ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Բոլորս դեպի Գվատեմալա

Բոլորս դեպի Գվատեմալա
26.10.2015 | 12:46

Դեկտեմբերի 6-ին Հայաստանը պատրաստվում է սահմանադրական փոփոխության հանրաքվեի՝ ինչպես ավանդույթ է արդեն, ձևավորվել են «Այո»-ի ու «Ոչ»-ի ճակատներ, արդեն՝ նաև շտաբներ: Դարձյալ՝ ըստ ավանդույթի, Սահմանադրության փոփոխության հանրաքվե Հայաստանում կազմակերպվում է երրորդ անգամ՝ 2003, 2005, 2015, և՝ միշտ «Ոչ»-ի ճակատով, որը «ոչ» է ասում ոչ թե ու ոչ այնքան Սահմանադրության փոփոխությանը, որքան՝ իշխանությանը և իշխանափոխության խնդիր է դնում: Գործնականում սա վերածվում է ոչ այնքան ավանդույթի, որքան՝ զավեշտի, եթե դատենք արդյունքի տեսակետից: Ի՞նչ է պետք իրենց ընդդիմություն անվանող քաղաքական ուժերին, հիմա նաև՝ քաղաքացիական, որ սովորեն իրենց կողքից նայել, որ սովորեն ոչ թե իրավիճակի հետևից գնալ, այլ՝ առաջ անցնել, քայլ անել, որ հնարավոր չէ կանխատեսել ու կռահել, վերջապես՝ սովորեն հաղթել: Վերջապես, որ սովորեն իշխանության կերակրատաշտից կտրվել: Այսօրվա արտաշեսգեղամյաններն այնքան բազմազան ու բազմադեմ են ներկայանում, որ, այո, հնարավոր է տպավորություն ստեղծել, թե իրենք ընդդիմադիր են ու զիլ ընդդիմադիր են, բայց ե՞րբ ենք հասկանալու, որ խոսքերը խոսքեր են, գործերը՝ գործեր, իսկ նրանք չեն կարող իշխանության գծած գծից դուրս գալ, որովհետև սնվում են նույն այդ իշխանությունից ու սպասարկման գործընթացի մեջ են: Պարզապես ասում են այն, ինչ թույլատրելի է, ասում են այն, ինչ համաձայնեցված է, ու որովհետև համաձայնեցված է, վտանգավոր չէ, պատժիչ մեխանիզմները չեն գործում, նույնիսկ արտոնված է առաջին դեմքերին «կպչել»՝ համոզիչ լինելու նպատակով: Իրական և իշխանական ընդդիմության տարբերությունը այնքան ակնհայտ է, որ շփոթելու համար պարզապես պետք է շփոթվելու ցանկություն: Մենք այդ դասերն արդեն անգիր գիտենք: Փոքր երկիր է Հայաստանը՝ մեծ գաղտնիքներ ունենալու համար: ՈՒ հետո հրապարակային գործունեության մեջ գաղտնիքներն արդեն իսկ կասկածելի են, արդեն անջրպետ են գործչի ու ժողովրդի միջև՝ ում դիմում, ում ապավինում, ում փրկիչ են ներկայանում, որպես կանոն, նրանք, որ պատվեր են կատարում: Սա՝ ի դեպ: Իսկ ընդհանրապես աշխարհում այնքան հետաքրքիր իրադարձություններ են կատարվում: Օրինակ՝ հեռուստակոմիկ և Ազգային միասնության աջ ճակատի թեկնածու Ջիմի Մորալեսը երեկ հաղթել է Գվատեմալայի նախագահական ընտրություններում՝ հաղորդում է Reuters-ը: Հաղթել է ու ասել է. «Իբրև նախագահ ես ստացել եմ Գվատեմալայի ժողովրդի մանդատը, որ պայքարեմ կոռուպցիայի դեմ»: Ո՞նց է: Փաստորեն համոզիչ է, որ ստացել է 69,62 տոկոս ձայներ՝ հաշվարկված տվյալների դեռ 90 տոկոսից: Նրա մրցակիցը՝ նախկին առաջին տիկին և Ազգային միասնության սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սանդրա Տորեսը ստացել է 30,38 տոկոս ձայն ու ճանաչել է պարտությունը: Կարո՞ղ էր, չէ, հրապարակ հանել կողմնակիցներին ու ասել՝ գրոհեք նախագահականը, նրանք գողացել են մեր ձայները: Չէր կարող, ոչ ոք չէր հավատա, որովհետև ձայները բաշխվել են՝ ըստ ընտրության: Հետո ի՞նչ, որ Ջիմի Մորալեսը կոմիկ է ու քաղաքական փորձ չունի, նրա երգիծական հաղորդումների վարկանիշը ամենաբարձրն է երկրում: Բացի այդ՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտի մասնագիտացում ունի՝ մագիստրատուրա է ավարտել: Եվ ուշադրություն դարձրեք, պետք կգա առաջիկա ընտրություններում՝ նրա նախընտրական խոստումներից մեկը եղել է երեխաներին GPS սմարթֆոններ բաժանելը, որպեսզի ծնողները համոզվեն, որ նրանք դասից չեն փախել: Կասեք՝ պոպուլիզմ է, հետո ի՞նչ: Նախագահական ընտրությունների առաջին փուլում Ջիմի Մորալեսը ստացել էր 23,99 տոկոս ձայն, իսկ Սանդրա Տորեսը՝ 19,75: Նրա կողմնակիցների թվի կտրուկ աճը բացատրում են գվատեմալացիների հոգնածությամբ՝ հայտնի քաղաքական գործիչներից ու իշխանության մեջ կոռուպցիայի տարածվածությունից: Պատկերացնո՞ւմ եք, ինչ դաշտ է բացվում Հայաստանում կոմիկների համար: Բայց իշխանությունը հանգիստ կարող է գնալ սահմանադրական փոփոխությունների, ջիմիմորալեսներ մեր երկրում չկան: Թեկուզ՝ Մորալեսն էլ առանձնապես ամուր դիրքեր չունի՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 30 տոկոսը՝ 7,5 միլիոն: Իսկ ընտրությունների անվտանգությունն ապահովել են 60 հազար ոստիկաններ ու զինվորականներ, թեպետ ոչ ոք էլ չէր պատրաստվում անկարգություն անել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Սեպտեմբերի 3-ին Գվատեմալայի Կոնգրեսն ընդունել էր նախագահ Օտտո Պերեսի հրաժարականը՝ նրան մեղադրել էին մաքսային համակարգում կոռուպցիոն կառույցի գործունեությանը մասնակցության, խարդախության ու հանցավոր համաձայնության մեջ: Պատկերացնո՞ւմ եք մի կոռուպցիոներ, խարդախ ու հանցագործ, որ կամավոր հրաժարական տա նախագահի պաշտոնից: Ես՝ չէ, բայց փաստորեն Գվատեմալայում գտնվել է:

Դիտվել է՝ 2201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ