«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Էթնո-ընտրական կրքեր

Էթնո-ընտրական կրքեր
06.04.2017 | 17:09

Մեր քաղաքական համակարգը բնույթով բնավ ժողովրդավարական չէ, բայց ֆորմալ առումով փորձում է «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալ:

Հայաստանի քաղաքացիությունը միասնական կատեգորիա է և չի ենթարկվում ազգային, կրոնական, տեղային կամ սեռական հատկանիշներով տարբերակման: Սակայն զարմանալի է, որ ընտրական օրենսդրությունը նման տարբերակումներ դնում է: Օրինակ, ԸՕ-ն իմպերատիվ պահանջ է դնում, որ համամասնական ցուցակներում յուրաքանչյուր քառյակում կին լինի: Օրենքի այս կետն իրականում ոտնահարում է կանանց իրավունքները, նրանց ենթարկում է խտրական «սորտավորման», որովհետև ձևավորում է արատավոր պրակտիկա, որը գործնականում սահմանափակում է ավելի մեծ թվով կանանց ներկայությունը ցուցակների անցողիկ հատվածներում: Ուսումնասիրեք ընտրական գործընթացի ինը մասնակիցների ցուցակները և կհավաստիանաք ասվածում: Իսկ եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե ԸՕ-ն կանանց «արտոնություն» է տվել, ապա տրամաբանական հարց է առաջանում, թե այս դեպքում ինչու արտոնությունների հանակարգը սոցիալական ուղղվածություն չունի, այսինքն` ինչու չի ծառայում խմբերի (օրինակ` հաշմանդամների), որոնց քարողչություն իրականացնելու հնարավորությունը սահմանափակված է օբյեկտիվորեն:


Սակայն այս հոդվածի համար առիթ է հանդիսացել ընտրական օրենսդրության էթնիկական տարբերակումը, որը ենթադրում է ազգային փոքրամասնության չորս ներկայացուցչի առկայություն Հայաստանի խորհրդարանում: ՀՀԿ ցուցակում ազգային փոքրամասնությունների ցուցակը գլխավորում է սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը, ով էլ ընտրվել է պատգամավոր: Սակայն այլ եզդիներ, օրինակ` համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը պնդում են, որ Մախմուդյանը ոչ թե եզդի է, այլ` քուրդ: Մի կողմ թողենք շատ մասնագետների գիտական պնդումները, որ իրականում ապացուցում են եզդիների ու քրդերի էթնիկ ընդհանրությունը: Այս վարկածներն ու դիսկուրսը վերապահենք մասնագետներին, իսկ ինձ անհանգստացնում է Թամոյանի վտանգավոր մի հայտարարություն: «Նպատակ են դրել եզդիներին քրդացնել։ Հայաստանում եզդիներին քրդացնելու միտում կա»,-ասում է նա` գուցե չգիտակցելով, որ իր էմոցիոնալ հայտարարությունը կարող է օգտագործվել ընդդեմ Հայաստանի:


Ահա, թե ինչի է հանգեցնում ԸՕ-ի ձևական «տոլերանտությունը»: Չեմ էլ զարմանա, որ մի օր էլ հայ կաթոլիկները բողոքեն, որ ներկայացված չեն խորհրդարանում: Եթե ԸՕ-ն արտոնում է ազգային տարբերակումը, դա կարող է անել նաև կրոնական հատկանիշներով:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ