«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների կոպիտ խախտում է. ԱԳՆ խոսնակ

Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների կոպիտ խախտում է. ԱԳՆ խոսնակ
09.02.2017 | 14:55

Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին խոսքի ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ ոտնահարում է, որը ցույց է տալիս, թե որքան խոր անդունդ կա ժողովրդավարության եւ բռնապետության միջեւ:
Երեւանը Բելառուսը բավական թափանցիկ ակնարկով որակում է բռնապետություն: Բանն այն է, որ բլոգեր Լապշինին ձերբակալել, իսկ հետո էլ Ադրբեջանին արտահանձնել է Բելառուսի իշխանությունը:


Ենթադրվում է, որ ժողովրդավարությունն էլ Հայաստանն է: Համենայն դեպս, այդ հարցն առաջանում է, ու քանի որ Հայաստանը դատապարտում է արտահանձնումն ու ազատ տեղաշարժի եւ խոսքի ազատության ոտնահարումը, ապա խորը անդունդ կա Հայաստանի ու Բելառուսի միջեւ:


Բայց ամենաուշագրավն այն է, որ Հայաստանն ու Բելառուսը հանդիսանում են միեւնույն ռազմա-քաղաքական եւ տնտեսա-քաղաքական դաշինքների անդամ, այլ կերպ ասած՝ դաշնակիցներ: Խոսքը ՀԱՊԿ ու ԵՏՄ մասին է: Ընդ որում, առաջին անգամ չէ, որ Բելառուսը քայլեր է կատարում Հայաստանի շահի եւ անվտանգության դեմ: Միեւնույն ժամանակ, հանուն արդարության պետք է նկատել, որ այդ դաշինքներում երեւի թե միայն Կիրգիզիան ու Տաջիկստանն են, որ թույլ չեն տվել Հայաստանի շահի եւ անվտանգության բացահայտ ոտնահարում: Թե Բելառուսը, թե Ռուսաստանը, թե Ղազախստանը պարբերաբար աչքի են ընկել այդպիսի քայլերով:


Այնպես որ, Բելառուսի ներկայիս քայլը առաջինը չէ եւ անկասկած վերջինն էլ չի լինելու:
Ամբողջ հարցն այն է, թե որն է լինելու Հայաստանի քայլը:
Տիգրան Բալայանն ասում է, որ արտասահմանցի գործիչներն ու զբոսաշրջիկները միեւնույն է շարունակելու են այցելել Արցախ:
Անկասկած է: Բայց մի՞թե հարցն Արցախի զբոսաշրջային վիճակագրությունն է:
Ինչ խոսք, իրավիճակը բավական բազմաշերտ է, եւ պաշտոնական Երեւանի պատասխանատվության հարցն այս դեպքում ամենեւին միարժեք չէ: Ի վերջո, չնայած առիթն այստեղ անմիջականորեն առնչվում է Հայաստանին եւ Արցախին, սակայն իրավաբանորեն ներգրավվածության հնարավորություն Հայաստանն ու Արցախը կարծես թե չունեն:
Խնդրում իրավաբանորեն ներգրավված կողմերը Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանն ու Իսրայելն են, քանի որ Լապշինը հենց Իսրայելի եւ ՌԴ քաղաքացի է: Որոնք, ի դեպ, Ադրբեջանի հետ թերեւս պակաս ջերմ հարաբերություն չունեն, քան Բելառուսը:


Եվ այս դեպքում իհարկե հազիվ թե արդարացի լինի աներկբա մեղադրել պաշտոնական Երեւանին, որ անկարող գտնվեց կանխել Բելառուսի որոշումը:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ չնայած իրավական ներգրավվածության հնարավորությունների սահմանափակությանը, խնդրի քաղաքական ազդեցությունը Երեւանի վրա տարածվում է թերեւս ոչ պակաս, քան Ռուսաստանի եւ Իսրայելի վրա, որոնց քաղաքացուն փաստորեն Բելառուսն ու Ադրբեջանը ենթարկում են հետապնդման ազատ տեղաշարժի եւ արտահայտվելու համար:


Ամենեւին բացառած չէ, որ Բելառուսը Ալիեւի պահանջը կատարել է օրինակ Ռուսաստանի հետ իր հաշիվներից ելնելով, նույնը եւ Ադրբեջանը՝ Մոսկվայի կամ Թել Ավիվի հետ ինչ որ հարց ունենալու պատճառով, Լապշինին փաստացի դիտարկելով իբրեւ պատանդ:
Բայց, հետեւանքն ու ազդեցությունը ընկնում է նաեւ Երեւանի, Ստեփանակերտի վրա, հետեւաբար, եթե բուն զարգացումը կանխելու հարցում հնարավորությունը սահմանափակ էր օբյեկտիվորեն, ապա հետեւությունների, ըստ այդմ հետագա մարտավարության եւ ռազմավարության հարցում Երեւանն ունի լիարժեք պատասխանատվություն: Ըստ այդմ, ներկայում հարցն այն է, թե ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանը արձագանքել ստեղծված իրավիճակին:
Իրավիճակ, որն ամենեւին նույնական չէ, բայց շատ նման է Հունգարիայից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը Ադրբեջանին:
Բացի Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունը խզելուց, Երեւանի որեւէ այլ քայլ առ այսօր կարծես թե նկատելի չէ:


Կխզի՞ Հայաստանը հարաբերությունը Բելառուսի հետ, կամ կբարձրացնի՞ Բելառուսի եւ ընդհանրապես դաշնակցային վարքուբարքի հարցը ՀԱՊԿ-ում կամ ԵՏՄ-ում: «Դաշնակիցներ», որոնք փաստորեն ամեն պահի կարող են հարվածել թիկունքից, թեեւ ՀԱՊԿ դաշնակիցների հասցրած հարվածներից դատելով, նրանք թիկունք չեն էլ անցնում՝ հարվածում են Հայաստանին հենց դիմացից:


Իսկ խնդիրն այն է, որ այդ իրավիճակը Հայաստանին հարվածում է նաեւ միջազգային վարկի տեսանկյունից, որովհետեւ մեղմ ասած դժվար է խոսել մի երկրի միջազգային բարձր վարկի մասին, որի շահերի հետ այդօրինակ կերպով կարող են վարվել նույնիսկ այսպես ասած դաշնակիցները, ու շարունակեն համարվել այդպիսին:


Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք, այսօր Ազգային ժողովի նիստ ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ազգային ժողովն այսօր բուռն քննարկում է երեկ Բելառուսի կողմից Լապշինին Ադրբեջան արտահանձնելու հարցը։

«Ես որպես հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ մեր հանձնաժողովի անունից հայտարարում եմ, որ սա խայտառակ քայլ է, որը չի բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից, սա քայլ է և՛ Ռուսաստանի դեմ, և՛ խաղաղ կարգավորման դեմ, և՛ Հայաստանի դեմ, և՛ ևս մեկ անգամ հարված է ժողովրդավարական արժեքներին և որևէ ժողովրդավարական ռեժիմ նման քայլ չէր կարող անել։ Սա մեր հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումն է, սա ուղղակի խայտառակություն և կեղտոտ գործարք է»։


Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ Լապշինի արտահանձնումը մարդու իրավունքների պարզ ոտնահարում որակեց։

«Սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսի կողմից մենք նկատում ենք կողմնակալ վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ, որի պատճառներն ակնհայտ են։ Այս պարագայում տեղի է ունեցել պարզ գործարք՝ պարզ, մանր գործարք՝ շքանշանի փոխարեն Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին, և բնականաբար պետք է ֆիքսենք, որ սա մարդու իրավունքների պարզ ոտնահարում է ՀԱՊԿ երկրի անդամի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ։ Մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ-ի անդամակցությունը, այլ պետք է հարց բարձրացնենք, որպեսզի Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մեր դիրքորոշումը սա է», - հայտարարեց Բաղդասարյանը։
Ազգային ժողովի Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան էլ առաջարկեց, որ Ազգային ժողովը հանդես գա հայտարարությամբ։

«Ես ավելի գործնական առաջարկություն ունեմ՝ ավելի գործնական կլինի, որ Ազգային ժողովը հանդես գա հայտարարությամբ։ Հանձնարարենք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին մշակել հայտարարության տեքստ, որը մենք վաղն առավոտյան կքվեարկենք։ Սա կլինի Ազգային ժողովի, արժանապատիվ պետության քաղաքական մարմնի դիրքորոշումը»։

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ