Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իր խոստացածը թղթի վրա չթողեց: Հիշեցնենք, որ այս տարի հոկտեմբերին կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն իր ասուլիս-հաշվետվությունում վստահեցրել էր, որ մինչև տարեվերջ կավարտեն Երևանի, Գյումրու և Վանաձորի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները: 2017-ի դեկտեմբերի կեսին ոչ միայն այդ աշխատանքներն ավարտեցին, այլև օրերս արդյունքներն ամփոփող տեղեկատվությունը ներկայացրին վարչապետին:
«Երկրատեղեկատվական համակարգի ներդրումը լուրջ գիտական ծրագիր է, որն անուղղակիորեն նպաստելու է տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը, քանի որ հնարավորություն է տալիս հստակ տեղեկություն ստանալու ենթակառուցվածքների տեղակայման մասին»,- նշում են մասնագետները: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծած գեոպորտալն ապահովում է շահառուների՝ համապատասխան կապուղիներով միացումը: Այլ կերպ ասած, գործում է ընդհանուր հարթակ, որը հնարավորություն է տալիս կապուղիները տնօրինողներին, ինչպես նաև այլ կազմակերպությունների ենթակառուցվածքները տեսնելու միևնույն միջավայրում:
«Համակարգի միջոցով օգտատերը կարող է տեղեկություն ստանալ գազատարների, էլեկտրահաղորդման գծերի, կապի հանգույցների և այլ ինժեներական կառույցների առկայության վերաբերյալ»,- մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանեցին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, նշելով, որ այս պահին աշխատանքներ են տարվում համակարգի ներդրման, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպություններից տեղեկություն ստանալու և այն հասանելի դարձնելու ուղղությամբ: Ի դեպ, խորհրդատվության ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնակի կարևորեց գեոպորտալում տեղեկությունն անընդհատ թարմացնելու և հասանելիությունն ապահովելու հարցը: Իսկ սա նշանակում է, որ այստեղ լուրջ անելիք ունեն ինչպես անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, այնպես էլ տեղեկատվությունն ապահովող ու ենթակառուցվածքները համակարգող ծառայությունները:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ