ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելն անիմաստ չի լինի

Նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելն անիմաստ չի լինի
10.06.2016 | 08:24

Հավատացեք, ոչ ոք չի գա և չի ասի, թե պետք է իդեալական ընտրություններ անցկացնենք, բացառենք ընտրակեղծարարությունը, եթե մենք մեզ չվստահենք ու չհավատանք: Մենք, միայն մենք ենք պարտավոր կատարել ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրություններ: Նոր Ընտրական օրենսգրքի, կարելի է ասել, յուրաքանչյուր հոդված դարձավ քննարկման առարկա, որովհետև կողմերը շահագրգռված էին փակելու այն բոլոր բացերը, որոնք թույլ կտային կեղծել ընտրության արդյունքները: Ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, հաշվի առնվեցին առաջարկությունները, ամեն ինչ արվեց, որ գոնե այս ընտրությունից հետո կողմերը չհայտարարեն, թե ընտրությունները կեղծվել են:


Արդյոք միայն Ընտրական օրենսգրքով հնարավո՞ր է իդեալական ընտրություններ անցկացնել և ապահովել ընտրության արդյունքների վստահելիությունը: Իհարկե, օրենսգիրքը շատ կարևոր է, բայց մենք պետք է համախմբվենք և խնդիրը համարենք յուրաքանչյուրինս, կատարենք արդարացի ընտրություն, որպեսզի միայն մեր կամքը լինի իշխանության ձևավորման հիմքը: Պետք է վերջ տրվի անվստահության մթնոլորտին, սխալները շտկելու կամք ցուցաբերվի: Ամենակատարյալ օրենքն իսկ կարելի է շրջանցել, եթե չկա վստահություն, չկա ավանդույթի ուժ, վերջապես՝ կամք: Հավատանք միմյանց, և այսուհետ ընտրություններից հետո հետընտրական ցույցեր թող չլինեն, մեկը մյուսին չմեղադրի ընտրակեղծարարության մեջ:


Նոր օրենսդրությամբ լուծվեց նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին խորհրդարանում ընդգրկելու հարցը: Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի երկրորդ մասում ընդգրկվում են վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ես կարծում եմ, որ տվյալ նորմը պետք է պարտադիր լինի, և հավատացած եմ, որ ցանկության դեպքում ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք կարող է իր ընտրացուցակի 2-րդ մասում ընդգրկել 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, և վստահ եմ, որ հանրապետության ղեկավարության, հայ ժողովրդի ուշադրությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ կերաշխավորվի և կհաստատվի նաև մեր խորհրդարանում՝ դառնալով օժանդակող ձեռք: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն խորհրդարանները, որոնցում իսկապես արտացոլված է հասարակության բազմազանությունը, մշակվում է ողջ հասարակության կարիքներին համապատասխան քաղաքականություն: Հավատացած եմ՝ 2017-ի ընտրություններով ձևավորված խորհրդարանում իրենց տեղը կգտնեն չվարկաբեկված, հմուտ, կիրթ և պարկեշտ անձինք: Կկատարվի հասարակության պահանջը՝ արդարացի ընտրություններ անցկացնելու առումով:

Պետությունը հավասար պայմաններ է ապահովում ընտրական իրավունքի իրացման համար, ուրեմն հավասար ընտրական իրավունքներով կատարենք ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրություն: Վստահաբար կարող եմ ասել, որ նոր Ընտրական օրենսգրքով գալիք ընտրություններին մասնակցելն անիմաստ ու անտեղի չի լինի:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ