փիրուզա Մելիքսեթյան - «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
Հայտարարությունը բաց է միանալու համար։