ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Փնթի և անտեր Սահմանադրության նախագիծ, որը կարող է հեշտությամբ տապալվել

Փնթի և անտեր Սահմանադրության նախագիծ, որը կարող է հեշտությամբ տապալվել
17.07.2015 | 21:25

Սահմանադրության նախագծի հրապարակված տարբերակը նորանոր հարցադրումներ է ծնում, որոնց պատասխանը կարող են տալ միայն այդ փաստաթուղթը ստեղծած հանձնաժողովի անդամները: Այս նախագծում առկա են նորամուծություններ, որոնց տրամաբանությունն ընդհանրապես հասկանալի չէ:
Ամենատարօրինակը, անշուշտ, նախագահին ազգային միասնության խորհրդանիշ հռչակելն է: «Հանրապետության նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է ազգային միասնությունը», ասվում է Սահմանադրության նախագծի 123-րդ հոդվածում: Ինչպե՞ս պետք է նախագահը մարմնավորի ազգային միասնությունը, այդ ազգային միասնությունը սահմանափակվում է միայն ՀՀ-ի՞ տարածքում, թե՞ ամբողջ աշխարհում, որտեղ ապրում են ազգի միլիոնավոր ներկայացուցիչներ: Կամ՝ ի՞նչ մեխանիզմով պետք է ապահովի նախագահը այդ ազգային միասնությունը, եթե նա այդ նույն Սահմանադրության նախագծով ընտրվելու է խորհրդարանի քաղաքական մեծամասնության կողմից: Այս հարցերին նախագծի հեղինակները հարկ չեն համարել անդրադառնալ՝ երևի մտածելով, որ ազգային միասնություն մարմնավորելը շատ աբստրակտ գործողություն է, և որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի նախագահին մեղադրել իր սահմանադրական պարտականությունը չկատարելու մեջ: Հետաքրքիր հարցադրումների տեղիք է տալիս Սահմանադրության նախագծի 47-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 5 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարում հանրապետությունում մշտապես բնակվող և պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Մշտական բնակությունը հասկացանք, քաղաքացիությունը՝ նույնպես, բայց ինչպես հասկանալ պետական լեզվին տիրապետման պահանջը: Ինչպես պետք է պատգամավորի թեկնածուն ապացուցի, որ ինքը տիրապետում է պետական լեզվին: Օրինակ՝ 5 տարվա քաղաքացիություն կամ Հայաստանում 5 տարի մշտապես բնակվելու մասին տեղեկանք կարելի է ստանալ անձնագրային բաժնից, իսկ ո՞ր մարմինը պետք է պատգամավորի թեկնածուին տեղեկանք տրամադրի պետական լեզվի իմացության մասին: Արդյո՞ք դրա համար պատգամավորի թեկնածուն պետք է թելադրություն գրի կամ հայոց լեզվից թեստ հանձնի: Բացի այդ, եթե պատգամավորը պետք է տիրապետի պետական լեզվին, որը ըստ նույն նախագծի՝ հայերենն է, ապա ինչու լեզվի տիրապետման պահանջ չի ներկայացված կառավարության անդամներին կամ հենց նույն նախագահին: Նախագահի դեպքում ասվում է. «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, առնվազն վերջին յոթ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: Ինչպես տեսնում եք, հանրապետության նախագահի դեպքում շեշտվում է ընտրական իրավունքի առկայությունը, ինչը չկա պատգամավորի դեպքում, և նախագահի համար չկա պետական լեզվի իմացության պահանջը, որը կա պատգամավորի դեպքում: Մենք կարող էինք մտածել, որ լեզվի իմացության պարտադրանքը նախագահի համար հանված է՝ հատուկ ինչ-որ անձի նկատի ունենալով, ենթադրենք՝ Արա Աբրահամյանին, ով չի տիրապետում ոչ միայն հայերենին, այլև ռուսերենին և ընդհանրապես որևէ այլ լեզվի, որովհետև ընդհանրապես խոսել չգիտի: Բայց նկատի ունենալով, որ Սահմանադրության նախագծով շեշտվում է 7 տարի միայն ՀՀ քաղաքացի լինելու սահմանափակումը, ապա միայն դա բավարար է Աբրահամյանի նախագահական ամբիցիաները թաղելու համար: Մնում է միայն հասկանալ, թե ինչու Սահմանադրության նախագծում հստակ սահմանափակված չէ, թե նախագահը քանի տարի պետք է մշտապես բնակված լինի Հայաստանում, կա ընդամենը ընդհանուր ձևակերպում մշտական բնակության մասին: Արդյոք դա սովորական փնթիության դրսևորո՞ւմ է, թե՞ այնուամենայնիվ նման սահմանափակման բացակայությունը նախատեսված է կոնկրետ անձի համար, ով թեև ունի Հայաստանի քաղաքացիություն, սակայն Հայաստանում մշտապես կբնակվի միայն ընտրությունների նախօրյակին:
Սահմանադրության նոր նախագծով սահմանվում է նաև պատգամավորին ԱԺ մեկ հերթական նստաշրջանի ժամանակահատվածում քվեարկությունների կեսից ավելիին անհարգելի չմասնակցելու դեպքում պատգամավորական լիազորություններից զրկելու հնարավորություն: Թվում է, թե շատ հրաշալի նորմ է և դրանով կարելի է պատժել կարգազանց պատգամավորներին: Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց վերջին նստաշրջանի որևէ նիստի, և այս սահմանադրական նորմով նրան հնարավոր կլիներ զրկել պատգամավորական մանդատից: Բայց պարզվում է, որ միայն բացակայության փաստը բավարար չէ, պետք է նաև, որ մանդատից զրկելու որոշումը կայացվի Սահմանադրության նախագծով սահմանվող նոր մարմնի՝ ԱԺ խորհրդի կողմից: Այս խորհրդի կազմի մեջ են մտնելու ԱԺ նախագահը, նրա տեղակալները, խմբակցություններից մեկական պատգամավոր և հանձնաժողովի նախագահները: Եթե հիմա միայն ԱԺ նախագահն է որոշում կայացնում պատգամավորների բացակայությունը անհարգելի ճանաչելու վերաբերյալ, ապա սա իսկապես ավելի ընդունելի լուծում է, քանի որ առնվազն 20 հոգի է մասնակցելու որոշման կայացմանը: Պատգամավորին կարելի է պատգամավորական մանդատից զրկել նաև, եթե նա խախտում է ձեռնարկատիրությամբ զբաղվելու սահմանադրական արգելքը: Արդյո՞ք այս նորմը նախատեսված է ձեռնարկատեր պատգամավորների մուտքը խորհրդարան կանխելու համար, որպեսզի յուրաքանչյուր ձեռնարկատեր պատգամավոր իմանա, որ իմաստ չունի պայքարել պատգամավորական մանդատի համար, եթե ցանկացած պահի իրեն կարող են զրկել մանդատից, թե՞ այս նորմը նախատեսված է միայն քաղաքական ընդդիմախոսներին պատժելու համար՝ այն դեպքում, երբ որևէ ձեռնարկատեր պատգամավոր փորձի չենթարկվել իշխանությանը, նրան անմիջապես, առանց դատարանի որոշման, առանց դատախազի միջնորդության և ԱԺ- ի կայացրած որոշման հնարավոր լինի զրկել պատգամավորական լիազորություններից:
Տարօրինակ է թվում օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում համայնքապետ ընտրվելու համար սահմանադրական հնարավորության ստեղծումը: Եթե գործող Սահմանադրությամբ ասվում է, որ օրենքով կարող է սահմանվել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը, Սահմանադրության նախագծում ուղղակիորեն ասվում է. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց 18 տարին լրացել է ընտրությունների կամ տեղական հանրաքվեի օրը, և որոնք մշտապես բնակվում են տվյալ համայնքում»: Սա նշանակում է, որ, ասենք, Երևանի կամ Վանաձորի քաղաքապետ կարող է ընտրվել որևէ օտարերկրացի, իսկ դա այնքան էլ նորմալ չէ: Նույնիսկ ՈՒկրաինայում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Օդեսայի վարչակազմի ղեկավար նշանակեցին միայն ՈՒկրաինայի քաղաքացիություն ստանալուց հետո:
Հետաքրքիր է նաև, որ 30-ով պակասեցվում է պատգամավորական տեղերի քանակը, ինչը նշանակում է, որ էականորեն մեծանալու է մրցակցությունը պատգամավոր դառնալու ցանկություն ունեցողների միջև: Այս նորմի ընդունումը՝ հատկապես, եթե նկատի ունենանք, թե նոր Սահմանադրության ընդունման դեպքում որքան է մեծանում խորհրդարանի և պատգամավորի դերը, նշանակում է, որ իշխանությունն ուզում է խաղալ ավելի փոքր և ավելի վերահսկելի թիմով: Ովքե՞ր պետք է դուրս մնան խաղից՝ օլիգարխնե՞րը, թե՞ այսպես կոչված քաղաքական թիմի ներկայացուցիչները: Անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին իսկապես վտանգավոր է փողատեր օլիգարխների համար, բայց նրանց խոստացվել է, որ քվեարկության ռեյտինգային համակարգը կապահովի նրանց խորհրդարանում հայտնվելու հնարավորությունը: Քաղաքականները խորհրդարանում հայտնվելու միայն մեկ հնարավորություն ունեն, եթե լինեն ցուցակի առաջին հորիզոնականներում, որը համարվելու է անփոփոխ:
Մի խոսքով, Սահմանադրության նոր նախագիծը գրված է այնպես, որ նրանից դժգոհ են լինելու բոլորը, անկախ նրանից՝ օլիգարխ են նրանք, թե քաղաքական գործիչ, ներկայացնում են իշխանությունը, թե ընդդիմությունը: Չի բացառվում, որ այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեում կարող է մերժվել՝ մանավանդ, որ Սերժ Սարգսյանն էլ մի քանի անգամ ասել է, որ ինքը կողմ է կառավարման նախագահական համակարգին: Սա այնքան էլ անիրատեսական չէ, եթե նկատի ունենանք, որ չկա այն քաղաքական ուժը, որը շահագրգիռ կլինի նման փոփոխությունների ընդունմամբ: Ինչ վերաբերում է նրան, որ այդ փոփոխությունների միջոցով իշխանությունը հնարավորություն է ստանալու վերարտադրվելու, ապա կարող ենք ասել, որ գործող Սահմանադրությունն էլ այդպիսի հնարավորությունը ամենևին չի բացառում:

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ