«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ադրբեջանը ԵԽԽՎ ազդեցիկ պաշտոնյաներից մեկին կաշառք է փոխանցել բրիտանական ընկերությունների միջոցով

Ադրբեջանը ԵԽԽՎ ազդեցիկ պաշտոնյաներից մեկին կաշառք է փոխանցել բրիտանական ընկերությունների միջոցով
05.01.2017 | 17:17

«Բրիտանական առնվազն չորս ընկերություններ առնչություններ ունեն Ադրբեջանի կողմից եվրոպական կառույցների ներկայացուցիչներին տրված կաշառքների հետ»,- պնդում են Լոնդոնում լույս տեսնող The Observer շաբաթաթերթի լրագրողները: Guardian-ի հետ նույն մեդիա հոլդինգում գործող թերթը հետաքննել է 2013-ի իրադարձությունները, երբ Բաքվին, լոբբիստական համառ ջանքերի շնորհիվ, հաջողվեց տապալել Եվրոպայի խորհրդում շրջանառվող բանաձևերից մեկի ընդունումը, որը նվիրված էր Ադրբեջանում քաղբանտարկյալների կացությանը:


The Observer-ի պնդմամբ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Քրիստոֆեր Շտրասերի մշակած բանաձևի տապալման գործում առանցքային դեր է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի խոշորագույն խմբակցությունը` Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը և այն ժամանակվա ղեկավար իտալացի Լուկա Վոլոնտեն:
The Observer-ի տեղեկություններով, Միլանի դատախազությունն արդեն հետաքննում է Լուկա Վոլոնտեի՝ 2 միլիոն 390 հազար եվրո կաշառք ստանալու փաստը: Ինքը՝ Վոլոնտեն նոյեմբերին RAI 3 հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Խավիարային դիվանագիտություն» վերնագրված մեկժամանոց ֆիլմում պնդել է, թե գումարը ստացել է ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովից` «գյուղատնտեսության ոլորտում ցուցաբերած խորհրդատվական ծառայությունների դիմաց»: The Observer-ի լրագրողները պնդում են, որ Սուլեյմանովը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Լոնդոնյան պարբերականը պնդում է, որ ադրբեջանական կողմը ԵԺԿ ազդեցիկ գործչին կաշառքը փոխանցել է բրիտանական չորս ընկերությունների միջոցով՝ Լոնդոնի մերձակայքում գտնվող Փոթերս Բար քաղաքում գրանցված LCM Alliance-ը, շոտլանդական Գլազգոյում գործող Hilux Services և Polux Management ընկերությունները, բիրմինգհեմյան Metastar-ը:


The Observer-ի տեղեկություններով՝ չորս ընկերությունները հիմնական գործողություններն իրականացնում էին օֆշորային գոտիների միջոցով, Վոլոնտեի անվան շուրջ ծագած սկանդալից հետո ընդհանրապես լուծարվել են: Թերթի պնդմամբ՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին վկայող բանաձևի տապալումից հետո հնարավոր դարձավ նոր շունչ հաղորդել «Տրանս-Ադրիատիկ» խողովակաշարի` TAP-ի շինարարության բանակցություններին:


«TAP-ը Եվրո-կասպիական հսկայական խողովակաշարի մի մասն է, որով BP ընկերության կողմից «Շահ-Դենիզ» հանքավայրում արդյունահանված գազը Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի և Իտալիայի տարածքով հասնելու է Եվրոպա»: Այս մասին RAI 3-ի եթերում ասել է տապալված բանաձևի հեղինակը` Քրիստոֆեր Շտրասերը: «Իմ հեղինակած զեկույցը մերժելով` Ադրբեջանը փրկեց իր դեմքը և Եվրոպայում այլևս որևէ մեկն առարկություն չուներ այդ երկրի հետ փող աշխատելու գաղափարին»,- նաև նշել է գերմանացի պատգամավորը:
The Observer-ը մեջբերում է բրիտանացի բնապահպան Էմմա Հյուզի խոսքերը, որ «Տրանս-Ադրիատիկ» գազատարը, որի շնորհիվ Եվրոպան հույս ունի թուլացնել կախվածությունը ռուսական գազից, իրականում ծառայելու է տրամագծորեն հակառակ նպատակին: «Իրականում այս խողովակաշարն այնպես է նախագծված, որ հետագայում միացվելու է ռուսական խողովակաշարերի ցանցին` հնարավոր դարձնելով Ռուսաստանում արդյունահանված գազի մատակարարումը եվրոպական շուկա: Դա նշանակում է, որ ևս հիսուն տարի Եվրոպան ի վիճակի չի լինելու էկոլոգիապես մաքուր վառելիք օգտագործել, դրան էլ գումարած՝ կախվածության մեջ հայտնվելով նաև Ադրբեջանի իշխանություններից: Այս ամենը պետք է ստիպի Եվրամիությանը՝ դադարեցնել աջակցությունը, որ ցուցաբերվում է այս վտանգավոր խողովակաշարի կառուցմանը»,- թերթի հետ զրույցում նշել է Հյուզը:
The Observer-ի թղթակիցներին հաջողվել է պարզել, որ Ադրբեջանի և եվրոպական կառույցների միջև կոռուպցիոն սխեմաներում ներգրավված բրիտանական ընկերությունները կապեր ունեն Ռուսաստանի հանցավոր աշխարհի հետ:


Թերթը` վկայակոչելով Լատվիայի դատական համակարգի հրապարակած տվյալները, պնդում է, որ Լուկա Վոլոնտեի շուրջ ծագած սկանդալում ներգրավված ընկերություններից մեկը վերահսկում էր Armut Services կառույցը, որի միջոցով հնարավոր էր եղել 230 միլիոն ամերիկյան դոլար հափշտակել Ռուսաստանի պետական բյուջեից: «Խոսքն այսպես կոչված Կլուևի հանցավոր խմբի մասին է, որի գործողությունների հետևանքով զոհվեց ռուսաստանցի ֆինանսիստ Սերգեյ Մագնիտսկին»,- գրում է բրիտանական թերթը:

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ