ՍԴ-ի նկատմամբ «հաղթանակը» ժամանակավոր և վտանգավոր է
26.06.2020 | 00:09
«Իրատեսի» զրուցակիցն է «Այլընտրանքային նախագծերի խումբ» նախաձեռնության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
-Համավարակի, արտակարգ ռեժիմի պայմաններում իշխանությունը վերջապես, մեկ տարի տանել-բերելուց հետո Սահմանադրական դատարանի մասով որոշում է ընդունել, ըստ որի՝ ՍԴ կազմում կարող են փոփոխություններ տեղի ունենալ: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցած գործընթացը:
-Հունիսի 22-ը Հայաստանի պատմության մեջ այսուհետ իր առանձնահատուկ տեղն է ունենալու։ Վստահ եմ, որ ապագայում թե՛ այս քվեարկությունն է համարվելու անօրինական, թե՛ պատասխանատվության են կանչվելու շատերը։ Բայց ամենակարևոր հետևությունը, որ պետք է արվի, այլ է. ինչպե՞ս անել, որ երբևէ, որևէ պարագայում պետությունը չդառնա մեկ մարդու ցանկությունների գերին։ Ինչպե՞ս անել, որ ամբողջական խմբակցություններ չենթարկվեն քաղաքական թրաֆիքինգի, և գործեն առողջ դիմադրության մեխանիզմները։ Քանի այս հարցերը չեն ստացել իրենց ինստիտուցիոնալ լուծումները, ռիսկերը շատ մեծ են։
Երկու տարի ամեն ինչ ժողովրդի անունից անող իշխանությունը պետության սահմանադրությունը փոխում է 89 հոգով։ Փոխում է մեկ օրվա մեջ, արտակարգ դրության պայմաններում։ Սա շատ ժամանակավոր և շատ վտանգավոր հաղթանակ է իշխանության համար։ Իմ տպավորությամբ՝ այս ամենի հեղինակը չի պատկերացնում իր արածի ծավալները, ամբողջությամբ չի պատկերացնում հարցի խորությունը։
-ՍԴ կազմի փոփոխությունը կամ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորության դադարեցումը ի՞նչ է փոխելու ՀՀ քաղաքացու կյանքում: Մարդիկ ավելի քի՞չ են կորոնավիրուսով վարակվելու, թե՞ նրանց վիճակն է լավանալու:
-Իսկ ո՞վ է ասել, թե ՍԴ փոփոխությունները ժողովրդի համար են արվում։ Կարելի է ցանկացած բան ներկայացնել ցանկացած կերպ. եթե այդպես ասվում է, դա ամենևին չի նշանակում, որ այդպես էլ կա։ Խոսքը, ձևակերպումները մեզ մոտ վաղուց, ցավոք, արժեզրկվել են։ ՍԴ փոփոխություններն արվել են մեկ մարդու որոշմամբ, մեկ մարդու իշխանության համար, և ցավում եմ, որ 89-ը դարձան մեկ մարդու շահերը սպասարկող համակարգ։ Ընդհանրապես, իշխանության գործունեության գոնե վերջին փուլում, վերջին ամիսներին, քաղաքացին՝ որպես նպատակ, բացակայում է։ Քաղաքացուն մենակ են թողել՝ հիվանդության դեմ, սոցիալական դժվարությունների դեմ։ Սրան զուգահեռ՝ իշխանությունը նաև մեղադրում է քաղաքացուն՝ հիվանդանալու և գործազուրկ դառնալու մեջ։ Ես մի առիթով ամիսներ առաջ ասել եմ, որ այն, ինչը կատարվում է Հայաստանում, մեծ էքսպերիմենտ է։ Հիմա մենք դրա ընթացքի մեջ ենք։
-Իշխանությունը ՍԴ դատավորների լիզորությունները դադարեցնելը սահմանադրական փոփոխություններ է անվանում: Իսկ ու՞ր մնացին սահմանադրական իրական փոփոխությունները, որոնց մասին այդքան հայտարարում էր իշխանությունը: Եվ ոչ միայն Սահմանադրության, այլ նաև՝ ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:
-Հայաստանում այսօր գործում է «իշխանություն՝ իշխանության համար» բանաձևը։ Բոլոր քայլերը այս ցինիկ տրամաբանության մեջ են։ Ես ցավով եմ ասում, բայց այս իշխանությունը կորցրել է որևէ բարեփոխում անելու հնարավորությունը։ Մենք կորցնում ենք արդյունավետ ժամանակակից պետություն դառնալու համար շատ կարևոր ժամանակ։ Երկու տարի առաջ հասարակության մեջ կային մեծ սպասում, դրական լիցքեր, նոր, թարմ գաղափարների հնարավորություն։ Այսօր դրա հավանականությունը մոտ է զրոյին։ Երկիրը մտել է ավանտյուրայի փուլ, մեր կյանքում ամեն ինչ նման է ավանտյուրայի՝ սկսած համաճարակի դեմ պայքարից մինչև ընդունվող օրենքներ։
-«Լուսավոր Հայաստանը» խուսափում է միանալուց խորհրդարանական գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնած ստորագրահավաքին՝ ՍԴ հարցը ՍԴ ուղարկելու մասին: Նրանք նորից երրորդ ճանապա՞րհն են ընտրում:
-«Լուսավոր Հայաստանի» մասով ամեն ինչ պարզ է։ Կարծում եմ՝ ճիշտ չէ այդ թեմայի վրա շատ կենտրոնանալ։ Այլ հարց է ԼՀԿ անդամ մի շարք պարկեշտ գործիչների խնդիրը։ Ինչո՞ւ նրանք ուժ չգտան առարկելու մեկ հոգու «կիսալուսավոր» գործարքին։ Հիմա շատ կարևոր է, որ այդ մարդիկ իրենց քաղաքական և անձնական կենսագրությունը շարունակեն առանց այդ ամոթալի էջի։
-Այլ օրակարգի գալով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասում է, թե գնալու է մինչև վերջ ու հավելում՝ կառավարական կաբինետի ամբողջական փոփոխության անհրաժեշտություն կա: Դրան հաջորդում է նրան անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը: Ո՞րն է ձեր գնահատականն այս դեպքերին:
-Գիտե՞ք՝ տպավորություն կա, որ Հայաստանում հասարակության և քաղաքական դաշտի մի մեծ զանգված մշտապես սպասում է ԲՀԿ-ի «մինչև վերջ» գնալուն։ Դա ճիշտ չէ. եթե համարում ենք, որ ԲՀԿ-ն ճիշտ է, ապա պետք է սատարել։ Դիտորդ լինելն ազնիվ կարգավիճակ չէ։ Այն, ինչ կատարվում է Ծառուկյանի հանդեպ, իրավական տեռորիզմ է։ Սա զենք է, որն իշխանությունը կարող է ցանկացած պահի բանեցնել իր ցանկացած ընդդիմախոսի դեմ՝ անմիջապես նախաձեռնել քրգործ, ստիպել խորհրդարանին՝ քվեարկել, պարտադրել դատարանին՝ պատժել։ Սա միջնադար է, ինկվիզիցիոն պատկերացումներ են։ Սա, իհարկե, չի կարող երկար շարունակվել, բայց ճիշտ էլ չէ՝ նստել սպասել, թե երբ կավարտվի։ Մարդը կարող է չլինել Ծառուկյանի համախոհը, կարող է երբեք ձայն տված չլինել Ծառուկյանին, կարող է լինել նրա գաղափարական և տեսակային ընդդիմախոսը, բայց երբ տեսնում ես, որ օրենք է ոտնահարվում, չի կարելի լռել։ Պետք է մերժել անարդարությունը՝ անկախ քաղաքական համակրություններից։
-Կառավարության ամբողջական կազմի փոփոխության մասով ի՞նչ կասեք: Արտախորհրդարանական որոշ ուժեր նույնպես հայտարարում են Փաշինյանի հրաժարականի մասին: Ի՞նչ օրակարգով է դա հնարավոր, և արդյո՞ք պահը հասունանում է:
-Երկար դատողությունների, հայտարարությունների, քաղաքական պրոցեսների ֆոնին մենք միշտ պետք է հիշենք օբյեկտիվ իրականությունը։ Հայաստանն այսօր համաճարակային և տնտեսական լրջագույն իրավիճակում է։ Համաճարակը և օր օրի աճող սոցիալական խնդիրները բավական բարդ հեռանկար են մեզ խոստանում առաջիկա ամիսներին։ Եվ մեր քաղաքացին մնացել է մենակ։ Կառավարությունն ապրում է իր հորինած իրականության մեջ։ Մի օր օբյեկտիվ իրականությունը և վարչապետի իրականությունը բախվելու են։ Քաղաքական ուժերի և պատասխանատու գործիչների խնդիրն է՝ այդ բախումը պետության համար հնարավորինս սահուն դարձնել։
-Իշխանությունն ընդդիմադիր բոլոր ուժերի մասով ռուսաստանյան «ականջներ» է տեսնում: Սա ինչքանո՞վ է տրամաբանական:
-Դա պարզունակ պատկերացումների շարքից է։ Ռուսաստա՞նն է մեղավոր, որ կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը, Ռուսաստա՞նն է մեղավոր, որ երկրում թեստեր չկան, Ռուսաստա՞նն է մեղավոր, որ կառավարությունը չկարողացավ սոցիալական թիրախային օգնություն տրամադրել և 100 մլրդ գումարն արդյունավետ ծախսել։ Մյուս կողմից, երկրում մեծ թափ է առնում 5-րդ շարասյունը, որն ամեն կերպ հակառուսական տրամադրություններ է փորձում սերմանել։ Ընդհանրապես, որքան էլ մեծ լինի գայթակղությունը ուղիղ կապ տեսնելու տեղական ուժերի գործողությունների և տարբեր գերտերությունների ազդեցության միջև, անկախ նրանից՝ արևմտյան, հյուսիսային թե այլ ազդեցությունների մասին է խոսքը, ես հակված չեմ երբևէ պատասխանատվությունը որևէ դրսի ուժի վրա գցելու։ Ի վերջո, դրսի ուժերն անզոր են, եթե ներսում քաղաքական իքս ուժը կամ գործիչը տրամադրված է գործելու հանուն Հայաստանի։
Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ