Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անվերապահորեն խորհրդանշական կերպար է, քանի որ ներառում է հնարավոր բոլոր այն արատները, որոնցով այնքա՜ն հարուստ է ներկա պետական վերնախավը։ Նա ներկա յուրաքանչյուր քաղաքապետից յուրացրել է մեկական խիստ բացասական երևույթ. մեկից՝ կեղծ բարեպաշտությունը, մյուսից՝ սանձարձակ անտարբերությունը վստահված գործի հանդեպ, երրորդից ուսանել է ազգային և պետական միջոցները սեփականացնելու մշակույթը և այլն, և այլն։
Նրա բազում «սխրանքներին» հանրապետական մամուլն անդրադառնում է պարբերաբար։ Մենք փորձեցինք հանրապետության բարձրագույն ղեկավարության ուշադրությունը սևեռել այս անհավանական սուբյեկտի վարքի վրա, հուսալով, որ նրան կամ կարգի կհրավիրեն, կամ էլ կճանապարհեն «վաստակած հանգստի»։ Առայժմ ղեկավարությունը լռում է, իսկ քաղաքը մնում է գերեվարված բալասանյանական ասպատակությունների պիրկ սարդոստայնում։ Մինչև ե՞րբ...
«Գալա» հեռուստաընկերությունը և համանուն կայքը, ինչ խոսք, քաջատեղյակ են Գյումրու քաղաքապետի «մեծագործություններին» և վերջերս «բաղնիքային» թեմայով բավականին հետաքրքիր հետաքննություն են սկսել։ Պարզվում է՝ Սամվել Բալասանյանը քաղաքի «Սոցիալական բաղնիք» ծրագրի կնքահայրն ու գլխավոր իրագործողն է։ (Սոցիալական բաղնիք, մի՞թե կա ավելի ստորացուցիչ բան 21-րդ դարում ապրող անկախ պետականության սուբյեկտ քաղաքացիների համար, քան արժանապատվության նման ոտնահարումը)։ Քաղաքի խանը, հավանաբար վերահաս համաճարակից զգուշանալով, բարեգործական բաղնիքում մաքրում է համաքաղաքացիների ֆիզիկական անմաքրությունը՝ ապականելով նրանց հոգին։ Մեկ ամսվա ընթացքում, իմ սիրելի համաքաղաքացիներ, համեցեք սոցիալական բաղնիք՝ երեք անգամ լողանալու և մեկ անգամ կտրելու մազներդ։ Սա է Բալասանյան-խանի հավատո հանգանակը։
Քաղաքի ղեկավարը մի՞թե կոչված չէ նախ ապահովելու քաղաքաբնակների արժանապատիվ կյանքը։ Հենց այսպես, արժանապատիվ, ոչ թե բարեկեցիկ կամ էլ գեղեցիկ։ Բարեկեցությունը, ըստ իս, ենթադրում է մարդու կեցության սոցիալական որոշակի մակարդակ, սննդի կալորիականություն, տարին մեկ անգամ աշխարհով մեկ շրջագայելու բավականություն, շոգեբաղնիքից պարբերաբար օգտվելու երանություն և այլն։ Այնինչ անկախ պետականություն կառուցող քաղաքացու արժանապատվությունը հոգեղեն երևույթ է, որը պետք է դեռ 1991-ի սեպտեմբերի 21-ից դառնար նորանկախ իշխանությունների անկախ պետականության կերտման անկյունաքարը և յուրաքանչյուր իշխանավորի ու կառավարչի գործունեության գերագույն գնահատականը։ ՀՀ քաղաքացիներն այսօր միաբերան պահանջում են հետևյալը. «Եղբայր պետություն, քաղաքային իշխանություն կամ գյուղական քյոխվայություն, ինձ մի՛ խանգարիր սեփական վաստակով արժանապատիվ կեցությունս ապահովելու»։ Հենց այսպես՝ մի խանգարիր, քանի որ մինչ օրս, ահա 25 տարի և երկու ամիս հայոց պետությունը խանգարում-խոչընդոտում է իր քաղաքացիների մեծամասնության արժանապատիվ ապրելու իրավունքին։
Գոյակերպ, սա է ներկա օրերի գերագույն տեսլականը, զրկել մարդուն սեփական աշխատանքով սեփական կյանքը տնօրինելու իրավունքից, նրան դարձնել ուզվոր, նրա հոգում սերմանել անկելանոցի բնակչի հոգեբանությունն այս բանաձևմամբ. «Դու հնազանդ և ուշիմ եղիր, քանզի այլ ելք այլևս չունես, եղի՛ր հլու և կարժանանաս անկելանոցի հոգաբարձուներիս բարեհաճ գուրգուրանքին, քեզ կկերակրենք, բաղնիք կտանենք, մեկ-մեկ էլ, ինչ խոսք, խուտուտ կտանք»։
Գյումրու քաղաքապետը հսկայական հարստության տեր է, և եթե նա իրոք այս երկրի քաղաքացին է, ում վստահված է կառավարել պատվարժան մի քաղաք, ապա նրա գերակա նպատակը քաղաքի արժանապատվության պահպանումն է, քաղաքի բնակչությանն աշխատանքով ապահովելը։ Բալասանյանը մեր խառնակ օրերի տիպականացումն է։ Նա սուրբ Յոթ վերք եկեղեցու մոտ գտնվող քաղաքային բաղնիքը վերագործարկել է սոցիալական ուղղվածությամբ, սակայն սեփական գրպանից գեթ 1 լումա նշյալ ծրագրի վրա չի ներդնում և ավելին, կարծես թե անգամ շահում է։ Շահում է անկելանոցի վերածված քաղաքի շահառուների հաշվին։
«Գալա»-ի լրագրող Քրիստինա Մկրտչյանը զարմանալի թվեր է հրապարակում։ Այսպես, 2015-ին Գյումրու քաղաքապետարանը 960 անապահով շահառուի լողանալու, նաև մազերը հարդարելու նպատակով սոցիալական բաղնիքը գործարկած «Պլատֆորմ» ՍՊԸ-ին հատկացրել է 10 մլն ՀՀ դրամ։ 2016-ին՝ 10 մլն դրամ՝ 960 շահառուի սպասարկման համար, և որպես հավելում 2016-ի նոյեմբեր ամսին՝ 5 մլն ՀՀ դրամ, 1920 շահառու լողացնելու համար։
Հրապարակելով այս ամենը՝ լրագրողը սույն տարվա նոյեմբերի 12-ին դիմել է Գյումրու քաղաքապետին.
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, «Գալա» ՀԸ լրագրող Քրիստինա Մկրտչյանից
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի պարոն Բալասանյան
Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ հետևյալի մասին
1. Գյումրի համայնքի բյուջեից 2015-ի ապրիլին, 2016-ի փետրվարին և 2016-ի նոյեմբերին համապատասխանաբար 9984000 դրամ, 98400 և 4992000 դրամ Գյումրու ավագանու որոշմամբ հատկացվել է սոցիալական բաղնիքը սպասարկող «Պլատֆորմ» ՍՊԸ-ին։
Խնդրում եմ տալ որոշումների կայացման հիմքերը, արձանագրությունների պատճենները և դրանց վճարման հանձնարարականները։
2. Խնդրում եմ տրամադրել բոլոր պայմանագրերի պատճենները, որոնք կնքվել են Գյումրու քաղաքապետարանի և «Պլատֆորմ» ՍՊԸ-ի միջև։
3. Խնդրում եմ տրամադրել բոլոր այն շահառուների ցանկը (անուն, ազգանուն, հայրանուն, բնակվելու կամ գրանցման հասցեներ), որոնք համապատասխանաբար 2015-ին և 2016-ին օգտվել են սոցիալական բաղնիքի ծառայություններից։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ)։ ՈՒստի խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը։
(Պատրաստ եմ վճարելու տեղեկատվության պատճենահանման ծախսերը)։
Կանխավ շնորհակալ եմ՝
Քրիստինա ՄԿՐՏՉՅԱՆ
Ի՞նչն է լուրջ կասկածներ հարուցել վերոնշյալ հեռուստաընկերության և հարգարժան լրագրողի մեջ։ «Պլատֆորմ» ՍՊԸ-ն գրանցված է Շիրակի մարզի Ախուրյան գոտում, սոցիալական բաղնիքի ծառայությունից բացի՝ զբաղվում է ապահովագրական գործունեությամբ։ Ըստ համառ լուրերի, «Պլատֆորմը» Սամվել Բալասանյանի սոցիալական հարցերով խորհրդական Սահակ Սահրադյանի սեփականությունն է։ Սակայն գլխավոր մտահոգությունը փողերի լվացման կասկածանքն է, քանի որ շատ ավելի քիչ գյումրեցիներ են օգտվել սոցիալական բաղնիքից, քան ներկայացված է հաշվետվություններում։ Տեսանելի հեռանկարում այս ամենը կպարզվի։ Մեզ այսօր մնում է ներկայացնել քաղաքապետարանի պատասխանը «Գալա» ՀԸ-ի լրագրող Քրիստինա Մկրտչյանի հարցմանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՐԱԳՐՈՂ ՔՐԻՍՏԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
(ք. Գյումրի, Վ. Սարգսյան 4/1)
Հարգելի Քրիստինա Մկրտչյան
Ի պատասխան 2016 թվականի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված «Տեղեկություն ստանալու մասին» Ձեր գրավոր հարցման (համայնքապետարանում մուտքագրված 2016 թ. նոյեմբերի 16-ին N 14014 թվագրմամբ)՝ հայտնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունների տրամադրման համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանքներ։ ՈՒստի համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ մասի 3-րդ կետի՝ պահանջվող տեղեկությունները Ձեզ կտրամադրվեն 30-օրյա ժամկետում։
Տեղեկությունների տրամադրման վերջնաժամկետ սահմանվում է 2016 թվականի դեկտեմբերի 16-ը։
Հարգանքով՝ Ռ. ԱՍԱՏՐՅԱՆ
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռ. Ասատրյանի պատասխանը, ըստ էության, փարատում է մեր կասկածներն առ այն, որ քաղաքի շահառուներին լողացնելուն զուգընթաց պատկառելի գումարներ են լվացվել։ Մի՞թե քաղաքապետարանի աշխատակազմին և անձամբ ծրագրի կնքահորը (իմա՝ Սամվել Բալասանյանին) անուն առ անուն հայտնի չեն հազարավոր շահառուները։ Չէ՞ որ յուրաքանչյուր շահառու նախապես գրանցվել է քաղաքապետարանում, ստացել է ծրագրից օգտվելու համապատասխան հաշվառված կտրոնը և նոր միայն հանգիստ խղճով լողացել ու մազերն է հարդարել։ Առավել ևս, որ քաղաքապետարանը ծախսել է Գյումրի քաղաքի բյուջեում հավաքագրված, ի վերջո, պետական գումարները։ Հավանաբար 30-օրյա ժամկետը բավարար ժամանակ է բաղնիքային անթիվ մեռած հոգիներին վերակենդանացնելու համար։ Եվ, ինչ խոսք, վերոնշյալ փաստը պետք է արժանանա հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ